Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Խնձորի այգի
Խաղողի բերքահավաք
Լանդրաս ցեղի խոզեր
Տավարի նախիրն արոտավայրում
Լոլիկի բերքահավաք Արարատյան դաշտում
Գյուղատնտեսությունը զբաղվում է գյուղատնտեսական բույսերի մշակությամբ և գյուղատնտեսական կենդանիների բուծմամբ՝ երկրագործական և անասնաբուծական մթերքներ ստանալու համար: Գյուղատնտեսությունը բնակչությանն ապահովում է սննդամթերքով, արդյունաբերության շատ ճյուղերին` հումքով: Ընդգրկում է երկրագործություն և անասնապահություն ճյուղերը, նաև մթերքների նախնական վերամշակման տարբեր տեսակներ:
Նախնադարյան մարդը դեռևս մ. թ. ա. X հազարամյակում հավաքչությունից և որսորդությունից անցել է բույսերի մշակմանն ու կենդանիների ընտելացմանը: Շատ գիտնականների կարծիքով` գյուղատնտեսությունը ծագել է Ասիայի, Աֆրիկայի, Եվրոպայի և Ամերիկայի բարեխառն ու առավել խոնավ կլիմա ունեցող շրջաններում:
Հայաստանը հացաբույսերի, խաղողի վազի, որոշ պտղատու ծառերի մշակության, կենդանիների ընտելացման, գյուղատնտեսության որոշ ճյուղերի ձևավորման նախասկզբնական կենտրոններից է:

Երկրագործություն
Երկրագործությունն ընդգրկում է պարենային, տեխնիկական, կերային և գյուղատնտեսական այլ բույսերի մշակությունը: Երկրագործության կարևորագույն խնդիրը հողի բնական բերրիության բարձրացումն է ագրոտեխնիկական և հողբարելավման միջոցառումներով: Տարբերում են երկրագործության էքստենսիվ ու ինտենսիվ, կայուն, անջրդի, ոռոգելի, բևեռային, լեռնային և այլ ձևեր:
Հողը մշակելու համար վաղ անցյալում օգտագործել են բրիչներ և բհիրներ, իսկ նոր քարի դարից սկսած՝ արորներ, նախագութաններ, գութաններ, հնձող ու կալսող գործիքներ:
Առաջին երկրագործական բույսերը՝ ցորենը, գարին, բրինձը, պտղատուները, մշակվել են` սկսած մ. թ. ա. X–VIII հազարամյակներից: Որոշ գիտնականներ ցորենի բուն հայրենիքը համարել են Հայաստանը: Մշակաբույսերն աճեցվել են հիմնականում ոռոգելի հողերում, սննդառությունը կարգավորվել է գոմաղբով պարարտացման միջոցով: Մի շարք ժողովուրդների առասպելներում առաջին արորը եղել է ոսկուց և համարվել է աստվածների պարգևը:

Անասնապահություն
Անասնապահությունն ընդգրկում է գյուղատնտեսական կենդանիների և թռչունների բուծումը՝ անասնապահական մթերքներ արտադրելու նպատակով: Անասնապահությունը բնակչությանը մատակարարում է սննդամթերք (կաթ, միս, ձու, ճարպ և այլն), սննդի և թեթև արդյունաբերությանը՝ հումք (կաթ, միս, բուրդ, կաշի, մորթի), գյուղատնտեսությանը՝ բանող ուժ (ձի, եզ, ջորի, ուղտ, եղջերու), օրգանական պարարտանյութ (գոմաղբ և թռչնաղբ): Անասնապահության առանձին ճյուղերից ստացվում են հորմոնային պատրաստուկներ, տարբեր նյութեր դեղագործության համար (օրինակ՝ թռչնաղբից), իսկ անասնապահական մթերքների վերամշակումից առաջացած մնացուկներից՝ արժեքավոր կերեր (մսալյուր, ոսկրալյուր, զտած կաթ և այլն): 
Վայրի կենդանիների և թռչունների ընտելացումն սկսվել է հին քարի դարում: Առաջինն ընտելացվել է շունը, ապա՝ խոզը, խոշոր եղջերավորները, ոչխարը, այծը, ճագարը, ձին և էշը: Ընտելացված կենդանիների բազմացման, աստիճանական բարելավման և ընտրասերման միջոցով դրվել է անասնապահության տարբեր ճյուղերի հիմքը: Ժամանակակից անասնապահությունն ընդգրկում է տավարաբուծությունը, ոչխարաբուծությունը, այծաբուծությունը, թռչնաբուծությունը, ուղտաբուծությունը, եղջերվաբուծությունը, ճագարաբուծությունը, մեղվաբուծությունը և շերամապահությունը:
Հայաստանի լեռներում ներկայումս հանդիպող վայրի ոչխարը և այծն ընտանի տեսակների նախահայրերն են: Հնագիտական պեղումների տվյալները հաստատում են, որ հին Հայաստանում բուծվել են նրա տարածքում այժմ հայտնի գյուղատնտեսական կենդանիների բոլոր տեսակները:

Գյուղատնտեսության մեքենայացում
Գյուղատնտեսության մեքենայացումը գյուղատնտեսական արտադրության ճյուղերում ձեռքի և կենդանի քարշուժի փոխարինումն է մեքենայացված աշխատանքով: Դրա շնորհիվ գյուղատնտեսական աշխատանքը դառնում է ավելի արդյունավետ, աշխատավորն ազատվում է ծանր, աշխատատար ու հոգնեցուցիչ աշխատանքից: Գյուղատնտեսության մեքենայացման հիմնական ոլորտներն են. երկրագործության մեջ՝ հողերի չորացումը, ոռոգումը, մշակումը, ցանքն ու տնկումը, պարարտացումն ու սնուցումը, բույսերի հիվանդությունների, վնասատուների ու մոլախոտերի դեմ պայքարը, բերքահավաքը, անասնապահական ֆերմաներում՝ կերի նախապատրաստումն ու բաշխումը, գոմաղբի հավաքումն ու հեռացումը, անասունների ու թռչունների ջրումը, կովերի կիթը, ոչխարների խուզը, ստացված արտադրանքի վերամշակումը: