Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Պետական կարգը՝  
հանրապետություն
Մայրաքաղաքը՝
Ջակարտա
Տարածքը՝ 
1.904,5 հզ. կմ2
Բնակչությունը՝
219,9 մլն
Պետական լեզուն՝ 
ինդոնեզերեն
Դրամական միավորը՝ 
ինդոնեզական ռուփի
Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտան
Բրնձի դարավանդային  տնկադաշտ Ինդոնեզիայում
Ինդոնեզիայի Կալիմանտան և Սումատրա կղզիներում է աճում աշխարհի ամենամեծ ծաղիկը՝ ռաֆլեզիան (տրամագիծը՝ 1 մ, քաշը՝ 10 կգ), որը չունի արմատ և ընձյուղ, աճում է լիանների վրա:
Ագունգ հրաբուխը Բալի կղզում
Ինդոնեզիայի Հանրապետություն
Ինդոնեզիան գտնվում է Հարավարևելյան Ասիայում՝ բուստային ծանծաղուտներով շրջապատված շուրջ 13,5 հզ. կղզիների վրա: Խոշոր կղզիներից են Ճավան, Սումատրան, Սուլավեսին, ինչպես նաև Կալիմանտանը և Նոր Գվինեան, որոնց միայն մի մասն է զբաղեցնում Ինդոնեզիան: Այդ հսկայական կղզեաշխարհն ասես ցամաքային Ասիան Ավստրալիային կապող մի բնական կամուրջ լինի: 
Երկրի ներկայիս անունը 1884 թ-ին «կնքել է» գերմանացի ճանապարհորդ Ա. Բաստիանը՝ միացնելով Ինդիա՝ Հնդկաստան, և հունարեն «նեսոս»՝ կղզիներ, բառերը:
Ինդոնեզիան գտնվում է երկրագնդի համեմատաբար երիտասարդ և երկրաշարժամետ շրջանում: Այնտեղ կա 500 հրաբուխ (80–100-ը՝ գործող), որոնք երկրաշարժերի հետ մշտապես մեծ վնաս են հասցնում երկրին: 1883 թ-ի Կրակատաու հրաբխի ուժեղ ժայթքումից վերացել է համանուն կղզու մի մասը, իսկ 1927–29 թթ-ին ժայթքումների արդյունքում առաջացել է Անակ Կրակատաու (Կրակատաուի զավակ) կղզին:
Ինդոնեզիայի կլիման հասարակածային է. տարվա եղանակները գրեթե արտահայտված չեն. արևադարձային տաք արևն առատորեն գոլորշիացնում է շրջակա ծովերի ու ներքին ջրամբարների ջրերը, որի հետևանքով երկրում օդի խոնավությունը բարձր է: Ինդոնեզիայի բուսական և կենդանական աշխարհները բացառիկ հարուստ են, շատ են բնաշխարհիկները: Կալիմանտան և այլ կղզիներում պահպանված կուսական անտառներում հանդիպում են հսկայական ծառեր, որոնց բարձրությունը հասնում է 80 մ-ի, իսկ բնի տրամագիծը՝ 2 մ-ի: 
 Միայն Սումատրա կղզում ապրում է կաթնասունների` 170, թռչունների՝ 430, սողունների 200 տեսակ: Սումատրայի և Կալիմանտանի ճահճառատ անտառներում են բնակվում մարդանման խոշոր կապիկները՝ օրանգուտանները (մալայերեն «օրանգուտան» նշանակում է անտառի մարդ): Այստեղ ապրող «Կոմոդո կղզու վիշապը» (Կոմոդյան վարան) աշխարհի ամենախոշոր մողեսն է, որի երկարությունը 3,5 մ է, քաշը՝ 150 կգ: Դա շատ արագաշարժ գիշատիչ է, որի զոհն են դառնում փոքրիկ եղջերուները, վայրի խոզերն ու կապիկները: Ինդոնեզական կղզիների թռչնաշխարհը մի իսկական թագավորություն է. ուշագրավ են հսկայական ռնգեղջյուր-թռչունը, սիրամարգի ցեղակից արգուսը, անսովոր վառ գույների փետուրներով դրախտային թռչունները:
Ինդոնեզիայի բնակչությունը խիստ բազմազգ է. բնակում են մոտ 300 ժողովուրդ ու ազգություն, իսկ լեզուների ու բարբառների թիվն անցնում է 1000-ից: Հանրապետության քաղաքացիներն իրենց կոչում են «օրանգ Ինդոնեզիա», այսինքն՝ ինդոնեզացիներ: Նրանց նախնիները եղել են հմուտ ծովագնացներ, որոնք կտրել-անցել են հեռավոր ծովեր ու օվկիանոսներ: Բազմաթիվ պտուղներ ու բանջարեղեն, դեղաբույսեր (տարո, մշկընկույզ, հավանաբար նաև բրինձ), որոնց հայրենիքը Հարավարևելյան Ասիան է, աշխարհին հայտնի են դարձել ինդոնեզացիների շնորհիվ:
Ինդոնեզացիները նաև հրաշալի արհեստագործներ են: Նրանց հմուտ ձեռքերով փայտի անշունչ կտորը կենդանանում և ստանում է կենդանու կամ առասպելական հերոսի արտահայտիչ կերպարանք, արծաթի ձուլակտորը վերածվում Է նրբագեղ զարդանախշերով հիասքանչ սկահակի: 
Ինդոնեզիան ուշագրավ է նաև իր ուրույն ճարտարապետությամբ: Երկրի ազգային ճարտարապետության հրաշալիքներից է Բորոբոդուր բուդդայական տաճարը, որը կառուցվել է VIII դարի վերջին և IX դարի սկզբին Ճավա կղզու կենտրոնում՝ Ջոկյակարտա քաղաքից ոչ հեռու: Դա քառակուսի հիմքով սանդղավոր կառույց է, որի բարձրությունը 31,5 մ է: 10 սանդղավանդները զարդարված են Բուդդայի կյանքի տարեգրությունը պատկերող խորաքանդակներով, որոնց ընդհանուր երկարությունը գրեթե 2 կմ է: 
Երեք ու կես դար Ինդոնեզիան եղել Է Հոլանդիայի գաղութը: Օգտվելով տեղի ավատատեր կառավարողների երկպառակություններից և ունենալով ռազմական առավելություն՝ հոլանդական գաղութարարները տիրել էին ամբողջ Ինդոնեզիային, որն իր տարածքով 57 անգամ մեծ էր բուն մետրոպոլիայից՝ Հոլանդիայից: Հակագաղութային պայքարը, սակայն, շարունակաբար աճելով, մեծ ծավալ ստացավ հատկապես 1939–45 թթ-ի Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո և 1945 թ-ի օգոստոսի 17-ին ավարտվեց Ինդոնեզիայի անկախության հռչակմամբ:
Ինդոնեզիան գյուղատնտեսական երկիր է: Բնակչության 3/4-ից ավելին ապրում է գյուղերում: Գյուղատնտեսական և արդյունաբերական հիմնական կենտրոնը Ճավա կղզին է, որին բաժին է ընկնում Ինդոնեզիայի տարածքի 7%-ը, բնակչության 60 %-ը, արդյունաբերական ձեռնարկությունների 70 %-ը: Այստեղ են գտնվում առավել խոշոր քաղաքները՝ մայրաքաղաք Ջակարտան, Սուրաբայան և Բանդունգը: 
Ինդոնեզիայում արդյունահանում են նավթ (Սումատրա և Կալիմանտան կղզիներում), բնական գազ, անագ (Բանկա և Բելիտունգ կղզիներում, որոնց երբեմն անվանում են անագե կղզիներ): Մշակում են բրինձ (տարեկան հավաքում են 2 բերք), կոկոսյան արմավենի, ադամաթուզ, պապայա (հնդկական սեխ), սուրճ, թեյ, շաքարեղեգ, հեվեյա (կաուչուկատու ծառ) և այլն:

Հայերն Ինդոնեզիայում
Հայերն այս երկրում հայտնվել են  XVII դարում: Այդ մասին հիշատակություն կա 1656թ-ի արձանագրություններում: 1747թ-ին հոլանդացիները մի հրովարտակով տեղի հայերին, որոնք հիմնականում բնակվում էին Ջակարտայում (այն ժամանակ՝ Բատավիա), Սուրաբայայում, Սեմարանգում, Մակարասում և այլուր, շնորհել են եվրոպացիներին հավասար «ազատ քաղաքացու» իրավունք: Այդ ժամանակ հայերի թիվը 2000-ից չէր անցնում. նրանք գաղթել էին հիմնականում Նոր Ջուղայից (Պարսկաստան) ու Մադրասից (Հնդկաստան), զբաղվում էին առևտրով և արհեստներով: Թեպետ այդ գաղութը շատ հեռու է եղել մայր հայրենիքից, սակայն նրա անդամները հետևել են այնտեղի իրադարձություններին, նյութապես օգնել Արևմտյան Հայաստանի իրենց հայրենակիցների ազգային-ազատագրական պայքարին: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո շատ ինդոնեզահայեր տեղափոխվել են ԱՄՆ, Ավստրալիա և այլ երկրներ, գաղութը գնալով նվազել է, և ներկայումս մնացել են հատուկենտ հայեր, ովքեր ապրում են իրենց ուրույն ազգային կյանքով: