Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Պետական կարգը՝
հանրապետություն
Մայրաքաղաքը՝
Դուբլին
Տարածքը՝ 
70,3 հզ. կմ2
Բնակչությունը՝
4,34 մլն
Պետական լեզուները՝
իռլանդերեն, անգլերեն
Դրամական միավորը՝ 
եվրո (մինչև 2002 թ.` 
իռլանդական ֆունտ)
Լիֆի գետը Դուբլինը բաժանում է գրեթե երկու հավասար մասերի, որոնք միմյանց հետ կապված են այսպիսի 10 կամուրջներով:
Իռլանդիայի Հանրապետություն
Իռլանդիան գտնվում է Եվրոպայի հյուսիս-արևմուտքում. զբաղեցնում է Իռլանդիա կղզու 5/6 մասը: Կղզին ծածկված է կանաչ մարգագետիններով, որի համար Իռլանդիան հաճախ կոչում են «կանաչ երկիր», «զմրուխտե կղզի»:
Իռլանդիայի տարածքի մեծ մասը հարթավայրային է, հարավ-արևմուտքում՝ ծովափին մոտ, ձգվում են Կեռի լեռները:
Կլիման բարեխառն օվկիանոսային է: Կղզու արևմտյան ափերը ողողում է Հյուսիսատլանտյան տաք հոսանքը, որի շնորհիվ Իռլանդիայի կլիման մեղմ է: Տարին բոլոր օվկիանոսից փչում են տաք և խոնավ քամիներ, արևոտ օրերը քիչ են:
Խոշոր գետը Շանոն է, քիչ չեն նաև փոքր, բայց ջրառատ գետերը: Տարածքի 15%-ը զբաղեցնում են տորֆաբեր ճահիճները:
XII դարում Իռլանդիան սկսեցին նվաճել անգլիացիները, որը տևեց 8 երկար ու ձիգ դարեր: Եվ, այդուհանդերձ, իռլանդական ժողովուրդը չընկճվեց և պահպանեց իր ինքնությունն ու մշակույթը: Իռլանդացիները խոշոր հաղթանակ տարան, երբ 1921 թ-ին երկիրը հռչակվեց դոմինիոն՝ անգլիական թագուհու գերագահության ներքո, իսկ 1994թ-ին՝ հանրապետություն՝ նախագահի գլխավորությամբ: Բայց Մեծ Բրիտանիային, այնուամենայնիվ, հաջողվեց Իռլանդիայից պոկել նրա հյուսիսային մասը՝ Հյուսիսային Իռլանդիան (Օլսթեր), որի բնակչությունը մինչև օրս շարունակում է պայքարն անգլիական գաղութատիրությունից ազատվելու համար:
Իռլանդիայի բնակչության մոտ կեսը ապրում է քաղաքներում: Ազգային կազմը միատարր է. 98%-ը իռլանդացիներ են, ապրում են նաև անգլիացիներ, շոտլանդացիներ, հրեաներ և այլք:
Գյուղական բնակչությունը հիմնականում ապրում է առանձին ագարակներում (ֆերմաներ), որոնք շրջապատված են վարելահողերով ու արոտավայրերով:
Իռլանդիայի տնտեսությունը նշանակալի չափով կախված է անգլիական կապիտալից, որին են պատկանում արդյունաբերական շատ ձեռնարկություններ: Զարգացած է արդյունաբերությունը, հիմնականում՝ գյուղատնտեսական հումքի մշակումը. արտադրում են մսի և կաթնամթերքի պահածոներ, յուղ: Մեծ նշանակություն ունի գարեջրի և շաքարի արտադրությունը: Վերջին շրջանում զարգացում են ապրում տեքստիլ, կարի, քիմիական արդյունաբերությունները, մեքենաշինությունը, էլեկտրոնիկան:
Գյուղատնտեսության ուղղվածությունը հիմնականում անասնապահությունն է, հատկապես  խոշոր եղջերավորների մսատու տեսակների բուծումը՝ արտահանության համար: Մեծ նշանակություն ունեն նաև կաթնատնտեսությունը, խոզաբուծությունը, երկրի արևմուտքում՝ ոչխարաբուծությունը: Դաշտավարական մշակաբույսերից են ցորենը, գարին, կարտոֆիլը, բայց հողահանդակների մեծ մասը բաժին է ընկնում արոտավայրերին ու մարգագետիններին: Զբաղվում են նաև ձկնորսությամբ:
Մայրաքաղաք Դուբլինը կարևոր փոխադրական հանգույց է և երկրի գլխավոր ծովային նավահանգիստը, միաժամանակ մշակութային խոշոր կենտրոն է: Ընդհանրապես իռլանդական ժողովուրդը մեծ ներդրում ունի համաշխարհային գրականության ու մշակույթի մեջ: Հանրահայտ են Ջոնաթան Սվիֆթը, Օսկար Ուայլդը, Ուիլյամ Բուտլերը, Բեռնարդ Շոուն, Ջեյմս Ջոյսը. նրանք իռլանդացիներ են, սակայն գրել են անգլերենով: Այժմ երկրում վերածնվում է իռլանդերենը. այն դասավանդվում է դպրոցներում, լեզվի իմացությունը պարտադիր է պետական ծառայողների համար, իսկ կառավարական փաստաթղթերը հրապարակվում են միաժամանակ իռլանդերեն և անգլերեն: