Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Գիլլի լճի չորացման հետեվանքով ոչնչանում են ջրաճահճային էկոհամակարգերը. մեծ ձկնկուլի բնադրագաղութներն այնտեղ իսպառ վերացել են:
Յուրաքանչյուր էկոհամակարգում ամեն ինչ փոխկապակցված է: Կեռնեխները և արոսենին կախված են միմյանցից. թռչունները սնվում են ծառի պտուղներով և նրա սերմերը տարածում ծերտի միջոցով:
Էկոլոգիան գիտություն է օրգանիզմների, նրանց համակեցությունների և շրջակա միջավայրի փոխհարաբերությունների մասին: 
Այն գիտություն է նաև մարդկային հասարակության ու շրջակա բնական միջավայրի համատեղ զարգացման մասին. ուսումնասիրում է շրջակա բնական միջավայրի կայունացման ու կարգավորման կենսահարույց մեխանիզմները և կյանքի կայունությունն ապահովող գործոնները: Էկոլոգիան հետազոտում է այդ մեխանիզմների խախտման պատճառները և մշակում դրանց դեմ պայքարելու արդյունավետ միջոցներ:
Կենսոլորտի վրա մարդու գործունեության անբարենպաստ ազդեցության սրման՝ այսպես կոչված էկոլոգիական ճգնաժամի պայմաններում խիստ աճում է էկոլոգիայի կիրառական նշանակությունը, առաջ է գալիս գիտությունների, արտադրակարգերի ու արտադրությունների այսպես կոչված էկոլոգացման անհրաժեշտություն: Մշակվում են բնական պաշարների և տարածքների օգտագործման այնպիսի ծրագրեր, որոնք էական ազդեցություն չունենան կենսոլորտի հավասարակշռության վրա:
Միջավայրի ցանկացած տարր, որը կենդանի օրգանիզմների վրա կարող է ունենալ ուղղակի կամ միջնորդված ազդեցություն, կոչվում է էկոլոգիական գործոն. լինում է կենսահարույց և ոչ կենսահարույց բնույթի: Կենսահարույց գործոն են սննդային, ինչպես նաև անհատ առանձնյակների կամ նրանց խմբերի (մրցակցություն տարածքի, սննդի, ջրի, վերարտադրության համար և այլն) ու տարբեր տեսակների առանձնյակների (օրինակ՝ գիշատչություն, մակաբուծականություն և այլն) փոխհարաբերություններով պայմանավորված գործոնները: Ոչ կենսահարույց գործոններից են ջերմաստիճանը, լույսը, խոնավությունը, տեղումները, մթնոլորտային ճնշումը, քամին, մթնոլորտի իոնացումը և այլն:
Էվոլյուցիոն զարգացման ընթացքում յուրաքանչյուր տեսակ հարմարվել է էկոլոգիական որոշակի գործոնների ազդեցությանը: ՀՀ-ում, օրինակ, բորակաթուփը, աղահասկիկը, սոդայասեր օշանն աճում են միայն Արարատյան դաշտի սոդայով հարուստ հողերում: Բույսերը, կենդանիները, միկրոօրգանիզմները, ընդհանուր տարածքում համատեղ ապրելով, ստեղծում են գործնականորեն փակ էկոլոգիական համակարգ, որի շղթայի որևէ օղակի խաթարումը կարող է հանգեցնել անսպասելի բնական փոփոխության (օրինակ՝ ծածանի ներմուծումը Սևանա լիճ անցանկալի ազդեցություն ունեցավ իշխանի վրա):
Ժամանակակից էկոլոգիայի շատ խնդիրներ սերտորեն կապված են զանազան գիտությունների, մասնավորապես բժշկության հետ և ունեն խիստ արտահայտված սոցիալ-հիգիենային բնույթ: Էկոլոգիական աղետի վտանգը, իր հերթին, նպաստում է տարբեր գիտությունների զարգացմանը: Օրինակ` իմանալով մոծակների՝ մալարիայի փոխանցողների էկոլոգիան` հնարավոր դարձավ հեշտությամբ պայքարել այդ հիվանդության դեմ: Օնիխոցերկոզ հիվանդությունը փոխանցող մժղուկների բազմացումը խոչընդոտող հատուկ կառուցվածքի պատնեշների ստեղծումով հնարավոր եղավ վերացնել հիվանդության մի շարք բնական օջախներ: Պայքարի կենսաբանական եղանակների (այսինքն՝ հիվանդությունների փոխանցողների կամ հարուցիչների նկատմամբ գիշատիչ կամ մակաբույծ տեսակների օգտագործում) մշակումը հնարավոր դարձավ միայն մարդու հիվանդությունների փոխանցողների կամ հարուցիչների օրգանիզմների կենսագործունեության առանձնահատկությունների ուսումնասիրությունների շնորհիվ:
ՀՀ-ում 1-ին էկոլոգիական ծրագիրը մշակվել է 1979 թ-ից և ներառել Սևանա լճի հիմնահարցի հետազոտությունները: 1982-ից բնության պահպանության տարածքային համալիր սխեմաներ են մշակվել առանձին քաղաքների (Երևան, Վանաձոր, Ալավերդի, Հրազդան) և ամբողջ հանրապետության համար:
Էկոլոգիական կրթության պետական համալիր ծրագիրն իրականացնելու նպատակով (1988 թ-ից) ՀՀ տարբեր բուհերում  ստեղծվել են դեպարտամենտներ, բաժիններ և ամբիոններ: ՀՀ տարբեր քաղաքներում (Երեվան, Վանաձոր, Ալավերդի, Հրազդան, Քաջարան, Արարատ և այլն) քիմիական և լեռնամետաղաձուլական ձեռնարկությունների արտանետումները նվազեցնելու նպատակով սահմանափակվում են որոշ արտադրություններ, մյուսներում ներդրվում են անթափոն տեխնոլոգիաներ: