Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Իներտ գազերը քիմիական տարրեր են, որոնք կազմում են պարբերական համակարգի VIII խմբի գլխավոր ենթախումբը՝ հելիում՝ He, նեոն՝ Ne, արգոն՝ Ar, կրիպտոն՝ Kr, քսենոն՝ Xe, ռադոն՝ Rn: Իներտ գազերն այս անվանումն ստացել են իրենց քիմիական մեծ կայունության համար, որի շնորհիվ կոչվում են նաև ազնիվ գազեր: Իներտ գազերի քանակն օդում շատ փոքր է: Սովորական պայմաններում անհոտ, անգույն, միատոմանի գազեր են: Էլեկտրական պարպում առաջացնելիս (գովազդային և լուսավորման լամպեր) յուրաքանչյուր գազ գունավորվում է յուրահատուկ գույնով. հելիումը՝ դեղին, նեոնը՝ վառ կարմիր, արգոնը՝ կապույտ, կրիպտոնը՝ կանաչավուն, քսենոնը՝ երկնագույն:

Հելիում
 He 1868 թ-ին ֆրանսիացի գիտնական Ժ. Ժանսենը և անգլիացի Ջ. Լոկիերը Արեգակի սպեկտրում հայտնաբերեցին վառ դեղին գիծ: 1871 թ-ին Ջ. Լոկիերը պարզեց նաև, որ դա բնորոշ է նոր տարրին, և անվանեց հելիում (հունարեն նշանակում է Արեգակ): 1895 թ-ին անգլիացի գիտնական Վ. Ռամզայը ճառագայթաակտիվ կլեվիտ հանքաքարի տաքացումից անջատված գազի սպեկտրում նույնպես գտավ նույն դեղին գիծը: Տիեզերքում, ըստ տարածվածության, հելիումը երկրորդն է ջրածնից հետո, Երկրի վրա 4He իզոտոպն առաջանում է ուրանի, թորիումի և ճառագայթաակտիվ այլ տարրերի տրոհումից: 4He-ի ատոմի միջուկները (բաղկացած են 2 պրոտոնից և 2 նեյտրոնից) կոչվում են ալֆա-մասնիկներ:
Հելիումն ստանում են օդի խորը սառեցմամբ, որի դեպքում բոլոր գազերը հեղուկանում են, բացի հելիումից: Նրա սառեցման ջերմաստիճանը հայտնի նյութերի սառեցման ջերմաստիճանից ամենացածրն է՝ -273,15օC: Հեղուկ հելիումն օգտագործվում է գիտական հետազոտություններում՝ որպես սառեցնող միջոց: Բարձր ջերմահաղորդականության, քիմիական իներտության շնորհիվ հելիումը կիրառում են ատոմային ռեակտորները սառեցնելու, իսկ ոչ մեծ խտության և անայրելիության շնորհիվ՝ օդապարիկները լցնելու համար:

Նեոն 
  Ne Նեոնը հայտնաբերել են անգլիացի գիտնականներ Վ. Ռամզայը և Մ. Թրավերսը 1898 թ-ին՝ հեղուկ օդի դյուրաեռ ֆրակցիայի սպեկտրում:
Նեոն ստանում են հեղուկ օդի կոտորակային թորմամբ: 40% նեոն պարունակող ազոտի և հելիումի խառնուրդն օգտագործվում է գովազդային լամպեր լցնելու համար: Օդանավակայանների և նավահանգիստների փարոսներում օգտագործվում են նեոնային աղեղային լամպեր:

Արգոն
  Ar Արգոնը հայտնաբերել են անգլիացի գիտնականներ Վ. Ռամզայը և Ջ. Ռելեն 1894 թ-ին: Արգոնը իներտ գազերից ամենատարածվածն է: 40Ar իզոտոպը հանդիպում է կալիում պարունակող միներալներում. այն 40K իզոտոպի ճառագայթաակտիվ քայքայման արդյունք է: Դրանով է բացատրվում 40Ar-ի բարձր պարունակությունը (ըստ ծավալի` 0,933%) մթնոլորտում:
Արգոնն ստանում են հեղուկ օդի կոտորակային թորմամբ: Արգոնը կիրառվում է իներտ միջավայր պահանջող քիմիական ու մետաղաձուլական շարժընթացներում՝ հազվագյուտ և գունավոր մետաղների եռակցման, կտրման, հալման ժամանակ:

Կրիպտոն
 Kr Կրիպտոնը հայտնաբերել են Վ. Ռամզայը և Մ. Թրավերսը 1898 թ-ին՝ հեղուկ օդի դժվարաեռ ֆրակցիայի սպեկտրում: Կրիպտոնն ստանում են հեղուկ օդից: Կիրառվում է էլեկտրավակուումային տեխնիկայում:

Քսենոն
 Xe  Քսենոնը հայտնաբերել են Վ. Ռամզայը և Մ. Թրավերսը` կրիպտոնի հետ խառնուրդում (այստեղից էլ նրա անվանումը, որը հունարեն նշանակում է օտար): Իներտ գազերից ամենաակտիվն է, որի միացություններն էլ ստացվել են առաջինը: Քսենոնը ստանում են հեղուկ օդից: Օգտագործվում է նաև բժշկության մեջ, գլխուղեղի ռենտգենյան հետազոտման ժամանակ` որպես ռենտգենյան ճառագայթների կլանիչ:

Ռադոն 
 Rn Ռադոնը հիմնականում գտնվում է մթնոլորտում, աննշան քանակներով պարունակվում է բնական ջրերում: Ռադոնի պարունակությունը ճառագայթաակտիվ հանքանյութերում համեմատաբար մեծ է: Այն հայտնաբերվել է ռադիումի քայքայման արդյունքում առաջացող` օդի հոսանքով հեռացող ճառագայթաակտիվ գազում 1903 թ-ին, որին 1923 թ-ին տրվել է ռադոն անունը:
Ռադոնը ճառագայթաակտիվ գազ է: Նրա քայքայումից ստանում են չցնդող ճառագայթաակտիվ իզոտոպներ, որոնք կուտակվում են օրգանիզմում և վտանգավոր են: Ռադոնն ստանում են` ռադիումի աղերի ջրային լուծույթով ազոտի կամ արգոնի հոսանք բաց թողնելով: Ստացվում է ռադոն պարունակող գազ, որտեղից այն կլանում են ակտիվացրած ածխով կամ այլ կլանիչներով:
Ռադոնը և ռադոնային պատրաստուկներն օգտագործում են բժշկության մեջ նյութափոխանակության խանգարումների, նյարդային և սիրտանոթային համակարգերի, հենաշարժական ապարատի, ներզատիչ գեղձերի հիվանդությունների բուժման համար`  ռադոնային և չոր օդառադոնային լոգանքների, ռադոնային ջուրը խմելու, ռադոնով հարստացված օդը շնչելու, միկրոհոգնաների, ճառագայթաակտիվ վիրակապերի ձևերով: Ռադոնը լայն կիրառություն ունի ճառագայթաակտիվ հանքաղբյուրներով հարուստ առողջարաններում՝ Պյատիգորսկում (ՌԴ), Ծղալտուբոյում (Վրաստան) և այլուր: