Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Պետական կարգը՝ 
հանրապետություն
Մայրաքաղաքը՝ 
Բեռլին
Տարածքը՝  
357 հզ. կմ2
Բնակչությունը՝  
82,7 մլն
Պետական լեզուն՝ 
գերմաներեն
Դրամական միավորը՝  
եվրո (մինչև 2002 թ.՝ 
գերմանական մարկ)
Տեսարան Քյոլն քաղաքից
Պոտսդամի Սան Սուսի պալատապուրակային համալիրը 
Հոլստենյան դարպասները Լյուբեկ քաղաքի խորհրդանիշն են. կառուցվել են XIII դարում և կանգուն են մինչև օրս:
Համբուրգը նավահանգստային քաղաք է Էլբա գետի ափին:
Քյոլնի Սուրբ Սահակ-Մեսրոպ առաջնորդանիստ  եկեղեցու ներքին տեսքը
Մեծ եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հուշարձան-կոթող Շտուտգարտի գերեզմանատանը
Գերմանիայի Դաշնային Հանրապետություն
Գերմանիան աշխարհի խոշոր տերություններից է, «Մեծ ութնյակի» երկրներից մեկը:
Հնագույն ժամանակներից Գերմանիայի տարածքում ապրում էին գերմանական ցեղերը: IV դարում այստեղ բնակություն հաստատեցին ալեմանները, բավարացիները, թյուրվեգացիները, ֆրիզները և այլն: VI–VIII դարերում տարածքը նվաճեցին ֆրանկները, ինչն ուղեկցվում էր քրիստոնեության տարածմամբ: Կարոլինգների կայսրության անկումից հետո Արևելաֆրանկական թագավորության կազմում սկսվեց գերմանական մարզերի պետական առանձնացումը, որը X դարում ավարտվեց Գերմանական պետության ձևավորմամբ:
962 թ-ին Օտտոն I կայսրը նվաճեց Հյուսիսային և Կենտրոնական Իտալիան, և ձևավորվեց Հռոմեական սրբազան կայսրությունը: X–XV դարերում Գերմանիային հաջողվեց գրավել նաև սլավոնական ու մերձբալթյան ժողովուրդների հողերը: Սակայն տարբեր ժողովուրդների ազատագրական պայքարը, 1524–26 թթ-ի Գյուղացիական և 1618–48 թթ-ի Երեսնամյա պատերազմները քայքայեցին պետությունը, և այն մասնատվեց 300 պետություն-իշխանությունների: 1806 թ-ին Նապոլեոնի հովանավորությամբ Գերմանիայի արևմտյան մասում ստեղծվեց Հռենոսյան միությունը: Ռուսաստանում նապոլեոնյան բանակի պարտությունից հետո Վիեննայի Կոնգրեսի որոշմամբ ստեղծվեց Գերմանիայի միությունը, որտեղ ղեկավար դեր էր խաղում Ավստրիան: Այնուհետև հզորացած Պրուսիային հաջողվեց վերամիավորել պետությունը, և 1871 թ-ին Վերսալում հռչակվեց Գերմանիայի կայսրությունը՝ Վիլհելմ I-ի գլխավորությամբ: 1914 թ-ին Գերմանիան սկսեց Առաջին համաշխարհային պատերազմը, որը ավարտվեց ավստրո-գերմանական ռազմական դաշինքի պարտությամբ: 1933 թ-ին Գերմանիայում հաստատվեց ֆաշիստական դիկտատուրա՝ Ա. Հիտլերի գլխավորությամբ: 1938 թ-ին ֆաշիստական Գերմանիան գրավեց Ավստրիան, ապա` Չեխոսլովակիան, 1939 թ-ին սանձազերծեց Երկրորդ համաշխարհային պատերազմը: 1941 թ-ին հարձակվեց ԽՍՀՄ-ի վրա: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, երբ պարտված Գերմանիայի արևմտյան մասը գրավեցին հակահիտլերյան կոալիցիայի մեջ մտնող Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Ամերիկայի Միացյալ Նահանգները, իսկ արևելյան մասը՝ Խորհրդային Միությունը, Գերմանիան բաժանվեց 2 մասի՝ Արևմտյան կամ Գերմանիայի Դաշնային Հանրապետության և Արևելյան կամ Գերմանական Դեմոկրատական Հանրապետության: 1990 թ-ի հոկտեմբերի 3-ին տեղի ունեցավ գերմանական 2 պետությունների խաղաղ վերամիավորումը: Իսկ պետությունը դաշնային է կոչվում, քանի որ բաղկացած է 16 երկրամասից, որոնցից են Բավարիան, Բադեն Վյուրտեմբերգը, Բեռլինը, Բրանդենբուրգը, Բրեմենը, Համբուրգը, Հեսսենը, Թյուրինգիան, Սաքսոնիան և այլն:
Գեղեցիկ է Գերմանիայի բնությունը: Եթե շարժվելու լինենք երկրի հյուսիսից հարավ, ապա դա մի տեսակ վերընթաց ճանապարհ կլինի՝ հարթավայրերից դեպի Արևելյան Ալպերի ձյունածածկ բարձր գագաթները: Լեռնազանգվածներն անտառապատ են ու շատ հրապուրիչ, և ամենևին էլ պատահական չէ, որ այստեղ է կենտրոնացած բնապահպանական արգելոցների մեծ մասը: Ուշագրավ է, որ, լեռների անտառապատվածության հետ կապված, Գերմանիայում լեռ և անտառ բառերը գործածվում են որպես հոմանիշներ:
Գերմանական լեռների մեծ մասն անվանվում է անտառ. օրինակ՝ Բավարական անտառ, Չեխական անտառ, Շվարցվալդ (գերմաներեն շվարց՝ սև, և վալդ՝ անտառ): Բավարական անտառը հայտարարված է ազգային պարկ: Այս հիասքանչ լեռներում ու անտառներում է անցկացնում իր հանգիստը Գերմանիայի բնակչության մեծ մասը:
Օգտակար հանածոներից հատկապես մեծ նշանակություն ունեն Ռուրի, Սաարի քարածխի ու Քյոլնի գորշ ածխի, ինչպես նաև կալիումական ու կերակրի աղի, ուրանի, բազմամետաղների պաշարները:
Չնայած տարածքի մեծությանը՝ հյուսիսային ցածրադիր ու հարավային բարձրադիր մասերի կլիմայական տարբերությունները զգալի չեն: Գետային ցանցը խիտ է: Խոշոր գետերն են Հռենոսը, Էլբան, Մայնը, որոնք մեծ մասամբ նավարկելի են: Լճերից առավել խոշորը Բոդենն է:
Գերմանիան իր տնտեսական-արտադրական հզորությամբ աշխարհի երրորդ պետությունն է ԱՄՆ-ից և Ճապոնիայից հետո: Արդյունաբերությունը բազմաճյուղ է՝ բարձրակարգ տեխնիկայով հագեցած: 
Գերմանիայի արդյունաբերության առաջատար և ամենահզոր ճյուղը մեքենաշինությունն է: Երկրի տարածքում գործում են 78 հզ. մեքենաշինական ձեռնարկություններ, թողարկում են 17 հզ. տեսակի արտադրանք (ծանր սարքավորումներ, հաստոցներ, լոկոմոտիվներ, նավեր, պոլիգրաֆիական մեքենաներ, էլեկտրատեխնիկական, ճշգրիտ օպտիկական սարքեր, ավտոմոբիլներ, գյուղատնտեսական մեքենաներ, ԷՀՄ-ներ, օդանավեր, աերոտիեզերական ու հրթիռային տեխնիկա և այլն): Խոշորագույն միավորումներն են՝ «Դայմլեր Բենց», «Բոշ», «Պորշե» (Շտուտգարտ), «ԲՄՎ» (BMW), «Սիմենս» (Մյունխեն) և այլն:
Զարգացած են նաև քիմիական, սև ու գունավոր մետաղաձուլության, վառելիքաէներգետիկ (ածխի հանույթով Գերմանիան աշխարհում գրավում է 5-րդ տեղը), թեթև և սննդի արդյունաբերության ճյուղերը: 
Բոլորին հայտնի են գերմանական շոկոլադը, ծխախոտը, գարեջուրը, գինին: Արտադրվում է մոտ 4 հզ. տեսակի գարեջուր. մեծ համբավ ունի հատկապես բավարականը, հայտնի են նաև հռենոսյան գինիները:
Գյուղատնտեսության մեջ առաջնակարգը անասնապահության կաթնամսատու ուղղությունն է: Մշակում են հացահատիկային բույսեր, շաքարի ճակնդեղ, ծխախոտ, բանջարեղեն և այլն: Զարգացած են նաև պտղաբուծությունն ու այգեգործությունը: 
Գերմանական յուրաքանչյուր քաղաք հայտնի է որևէ առանձնահատկությամբ: Օրինակ՝ Մայսենը հռչակված է իր ավելի քան 800-ամյա ճենապակու գործարանով, Ենան՝ «Կարլ Ցեյս» գործարանով, որը թողարկում է բարձրորակ հեռադիտակներ, մանրադիտակներ և աստղացուցարանի հատուկ սարքեր, Դրեզդենը բարոկկոյի մարգարիտն է՝ իր պատկերասրահներով, թանգարաններով ու պալատներով, Լայպցիգը հայտնի է իր ամենամյա գարնանային համաշխարհային տոնավաճառներով, Քյոլնը հռչակված է իր եկեղեցիներով, տաճարներով, թանգարաններով, Մայնի Ֆրանկֆուրտը արվեստների քաղաք է, հայտնի` ամենամյա գրքի միջազգային տոնավաճառով, Մայնցը հայտնի է ոչ միայն Եվրոպայի ամենախոշոր ԷՀՄ-ների գործարանով, այլև Գուտենբերգի թանգարանով (այստեղ տպագրական շարվածքի գյուտարար Յոհան Գուտենբերգը հիմնել է աշխարհում առաջին տպարանը), Նյուրնբերգում 1946 թ-ին տեղի է ունեցել Երկրորդ համաշխարհային պատերազմի գլխավոր հանցագործների դատավարությունը: Այստեղ է անցկացվում խաղալիքների միջազգային տոնավաճառը, որն իր տեսակի մեջ եզակի է:
Գերմանիան շատ անվանի մարդկանց հայրենիքն է. ֆիզիկոսներ Գ. Օհմ, Հ. Հերց, Ա. Էյնշտեյն, քիմիկոս Յու. Գլաուբեր (նրա անունով է կոչվում գլաուբերյան աղը) և այլք: Գերմանիան մեծ ներդրում ունի աշխարհագրական և քարտեզագրական գիտելիքների բնագավառում. Մ. Բեհայմը 1492 թ-ին ստեղծել է աշխարհում առաջին գլոբուսը, համաշխարհային ճանաչում են ստացել Ա. Հումբոլդրի ճանապարհորդությունները: Գերմանական դասական փիլիսոփայությունն սկսվում է Ի. Կանտով, շարունակվում Գ. Հեգելով, ավարտվում Լ. Ֆոյերբախով: Գերմանիան հարուստ գրական ժառանգություն ունի. այն տվել է Վ. Գյոթե, Ֆ. Շիլլեր, Հ. Հայնե, Է. Ռեմարկ: Ազգային երաժշտական մշակույթի ձևավորման գործում բացառիկ մեծ դեր են խաղացել Յո. Բախի, Գ. Հենդելի, Ֆ. Մենդելսոնի, Ռ. Շումանի, Ռ. Վագների ստեղծագործությունները: 
Սկսած XIX դարի սկզբից` գերմանական գիտնականները հետաքրքրվել են հայերով ու Հայաստանով: Ուշագրավ է, որ միջնադարյան հայ բժիշկ և բնագետ Մխիթար Հերացուն առաջինն աշխարհին ներկայացրել է գերմանացի բժիշկ Էռնստ Զայդելը, իսկ «Հայկական լեռնաշխարհ» հասկացությունը գիտական շրջանառության մեջ է դրել գերմանացի նշանավոր երկրաբան Հերման Աբիխը: Գերմանական գիտնականներ Հյուբշմանը, Լեման-Հաուպտը, Մարկվարտը և ուրիշներ մեծ ծառայություն են մատուցել հայագիտությանը, իսկ Յոզեֆ Ստրժիգովսկին «աշխարհի աչքերը բացեց» հայ ճարտարապետության առանձնահատկության  վրա:

Հայերը Գերմանիայում
Մինչև Առաջին համաշխարհային պատերազմը գերմանական համալսարաններում (Մյունխեն, Վայմար, Ենա, Բեռլին, Հայդելբերգ և այլն) կրթություն էին ստանում բազմաթիվ հայ ուսանողներ, որոնցից շատերը հետագայում դարձան հայ մշակույթի և գիտության ականավոր գործիչներ: Ի դեպ՝ Գերմանիայի երաժշտանոցներում է կրթվել նաև մեծանուն երգահան Կոմիտասը:
1921 թ-ի մարտի 15-ին ժողովրդական վրիժառու Սողոմոն Թեհլերյանը Բեռլինում ահաբեկեց հայերի ցեղասպանության կազմակերպիչներից Թուրքիայի ներքին գործերի նախկին նախարար Թալեաթին: 1922 թ-ի ապրիլի 17-ին ժողովրդական վրիժառուներ Արշավիր Շիրակյանը և Արամ Երկանյանը Բեռլինում սպանեցին երիտթուրքերի պարագլուխներից մեկին՝ Բեհաէդդին Շաքիրին, և Տրապիզոնի հայերի դահիճ Սայիդ Հալիմին:
Արդեն 1930-ական թվականներին հայերի թիվը Գերմանիայում հասնում էր 600–700-ի: Ներկայումս նրանց թիվը 30 հզ. է, որոնք հիմնականում ապրում են Մյունխենում, Քյոլնում, Բեռլինում, Ֆրանկֆուրտում, Շտուտգարտում: Նրանք հիմնականում լիբանանահայեր, թուրքահայեր և իրանահայեր են, որոնց անապահով կյանքը բերել հասցրել է այդ օտար ափերը: 1920 թ-ից  գործում է Բեռլինի Ազատ համալսարանի հնդեվրոպական և համեմատական լեզվաբանության ինստիտուտի հայկական բաժինը, 1977 թ-ից Մյունխենում` Հայկական հարցերի հաստատությունը, 1982 թ-ից Ախենում՝ Հայկական ճարտարապետության հետազոտության կազմակերպությունը, 1985 թ-ից Բեռլինում՝ Հայկական տեղեկատվության և փաստագրության, 1989 թ-ից՝ Բոխումի համալսարանի հայկական ուսումնասիրությունների կենտրոնները: Բեռլինի հայ համայնքն ունի իր ակումբը՝ Հայ տունը, քաղաքում կա «Հայկական» կոչվող փողոց: Այս համայնքը մեծ օգնություն ցույց տվեց Հայաստանին` 1988 թ-ի Սպիտակի աղետալի երկրաշարժից հետո դեղեր, բժշկական սարքեր ու սննդամթերք ուղարկելով աղետյալներին, իսկ գերմանական հայտնի «Բուրդա» ֆիրմայի մասնակցությամբ Գյումրիում կառուցվեց պոլիկլինիկա:
Շտուտգարտում տեղի հայերի ջանքերով քաղաքի գերեզմանատանը կանգնեցվել է հուշարձան՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի, որին ամեն տարի ապրիլի 24-ին այցի են գալիս հարյուրավոր գերմանահայեր: 
Հայաստանյայց առաքելական եկեղեցու Գերմանիայի թեմը կազմավորվել է 1991 թ-ին, որից հետո նկատելիորեն ակտիվացել է հայ ազգային կյանքը, 1998 թ-ին օծվել է Քյոլնի Սուրբ Սահակ-Մեսրոպ առաջնորդանիստ եկեղեցին: