Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Փափազյան Վահրամ
1888 թ., 
Կոստանդնուպոլիս
1968 թ., Լենինգրադ (թաղված է Երևանի 
Կոմիտասի անվան 
զբոսայգու պանթեոնում)
Վ. Փափազյանը Օթելլոյի (Վ. Շեքսպիրի «Օթելլո»), Արբենինի (Մ. Լերմոնտովի «Դիմակահանդես»), 
Լիրի (Շեքսպիրի «Լիր արքա») և Մեք-Գրեգորի (Վ. Սարոյանի «Իմ սիրտը լեռներում է») դերերում
Վ. Փափազյանը սուլթան Մուրադի դերում  («Ալբանիայի մեծ զորական Սկանդերբեգը», կինոնկար, 1954 թ.)
ՀԽՍՀ, ՎԽՍՀ, Ադրբեջանական ԽՍՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Վահրամ Փափազյանը XX դարի խոշորագույն ողբերգակ դերասաններից է: 

Վահրամ Փափազյանը 1896–1907 թթ-ին նախ սովորել է ծննդավայրի թաղային դպրոցում, ապա՝ Նարեկյան վարժարանում և Մխիթարյան նախակրթարանում: 1903 թ-ին ավարտել է Կոստանդնուպոլսի Էսայան վարժարանը, 1904 թ-ին՝ Գատըգյուղի (թաղամաս Կոստանդնուպոլսում) քոլեջը, ապա 2 տարի ուսանել է Վենետիկի Մուրատ-Ռափայելյան վարժարանում: 
Փափազյանն առաջին անգամ բեմ է բարձրացել 1904 թ-ին՝ Կոստանդնուպոլսում` Քինի դերով (Ալեքսանդր Դյումա-հոր «Քին կամ Հանճար և անառակություն»): 1907 թ-ին մեկնել է Փարիզ, ապա Ալեքսանդր Շիրվանզադեի և Հովհաննես Աբելյանի խորհրդով՝ Այսրկովկաս, մի քանի ամիս խաղացել Բաքվի հայկական թատերախմբերում: 1908–11 թթ-ին սովորել է Միլանի գեղարվեստի ակադեմիայում, հանդես է եկել իտալացի մեծահամբավ դերասաններ Էրմետե Ձակոնիի և էրմետե Նովելլիի շրջիկ թատերախմբերում: Փափազյանը խաղացել է նաև աշխարհահռչակ դերասանուհիներ Էլեոնորա Դուզեի և Սառա Բեռնարի հետ: Այս ամենը բեմարվեստի ուսումնասիրման իսկական դպրոց էր նրա համար, որի շնորհիվ Փափազյանը դաստիարակվել է որպես դասական խաղացանկի դերասան: 
1908 թ-ին Կոստանդնուպոլսում առաջին անգամ խաղացել է Օթելլոյի դերը (Վիլյամ Շեքսպիրի «Օթելլո»), որը դերասանին ուղեկցել է ավելի քան մեկ հիսնամյակ: Հայկական մամուլը նրան գնահատել է որպես Պետրոս Ադամյանի արժանավոր հետևորդի (հանդիսավորությամբ Փափազյանի ուսերին են գցել Պ. Ադամյանի վերարկուն): Փափազյանն արևմտահայ և արևելահայ մշակույթների զուգորդման օղակներից մեկն էր Ադամյանից հետո:
1909–13 թթ-ին Փափազյանը խաղացել է Կոստանդնուպոլսի և Զմյուռնիայի թատերախմբերում, 1913–17 թթ-ին Թիֆլիսի Արտիստական և Բաքվի հայկական դրամատիկական թատրոններում հանդես է եկել Սիրանույշի, Աբելյանի և Հովհաննես Զարիֆյանի հետ, հասել մեծ համբավի: 1910-ական թվականների դերերից են՝ Աբեղա, Օհան Գուրգեն (Լևոն Շանթի «Հին աստվածներ», «Կայսր»), Թովմաս (Դերենիկ Դեմիրճյանի «Դատաստան»), Ռուստամ, Սեյրան (Շիրվանզադեի «Նամուս»), Պրինչիվալե (Մորիս Մետեռլինկի «Մոննա Վաննա») և այլն: 
1917–20 թթ-ին Էռնեստո Վահրամ ծածկանունով Փափազյանը Մոսկվայում և Յալթայում նկարահանվել է Ալեքսանդր Խանժոնկովի մի քանի կինոնկարներում («Սիրո երկրում», «Գայթակղություն», «Այրին», «Պոետը և ընկած հոգին», «Դոկտոր Կատցել», «Կյանք ու երազ», «Երկրաշարժ» և այլն): 1920 թ-ին նա վերջին անգամ մեկնել է Կոստանդնուպոլիս և մինչև 1922 թ. խաղացել է հայկական դրամատիկական խմբում. անձնավորել է Ուրիել Ակոստայի (Կարլ Գուցկովի «Ուրիել Ակոստա») և Օսվալդի (Հենրիկ Իբսենի «Ուրվականներ») դերերը: 
1922 թ-ին Փափազյանը մեկ թատերաշրջան եղել է Երևանի Առաջին պետթատրոնի (այժմ՝ Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոն) դերասան. խաղացել է Կարլ Մոորի (Ֆրիդրիխ Շիլլերի «Ավազակներ»), Հայնրիխի (Գերհարդ Հաուպտմանի «Ջրասույզ զանգ») դերերը, բեմադրել Շեքսպիրի «Օթելլո», Դյումա-հոր «Քին», Ժան-Բատիստ Մոլիերի «Դոն Ժուան», Կառլո Գոլդոնիի «Երկու տիրոջ ծառա», Բեռնարդ Շոուի «Սատանի աշակերտը» պիեսները (խաղացել է գլխավոր դերերը): 
1922–26 թթ-ին հանդես է եկել Թիֆլիսի և Բաքվի հայկական թատրոններում, 1926–27 թթ-ին եղել է Թիֆլիսի Հայ դրամայի թատրոնի գլխավոր ռեժիսորը. բեմադրել է Շեքսպիրի «Մակբեթը», Միխայիլ Լերմոնտովի «Դիմակահանդեսը», Եղիշե Չարենցի «Կապկազ-թամաշան», Շիրվանզադեի «Մորգանի խնամին», (խաղացել է գլխավոր դերերը՝ Մակբեթ, Արբենին, Ղարա, Ժորժ): 
1928 թ-ին Օթելլոյի դերով հանդես է եկել Մոսկվայում՝ Փոքր թատրոնի նշանավոր դերասանների խաղընկերությամբ: Ռուսական մամուլը նրան համարել է մեծագույն ողբերգակներից մեկը: 
1929–30 թթ-ին եղել է Լենինգրադի «Պասսաժ», 1942–44 թթ-ին՝ Ալեքսանդր Պուշկինի անվան թատրոնների դերասան (Օթելլոյի դերը խաղացել է 2000-րդ անգամ): 1932 թ-ին Փափազյանը ռուսական թատերախմբերի հետ ելույթներ է ունեցել Ռիգայում, Տալլինում, Կաունասում: Նույն թվականին մեկնել է Փարիզ, ներկայացումներով հանդես եկել տեղի Հայ դրամատիկի հետ, «Օդեոն» թատրոնի դերասանական խմբով ֆրանսերեն ներկայացրել «Օթելլոն»: Ֆրանսիական մամուլը Փափազյանի Օթելլոն համարել է բեմարվեստի բացառիկ երևույթ՝ նրան դասելով շեքսպիրյան դերերի մեծագույն վարպետների շարքը: 
1933 թ-ին Փափազյանը եղել է Բեռլինում. շփվել է դերասան Մաքս Ռայնհարդի հետ, ուսումնասիրել դերասանական խաղի գերմանական դպրոցը: 
1934–41 թթ-ին դերասանն իր կազմակերպած ռուսական թատերախմբով, նաև
Վ. Փափազյանը Համլետի դերում 
(Վ. Շեքսպիրի «Համլետ)
առանձին շրջագայել է Այսրկովկասի, Ռուսաստանի, Ուկրաինայի, Միջին Ասիայի քաղաքներում: Հայրենական մեծ պատերազմի (1941–45 թթ.) տարիներին Փափազյանը մնացել է պաշարված Լենինգրադում և իր թատերախմբով ելույթներ ունեցել զինվորների համար:
1954 թ-ին Փափազյանը հաստատվել է Երևանում, եղել է Գ. Սունդուկյանի անվան թատրոնի դերասան: 
Փափազյանի ստեղծած կերպարներն անսովոր անհատներ են՝ միջավայրից վեր, ողբերգական ու հեգնական, մարդկային, կենսական մեծ լիցքով, զուսպ, գեղարվեստորեն հմայիչ. այդպիսին է հատկապես նրա Օթելլոն: Փափազյանի Համլետը մարդկային գերագույն չափանիշների ընդհանրացումն է: Իր վերջին դերը՝ Մեք Գրեգորը (1963 թ., Վիլյամ Սարոյանի «Իմ սիրտը լեռներում է»), խաղացել է որպես կյանքի իրական վիճակ՝ իր հրաժեշտը բեմին: 
Փափազյանի արվեստը գեղագիտական և գեղարվեստական սկզբունքներով պատկանում է XX դարի 1-ին կեսին. կրում է դասական դպրոցի հարստությունը՝ լուսավորված դարասկզբի նեոռոմանտիզմով և հոգեբանական ռեալիզմով: Դերասանին բնորոշ են կերպարի խոր ճանաչողությունը, մտքի և զգացմունքի, արտաքինի և ներքինի պլաստիկ լուծումների ներդաշնակությունը, հուժկու խառնվածքը, հարուստ երևակայությունը, անսպառ եռանդն ու հմայքը, բեմական կատարյալ վարպետությունը: 
Փափազյանը նկարահանվել է «Ուրվականները հեռանում են լեռներից» (1955 թ.), «Սիրտն է երգում» (1956 թ.), «Մսյո Ժակը և ուրիշները» (1964 թ., երեքն էլ` Հայֆիլմ) կինոնկարներում:
Փափազյանը գրել է «Հետադարձ հայացք» (2 հատոր, 1956–57 թթ.), «Սրտիս պարտքը» (1959 թ.) գրքերը, որոնք հայ հուշագրության արժեքավոր երկերից են, իսկ «Իմ Օթելլոն» (1964 թ.), «Համլետը ինչպես տեսա» (1968 թ.), «Լիր արքա» (1971 թ.) գործերը շեքսպիրագիտության լավագույն էջերից են:
Փափազյանի անունով են կոչվել Ստեփանակերտի դրամատիկական թատրոնը, թատերախումբ` Բեյրութում, փողոց` Երևանում:

   «Արվեստի ուժը ջնջում է տարիքը, եթե արվեստագետը բացառիկ ուժ է»:
   Վահրամ Փափազյան
   «Փափազյանն արժանի է համաշխարհային փառքի: Հմայիչ արտաքին, գեղեցիկ պլաստիկա, վարակող ավյունի բռնկումներ ու ազնիվ ճաշակ»:
   Վլադիմիր Նեմիրովիչ-Դանչենկո, 
   ռեժիսոր
   «Հայ ժողովուրդը և մենք բոլորս՝ արվեստի մարդիկս, պետք է հպարտանանք, որ ունենք այնպիսի հիասքանչ տաղանդներ, ինչպիսին հայ ողբերգակ դերասան Վահրամ Փափազյանն է»:
   Ելենա Գոգոլևա, 
   ռուս դերասանուհի

   «Իմ տեսած այն մեծատաղանդ արտիստներից է Վահրամ Փափազյանը, որին բեմի վրա տեսնելով` զգում ես և խորապես համոզվում, որ իրոք աշխարհի հնագույն թատերական կուլտուրա ունեցող ժողովուրդներից է հայ ժողովուրդը»:
   Մարտիրոս Սարյան, 
   նկարիչ