Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Փելեշյան Արտավազդ
Ծնվ. 1938 թ., 
ք. Լենինական
Կադրեր Ա. Փելեշյանի «Մենք» (1969 թ.), «Կյանք» (1993 թ.) և «Վերջ» (1994 թ.)  կինոնկարներից 
Կինոռեժիսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ և ժողովրդական արտիստ Արտավազդ Փելեշյանը համաշխարհային վավերագրական կինոյի հայտնի դեմքերից է: Նրա մշակած «տարածական մոնտաժի» մեթոդը 
նոր խոսք է կինոյի պատմության մեջ:

Արտավազդ Փելեշյանը 1968 թ-ին ավարտել է Մոսկվայի կինեմատոգրաֆիայի ինստիտուտը: Ուսանելու տարիներին նկարահանել է «Լեռնային պարեկ» (1964 թ.), «Մարդկանց երկիրը» (1966 թ.), «Սկիզբը» (1967 թ.) վավերագրական ֆիլմերը, որոնք առանձնանում են նուրբ ճաշակով, գեղարվեստական ուրույն ոճով և կինոլեզվի թարմ արտահայտչամիջոցներով: 
1969 թ-ին Փելեշյանը նկարահանել է «Մենք» (Օբերհաուզենի միջազգային կինոփառատոնի պատվավոր դիպլոմ) կինոնկարը, որտեղ առաջին անգամ օգտագործել է «տարածական մոնտաժի» հիմնատարրերից. նա նախընտրել է կարևոր կադրերը տեղադրել իրարից հեռու, որոնք հնչյունների ուղեկցությամբ հանդիսատեսի վրա ունենում են առավելագույն ներգործություն: «Տարվա եղանակները» (1975 թ.) և «Մեր դարը» (1982 թ., ՀՀ Պետական մրցանակ՝ 1985 թ.) կինոպոեմներին բնորոշ են թե՜ նուրբ քնարականությունը, թե՜ էպիկական հզոր շունչը: 
Փելեշյանը պատկերահնչյունային մոնտաժի բարձր վարպետությամբ է ստեղծել «Վերջ» (1992 թ.) և «Կյանք» (1993 թ.) ֆիլմերը: Լավագույններից են նաև «Աշնանային հովվերգություն» (1971 թ.), «Աշնանային շուկայի գույները» (1985 թ.) կինոնկարները: 
Փելեշյանի կինոարվեստն ընդարձակել է «կինո» հասկացության սահմանները. ստիպում է վերանայել հանրահայտ ճշմարտություններ և պայմանականություններ: Նրա ֆիլմերը մեծ ճանաչում ունեն աշխարհում: Կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովը Փելեշյանին անվանել է «բացառիկ կինոհանճար»:
Փելեշյանը նկարահանվել է «Մենք ենք, մեր սարերը» կինոնկարում (1969 թ.)՝ Ռևազի դերում:
Փելեշյանը «Տարածական մոնտաժ» (1974 թ., «Վոպրոսի կինոիսկուսստվա», պրակ 15) աշխատության մեջ շարադրել է մոնտաժի իր տեսությունը: 
Փելեշյանը պարգևատրվել է ՀՀ Սբ Մեսրոպ Մաշտոցի (1996 թ.) շքանշանով, արժանացել Մեծ (2000 թ., միջազգային կինոփառատոն, Փարիզ), «Փարաջանովյան Թալեր» (2006 թ., «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոն, Երևան) մրցանակների:
 
   «Երբ իմ ֆիլմն անվանեցի «Մենք», ես նկատի եմ ունեցել հայ ժողովրդին, որը, սակայն, մեծ ՄԵՆՔ-ի ընդամենը մի մասն է»:
   Արտավազդ Փելեշյան
   «Իմ սիրելի և հարգարժան վարպետի՝ Արտավազդ Փելեշյանի ֆիլմերը լի են հզոր ինքնավստահությամբ ու անկախությամբ, որտեղ իշխում են գաղափարները, ոչ թե գործող անձինք կամ անհատները»:
   Լեոնիդ Գուրևիչ, 
   սցենարիստ և քննադատ

   «Իմ կուռքը կինոյում հայ վավերագրող Արտավազդ Փելեշյան-հանճարն է: Եթե ես կայծեր եմ արձակում, ապա նա՝ գնդակերպ շանթեր»:
   Ռեջիո Գոդֆրի, 
   կինոռեժիսոր
   «Նրա (Փելեշյանի) ցայտուն գեղագիտական կառուցվածք ունեցող ֆիլմերն ստեղծում են ուժային հզոր դաշտ, և կարծես կինոժապավենի կծիկը բացվում է ոչ թե հորիզոնական, այլ ուղղաձիգ՝ խորությամբ և բարձրությամբ... Փելեշյանը հավերժության պատանդն է»:
   Լյուդմիլա Դոնեց, 
   կինոքննադատ