Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Ֆիրդուսի 
Մոտ 932/935/936 թ., 
ք. Թուս, Խորասան, 
Միջին Ասիա
1020/1026 թ., ք. Թուս

Հուշարձանը` Թեհրանում (1971 թ., քանդակագործ՝ Աբոլհասան Խան Սադիղի)
Ֆիրդուսու «Շահնամե» պոեմի ձեռագրի մեկ էջը
Ֆիրդուսու դամբարանը Թուսում (1934 թ.)
Ֆիրդուսին Իրանի, Տաջիկստանի և Աֆղանստանի 
ազգային բանաստեղծն է, «Շահնամե» էպոսի հեղինակը:

Աբուլղասիմ Ֆիրդուսու (իսկական անուն-ազգանունը՝ Հակիմ Աբուլղասիմ Մանսուր Հասան Ֆիրդուսի Թուսի. «Ֆիրդուսին» պարսկերեն է. նշանակում է դրախտային) մանկության և պատանեկության մասին շատ քիչ տեղեկություններ են պահպանվել: Նա ստացել է լավ կրթություն. տիրապետել է նոր պարսկերենին, արաբերենին, իմացել է հին պարսկերեն: 
976 թ-ին թագավորական պալատի պատվերով շարունակել է գրել «Շահնամե» («Արքայապատում») պոեմը, որն սկսել էր վաղամեռիկ բանաստեղծ Դաղիղին: «Շահնամեում» նկարագրվում է Իրանի պատմությունը հնագույն շրջանից մինչև Խոսրով II շահի ժամանակները՝ մինչև մահմեդականության ներթափանցումը երկիր (VII դար): Առաջին տարբերակն ավարտել է 994 թ-ին, իսկ երկրորդը՝ 1010 թ-ին: 
Պոեմը կազմված է 50 «թագավորություններից» (փադիշահ), «թագավորությունները»՝ մեծ ասքերից (դաստաներից)՝ մի քանի տասնյակից մինչև մի քանի հազար բեյթ: Էպոսի ամենանշանավոր դաստաներից են՝ «Զալ և Ռուդաբե», «Ռոստամի յոթ քաջագործությունները», «Ռոստամ և Սոհրաբ», «Սիավուշ», «Իսֆենդիարի յոթ քաջագործությունները», «Ռոստամ և Իսֆենդիար» և այլն: 
Պոեմը պայմանականորեն ընդունված է բաժանել 3 մասի՝ դիցաբանական, դյուցազնական և պատմական: Դիցաբանական մասում ներառված են իրանական հնագույն առասպելները և տիեզերագիտական պատկերացումները, դյուցազնական մասում՝ իրանական ժողովրդի ձգտումները մարմնավորող հերոսների կյանքի պատմությունները, որոնցից ամենասիրվածը Ռոստամն է, իսկ պատմական մասում շարադրված են պատմական իրադարձություններն ու դեպքերը: 
«Շահնամեում» արտացոլված է Բարու և Չարի պայքարի գաղափարը, որը հաճախ դրսևորվում է արդարության ու անարդարության հակադրությամբ. այն ներկայացված է Իրանի (Բարու աղբյուր) և Թուրանի (Չարի կրող) անընդմեջ կռիվների գեղարվեստական պատկերներում և արդարամիտ, իդեալական տիրակալի վերաբերյալ Ֆիրդուսու գաղափարները մարմնավորող կերպարներում: Ֆիրդուսին անսահման սիրով է պատկերել հայրենի երկիրը՝ Իրանը, նրա բնությունը, հասարակ ժողովրդին, որի նկատմամբ համակրանքն արտահայտում է հատկապես ժողովրդական ապստամբությունների նկարագրությունների մեջ: Ֆիրդուսին գովերգել է բանականությունը՝ այն համարելով մարդուն տրված բարձրագույն պարգև, հաղթության ու անմահության մեծ երաշխիք: Օգտագործելով թե՜ բանավոր ավանդությունները, թե՜ գրավոր աղբյուրները՝ Ֆիրդուսին գրել է դրամատիկական գործողություններով հարուստ պոեմ, որտեղ հերոսները պատմական անձեր են՝ յուրաքանչյուրն իր մտածելակերպով, փիլիսոփայական ընկալումներով: Էպոսն աչքի է ընկնում խոսքի արտասովոր արտահայտչականությամբ, կերպարների վառ անհատականությամբ:
Բանաստեղծի լեզուն հարուստ է մակդիրներով ու համեմատություններով:
«Շահնամեի» պատմական մասում հայերի մասին կան բազմաթիվ տեղեկություններ, որոնք առնչվում են V–VII դարերի իրադարձություններին: Ֆիրդուսին սիրով պատմում է V դարի հայ զորավար Մուշեղ Մամիկոնյանի քաջագործությունների մասին. 

Հայ Մուշեղն իր հետ ուներ 
մեծ աշխարհազոր բանակ, 
Իր մեծության անհավասար՝ 
ոսկի, գանձեր անքանակ:

Մեծ է «Շահնամեի» ազդեցությունը ոչ միայն պարսկական ու տաջիկական, այլև Արևելքի շատ ժողովուրդների գրականությունների զարգացման վրա:
Պոեմի առանձին մասեր թարգմանել են Սերգեյ Ումառյանը, Գևորգ Ասատուրը, Հրաչյա Աճառյանը, Զորայր Միրզայանը, Միհրդատ Թիրյաքյանը և ուրիշներ:
Ֆիրդուսուն են վերագրել մի քանի քնարական բանաստեղծություններ և Ղուրանի թեմայով գրված «Յուսուպ և Զուլեյկա» պոեմը:
1934 թ-ին Ֆիրդուսու գերեզմանի վրա կառուցվել է դամբարան: Տաջիկստանում նրա անունով կոչվել են ազգային գրադարանը և փողոց, Իրանում՝ համալսարան, Երևանում՝ փողոց: 
Նկարահանվել են «Ասք Ռոստամի մասին» (1971 թ.), «Ռոստամ և Սոհրաբ» (1972 թ.), «Ասք Սիավուշի մասին» (1977 թ.) կինոնկարները (երեքն էլ՝ ըստ Ֆիրդուսու «Շահնամեի», ռեժիսոր՝ Բենսիոն Կիմյագարով):

   «Խելացի մտքերի ուղի՜ն փնտրիր, գիտելիք ձեռք բերելու համար աշխա՜րհ անցիր»:
   Ֆիրդուսի 
   «Եթե մարդու միտքն ընդմիշտ խարխափում է խավարում, 
   Ոչ մի անգամ նրա հոգին լույսի շող չի արձակում»:
   Ֆիրդուսի, «Շահնամե»