 | Օրմանյան Մաղաքիա 1841 թ., Կոստանդնուպոլիս 1918 թ., Կոստանդնուպոլիս |
Մաղաքիա Օրմանյանը աստվածաբան, հայագետ, պատմաբան, բանասեր, հրապարակախոս, ազգային գործիչ է, Կոստանդնուպոլսի հայոց պատրիարքը` 1896–1908 թթ-ին:
Մաղաքիա (ավազանի անունը` Պողոս) Օրմանյանը նախնական կրթությունն ստացել է Կոստանդնուպոլսի Մխիթարյան վարժարանում, 1851 թ-ից սովորել է Հռոմի Անտոնյանց Սբ Լուսավորիչ վանքում, 1858 թ-ից` Վատիկանի հոգևոր դպրոցում, որտեղ էլ ընդունել է կաթոլիկություն: 1867 թ-ին նշանակվել է Հռոմի Անտոնյանց վանքի վարժարանի տեսուչ: 1868 թ-ին Հռոմում ստացել է մագիստրոսի գիտական աստիճան, ընտրվել Հռոմի աստվածաբանական ակադեմիայի անդամ: Տիրապետել է իտալերենին, ֆրանսերենին, հունարենին, լատիներենին, արաբերենին, թուրքերենին: Խուսափելով կաթոլիկ հոգևորականության հալածանքներից` 1870 թ-ին վերադարձել է Կոստանդնուպոլիս: Հոդվածներով հանդես է եկել հայ կաթոլիկ համայնքը պառակտելու, հայ կաթոլիկների մեջ հայկական ավանդությունները վերացնելու Վատիկանի քաղաքականության դեմ: Գրել է նաև Հռոմի կաթոլիկ եկեղեցու և հայոց վեճը լուսաբանող աշխատություններ` «Արևելյան հայ-կաթողիկե հայերը» (1872 թ., իտալերեն), «Արևելյան կաթոլիկաց կրոնական ազատությունը և քաղաքացիական իրավունքները» (1872 թ., ֆրանսերեն), «Ռևերսորուս կամ Հայք և պապություն» (1872 թ., իտալերեն), «Վատիկան և Հայք» (1873 թ., ֆրանսերեն) գրքերը, որոնք 1874 թ-ին ներառվել են Վատիկանի արգելած գրքերի ցանկում: 1875 թ-ին Իտալիայում ազգային-ազատագրական պայքարի հարցեր է քննարկել Ջուզեպպե Գարիբալդիի հետ: 1876 թ-ին Օրմանյանը խզել է կապերը Վատիկանի հետ, հրաժարվել է կաթոլիկությունից: 1879 թ-ին Կոստանդնուպոլսի Գում Գափու թաղամասի Մայր եկեղեցում Վարժապետյան պատրիարքը նրան ձեռնադրել է Հայաստանյայց առաքելական եկեղեցու ծայրագույն վարդապետ: Հայկական հարցի վերաբերյալ Օրմանյանն ուղերձներ է գրել եվրոպական պետությունների դեսպանատներ, արտաքին գործերի նախարարությունների ղեկավարներին, կատարել Կոստանդնուպոլսում պատրիարքի խորհրդականի ու բանագնացի պարտականություններ: Օրմանյանը եկեղեցական գործունեությունն սկսել է որպես Կոստանդնուպոլսի Ղալաթիա թաղամասի Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու քարոզիչ: 1880 թ-ին նշանակվել է Կարինի թեմի առաջնորդ, աջակցել Կարինի Սանասարյան վարժարանի բացմանը (1881 թ.), ստանձնել վարժարանի տեսչական մարմնի նախագահությունը, կապեր հաստատել Կարինում 1881 թ-ին ստեղծված «Պաշտպան Հայրենյաց» ազատագրական գաղտնի կազմակերպության հետ: 1886 թ-ին Սբ Էջմիածնում Մակար Ա Թեղուտցի կաթողիկոսը նրան ձեռնադրել է եպիսկոպոս, 1887 թ-ին նշանակվել է Գևորգյան ճեմարանի աստվածաբանության ուսուցիչ: Օրմանյանի միջնորդությամբ եվրոպական համալսարաններում ուսանել են ժամանակին ճեմարանի սաներ Կոմիտաս վարդապետը, Գարեգին Ա Հովսեփյանցը, Կարապետ Տեր-Մկրտչյանը, Գևորգ Զ Չորեքչյանը, Երվանդ Տեր-Մինասյանը և ուրիշներ: Սակայն քաղաքական հայացքների համար Օրմանյանին արտաքսել են Ռուսական կայսրությունից: 1889 թ-ին վերադարձել է Կոստանդնուպոլիս, նշանակվել Արմաշի վանքի վանահայր և իր հիմնած դպրեվանքի տեսուչ: 1896 թ-ին, երբ Կոստանդնուպոլսում և Արևմտյան Հայաստանում սկսվել էին հայերի ջարդերը, Օրմանյանն ընտրվել է Կոստանդնուպոլսի հայոց պատրիարք: Նա փորձել է մեղմել Աբդուլ Համիդ II-ի հայատյաց քաղաքականությունը և կանխել ավելի մեծ աղետները: Սակայն նրա զգույշ ու պահպանողական քաղաքականությունն առաջացրել է Կոստանդնուպոլսի ազգային որոշ շրջանակների, ինչպես նաև Երուսաղեմի հայոց պատրիարքարանի հոգևորականության մի մասի դժգոհությունը, և նա հանիրավի ամբաստանվել է: 1908 թ-ի հուլիսի 16-ին Կոստանդնուպոլսում կազմակերպված բազմամարդ ցույցի մասնակիցները ներխուժել են պատրիարքարան, և երիտթուրքերի հայ գործակիցներն Օրմանյանին պաշտոնանկ են արել: «Հիշատակագիրք երկոտասանամյա պատրիարքության» (1910 թ.) գրքում Օրմանյանը հերքել է իր դեմ ուղղված բոլոր ամբաստանությունները: 1913 թ-ի հունվարի 3-ին Հայոց ազգային երեսփոխանական ժողովը, որտեղ, ի պաշտպանություն Օրմանյանի, ճառով հանդես է եկել գրող Գրիգոր Զոհրապը, արդարացրել է Օրմանյանին: Նույն թվականին նա ընտրվել է եկեղեցական համագումարի պատգամավոր, կրոնական ժողովի անդամ, ապա՝ Եգիպտոսի հայոց թեմի առաջնորդ (վերջինից հրաժարվել է): 1914–17 թթ-ին Օրմանյանը պաշտոնավարել է Երուսաղեմի Սբ Հակոբյանց վանքում, դասավանդել Ժառանգավորաց վարժարանում: 1918 թ-ին վերադարձել է Կոստանդնուպոլիս, որտեղ էլ վախճանվել է: Օրմանյանը թողել է գրական, գիտական, մատենագրական հարուստ ժառանգություն, եկեղեցապատմական մի շարք աշխատություններ: 1905–09 թթ-ին Կոստանդնուպոլսի Ազգային հիվանդանոցի «Ընդարձակ օրացույցում» լույս են տեսել նրա «Ծիսական բառարանի» առանձին մասերը: Հայ կրոնական գրականության ուշագրավ երկերից է «Համապատումը» (1911 թ.): Հայ եկեղեցու դավանանքն ու վարդապետությունը, ծեսերն ու ավանդույթներն օտարին ճանաչել տալու, դարերի ընթացքում կուտակված թյուրիմացությունները ցրելու, Հայ եկեղեցու դիմագիծը, նրա տեղը մյուս եկեղեցիների ընտանիքում ճշտելու մտահոգությամբ է Օրմանյանը ձեռնարկել «Հայոց եկեղեցին» (1911 թ.) աշխատությունը: Հայ եկեղեցու պատմությանն ու դերին է նվիրված Օրմանյանի «Ազգապատում» (3 մաս, 1912–27 թթ.) մեծարժեք աշխատությունը: Նա Հայ եկեղեցու պատմությունը հասցրել է մինչև Մատթեոս Բ Կոստանդնուպոլսեցի կաթողիկոսի ընտրությունը (1908 թ.): Օրմանյանն անդրադարձել է նաև հայոց առանձին կաթողիկոսների սայթաքումներին ու վրիպումներին: Արժեքավոր աշխատություն է նաև Օրմանյանի «Խոհք և խոսք»-ը (1929 թ., Երուսաղեմ):
«Սրբազանը, շնորհիվ իր պատրիարքական գայիսոնի, եթե չկարողացավ կասեցնել և չեզոքացնել հայ մտավորականության բնաջնջումը Տաճկաստանում, գոնե կարողացավ հեռացնել այդ աղետը, որքան կարելի էր...»: «Օրմանյանը այն դեմքերից էր, որոնք մեր ազգի չարքաշ պատմության դժվարին րոպեներին կարողացել են խարիսխ դառնալ մեր ցեղի տարուբեր նավին և զերծ են պահել նրան նավաբեկությունից»: Վահրամ Փափազյան, դերասան
|