 | Պետական կարգը՝ հանրապետություն Մայրաքաղաքը՝ Հռոմ Տարածքը՝ 301,3 հզ. կմ2 Բնակչությունը՝ 60 մլն Պետական լեզուն՝ իտալերեն Դրամական միավորը՝ եվրո (մինչև 2002 թ.՝ լիրա) |
 | Հռոմի Սուրբ Պետրոս եկեղեցին |
 | Հռոմում պահպանվել են դեռևս մ. թ. ա. կառուցված շինություններ: Կիսավեր Կոլիզեյը (2007թ-ին հռչակվեց Աշխարհի նոր` 7 հրաշալիքներից մեկը), որի տրիբունաներում կարող էր տեղավորվել մինչև 50 հզ. հանդիսատես (այստեղ տեղի են ունեցել Հին Հռոմի գլադիատորների դաժան մենամարտերն ու զանազան տոնակատարություններ), հինավուրց շատ պալատներ ու տաճարներ, մի քանի փողոցներ ու հրապարակներ մնացել են ճիշտ այնպես, ինչպիսին եղել են շատ դարեր առաջ: |
 | Հազարավոր կամուրջների քաղաք Վենետիկը |
 | Ֆլորենցիան արվեստների մայրաքաղաք է |
 | Վենետիկի Սուրբ Ղազար կղզու ընդհանուր տեսքը |
 | Սուրբ Ղազարի Մխիթարյան միաբանության ձեռագրատունը |
 | Վենետիկի հայկական հրատարակություններից |
 | Հռոմի Լևոնյան հայկական վարժարանի շենքը |
Իտալական Հանրապետություն Իտալիան գտնվում է Եվրոպայի հարավում` Ապենինյան թերակղզում, Սիցիլիա, Սարդինիա ու մի քանի այլ կղզիների վրա: Նրա ափերը ողողում են Միջերկրական ծովի մաս կազմող Լիգուրիական, Տիրենյան, Հոնիական և Ադրիատիկ ծովերը: Մակերևույթը գերազանցապես լեռնային է: Հյուսիսում Ալպերն են, Ապենինյան թերակղզու երկայնքով ձգվում են Ապենինները: Կան գործող (Վեզուվ, Էտնա) և հանգած հրաբուխներ: Կլիման միջերկրածովյան մերձարևադարձային է: Ալպերը երկիրը պաշտպանում է հյուսիսային քամիներից: Այդ պատճառով էլ Իտալիայի մեծ մասում ձմեռը մեղմ է, իսկ ամռանն ուժեղ շոգեր չեն լինում: Հարավում նույնիսկ ձմռանը ցուրտ չէ: Իտալիայի բնակչության ազգային կազմը միատարր է. 98%-ը իտալացիներ են, դավանանքը՝ կաթոլիկությունը: Կան նաև ֆրանսիացիներ, սլովեններ, ֆրիոլներ, հույներ, հայեր և այլք: Ապենինյան թերակղզին Հին Հռոմի օրրանն է՝ ստրկատիրական մի պետության, որը գոյատևել է մոտ մեկուկես հազարամյակ և եղել Հին աշխարհի հզոր երկրներից մեկը: V–VIII դարերում Իտալիայի տարածքը հաջորդաբար նվաճել են օստգոթերը (գերմանական ցեղ), Բյուզանդիան, լանգոբարդները (գերմանական ցեղ), ֆրանկները: XVI դարում երկրի տարածքի զգալի մասը գտնվում էր Իսպանիայի, XVIII դարում՝ Ավստրիայի, իսկ XVIII դարի վերջին – XIX դարի սկզբին՝ Ֆրանսիայի գերիշխանության տակ: Միջին դարերում Հյուսիսային Իտալիայով էին անցնում Եվրոպայից դեպի Մերձավոր Արևելք տանող առևտրական ճանապարհները, ինչը նպաստեց իտալական վաճառաշահ քաղաք-պետությունների, հատկապես Վենետիկի և Ջենովայի հանրապետությունների բուռն զարգացմանը: Թերակղզու տնտեսական զարգացմանը մեծապես խանգարեց մի քանի դար տևած երկրի մասնատվածությունը փոքրիկ պետությունների: Եվ միայն 1870 թ-ին` երկարատև պատերազմներից հետո, թերակղզուց դուրս քշվեցին օտարերկրյա (սկզբում՝ ֆրանսիական, ապա՝ ավստրիական) զորքերը, և հիմնականում ավարտվեց Իտալիայի միավորումը մեկ միասնական թագավորության մեջ: Երկրի անկախության համար պայքարը գլխավորում էր Իտալիայի ժողովրդական հերոս Ջուզեպե Գարիբալդին: Առաջին համաշխարհային պատերազմից հետո, 1922 թ-ին (ավելի շուտ, քան Գերմանիայում), իշխանության գլուխ անցան ֆաշիստները՝ Բենիտո Մուսոլինիի գլխավորությամբ: Հիտլերյան Գերմանիայի հետ սերտ համագործակցությամբ՝ Իտալիան մասնակցեց Երկրորդ համաշխարհային պատերազմի սանձազերծմանը, իսկ 1941թ-ին իտալական զորքերը գերմանական բանակի հետ ներխուժեցին Խորհրդային Միություն: 1945 թ-ի ապրիլին Իտալիա մտան անգլո-ամերիկյան դաշնակից զորքերը, և 1946 թ-ին այնտեղ հռչակվեց հանրապետություն: Այժմ, նախկին թագավորի փոխարեն, իտալական պետության գլուխը նախագահն է: Բարձրագույն օրենսդիր իշխանությունը պատկանում է խորհրդարանին, որը բաղկացած է Պատգամավորների պալատից ու Սենատից: Իտալիան «Մեծ ութնյակի» առաջատար պետություններից է, ունի զարգացած արդյունաբերություն ու գյուղատնտեսություն: Արտադրում են ավտոմեքենաներ, մոտոցիկլներ, նավեր, օդանավեր, էլեկտրատեխնիկական և քիմիական զանազան ապրանքներ, օծանելիք, կոշիկ և այլն: Գյուղատնտեսության մեջ գերակշռում է երկրագործությունը: Մշակում են խաղող (բերքատվությամբ առաջինն է աշխարհում), հացահատիկային բույսեր, եգիպտացորեն, բրինձ, շաքարի ճակընդեղ, նարինջ, կիտրոն, ձիթապտուղ: Իտալիան արտահանում է գինի, ցիտրուսներ ու բանջարեղեն, սննդհամի զանազան արտադրանքներ: Իտալիան աղքատ է ածխից ու երկաթի հանքաքարից, բայց բավական հարուստ է սնդիկով, ծծմբով, գազով, մարմարով: Էլեկտրաէներգիայի կեսից ավելին տալիս են հյուսիսային գետերի վրա կառուցված ջրէկները: Էլեկտրաէներգիա ստանալու համար լայնորեն օգտագործվում են նաև ստորերկրյա տաք ջրերը: Գործում են մի քանի ատոմային էլեկտրակայաններ: Բազմազան ու բազմատեսակ են հանգստի ու զբոսաշրջության պաշարները: Տարեկան Իտալիա է այցելում շուրջ 35 մլն զբոսաշրջիկ: Իտալիայի հնագույն քաղաքներն իրենց հրաշալի ճարտարապետական հուշարձաններով ու արվեստի գանձարաններով հայտնի են ողջ աշխարհին: Ամենախոշոր և հին քաղաքը մայրաքաղաք Հռոմն է: Ըստ ավանդության՝ Հռոմ անունը (իտալերեն՝ Ռոմա) առաջացել է քաղաքի ավանդական հիմնադիր Հռոմուլոսի (Ռոմուլոս) անունից: Իսկ քաղաքի խորհրդանիշը մանուկներին կերակրող գայլն է, որովհետև, ավանդության համաձայն, Հռոմուլոսին ու նրա եղբայր Հռեմոսին կերակրել է գայլը՝ Տիբեր գետի ափամերձ մի բլրի ստորոտում գտնվող քարայրում: Ապենինյան թերակղզու արևելյան մասում, Ադրիատիկ ծովի ափին, 118 կղզիների վրա է գտնվում նավահանգստային քաղաք Վենետիկը: Այստեղ փողոցներին փոխարինում են ջրանցքները: Վենետիկի Հանրապետության ծաղկուն շրջանում հարուստ վաճառականները քաղաքում կառուցել են շքեղ պալատներ (պալացցոներ), փառահեղ տաճարներ, կղզիները միմյանց հետ միացրել են նրբաճաշակ, գեղեցիկ կամուրջներով: Բայց «Ադրիատիկի մարգարիտ», «Նեպտունի մայրաքաղաք» Վենետիկն այսօր վտանգված է. այն դանդաղ ընկղմվում է ծովի մեջ, որի ալիքները երբեմն-երբեմն արդեն հասնում են քաղաքի կենտրոն: Առնո գետի ափին է գտնվում Պիզա քաղաքը, որը հայտնի է իր ճարտարապետությամբ: Պիզայի կենտրոնի մեծ հրապարակում, որին տեղացիներն անվանակոչել են «Հրաշքների հրապարակ», գտնվում է իտալական ճարտարապետության գլուխգործոց Տաճարների համալիրը՝ Մկրտարանը, Կաթողիկեն և Կամպանիլան՝ «ընկնող» աշտարակը: Պիզայի «ընկնող» աշտարակը կառուցվել է քարից ու մարմարից, բարձրությունը 58 մ է, կշռում է 15 հզ. տ: Բնահողը ծանրության տակ նստվածք է տվել, և, շինարարությունը դեռևս չավարտված, այն սկսել է թեքվել: Այսօր շեղումն արդեն կազմում է 5 մ 22 սմ: Պիզայի աշտարակի հիմնադրումից անցել է ավելի քան 8 դար, իսկ այն շարունակում է «ընկնել»՝ զարմանք պատճառելով հազարավոր զբոսաշրջիկների: Առնո գետի ափերին է փռված նաև երկրի հնագույն և ամենագեղեցիկ քաղաքներից մեկը՝ Ֆլորենցիան: Վերածննդի դարաշրջանում այս քաղաքը արվեստի և գիտության կենտրոն էր: Այստեղ ծնվել, ապրել կամ աշխատել են Իտալիային համաշխարհային հռչակ բերած նկարիչ Ջոտտոն, գիտնական ու նկարիչ Լեոնարդո դա Վինչին, քանդակագործ ու նկարիչ Միքելանջելո Բուոնարոտին, բանաստեղծներ Դանտեն ու Պետրարկան, ֆիզիկոս Գալիլեո Գալիլեյը: Նեապոլի ծոցի ափին տարածված է գեղատեսիլ Նեապոլը, որտեղ օրնիբուն ելումուտ են անում աշխարհի տարբեր երկրների դրոշներով առևտրական նավեր: Օդն այստեղ գրեթե միշտ թափանցիկ է, և քաղաքի ցանկացած կետից երևում է ընդամենը 12 կմ հեռավորության վրա գտնվող Վեզուվ գործող հրաբուխը: 79 թ-ին Վեզուվի ժայթքումից կործանվել են Պոմպեյը, Հերկուլանումը և Ստաբիան: Նշանավոր են նաև Իտալիայի երկրորդ արդյունաբերական քաղաք Տուրինը (այստեղ է գտնվում աշխարհում 15-րդ, իսկ Իտալիայում՝ 2-րդ «ՖԻԱՏ» ավտոմոբիլային կոնցեռնի գլխամասային գործարանը), Ջենովան (ամենախոշոր նավահանգիստը), Միլանը (աշխարհին հայտնի է իր հռչակավոր «Լա Սկալա» օպերային թատրոնով): Իտալիան քաղաքակրթության այն օջախներից է, որտեղ ավելի շատ փոփոխություններ են տեղի ունեցել, քան Եվրոպայի որևէ այլ երկրում: Այդ առումով Իտալիան անցյալի նյութական և ազգային հոգևոր մշակույթի բացառիկ թանգարան է: Այստեղ են հիմնվել աշխարհում առաջին բուսաբանական այգիները (Վենետիկ, Սալեռնո, XIV դար): Իտալիան ակնոցի (XIII դար), վերմիշելի, մակարոնի հայրենիքն է: Աշխարհում առաջին անգամ գիտությունների դոկտորի աստիճան է շնորհել Բոլոնիայի համալսարանը (1130 թ-ին): Բոլորին են ծանոթ Մարկո Պոլոյի, Ջորդանո Բրունոյի, Գալիլեո Գալիլեյի, Քրիստափոր Կոլումբոսի, Ամերիգո Վեսպուչիի, Ավոգադրոյի անունները: Իտալիայում էր, որ ծաղկեց Վերածնունդը: Այս և հետագա ժամանակաշրջաններում ապրել ու ստեղծագործել են Լեոնարդո դա Վինչին, Միքելանջելոն, Ռաֆայելը, Տիցիանը, Պետրարկան, Ռոսսինին, Պագանինին, Վերդին, որոնց անմահ ստեղծագործությունները հանրահայտ են ամբողջ աշխարհում:
Հայերն Իտալիայում Հայերն Իտալիա մուտք են գործել շատ վաղուց: Տակավին VI–VII դարերում գերմանական ցեղերի դեմ պատերազմներում բյուզանդա-հռոմեական զորաբանակների կազմում կռվել են հայկական զորամասեր, իսկ Իտալիայի փոխարքայի պաշտոնը զբաղեցրել են հայազգի զորահրամանատարներ (Ներսես Պատրիկ, Իսահակ Հայկազն և ուրիշներ): Այդ ժամանակներին է վերաբերում նաև հայ առևտրականների և վանականների մուտքը Ռավեննա, Վենետիկ, Ֆլորենցիա, Նեապոլ, Հռոմ և այլուր, որտեղ նրանք կազմավորել են համայնքներ, հիմնել առևտրական տներ ու կառուցել եկեղեցիներ: Արդեն XII դարում իտալական 9 քաղաքներում գործել են 10-ից ավելի հայկական եկեղեցիներ, որոնց թիվը XV դարում հասել է 40-ի: 1512 թ-ին Հակոբ Մեղապարտը Վենետիկում տպագրել Է հայերեն առաջին գիրքը՝ «Ուրբաթագիրքը»՝ հիմնադրելով հայկական տպագրությունը: Իտալիայում են գործել նաև հայ տպագրիչներ Աբգար Թոխաթեցին, Հովհաննես Տերզնցին, Հովհաննես Անկյուրացին: Հայերեն գրքեր են տպագրվել նաև Հռոմում, Միլանում, Լիվոռնոյում, Պադուայում և այլուր: 1717 թ-ին Մխիթար աբբահոր գլխավորությամբ Վենետիկի Սուրբ Ղազար կղզում հաստատվեց Մխիթարյան միաբանությունը, որը 2000 թ-ին միավորվեց Վիեննայի Մխիթարյանների միաբանության հետ: XVIII դարի 2-րդ կեսից միաբանությունը վերելք է ապրել հայ մշակույթի և գիտության առաջնակարգ գործիչներ Մ. Չամչյանի, Գ. Ավետիքյանի, Ղ. Ինճիճյանի, Ե. Թովմաճանի, Ա. Բագրատունու, Ղ. Ալիշանի և այլոց գործունեության շնորհիվ: Առաջին հայկական վարժարանը 1732 թ-ին հիմնել է Մխիթար Սեբաստացին Սուրբ Ղազար կղզում: 1834 թ-ին վարժարան է հիմնվել Պադուայում, 1836 թ-ին՝ Վենետիկում, որոնք 1870 թ-ին միավորվել են և կոչվել Մուրատ-Ռափայելյան վարժարան: 1883 թ-ից Հռոմում գործում է Լևոնյան հայկական վարժարանը: Իտալիայում է ապրել և աշխատել հայազգի հայտնի քիմիկոս Լուիջի Հակոբ Չամիչյանը: Բոլոնիայում կանգնեցված է նրա հուշարձանը, իսկ քիմիական ինստիտուտն անվանվել է «Ջակոմի Չամիչյանի ինստիտուտ»: Այժմ Իտալիայում բնակվում է շուրջ 3 հզ. հայ. տարբեր քաղաքներում զբաղվում են ազատ արհեստներով ու արվեստներով, կան ձեռնարկատերեր, առևտրականներ, մտավորականներ: Իտալահայ համայնքի ձևավորմանը համընթաց՝ հիմնվել են ազգային կյանքը կազմակերպող հասարակական, մշակութային, բարեգործական, երիտասարդական բազմաթիվ միություններ ու ընկերություններ, որոնց գործունեության գլխավոր նպատակը հայապահպանությունն է և հայ-իտալական հարաբերությունների զարգացումը: Միլանում գործում են Իտալիայի հայոց միությունը և Իտալիայի հայ մշակութային միությունը, Վենետիկում՝ «Պո-Արաքս» մշակութային ընկերությունը և Հայ մշակույթի ուսումնասիրման ու վավերագրման կենտրոնը, Հռոմում՝ «Զատիկ» ընկերակցությունը: Հայկական ճարտարապետություն են ուսումնասիրում Հռոմի համալսարանում, իսկ Բոլոնիայի և Վենետիկի համալսարաններում գործում են հայագիտական ամբիոններ: Այստեղ գործել են մի շարք հայտնի հայեր. գեղանկարիչներ Գ. Շլդյանը, Ժ. Օրագյանը, քանդակագործներ Հ. Վահրամյանը, Նվարդ Զարյանը, ճարտարապետ Ա. Մանուկյանը, կինոռեժիսոր Ե. Ջանիկյանը և այլք: Գրող, Պադուայի համալսարանի պրոֆեսոր Անտոնիա Արսլանի (Ասլանյան) «Արտույտների ագարակը» վեպի հիման վրա իտալացի հայտնի կինոռեժիսորներ Պ. և Վ. Տավիանի եղբայրները 2007 թ-ին նկարահանել են համանուն կինոնկար (արժանացել է ՀՀ նախագահի մրցանակի): 2008 թ-ի փետրվարին Հռոմի հրապարակներից մեկը կոչվել է Սուրբ Գրիգոր Լուսավորչի անունով: Դեռևս IV դարում Հռոմում գործել է հայազգի փիլիսոփա և հռետոր Պարույր Հայկազնը (276-368), որին աշակերտել է նաև Հռոմի ապագա կայսր Հուլիանոսը: Կենդանության օրոք Հռոմում կանգնեցվել է նրա արձանը` «Աշխարհի թագուհի Հռոմը՝ ճարտարախոսության թագավորին» մակագրությամբ:
|