 | Պետական կարգը՝ հանրապետություն Մայրաքաղաքը՝ Երուսաղեմ Տարածքը՝ 20,8 հզ. կմ2 Բնակչությունը՝ 7,21 մլն Պետական լեզուները՝ եբրայերեն, արաբերեն Դրամական միավորը՝ շեկել |
 | Հին Երուսաղեմի Ժայռագմբեթը (Քուբաթ աս Սախրա) կառուցվել է այն ժայռի վրա, որտեղից, ավանդության համաձայն, երկինք է համբարձել Մուհամմեդ մարգարեն: |
 | Իսրայելի Կնեսեթի (խորհրդարան) շենքը Թել Ավիվում |
 | Երուսաղեմի Արևմտյան պատը Աստծու Տաճարի համալիրից մնացած միակ մասունքն է և ամենասրբազան վայրը հրեաների համար: Յուրաքանչյուր հրեա իր կյանքի ընթացքում գոնե մեկ անգամ լինում է այդ պատի մոտ և իր վիշտը սգում Աստծու կորուսյալ Տաճարի համար: Եվ այդպես` արդեն 1900 տարի: Այդ պատճառով Արևմտյան պատը հայտնի է նաև Լացի պատ անունով: Լացի պատի մոտ եկողներն իրենց ցանկությունների մասին Աստծուն ուղղված գրություններ են թողնում քարերի արանքներում: |
 | Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց վանքի եկեղեցու ներսը |
Իսրայելը գտնվում է Միջերկրական ծովի հարավարևելյան ափին: Ստեղծվել է 1948 թ-ի մայիսի 14-ին՝ Դավիդ Բեն Գուրիոնի ղեկավարությամբ, Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) գլխավոր ասամբլեայի որոշմամբ: Իսրայելը հրեական պետություն է, որը վերականգնվեց գրեթե 2000-ամյա ընդհատումից հետո՝ հրեաների պատմական հայրենիքում՝ Պաղեստինում: Հրեական պետականության պատմությունը սկիզբ է առնում վաղնջական ժամանակներից: Հրեական ցեղերը Պաղեստինի տարածքում հայտնվել են տակավին մեր թվականությունից կամ Քրիստոսի ծննդից առաջ II հազարամյակում, երբ այնտեղ ապրում էին հիմնականում փղշտացիները (այստեղից էլ՝ երկրի Պաղեստին անունը): Նրանց միջև սկսված երկարատև պայքարում հաղթող դուրս եկան հրեաները, որոնք մ.թ.ա. XI–X դարերում այստեղ հիմնեցին հրեական Իսրայել և Հուդա թագավորությունները: Սակայն դրանք գոյություն ունեցան ընդհատումներով՝ նվաճվելով մե՜րթ Ասորեստանի ու Բաբելոնի, մե՜րթ Աքեմենյան Պարսկաստանի ու Ալեքսանդր Մակեդոնացու կողմից, իսկ մ. թ. 6 թ-ին դարձավ հռոմեական նահանգ (պրովինցիա): Հռոմեական տիրապետության օրոք էլ, հատկապես I և II դարերի հրեական ապստամբությունների ճնշումից հետո, հրեաները ցրվեցին աշխարհով մեկ՝ երազելով մի օր վերականգնել իրենց պետականությունը: Այդ հնարավորությունը ստեղծվեց 1939–45 թթ-ին` Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, որի ընթացքում գերմանական ֆաշիզմի զոհ դարձավ համակենտրոնացման ճամբարներում և ողջակիզվեց ավելի քան 6 մլն հրեա: Աշխարհի հզորները, հատկապես Ամերիկայի Միացյալ Նահանգները, հատուկ շահագրգռություն ցուցաբերեցին, որպեսզի նրանք իրենց պատմական հայրենիքում ապաստանի և հրեական պետականության վերականգնման հնարավորություն ստանան: Այդ հարցում վճռորոշ դեր խաղաց նաև հզոր հրեական կապիտալն ու ազգայնական շարժումը՝ սիոնիզմը (Երուսաղեմի Սիոն լեռան անունից): ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի որոշման համաձայն՝ նորաստեղծ Իսրայել պետությունը պետք է ունենար 14,1 հզ. կմ2 տարածք: Պաղեստինի տարածքի մնացած մասում (11,1 հզ. կմ2) ստեղծվելու էր Պաղեստինի արաբական պետությունը: Երուսաղեմ քաղաքն առանձնացվում էր որպես հատուկ վարչական միավոր՝ միջազգային վերահսկողության տակ: Բայց ինչպես հրեաները, այնպես էլ Պաղեստինի արաբները դժգոհ մնացին նման տարածքային լուծումից, և բռնկեց 1948–49 թթ-ի արաբա-իսրայելական պատերազմը, որի ընթացքում Իսրայելն իրեն միացրեց ևս 6,7 հզ. կմ2 պաղեստինյան տարածք, իսկ մյուս մասն անցավ Հորդանանին ու Եգիպտոսին (Գազայի հատված): Այդպես Պաղեստինի արաբ ժողովուրդը զրկվեց սեփական պետություն ունենալու հնարավորությունից, ցրվեց հարևան արաբական երկրներում՝ ազատագրական պայքար սկսելով ինչպես բուն Իսրայել պետության ներսում, որտեղ մնացել է արաբ բնակչության որոշ մասը, այնպես էլ հարևան արաբական երկրներից (Լիբանան, Հորդանան, Սիրիա), ինչը վերջին 40 տարում վերաճեց արաբա-իսրայելական մի քանի խոշոր պատերազմների: Այդ պատերազմների հետևանքով Իսրայելի տարածքը հասավ 68,7 հզ. կմ2–ի, իսկ արաբա-իսրայելական վեճը բանակցություների միջոցով «լուծվեց» միայն1994թ-ին` Պաղեստինի արաբ ժողովրդի ինքնավարության հաստատմամբ: Իսրայելի բնակչության 83%-ը հրեաներ են. բնակվում են նաև արաբներ, ռուսներ, հայեր և այլք: Հրեա բնակչության ուսուցումն ու դաստիարակությունը ազգային և կրոնական բնույթ ունի. ենթարկվում է սիոնիզմի գաղափարախոսությանը: Պարտադիր զինվորական դասընթացներ են անցնում պատանիները ( 3 տարի) և աղջիկները (2 տարի): Պետական աշխարհիկ դպրոցների կողքին գործում են մեծ թվով պետական կրոնական և մասնավոր կրոնական դպրոցներ: Թորայի (Մովսեսի 5 գրքերը) և Աստվածաշնչի ուսուցումը բոլոր դպրոցներում պարտադիր է: Իսրայելի առավել խոշոր քաղաքներն են Թել Ավիվը, որը երկրի վարչական կենտրոնն է, Հայֆան, Էյլաթը, Աշդոդը, Դիմոնը: 1967 թ-ին Կնեսեթը (Իսրայելի խորհրդարանը) Երուսաղեմը հռչակեց Իսրայելի մայրաքաղաք: Այս քաղաքն ավելի քան 3,5-հազարամյա պատմություն ունի և աշխարհին հայտնի է որպես «սրբազան քաղաք», որտեղ գտնվում է Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի գերեզմանը: Երուսաղեմը Դավթի քաղաքն է, Սողոմոնի նվաճումների թագն ու պսակը, այն վայրը, որի հետ առնչվում է աստվածաշնչյան պատմությունների մեծ մասը, և որտեղ Հիսուսն անցկացրել է իր երկրային կյանքի վերջին շաբաթը: Ժամանակակից Երուսաղեմի կոթողներից շատերը վերակենդանացնում են հրեաների պայքարի և նրանց վրա Աստծու պահապան ձեռքի մասին պատմությունները: Սուրբ Գրքի տաճարում, որի ինքնատիպ տանիքը կավե կճուճի վերնամաս է հիշեցնում, գտնվում է «Մեռյալ ծովի մագաղաթների» մի մասը՝ Հին կտակարանի վաղ շրջանի ձեռագրերով: Երուսաղեմի ամենանշանավոր կոթողը Ժայռագմբեթն է (Քուբաթ աս Սախրա), որը խորհրդանշում է նաև մահմեդականության առկայությունը Երուսաղեմում: Այն սրբավայր է նաև մահմեդականության համար: Ոսկեզօծ գմբեթը (տրամագիծը՝ 23մ, բարձրությունը՝ 53 մ) եզրափակում է ութանկյուն պատվանդանը, իսկ գագաթին վեր է խոյանում 3,5 մ բարձրությամբ մահիկը: Գմբեթի ներսում կա ժայռաշերտ, որի հետքերը տանում են դեպի Մորիա լեռը, որտեղ Աբրահամը պատրաստվում էր զոհաբերել իր որդուն՝ Իսահակին: Իսրայելի գրեթե ամբողջ հարավային կեսը զբաղեցնում է Նեգևի անապատը, որին հյուսիսից հարում են Հուդայի լեռները: Այստեղ կան բազմաթիվ քարայրեր, որոնք հնում ծառայել են որպես դամբարաններ, ինչպես նաև ապաստարաններ՝ թշնամիների արշավանքների ժամանակ, և նույնիսկ կացարաններ: Այդ շրջանում Իսրայելի սահմանը մոտենում է Մեռյալ ծովին, որը եզակի լիճ է: Այն ծովի մակերևույթից ցածր է 405 մ-ով, իսկ ջրերը խիստ հագեցած են աղով. այս լճում կարելի է ջրի վրա մնալ նույնիսկ առանց լողալու: Միջերկրական ծովի երկայնքով ձգվում է նեղ ափամերձ մի շերտ, որն զբաղեցնում է երկրի ամբողջ կենտրոնական ու առավել նեղ մասը: Իսրայելի հյուսիսում գտնվում է Գալիլեայի բարձրավանդակը: Կլիման մերձարևադարձային է: Մշտական հոսք ունեցող միակ գետը Հորդանանի վերին հոսանքն է: Իսրայելի տարածքն աղքատ է օգտակար հանածոներից: Երկրի հարավում՝ Նեգևի անապատում, կան երկաթի, պղնձի, քրոմի, մանգանի, ուրանի, ֆոսֆատների, ծծմբի, նավթի և բնական գազի ոչ մեծ հանքավայրեր: Առավել արժեքավոր են Մեռյալ ծովի պաշարները, որի ջրից ստանում են պոտաշ, քլոր, մանգան, բրոմ, կերակրի աղ և կալցիում: Արևակեզ, անջրդի Նեգևիում, կըռզիներից ու մացառուտներից զատ, ոչինչ չի աճում: Իսկ ծովափնյա շերտի բարեբեր հովիտներում մշակում են ավոկադո, մանգո, ադամաթուզ, նարինջ և այլ մրգեղեն, որոնք մեծ մասամբ արտահանվում են եվրոպական երկրներ: Հյուսիսում տեղ-տեղ պահպանվել են երբեմնի խիտ անտառների մնացուկներ: Իսրայելի տնտեսությունը նշանակալի չափով կախված է օտարերկրյա (հատկապես Մեծ Բրիտանիայի) կապիտալից: Խոշոր միջոցներ են հոսում ԱՄՆ-ից, Գերմանիայից, Բելգիայից, Նիդեռլանդներից, ինչպես նաև սիոնիստական կազմակերպություններից՝ որպես հանգանակություն: Դրա շնորհիվ Իսրայելը սպառազինությունների վրա ծախսում է (բնակչության մեկ շնչի հաշվով) շատ ավելին, քան աշխարհի որևէ այլ երկիր: Արդյունաբերության մեջ գերակշռում են ռազմական ճյուղերը: Զարգացած են նաև մանածագործական, քիմիական, էլեկտրատեխնիկական արդյունաբերությունները: Իսրայելն աշխարհում երկրորդ տեղն է գրավում ալմաստի (որը ներմուծում է Հարավաֆրիկյան Հանրապետությունից) հղկմամբ ու արտահանությամբ:
Հայերն Իսրայելում Հայաստանի և հայերի առաջին առնչությունները Հրեաստանի հետ սկսվել են դեռևս մ.թ.ա. I դարում՝ Տիգրան Բ Մեծի ժամանակաշրջանում, երբ այդ երկիրը մի կարճ ժամանակ հայտնվեց հայոց թագավորի գերիշխանության տակ: Հետագայում այդ կապերն ընդլայնվեցին հատկապես քրիստոնեության տարածման առաջին շրջանում, և արդեն IV դարում հայերը եկեղեցիներ ունեին Երուսաղեմում: Հայ աշխարհիկ համայնքը «սրբազան քաղաքում» կազմավորվեց ավելի ուշ՝ VII դարում, երբ այստեղ մուտք գործեցին հայ վաճառականներն ու արհեստավորները, որոնք հիմնականում բնակվում էին Սիոն թաղամասի Հայկական կոչված փողոցում: Հայերի թիվը Երուսաղեմում և մյուս քաղաքներում ստվարացավ X–XI դարերում, երբ եվրոպական խաչակիրները գրավեցին երկիրը և հիմնեցին Երուսաղեմի թագավորությունը. նրանք հիմնականում Կիլիկյան Հայաստանում խաչակիրներին միացած հայ ռազմիկներն էին: XIX–XX դարերում հայերի թիվն այստեղ ավելացավ հատկապես թուրքական յաթաղանից փախած գաղթականների հաշվին, որոնց մի մասը հետագայում ներգաղթեց Հայաստան: Այսօր Երուսաղեմում բնակվում է շուրջ 3 հզ. հայ՝ հիմնականում արհեստավորներ, բժիշկներ, ձեռնարկատերեր, հոգևորականներ, մտավորականներ: Այստեղ է գտնվում Երուսաղեմի հայոց պատրիարքությունը՝ Սրբոց Հակոբյանց վանքով ու վանքապատկան կալվածքներով, հայկական տպարանով:
|