Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Ամենահեռավոր գաղթը (չուն) կատարում է բևեռային ջրածիծառը. չուի ընթացքում (դեպի ձմեռանոց և հակառակը) այն կարող է հաղթահարել 350 հզ. կմ տարածություն:
Ճապոնական կռունկները հարսանեկան խաղերի ժամանակ պարում են յուրատեսակ պարեր: Արուն և էգը կիսակախ թևերով, ուղղած ու ձգած ոտքերով պտտվում են միմյանց շուրջը՝ մանր ու արագ քայլերով: Աստիճանաբար շարժումներն արագացնում են և թռչում վեր՝ մինչև 4 մ, ապա իջնում ցած՝ ինչպես դանդաղեցրած կինոդրվագում:
Կտուցի ձևը գերազանց հարմարված է թռչունների սնվելու ձևին: Երկար, կեռված կտուցով արորիկը (1) տնտղում է տիղմը կեր հայթայթելու համար: Հավալուսները (2) առաձգական կոկորդային պարկն օգտագործում են որպես յուրօրինակ որսորդական ցանց: Ֆլամինգոն (3) իր կտուցով, ասես մաղով, կերը զատում է տիղմից: Արծիվը (4) հզոր կարթաձև կտուցով պատառոտում է զոհին: Հատբեկիչի (5) կտուցը կարճ է, բայց` հաստ և ուժեղ. դրա օգնությամբ թռչունը կոտրում է նույնիսկ բալի կարծր կորիզը:
Երկրի վրա թռչուններն ապրում են ամենուրեք՝ արևադարձային անտառներում, անապատներում, օվկիանոսներում և նույնիսկ Անտարկտիդայի հսկա սառցե տարածություններում: Մի մասը սավառնում է բարձր երկնքում (ծիծեռնակները չուի ժամանակ թռչում են 8000 մ բարձրություններում), մյուսները սուզվում են ջրի մեջ 200 մ-ից ավելի խորությամբ: Թռչնաշխարհի խիստ բազմազանությունը հսկայական է: Որոշ թռչուններ սնվում են միայն բույսերով, մյուսները՝ թարմ մսով: Ջայլամների բարձրությունը մարդու հասակից բարձր է, իսկ կոլիբրի-մեղվիկը շատ միջատներից ավելի փոքր է:
Թռչունները տաքարյուն կենդանիներ են. ունեն թևեր և բազմանում են ձվադըրման եղանակով: Դնում են տարբեր չափերի և երանգների 1–25 ձու: Թխսակալում են էգը և արուն, հաճախ՝ միայն էգը: Միակ փետրավոր կենդանի էակներն են: Մարմինը հարմարված է թռչելուն, թեպետ թռչունների որոշ տեսակներ (օրինակ՝ հավը, կիվին, պինգվինը, ջայլամը) կորցրել են թռչելու ունակությունը: Թռչուններն ունեն սուր տեսողություն և լսողություն, անհամեմատ թույլ հոտառություն: Մանր թռչուններն ապրում են 20–25 տարի, խոշորները՝ մինչև 50 տարի:
Բազմացման շրջանում էգերը ձվադրում են կանոնավոր ժամանակահատվածներում, ձագերը զարգանում են ձվերի մեջ, այլ ոչ թե մայրն է կրում իր օրգանիզմում:

Փետրավորումը
Փետուրները ծածկում են թռչունի մարմնի մեծ մասը: Դրանք մաշկի հավելումներ են: Ոտքերն ու մատները փետրազուրկ են: Փետուրներն ունեն 3 նշանակություն: Առաջին՝ պահպանում են մարմնի ջերմությունը և թռչունին պաշտպանում թրջվելուց: Ցուրտ եղանակին թռչունները փմփուշացնում են փետուրները, և դրանց միջև գտնվող օդը ստեղծում է ջերմամեկուսիչ շերտ: Երկրորդ՝ փետրածածկ թևերի շնորհիվ թռչունները կարող են թռչել: Տափակ, կորացած ձևերի շնորհիվ երկրորդային թափահարող փետուրները ստեղծում են վերամբարձ ուժ, որը թռչունին պահում է օդում: Երրորդ՝ թռչունների մի մասի փետուրները քողարկիչ են, մյուսներինը՝ էգի ուշադրություն գրավող: Օրինակ՝ էգերը հաճախ գունավորված են համեստ գույներով, որպեսզի թխսակալման ժամանակ աննկատ մնան: Արուները զուգընկերոջը գրավում են վառ, գունագեղ փետրավորմամբ:

Թռիչքը
Թռչունները հիանալի հարմարված են թռիչքին: Նրանց ոսկրերը շատ թեթև են, իսկ որոշ ոսկրեր ունեն ներքին օդային խոռոչներ: Փետուրները նույնպես շատ թեթև են, բայց գերազանց պաշտպանում են մարմինը արտաքին միջավայրի ազդակներից: Թռչունները թռչում են տարբեր ձևերով. սարյակները թռչում են ուղիղ գծով՝ թևերի անընդհատ թափահարումներով: Փայտփորները թևերի թափահարումով թափ են առնում կամ թափով վեր են թռչում, ապա թևերը ծալում (թռիչքը ալիքաձև է): Ավելի խոշոր թռչունները, օրինակ՝ ճայերը, սահասավառնում են օդում, անգղերը հաճախ սավառնում են օդի վերընթաց հոսանքներում՝ թեթևակի շարժելով թևերը:
Որոշ թռչուններ, օրինակ՝ հողմավար բազեները, սավառնում են օդում՝ ուշադիր զննելով գետնի վրայի զոհին: Իսկ սապսանը, որը որսում է ուրիշ թռչունների, զոհի վրա սրընթաց վայր սլանալով, կարող է զարգացնել մինչև 180 կմ/ժ արագություն: Կոլիբրին ծաղիկներից նեկտար հավաքելիս կախվում է օդում. այդ ժամանակ թևերը շարժվում են անհավանական արագությամբ՝ վայրկյանում 100 թափահարում:

Սնունդը
Թռչունների տարբեր տեսակների սնունդը տարբեր է: Ըստ կտուցի կամ ոտքերի ձևի՝ հաճախ կարելի է որոշել, թե ինչով է սնվում այս կամ այն թռչունը: Գիշատիչների կտուցը նման է հզոր կարթի, որով նրանք հեշտությամբ պատառոտում են զոհին: Ճահճային թռչունների կտուցը երկարացած է, որի օգնությամբ նրանք տնտղում են առափնյա տիղմը՝ որդեր կամ մանր խխունջներ գտնելու համար: Սագերի կտուցը տափակացած է և հարմարված կերը ջրից կամ տիղմից զատելուն: Ճնճղուկների կարճ, բայց ուժեղ կտուցը հարմարված է բույսերի սերմերով սնվելուն: Որոշ թռչունների (օրինակ՝ տառեղների) երկար ոտքերը հնարավորություն են տալիս քայլել ջրում և ձուկ որսալ: 
Ձկնակեր թռչունների (օրինակ՝ ձկնկուլների) ոտքերը կարճ են, բայց ունեն լողաթաղանթներ, դրա համար այդ թռչունները գերազանց լողում են, սուզվում ջրում և ձուկ որսում:

Չուն
Չվող թռչունները տարվա որոշակի ժամանակահատվածում տեղափոխվում են այլ վայրեր, իսկ հաջորդ սեզոնին նորից հետ են վերադառնում: Որոշ տեսակներ չվում են իրենց ծննդավայրից ոչ հեռու, կան տեսակներ, հատկապես Հյուսիսային կիսագնդում բնակվողները, բնակավայրերից հեռանում են հարյուրավոր կամ հազարավոր կիլոմետրեր, որպեսզի ձմռան ամիսներն անցկացնեն տաք, կերով հարուստ վայրերում:
Երբեմն չվում է պոպուլացիայի միայն մի մասը: Լեռներում ապրող թռչուններն իջնում են միայն մի քանի կիլոմետր (առավել տաք գոտիներ) այն դեպքում, երբ մյուսները թռչում են հեռավոր օվկիանոսների ափերը: Մանր թռչունները կարող են ուղևորվել հեռավոր ճանապարհորդության: Օրինակ՝ քարաթռչնակները, որոնք չափերով հազիվ են գերազանցում ճնճղուկներին, կատարում են ամենամյա չու՝ Գրենլանդիայից մինչև Հյուսիսային Աֆրիկա: Մանր կարմրափող կոլիբրիները Հյուսիսային Ամերիկայից չվում են Հարավայինը՝ Մեքսիկական ծոցի վրայով կտրելով 800 կմ տարածություն: Ծովային թռչուններն անցնում են ավելի մեծ տարածություններ: Օրինակ՝ թանձրահավերը բաց ծովի վրա (ափերից հեռու) անցկացնում են ամբողջ ձմեռը: Բևեռային ջրածիծառները Հյուսիսային կիսագնդի բնադրավայրերից թռչում են Երկրի ծայր հարավային շրջանների ձմեռանոցներ՝ երբեմն հասնելով նույնիսկ Անտարկտիդա:

Թռչունների երգը
Թռչունները զանազան ձայներ են արձակում: Մի մասը դա կատարում է կտուցով, մյուսները՝ փետուրներով: Թռչունների մեծամասնությունը ձայնային ազդանշաններով և երգերով հաղորդակցվում են միմյանց հետ: Ձայնային ազդանշանները (կանչերը) սովորաբար կարճ են ու բարձր: Նրանք կարող են նախազգուշացնել սպառնացող վտանգի մասին: Ձայներ արձակում են նաև հասուն թռչուններն ամուսնական խաղերի ժամանակ, իսկ ձագերը՝ մեծերից կեր խնդրելիս: Երամի անդամները որոշակի ձայներով կապ են հաստատում խիտ անտառում կամ գիշերային թռիչքների ժամանակ: Սովորաբար երգում են արուները՝ գրավելով էգերի ուշադրությունը, կամ մրցակիցներին տեղեկացնում, որ իրենց տարածքը բնադրման համար զբաղեցված է և պաշտպանվում է: Երգելու ունակությամբ հատկապես ուշագրավ են երգեցիկ թռչունները:

Թռչունները պաշտպանության 
կարիք ունեն
Երիտասարդ թռչունները ծնողներից սովորում են ինքնուրույն կեր հայթայթել և ապաստան ստեղծել, վատ եղանակին դիմանալ ու թշնամուց պաշտպանվել: Այդուհանդերձ կյանքի առաջին տարում նրանց մի մասը ոչընչանում է, սակայն կենսունակների թիվը բավարարում է, որպեսզի տեսակի թվաքանակը լավագույնս պահպանվի: Բնական պայմաններին մարդու միջամտության, անպաշտպան թռչունների գերորսի, մարդկանց կողմից տարբեր երկրներ տարված կատուների, շների, կապիկների և առնետների կողմից թռչունների ձվերի ոչնչացման հետևանքով բնական հավասարակշռությունը կարող է խախտվել: Օրինակ՝ գերորսի հետևանքով անհետացել են անթև սուզահավը, թափառող աղավնին: 
Մի շարք երկրներում որսարդյունագործական նշանակություն ունեցող թռչուններից են փասիանները, կաքավները, մայրեհավերը: Սակայն որսը հսկվում է, որպեսզի պոպուլացիաների թվաքանակը չնվազի: Թեպետ աշխարհում թռչուններն ամենուրեք գտնվում են հսկողության տակ, սակայն նրանց մշտապես վտանգ է սպառնում:
Բնակչության թվի ավելացումը և բնական պաշարների հանդեպ պահանջների աճը հանգեցրել են բազմաթիվ բնադրավայրերի ավերման: Ճահիճների չորացումը և գյուղատնտեսական հողատարածքների ընդլայնումը, շինանյութեր ստանալու, կառուցապատման, հացահատիկային մշակաբույսերի ցանքատարածությունների հիմնման նպատակով ծառահատումները, անապատային աղքատիկ հողերով արոտավայրերում ընտանի կենդանիների գերարածեցումը, ինչպես նաև մարդկանց գործունեության ու շրջակա միջավայրի աղտոտման հետևանքով առաջացած գլոբալ տաքացումը խիստ բացասական ազդեցություն են թողել թռչնաշխարհի վրա: Թռչունների որոշ տեսակներ նվազել են, գրանցվել են Կարմիր գրքերում և պաշտպանության կարիք ունեն: Սակայն մեծ և բազմազան է թռչունների նշանակությունը բնության մեջ և մարդու կյանքում: Նրանք մասնակցում են բույսերի փոշոտմանը, ոչնչացնում գյուղատնտեսական վնասատուներին: Որոշ թռչուններ, ընդհակառակը, վնասում են այգիներն ու ցանքերը, տարածում վարակիչ հիվանդություններ:

Թռչունների ծագումը
Արխեոպտերիքս (հունարեն՝ հնաթև) կոչվող անհետացած թռչունի բրածո մնացորդներն ունեն ամենամեծ տարիքը: Այն միջանկյալ օղակ է դինոզավրերի և ժամանակակից թռչունների միջև: Արխեոպտերիքսի առաջին քարացած մնացորդները հայտնաբերվել են Գերմանիայում 1861 թ-ին` վերին յուրայի դարաշրջանի նստվածքներում, որոնց տարիքը մոտ 145 մլն տարի է: Այդ մնացորդները նման են աղավնու մեծության թռչունի լրիվ կմախքի: Դրանք եղել են, ըստ էության, ոչ մեծ դինոզավրեր, սակայն ունեցել են փետուրներ և հեռավոր նմանություն թռչուններին:  
    
   Աշխարհում հայտնի է թռչունների շուրջ 8700 տեսակ, ՀՀ-ում հանդիպում է ավելի քան 349 տեսակ՝ տարածված բոլոր բնական` կիսաանապատային, լեռնատափաստանային, անտառային և ալպյան  գոտիներում, ջրլող թռչունները՝ այն շրջաններում, որտեղ կան գետեր, լճեր, արհեստական ջրավազաններ: Վերջին շրջանում խիստ նվազել է Սևանի ավազանի թռչնաշխարհի տեսակային կազմը: Արհեստական ձկնաբուծական ջրամբարների ստեղծմանը զուգընթաց` խիստ մեծացել է Արարատյան դաշտի ջրաճահճային թռչունների թվաքանակը: Բնական կենսապայմանների կրճատման և վերափոխման հետևանքով շատ տեսակներ (ագռավ, կաչաղակ, կեռնեխ, տատրակ, շամփրուկ և այլն) հարմարվել են մարդու հարեվանությամբ ապրելուն: 
   ՀՀ-ում հանդիպող թռչունների 67 տեսակ գրանցված է Բնության պահպանության միջազգային և ՀՀ Կարմիր գրքերում:
    
Թռչունների ռեկորդներն աշխարհում.
Թևերի ամենամեծ բացվածքը ալբատրոսինն է` մինչև 4 մ:
Ամենափոքր թռչունը կոլիբրի-մեղվիկն է. կտուցի ծայրից մինչև պոչի ծայրը 6 սմ է: 
Ամենամեծ թռչունը աֆրիկական ջայլամն է. մարմնի բարձրությունը 2,5 մ է, կենդանի զանգվածը՝ 150 կգ: