Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Ընկուզենու ճյուղը՝ տերևներով, ծաղիկներով, պտղով. պտուղը, պտղի կտրվածքը և միջուկը
Ընկուզենու այգի
Ընկուզենին տերևաթափ խոշոր ծառ է: Աճում է Փոքր Ասիայում, Միջին Ասիայում, Բալկանյան թերակղզում, Իրանում, Ճապոնիայում, Չինաստանում, ԱՄՆ-ում: Հայտնի է ընկուզենու 7-9 տեսակ: ՀՀ-ում (Տավուշի, Լոռու, Արարատի, Վայոց ձորի, Սյունիքի և այլ մարզեր) և Ղարաբաղում տարածված է սովորական ընկուզենին (գրանցված է ՀՀ Կարմիր գրքում). աճում է քարքարոտ տաք լանջերին, այգիներում, գեղազարդիչ տնկարկներում:
Ընկուզենին ճյուղատարած, խոշոր ծառ է, բարձրությունը՝ մինչև 30 մ և ավելի, բնի տրամագիծը՝ մինչև 1,9 մ: Բնի և բազմամյա ճյուղերի կեղևն անհարթ է՝ բաց մոխրագույն երանգով: Սաղարթը խիտ է, լայն, արմատային համակարգը՝ հզոր: Տերևները խոշոր են, բարդ, կենտփետրաձև, հոտավետ: Միատուն բույս է: Ծաղիկները միասեռ են, արականները ծաղկաբույլեր (կատվիկներ) են, իգականները (1 կամ 2-3-ական) գտնվում են միամյա ընձյուղների ծայրերին: Պտուղը կորիզապտուղ է (ընկույզ), կեղևը՝ փայտացած, կարծր՝ արտաքինից ծածկված կանաչ, հյութալի պատյանով: Չհասունացած ընկույզից (հարուստ է C վիտամինով) պատրաստում են մուրաբա, հասուն սերմերն օգտագործվում են խոհարարական, հրուշակեղենի արտադրության մեջ և յուղ ստանալու համար: Ընկույզի կանոնավոր օգտագործումը լավացնում է հիշողությունը, վերականգնում առողջությունը՝ ֆիզիկական և մտավոր ծանրաբեռնվածության ժամանակ: Տերևներից, կեղևից և խակ պտղի կանաչ պատյանից ստանում են աղաղանյութեր, շագանակագույն ներկանյութ, եթերայուղեր: Ընկուզենու տերևներն ունեն միջատասպան հատկություն, որի պատճառը տերևներում պարունակվող յուգլոն ներկանյութն է: Յուգլոնն ազդում է նաև մարդկանց վրա. առաջացնում է գլխացավ և ընդհանուր թուլություն: Այդ պատճառով էլ խորհուրդ չի տրվում երկար մնալ ընկուզենու մոտ:
Սերմը կամ միջուկը պարունակում է 45-72% ճարպեր, 8-21% սպիտակուցներ, վիտամիններ, մետաղական միացություններ, աղեր և այլ օգտակար նյութեր (100 գ միջուկը պարունակում է 6000 կալորիա): 
Շատ արժեքավոր է ընկուզենու ամուր, ճկուն, լավ հղկվող բնափայտը, որը կիրառվում է ատաղձագործության և շինարարության մեջ՝ բարձրորակ կահույք, նրբատախտակ և այլ արտադրանք պատրաստելու համար:
Ընկուզենին երկարակյաց է. ապրում է 300-400 տարի: Լավ աճում է չափավոր խոնավ, ավազակավային հողերում: Լուսասեր է և ջերմասեր, սակայն դիմանում է մինչև -25օC ցրտերին: Բազմանում է սերմերով և պատվաստի միջոցով: Պատվաստված ծառերի բերքատվությունն սկսվում է 8-10-րդ տարում և շարունակվում մինչև 150-200 տարի: Մեկ ծառը կարող է տալ 65-100 և ավելի՝ մինչև 250 կգ բերք:
Ընկուզենին օգտագործվում է նաև անտառապատման և կանաչապատման նպատակով:
   
  • Ընկույզի 1 կգ միջուկը կարող է փոխարինել մեկական կգ մսին, հացին, ձկանը, կարտոֆիլին, տանձին և 1 լ կաթին միասին վերցրած:
  • Հայաստանում ընկույզը հայտնի է նաև կակալ, պոպոք, ճղոպուր անուններով: