Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Թանահատի վանքի արեգակնային ժամացույցը (VII դար)
Ավազի ժամացույց
Ճոճանակավոր մեխանիկական ժամացույցի կառուցվածքը
Մատենադարանում պահպանվող մագաղաթե լուսնային ժամացույց (XIV դար). այն բաղկացած է իրար վրա դրված, ընդհանուր առանցքի (թելի) շուրջը պտտվող 3 համակենտրոն շրջաններից, որոնց վրա տրված են ամիսը, ամսաթիվը, Արեգակի, Լուսնի, 5 մոլորակների և Կենդանակերպի համաստեղությունների նշանները:
Ատոմային ժամացույց
Ժամանակը գոյության և վիճակների փոփոխության հաջորդականության տևողությունն է: Այն ինքնին՝ նյութական փոփոխություններից դուրս, գոյություն չունի: Որպես ժամանակի ուղղություն` ընդունված է անցյալից ապագան, ինչը պայմանավորված է նյութական համակարգերի զարգացման շարունակականությամբ ու անդարձելիությամբ:
Ժամանակակից ֆիզիկան ապացուցել է, որ նյութական համակարգերում տարբեր գործընթացների ժամանակը համեմատաբար դանդաղում է, երբ դրանց շարժման արագությունն սկսում է մեծանալ և աստիճանաբար մոտենալ լույսի արագությանը: Նույնը կատարվում է նաև հզոր ձգողական (գրավիտացիոն) դաշտերի ազդեցությամբ:
Մեզ շրջպատող բնության մեջ մենք մշտապես ականատես ենք լինում ժամանակի հոսքին. տարվա եղանակները հերթագայում են միմյանց, աճում են խոտաբույսերն ու ծառերը, գիշերը փայլում են աստղերը, իսկ ցերեկը շողում է Արեգակը: Այս երևույթները պարբերական են, այսինքն որոշակի ժամանակահատվածներ հետո կրկնվում են՝ ասես ժամանակը հաշվելով: Եվ մարդիկ, ըստ բնության երևույթների, ժամանակը բաժանել են տարիների, ամիսների, օրերի և ժամերի:
Ժամանակը հաշվելու առաջին սարքը արևի ժամացույցն էր: Երկնակամարում Արեգակի շարժմանը զուգընթաց՝ հարթ տարածության կենտրոնում խրված ձողի ստվերը տեղաշարժվում էր թվացույցի նման գծված շրջանի վրայով: Արևի ժամացույցները տարածված էին նաև հին ու միջնադարյան Հայաստանում: Մինչև այժմ էլ ուղղաձիգ դիրքով թվացույցով արևի ժամացույցներ են պահպանվել Զվարթնոցում, Դսեղում, Ծաղկաձորում, Դիլիջանում, Տավուշում, Արցախում և այլուր գտնվող վանքերի ու տաճարների պատերին:
Ամպամած օրերին ու գիշերն արևի ժամացույցը «չէր աշխատում», և ավելի ուշ հորինեցին ջրի ժամացույցը, որտեղ ջուրը հավասարաչափ՝ կաթիլ առ կաթիլ, մի անոթից մյուսն էր լցվում, իսկ սլաքով լողանն իջնում կամ բարձրանում էր՝ ցույց տալով ժամանակը: Ավազի ժամացույցը, որում մի անոթից մյուսը բարակ շիթով ավազ է լցվում, հասել է մինչև մեր օրերը: Առաջին մեխանիկական ժամացույցները ստեղծվեցին VI դարում և ունեին միայն մեկ՝ ժամի սլաք: Ծանրություններով մեխանիկական ժամացույցները հայտնվեցին XIII դարում, զսպանակավոր ժամացույցները՝ XVI դարում, իսկ ճոճանակով ժամացույցները՝ միայն XVII դարում:
Ժամանակակից ժամացույցները ժամանակը ցույց են տալիս շատ ավելի ճշգրիտ: Ամբողջ աշխարհում մարդիկ առաջնորդվում են միևնույն ստանդարտ ժամանակով և այն չափում են միևնույն եղանակով: Միացյալ միջազգային ժամանակը չափվում է տարբեր երկրների լաբորատորիաներում պահվող ատոմական ժամացույցներով, որոնք ժամանակը ցույց են տալիս վայրկյանի միլիոներորդ մասերի ճշտությամբ:
Օրը մեզ համար ժամանակի ամենակարևոր հատվածն է: Այն սկսվում է, երբ արևը ծագում է արևելքում, և վերջանում է, երբ մայր է մտնում արևմուտքում: Յուրաքանչյուր որոշակի վայրում կեսօր է, երբ արևը գտնվում է երկնքի ամենաբարձր կետում՝ զենիթում: Եվ քանի որ Երկիրը պտտվում է իր առանցքի շուրջը, ապա նրա տարբեր վայրերում կեսօր է լինում հերթագայությամբ՝ շարժվելով արևելքից դեպի արևմուտք: Այդպես` հեռավոր Արևելքում օրը նոր է բացվում (կամ իջնում է երեկոն), մինչդեռ արևմտյան վայրերում դեռևս մութ է կամ կեսօր: Օրինակ՝ Երկրագնդի պտույտով պայմանավորված` ԱՄՆ-ի արևելյան ափերում արևածագը երեք ժամ առաջ է սկսվում արևմտյան ափերից, իսկ Ռուսաստանի տարածքում այդ տարբերությունը կազմում է 11 ժամ:

Ժամանակի հաշվարկը
Առաջներում մարդիկ ժամանակի հաշվարկը սկսում էին կեսօրից, ուստի Երկրագնդի տարբեր վայրերում ժամանակը տարբեր էր: 1880 թ-ին Մեծ Բրիտանիայում որպես ժամանակի չափորոշիչ ընդունվեց Լոնդոն քաղաքի շրջաններից մեկի՝ Գրինվիչի երկայնության միջին տեղական ժամանակը: Այն անվանեցին Գրինվիչի միջին ժամանակ (ԳՄԺ): 1884 թ-ին կայացած միջազգային գիտաժողովում որոշվեց երկրագունդը «բաժանել» 24 ժամային գոտիների՝ սկսած Գրինվիչի միջօրեականից` յուրաքանչյուր գոտին 15օ լայնությամբ: ՀՀ գտնվում է 3-րդ ժամային գոտում: Յուրաքանչյուր ժամային գոտում ժամանակը հարևան գոտիներից տարբերվում է 1 ժամով: Երբ մենք ուղևորվում ենք մեկ այլ երկիր, սովորաբար ժամացույցը «փոխադրում» ենք այդ երկրի ժամանակի: Եվ որքան ավելի հեռու՝ դեպի արևելք կամ դեպի արևմուտք ենք շարժվում, այնքան այդ փոփոխությունն ավելի մեծ է:
Ժամային գոտիների սահմանները միշտ չէ, որ տարվում են միջօրեականներով: Որոշ երկրներում դրանք որոշվում են վարչական սահմանների հիման վրա (Չինաստանը, օրինակ, ընդգրկում է 5 ժամային գոտիներ, սակայն հիմք է ընդունվում մայրաքաղաք Պեկինի ժամային գոտին):
Մի շարք երկրներում, այդ թվում և ՀՀ-ում, օրվա լուսավոր մասը արդյունավետ օգտագործելու նպատակով ամառային ամիսներին գոտիական ժամանակը 1 ժամով առաջ է տարվում (դա կոչվում է դեկրետային ժամանակ):

Ժամանակը որպես ֆիզիկական 
մեծություն
Թվում է, թե ժամանակի ընթացքը միշտ հաստատուն է և անփոփոխ, սակայն դա իրականում այդպես չէ: Ֆիզիկոս Ալբերտ Էյնշտեյնը XX դարի սկըզբին ապացուցեց, որ ժամանակի ընթացքը կախված է շարժվող առարկայի արագությունից: Օրինակ՝ գերձայնային ինքնաթիռում ժամացույցի ընթացքն ավելի դանդաղ է, քան Երկրի վրա: Ընթացքի այդ տարբերությունը շատ չնչին է, սակայն եթե հնարավոր լիներ շարժվել լույսի արագությանը մոտ արագությամբ, ապա ժամանակի ընթացքը կդանդաղեր տասնյակ և հարյուրավոր անգամներ: Այդ տարբերություններն այսօր արդեն նկատելի են գոնե տիեզերագնացների համար:
Երկրագունդը բաժանված է 24 ժամային գոտիների՝ սկսած Մեծ Բրիտանիայի տարածքով անցնող Գրինվիչի միջօրեականից: Գրինվիչից դեպի արևմուտք ընկած ամեն մի գոտում ժամացույցը ցույց է տալիս մեկ ժամով պակաս, քան նախորդ գոտում, և մեկ ժամով ավելի՝ դեպի արևելք գտնվող յուրաքանչյուր գոտուց: Երկրագնդի վրա նոր օրն սկսվում է 180օ միջօրեականից, որի սահմաններում բնակավայրեր չկան: Եթե նոր օրն սկսվեր 0օ միջօրեականից, ապա Լոնդոնի արևմտյան և արևելյան թաղամասերում նույն պահին տարբեր ամսաթվեր կլինեին: