Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Ալպյան լեռները
Սկանդինավյան բնաշխարհ
Բալատոն լիճը Հունգարիայում
Ալպյան լեռները
Աշխարհում մեծ համարում ունեն հոլանդական պանիրները: Պանրի ամենամյա ցուցահանդես Հոլանդիայի Ալքմար քաղաքում:
Լոնդոնի Աշտարակներով կամուրջը
Տարածքը՝ (ներառյալ կղզիները)՝ 10.507 հզ. կմ2
Կղզիների տարածքը՝ 730 հզ. կմ2
Ափագիծը՝ 38 հզ. կմ
Միջին բարձրությունը՝ 340 մ
Ամենաբարձր կետը` Մոնբլան լեռնագագաթ՝ 4.807 մ
Ամենացածր կետը` Մերձկասպյան իջվածք՝ -28 մ
Հյուսիսային ծայրակետը` Նորդկին հրվանդան՝ հս. լայն. 71օ08՜
Հարավային ծայրակետը` Մարոկի հրվանդան՝ հս. լայն. 36օ00՜
Արևմտյան ծայրակետը` Ռոկա հրվանդան՝ արմ. երկ. 9օ31՜
Ամենաերկար գետը` Վոլգա` 3.531 կմ
Ամենամեծ լիճը` Լադոգա` 8.135 կմ2
Ամենամեծ կղզին` Մեծ Բրիտանիա` 229,885 հզ. կմ2
Պետությունների թիվը՝ 36
Ամենամեծ պետությունը՝
Ռուսաստան (տարածքի 23 %-ը գտնվում է Եվրոպայում)՝ 17.098,2 հզ. կմ2
Ամենափոքր պետությունը՝ Վատիկան՝ 0,44 կմ2
Ամենաշատ բնակչություն ունեցող երկիրը՝ Գերմանիա՝ 82,7 մլն
Ամենախոշոր քաղաքը՝  Մոսկվա՝  12,2 մլն
Բնակչության ընդհանուր թիվը՝ 727 մլն

Եվրոպան աշխարհամաս է, ամենամեծ մայրցամաքի՝ Եվրասիայի արևմտյան մասը: Ասիայի և Եվրոպայի միջև ցամաքային սահմանն անցնում է Ուրալյան լեռներով, Էմբա գետով մինչև Կասպից ծովը, Կումա և Մանիչ գետերով մինչև Դոնի գետաբերանը, այնուհետև Սև ու Միջերկրական ծովերով: Եվրոպային են պատկանում Նոր Երկիր, Ֆրանց-Իոսիֆի Երկիր, Շպիցբերգեն, Իսլանդիա, Բրիտանական, Զելանդիա, Բալեարյան, Կորսիկա, Սարդինիա, Սիցիլիա, Կրետե կղզիներն ու կղզեխմբերը: Հսկա թերակղզու նման Եվրոպան 3 կողմից շրջապատված է Հյուսիսային սառուցյալ ու Ատլանտյան օվկիանոսներով և Կարայի, Բալթիկ, Հյուսիսային, Նորվեգական, Բարենցի, Միջերկրական, Ադրիատիկ ու Սև ծովերով: 
Եվրոպայի բնությունը բազմազան է: Եվրոպայում կան և՜ ձյունապատ գագաթներով լեռներ՝ Ալպերը (ամենաբարձր գագաթը Մոնբլանն է՝ 4807 մ), և՜ միջին բարձրության լեռներ (օրինակ՝ Կարպատները), և՜ ընդարձակ հարթավայրեր, և՜ դաշտավայրեր, և՜ տափաստաններ:
Եվրոպայում շատ են հարթավայրային լայն ու ջրառատ գետերը (Վոլգա, Դանուբ, Դոն, Դնեպր), կարճ ու սրընթաց լեռնային գետերը, անուշահամ ու աղի լճերը (Լադոգա, Օնեգա, Էլտոն, Բասկունչակ, Բալատոն, Վենեռն, Վեթեռն):
Եվրոպայի ափերը ողողող մեծաթիվ ծովերի ու ծոցերի ափերին կան նավերի կառանման համար հարմար շատ ծովախորշեր, որտեղ կառուցված են նավահանգիստներ: Աշխարհի խոշորագույն նավահանգիստներից են Ռոտերդամը, Մարսելը, Լոնդոնը (մակընթացության շնորհիվ), Սանկտ Պետերբուրգը, Մուրմանսկը:
Եվրոպայի կլիման հիմնականում բարեխառն է, արևմուտքում՝ օվկիանոսային, արևելքում՝ ցամաքային, հյուսիսում՝ մերձարկտիկական և արկտիկական, որտեղ տարվա մեծ մասը ցուրտ է, տիրում է երկարատև, խստաշունչ բևեռային գիշերը, որին փոխարինում է կարճատև, ոչ այնքան տաք բևեռային ցերեկը: Մայրցամաքի հարավում՝ Միջերկրական ու Սև ծովերի ափերին, տաք է և բարենպաստ երկրագործության համար:
Իր տնտեսական գործունեության ընթացքում մարդը խիստ փոփոխության է ենթարկել Եվրոպայի կուսական բուսածածկույթը: Մշակովի դաշտերում աճում են ցորեն, աշորա, վարսակ, գարի, հնդկացորեն, այգիներում՝ խնձորենի, տանձենի, սալորենի, խաղող, ձիթենի, նարնջենի: Բազմաթիվ վայրի կենդանիներ ոչնչացվել են: Այդ պատճառով Եվրոպայում, ինչպես և ամենուր, անձեռնմխելի մնացած տարածքներում կենդանական և բուսական աշխարհները պահպանելու համար ստեղծված են բազմաթիվ (օրինակ՝ Տատրայի, Լապլանդիայի, Դանուբի դելտայի, Աբրուցցոյի) արգելոցներ: Տունդրայում, անտառներում, տափաստաններում ապրում են տարբեր կենդանիներ՝ փափկամազ բևեռային աղվես, սկյուռ, եղջերու, որմզդեղն, շերտավոր սկյուռ, գայլ, աղվես, արջ, նապաստակ, վարազ, զանազան թռչուններ՝ կկու, փայտփորիկ, երաշտահավ, ճնճղուկ, ծիծեռնակ, մայրեհավ, աքար, կաքավ, սոխակ, շիկահավ:
Եվրոպայի բնակչության ճնշող մեծամասնությունը պատկանում է եվրոպեոիդ ռասային և խոսում է հնդեվրոպական ընտանիքի լեզուներով: Արևելքում և հարավ-արևելքում բնակվում են հիմնականում սլավոնական (ռուսներ, ուկրաինացիներ, լեհեր, չեխեր, սլովակներ, բուլղարներ, սերբեր և այլք), կենտրոնում և հյուսիսում՝ գերմանական լեզվախմբի (գերմանացիներ, ավստրիացիներ, նորվեգացիներ, դանիացիներ և այլք), հարավ-արևմուտքում՝ ռոմանական լեզվախըմբի (իտալացիներ, պորտուգալացիներ, կատալոնացիներ և այլք) ժողովուրդները: Շատ են հրեաները:
Մեծ է Եվրոպայի դերը քաղաքակրթության զարգացման և մարդկության առաջընթացի գործում: Եվրոպան քաղաքական, տնտեսական, ժողովրդագրական, ռազմական, ֆինանսական, մշակութային գիտությունների, աշխարհագրական մեծ հայտնագործությունների, Վերածննդի, արդյունաբերական հեղաշրջումների հայրենիքն է, միաժամանակ՝ 2 համաշխարհային պատերազմների թատերաբեմը:
Այստեղ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո կողք կողքի տասնամյակներ շարունակ գոյակցել են 2 ռազմական կազմակերպություններ` Հյուսիսատլանտյան դաշինքը (ՆԱՏՕ) և Վարշավայի պայմանագրի երկրների կազմակերպությունը, որոնցում ընդգրկված պետություններին բնորոշ է եղել գաղափարական ու քաղաքական սուր դիմակայությունը, որն ստացել էր «սառը պատերազմ» անունը:
Մինչև 1990 թ. Եվրոպային հատուկ էին նաև երկրների տնտեսական զարգացման ակնհայտ տարբերությունները: Կապիտալիստական երկրները միավորված էին Եվրոպական տնտեսական համագործակցության մեջ (այժմ վերանվանվել է Եվրոպական միություն), իսկ սոցիալիստական երկրները՝ Տնտեսական փոխօգնության խորհրդի մեջ:
1980-ական թվականների վերջերին սոցիալիստական երկրների ճամբարի փլուզման հետևանքով լուծարվեց Վարշավայի պայմանագրի երկըրների կազմակերպությունը: Փոխվեց Եվրոպայի քաղաքական քարտեզը. վերամիավորվեց Գերմանիան, առանձին հանրապետությունների տարաբաժանվեցին դաշնային պետություններ Չեխոսլովակիան ու Հարավսլավիան, սկսվեց ՆԱՏՕ-ի ընդարձակումը դեպի արևելք: 1999 թ-ին վերջինիս անդամագրվեցին նախկին սոցիալիստական 3 երկրներ՝ Չեխիան, Հունգարիան, Լեհաստանը, ավելի ուշ՝ նաև Լատվիան, Լիտվան և Էստոնիան, որոնք անցյալում ԽՍՀՄ միութենական հանրապետություններ էին:
Եվրոպայում շարունակ խորանում են ինտեգրման (տնտեսական միավորման) գործընթացները: Այժմ Եվրոպական միության անդամների թիվը հասել է 25-ի, իսկ անդամակցելու նպատակով դիմել են նոր երկրներ:
Ատլանտյան օվկիանոսի ափին գտնվելն Արևմտյան Եվրոպայի երկըրներին աշխարհի այլ տարածաշրջանների ու երկրների հետ գործուն տնտեսական կապեր հաստատելու  լայն հնարավորություն է ընձեռել: Իսկ ծովափից զուրկ հարևան պետությունների հետ բազմակողմանի տնտեսական կապերն իրագործվում են ցամաքային ուղիներով: Եվրոպան հայտնի է որպես միջազգային առևտրի կարևորագույն շրջան: Այստեղ են գտնվում մի շարք ապրանքատեսակների միջազգային սակարաններ (բորսաներ), ցուցահանդես-տոնավաճառներ:
Եվրոպայում են տեղակայված միջազգային բազմաթիվ կազմակերպությունների գրասենյակներ. Շվեյցարիայի Ժնև քաղաքում են ՄԱԿ-ի Առողջապահության միջազգային կազմակերպությունը և Աշխատանքի միջազգային կազմակերպությունը, Փարիզում՝ ՄԱԿ-ի Կրթության, գիտության և մշակույթի կազմակերպությունը (ՅՈՒՆԵՍԿՕ), Հռոմում՝ Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը, Վատիկանում՝ Կաթոլիկ եկեղեցու վարչական կենտրոնը, Հռոմի պապի նստավայրը, Ստրասբուրգում՝ Եվրամիության խորհուրդը, Բրյուսելում՝ Եվրախորհրդարանն ու ՆԱՏՕ-ի շտաբ-բնակարանը և այլն:
Եվրոպան միջազգային զբոսաշրջության կարևորագույն տարածաշրջան է, որտեղ աշխարհի տարբեր ծայրերից  տարեկան տասնյակ միլիոնավոր զբոսաշրջիկներ են այցելում:  
    
  • Եվրոպա» անվանումը հին հույները, իրենց աստվածուհու անունով, տվել են Հունաստանից արևմուտք ընկած տարածքներին: Ենթադրվում է, որ այն առաջացել է «էրեբ» ասորերեն բառից, որ նշանակում է «արևմուտք»: