Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Պետական կարգը՝  
միապետություն
Մայրաքաղաքը՝  
Մադրիդ
Տարածքը՝  
504,8 հզ. կմ2
Բնակչությունը՝  
40,85 մլն
Պետական լեզուն՝  
իսպաներեն
Դրամական միավորը՝  
եվրո (մինչև 2002թ.՝ 
պեսետա)
Կոստա Բրանկա ծովափնյա գոտին Բարսելոնի ամբողջ երկայնքով ձգվում է  մինչև Ֆրանսիայի սահմանը և հայտնի է իր համաշխարհային նշանակության հանգստյան տներով ու առողջարաններով, հարմարավետ լողափերով ու էկզոտիկ բնությամբ:
Կադիս խոշոր նավահանգստային քաղաքի քաղաքապետարանի շենքը
Նարնջի մշակությունը Իսպանիայի գյուղատնտեսության առաջատար ճյուղերից է:
Իսպանիայի Թագավորություն
Իսպանիան Եվրոպայի խոշոր պետություններից է: Զբաղեցնում Է Պիրենեյան թերակղզու 5/6-ը, Բալեարյան ու Պիտիուսյան (Միջերկրական ծովում) և Կանարյան (Ատլանտյան օվկիանոսում) կղզիները:
Իսպանիայի ամբողջ տարածքը հարավային բարկ արևից խանձված համատարած սարահարթեր (Մեսետա) ու լեռներ (Կանտաբրյան, Պիրենեյան, Իբերյան, Անդալուզյան) են: Կլիման հյուսիս-արևմուտքում և հարավում բարեխառն ծովային է (ձմեռը՝ մեղմ, ամառը՝ տաք), մնացած շրջաններում՝ մերձարևադարձային միջերկրածովյան (ձմեռը՝ մեղմ և խոնավ, ամառը՝ շոգ և չոր):
Իսպանիան հարուստ է օգտակար հանածոներով. Կանտաբրյան լեռներում կան երկաթի և քարածխի նշանակալի պաշարներ: Մեծ արժեք ունեն բարձրորակ պղնձի, համաշխարհային նշանակության սնդիկի պաշարները: Իսպանիան Եվրոպայում առանձնանում է պիրիտի, ցինկի, կապարի, ուրանի պաշարներով:
Ենթադրում են, որ անունն առաջացել է հին հունարենից. գրավոր աղբյուրներում Պիրենեյան թերակղզին կոչվել է Հեսպերիա (հավերժական աստղի երկիր): Հետագայում հռոմեացիները թերակղզու անվան նմանությամբ երկիրն անվանեցին Հիսպանիա, թեպետ մի կարճ ժամանակ երկիրը կոչվել է նաև Իբերիա՝ այնտեղ ապրող իբերական ցեղերի անունով:
Իսպանիան հնագույն պատմություն ունեցող երկիր է: Նրա տարածքում դեռ այսօր էլ կարելի է հանդիպել հին հունական, կարթագենյան և հռոմեական բնակատեղիների: Մոտ 8 դար Պիրենեյան թերակղզին գտնվել է արաբական տիրապետության տակ, որն իր կնիքն է թողել երկրի լեզվի, մշակույթի, ճարտարապետության և տնտեսության վրա:
XVI–XVIII դարերում Իսպանիան աշխարհի խոշորագույն գաղութատիրական երկրներից էր: Այստեղից են իրենց ճանապարհորդություններն սկսել Կոլումբոսը, Մագելանը և ուրիշ ծովագնացներ: Ամերիկայի հայտնագործումից հետո առաջինը իսպանացիները հաստատվեցին Արևմտյան կիսագնդում և սկսեցին նրա նվաճումն ու յուրացումը:
 Սակայն XVII դարում իսպանացիները պարտություն կրեցին Ֆրանսիայի և Անգլիայի դեմ պատերազմներում, իսկ XIX դարի սկզբներին նրանց լատինաամերիկյան գաղութները մեկը մյուսի հետևից անկախություն ձեռք բերեցին, և այսօր այդ երկրի երբեմնի հզորության մասին Հարավամերիկյան մայրցամաքում հիշեցնում են սոսկ իսպաներենը (բացառությամբ` Բրազիլիայի) և իսպանական մշակույթի տարրերը:
Մինչև 1931թ. Իսպանիայում միապետություն էր, երկիրը կառավարում էր թագավորը: Բայց իսպանական ժողովուրդն ընդվզեց և երկրում հաստատեց հանրապետական կարգեր: 1936թ-ին ժողովրդական ճակատը խորհրդարանական ընտրություններում հաղթանակ տարավ, որի հետևանքով երկրում սկիզբ առավ խռովություն: Խռովարարներին օգնության եկան ֆաշիստական Գերմանիայի և Իտալիայի զինված ուժերը: 3 տարի Իսպանիայի ժողովուրդը քաջարի պայքար մղեց ֆաշիզմի դեմ, այդ պայքարում նրան օգնում էին հազարավոր կամավորներ՝ աշխարհի 54 երկրներից: Սակայն 1939 թ-ին Իսպանիայի ժողովրդական կառավարությունն ընկավ, և իշխանության գլուխ անցավ գեներալ Ֆրանկոն, որը երկրում հաստատեց բռնապետություն: Եվ միայն 1975 թ-ին, ցմահ դիկտատոր հռչակված Ֆրանկոյի մահից հետո, երկրում վերահաստատվեց սահմանադրական կարգը, ստեղծվեց սահմանադրական միապետություն՝ թագավորի գլխավորությամբ:
Իսպանիան բազմազգ երկիր է: Բնակչության 73,5 %-ը իսպանացիներ են, ապրում են նաև կատալոնացիներ, բասկեր, գնչուներ, պորտուգալացիներ: Բնակչության մեծ մասը կենտրոնացած է ծովափնյա գոտում: 
Իսպանիան արդյունաբերական-գյուղատնտեսական երկիր է: Զարգացած են հատկապես մեքենաշինությունը, քիմիական, սննդի և տեքստիլ ու կոշիկի արդյունաբերությունը: Գյուղատնտեսության գլխավոր ճյուղը երկրագործությունն է. մշակում են ձիթենի, ցիտրուսներ, խաղող: Եվրոպայի միակ երկիրն է, որտեղ աճեցնում են շաքարեղեգ ու փյունիկյան արմավենի:
Իսպանիան ձիթապտղի բերքով աշխարհում գրավում է առաջին, ձիթայուղի արտադրությամբ և ցիտրուսների բերքով՝ երկրորդ, գինիների արտադրությամբ՝ երրորդ տեղը:
Իսպանիայի տնտեսության մեջ կարևոր նշանակություն ունի զբոսաշրջությունը: Տարեկան Իսպանիա է այցելում 55 մլն զբոսաշրջիկ, որը երկրին բերում է 17-18 մլրդ դոլարի եկամուտ, այնքան, որքան Սաուդյան Արաբիան ստանում է նավթի արտահանումից:
Պիրենեյան թերակղզու կենտրոնում՝ Մանասանարես գետի 2 ափերին է գտնվում պետության մայրաքաղաք Մադրիդը, որը, երկրի քաղաքական, ֆինանսական ու արդյունաբերական խոշոր կենտրոն լինելուց զատ, հարուստ է նաև համաշխարհային փառք վայելող տեսարժան վայրերով: Դրանցից է հանրահայտ Պրադոն՝ ազգային թանգարանը, որի պատկերասրահում հավաքված են կերպարվեստի հազվագյուտ նմուշներ (Մուրիլիո, Վելասկեզ, Գոյա, Էլ Գրեկո, Պիկասսո և այլք): 
Անդալուզիան, որը Իսպանիայի հարավային նահանգներից է, կոչում են արևի, երգի և հուշարձանների երկրամաս: Այստեղ տասնյակ կիլոմետրերով ձգվում են խաղողի այգիները, ձիթենու և նարնջենու տնկարկները: Մալագա քաղաքը գինեգործության խոշոր կենտրոն է: Անդալուզիայի ամենամեծ քաղաքը Սևիլիան է, որը հայտնի է երկրում լայնորեն տարածված ցլամարտի հրապարակներով: 
Իսպանիան հարուստ գրականություն, արվեստ ու մշակույթ ունեցող երկիր է: Համաշխարհային ճանաչում ունեն Լոպե դե Վեգա Կարպիոյի, Մ. դե Սերվանտեսի, Գ. Լորկայի, Դ. Վելասկեզի, Էլ Գրեկոյի, Ֆ. Գոյայի, Ս. Դալիի, Պ. Պիկասսոյի գործերը:
Իսպանացիները կրակոտ ու տաքարյուն ժողովուրդ են, սիրում են երաժշտությունը, երգն ու պարը: Պարը հայտնի է հնագույն ժամանակներից, բայց նրա նոր ձևերը (տանգո, սևիլնա, հաբաներա) առաջացել են XIX դարում: Այստեղ ավանդական են հարյուրավոր մենապարեր, զուգապարեր, խմբապարեր, շուրջպարեր: Իսպանական պարին բնորոշ բացառիկ ռիթմիկ հարստությունը, հուզականությունը, ձևերի բազմազանությունը նպաստել են նրա տարածմանն ամբողջ աշխարհում:

Հայերն Իսպանիայում
Հայ-իսպանական առնչությունները սկիզբ են առնում հնագույն ժամանակներից, սակայն գործուն են դարձել միայն միջին դարերում` Կիլիկյան հայկական թագավորության ժամանակաշրջանում: 1385 թ-ին Կաստիլիայի թագավորը հրովարտակով Մադրիդը (Վիլյառեալ և Անդուխար քաղաքների հետ) նվիրել է Լևոն Զ Լուսինյան արքային՝ ցկյանս տնօրինելու իրավունքով: XVI–XVII դարերում հաճախացել են հայ վաճառականների այցելությունները Իսպանիայի առևտրական կենտրոններ: Ներկայումս Իսպանիայում, ոչ պաշտոնական տվյալներով, բնակվում է մոտ 5 հզ. հայ: Ազգային կյանքը կազմակերպված չէ. համայնքային որևէ կազմակերպություն դեռևս չի ստեղծվել: