 | Պետական կարգը` իսլամական հանրապետություն Մայրաքաղաքը՝ Թեհրան Տարածքը՝ 1.648 հզ. կմ2 Բնակչությունը՝ 70,5 մլն Պետական լեզուն՝ պարսկերեն Դրամական միավորը՝ ռիալ |
 | Թեհրանի Ջամարան արվարձանի համայնապատկերը |
 | Բուշերի ատոմային էլեկտրակայանը |
 | Շիրազն անցյալում Իրանի մայրաքաղաքն էր: |
 | Նավթի վերամշակումը Իրանի արդյունաբերության զարգացած ճյուղերից է: |
 | Սուրբ Թադեի վանքը (66 թ.) Վասպուրականի նահանգի Արտազ գավառում (այժմ` Իրանի Մակու քաղաքից 20 կմ հարավ-արևելք) |
 | Իրանում լույս տեսնող հայկական պարբերականների գլխագրեր |
 | Մեծ եղեռնի հիշատակին նվիրված հուշարձան Թավրիզում |
 | Թեհրանի Սուրբ Գևորգ եկեղեցին |
Իրանի ԻսլամակաՆ Հանրապետություն Իրանը Հարավարևմտյան Ասիայի խոշոր երկրներից է, որի տարածքը գերազանցում է Մեծ Բրիտանիայի, Իսպանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի և Շվեյցարիայի տարածքները միասին վերցրած, իսկ այդ տարածաշրջանում զիջում է միայն Չինաստանին ու Հնդկաստանին: Իրանը ՀՀ-ի հարավային հարևանն է: Երկրի Իրան անունը ծագում է հնագույն Արիանա անունից, որը նշանակում է «արիների երկիր»: Երկրի նախկին անվանումը՝ Պարսկաստան, ծագում է նրա կենտրոնական մարզի՝ Ֆարս կամ Պարս (հունարեն) անունից: 1935թ-ից երկիրը պաշտոնապես կոչվել է Իրան: Իրանը զբաղեցնում է Հարավարևմտյան Ասիայի ամենաընդարձակ անապատային ու կիսաանապատային լեռնաշխարհը: Հյուսիս-արևմուտքում այն ներառում է Հայկական լեռնաշխարհի հարավարևելյան մասը, հյուսիսում՝ Էլբուրսի, արևելքում՝ Թուրքմենա-խորասանյան, հարավում և հարավ-արևմուտքում՝ Զագրոսի, հարավ-արևելքում` Մեկրանի լեռնաշղթաները: Արևելքում փռված է գրեթե անմարդաբնակ Դեշտե Կևիր (Մեծ աղի) անապատը, որի կարմրակավային մակերևույթը ծածկված է աղի բարակ շերտով: Այստեղ գետերի ջրերն անգամ աղի են: Ամռանը շատ շոգ է, ձմռանը՝ ցուրտ: Շուրջ տարին տաք ու խոնավ է միայն Կասպից ծովի ցածրադիր ափերին, որտեղ աճում են մշտադալար, խիտ ու փարթամ անտառներ: Իրանը բազմազգ պետություն է: Այստեղ ապրում են պարսիկներ (45 %), ադրբեջանցիներ, քրդեր, թուրքմեններ, բելուջներ, հայեր և այլք: Տիրապետող կրոնն իսլամն է: Բնակչության 98 %-ից ավելին մահմեդականներ են. նրանց 90 %-ը դավանում է շիա մահմեդականությունը: Բնակչությունը հիմնականում կենտրոնացած է միջլեռնային ընդարձակ հովիտներում, որտեղ հոսում են հորդառատ գետեր, և հողերն էլ բերրի են: Այստեղ են գտնվում նաև երկրի խոշոր քաղաքներ Թավրիզը, Քերմանշահը, Սպահանը, Շիրազը, Քերմանը, Եզդը և այլն: Էլբուրսի ստորոտին փռված է երկրի մայրաքաղաք Թեհրանը, որի արվարձաններում ցածրահարկ, լուսավոր տների թաղամասերն են՝ հարթ տանիքներով կավածեփ խրճիթների հարևանությամբ, կենտրոնում՝ բազմահարկ շենքերը, պուրակներն ու զբոսայգիները: Այս ու այնտեղ վեր են հառնում զարդանախշ բազմագույն գմբեթներով ու բարձր աշտարակ-մինարեներով բազմաթիվ մզկիթներ: Քաղաքի բանուկ պողոտաներից մեկի վրա է գտնվում 7 հայկական եկեղեցիներից մեկը՝ արդիական ոճով կառուցված Սուրբ Սարգիսը: Իրանում ասում են. «Որտեղ վերջանում է ջուրը, այնտեղ էլ վերջանում է հողը»: Դաշտերում մշակում են ցորեն, գարի, բրինձ, բամբակենի, շաքարի ճակնդեղ, ծխախոտ, արևածաղիկ, սոյա, քնջութ: Այգիներում մշակում են նարնջենի, խնձորենի, տանձենի, նռնենի, ծիրանենի, դեղձենի, սերկևիլենի, իսկ հարավում՝ նաև փյունիկյան արմավենի: Իրանի ընդերքը հարուստ է օգտակար հանածոներով: Երկրի հարավում, Պարսից ծոցի ափին, արդյունահանվում են մեծ քանակությամբ նավթ ու գազ, որոնց արտահանությամբ Իրանն աշխարհում գրավում է առաջնակարգ տեղ: Երկրում զարգացած են նաև սև ու գունավոր մետաղաձուլությունը, քիմիական, տեքստիլ արդյունաբերությունը: Իրանն աշխարհի հնագույն պետություններից է, որի 2500-ամյակը տոնվել է 1971 թ-ին: Դա Աքեմենյան տերության տարեդարձն էր, որի կազմի մեջ էր մտնում այն ժամանակ նաև Հայաստանը: Իրանական պետությունը բարձր զարգացման է հասել III-VII դարերում՝ Սասանյան հարստության (դինաստիա) օրոք: Հռոմի, ապա Բյուզանդիայի դեմ անընդմեջ պատերազմների հետևանքով Սասանյանները գրավեցին Ասորիքը, Պաղեստինը և Եգիպտոսը: Բայց արդեն VII դարում այդ տերությունը ջախջախվեց պատմական ասպարեզ իջած արաբների կողմից, և Իրանը գրեթե 9 դար ինքը մնաց օտար նվաճողների՝ Արաբական խալիֆության, թուրք-սելջուկյան և մոնղոլական տիրապետության լծի տակ: Արաբների օրոք երկիր մուտք գործեց նաև իսլամը կամ մահմեդականությունը, որն աստիճանաբար դուրս մղեց նախկին կրոնը՝ զրադաշտականությունը: XVI դարի սկզբին Իրանը կրկին վերականգնեց իր պետականությունը` ի դեմս Սեֆյան հարստության: Հետագայում Իրանում հաջորդաբար տիրեցին մի քանի հարստություններ, իսկ 1796 թ-ին թուրքական քոչվոր ղաջար ցեղի առաջնորդ Աղա Մահմեդ խանը իրեն հռչակեց Իրանի շահնշահ (արքայից արքա) և մայրաքաղաքը Շիրազից տեղափոխեց Թեհրան: XIX դարում և XX դարի սկզբին Իրանը հայտնվեց եվրոպական երկրների և ցարական Ռուսաստանի հետաքրքրությունների ոլորտում: 1921 թ-ին Իրանում իշխանության գլուխ անցավ Փեհլևիների շահական հարստությունը, որի վերջին` արևմտամետ Ռզա Փեհլևի շահը գահընկեց արվեց 1979 թ-ին, և երկիրը հռչակվեց Իրանի Իսլամական Հանրապետություն: Այժմ Իրանում ամեն ինչ՝ քաղաքականություն, տնտեսություն, մշակույթ, ենթարկվում է Ղուրանի և շարիաթի (մահմեդական և կրոնական օրենսդրություն) պահանջներին: 1980– 1988 թթ-ի իրանա-իրաքյան պատերազմը մեծ արհավիրքներ բերեց Իրանի ժողովրդին: Իրանը նաև հնագույն մշակույթ ունեցող երկիր է, փիլիսոփայական մտքի հուշարձանը «Ավեստան» է, որտեղ արտացոլված են նաև հնդ-իրանական ցեղերի տիեզերագիտական պատկերացումները: Իրանը փիլիսոփաներ Ավիցեննայի (Աբու Ալի իբն-Սինա), Սուհրավերդիի, պոետներ Ֆիրդուսու («Շահնամե»), Օմար Խայամի, Նիզամի Գյանջևիի, Սաադիի, Հաֆեզի, Ռուդաքիի և այլ հայտնի մարդկանց հայրենիքն է:
Հայերն Իրանում Պարսկաստանի հետ հայերի տնտեսական, քաղաքական ու մշակութային կապերը հատկապես սերտացել են Պարթև Արշակունիների թագավորության ժամանակաշրջանում (II–III դարեր): Հայկական առաջին գաղթավայրերն այստեղ կազմավորվել են 360–370-ական թվականներին, երբ Սասանյան Շապուհ II թագավորը հազարավոր հայերի բռնությամբ գաղթեցրել է Իրան (Խուզիստան և այլուր): Այդ բռնագաղթը շարունակվել է նաև հետագայում. հիշատակելի է առանձնապես 1604–05 թթ-ի բռնագաղթը՝ «մեծ սուրգունը», երբ շահ Աբբաս I-ը Իրան բռնագաղթեցրեց շուրջ 300 հզ. հայ՝ նրանց բնակեցնելով հատկապես մայրաքաղաք Սպահանի շրջակայքում, որտեղ նրանք հիմնեցին Նոր Ջուղա քաղաքը՝ ի հիշատակ իրենց հայրենի Ջուղայի (այժմյան Նախիջևանի տարածքում): Հայերն այստեղ զբաղվել են գինեգործությամբ, հյուսնությամբ, ոսկերչությամբ, ակնագործությամբ. արքունական հռչակավոր ոսկեգործ վարպետներից էին Թադևոս Առաքելյանը, Ստեփան Եդիգարյանը, Առաքելը, Ծերունը և ուրիշներ, շատերը մասնակցել են երկրի ներքին և արտաքին առևտրին. ազդեցիկ ուժ են եղել Սաֆրազյան, Շահրիմանյան, Վելիջանյան, Խաղդարյան, Նազարբեկյանց, Թումանյան, Շահգելդյանց առևտրական տները: Իրանահայերն անժխտելի դեր ունեն երկրի հասարակական-քաղաքական կյանքում. նշանավոր դեմքերից են Միրզա Մելքում խանը, Ենիկոլոպյանները, Դավիթ խան Դավթյանը և ուրիշներ: Իրանի Սալմաստ գավառի Փայաջուկ գյուղում է ծնվել մեծանուն գրող Րաֆֆին: Արևելյան Հայաստանը Ռուսաստանի տիրապետության տակ անցնելուց հետո, Թուրքմենչայի պայմանագրի 15-րդ կետի (մտցվել էր ռուս գրող- դիվանագետ Ա.Ս. Գրիբոյեդովի առաջարկությամբ) համաձայն, 1828–30 թթ-ին Իրանից շուրջ 45 հզ. հայ վերադարձել է Երևանի և Նախիջևանի նահանգներ: 1946–47 թթ-ին և հետագայում իրանահայերի հայրենադարձությունը շարունակվում էր, բայց Իրանի հայ համայնքը ցայսօր գոյատևում է և ներկայումս Մերձավոր ու Միջին Արևելքի ամենախոշոր (շուրջ 80 հզ.) հայ համայնքներից է: Հայերը բնակվում են հիմնականում Թեհրանում, Սպահանում, Թավրիզում, Ուրմիայում, Ահվազում, Սալմաստում, Ղազվինում, Ռեշտում և այլուր: Հայաստանյայց առաքելական եկեղեցին Իրանում ներկայումս ունի 3 թեմ՝ Ատրպատականի, Թեհրանի և Սպահանի: Գործում են հայ առաքելական, կաթոլիկ ու ավետարանական եկեղեցիներ, որոնցից 8-ը` միայն Թեհրանում: Դեռևս XVII դարի 30-ական թվականներին Խաչատուր Կեսարացու նախաձեռնությամբ Նոր Ջուղայում բացվել է հայկական բարձրագույն դպրոց, որը կոչվել է նաև համալսարան կամ ճեմարան: Իրանահայ համայնքում բոլոր եկեղեցիներին կից գործել են դպրոցներ, իսկ առաջին աշխարհիկ դպրոցները բացվել են XIX դարի կեսերին (1833 թ-ին՝ Նոր Ջուղայում, 1835 թ-ին՝ Թավրիզում, 1870 թ-ին՝ Թեհրանում): Առավել հայտնի են Նոր Ջուղայի Ազգային կենտրոնական (1883թ.), Թավրիզի Արամյան (1851թ.), Հայկազյան-Թամարյան (1875թ.), Թեհրանի Հայկազյան (1870թ.) դպրոցները: Ներկայումս երկրում գործում են ավելի քան 25 ազգային դպրոցներ և մանկապարտեզներ: Կան նաև 30-ից ավելի հայկական կազմակերպություններ, որոնց գործունեության գլխավոր նպատակը հայապահպանությունն է: Իրանում առաջին հայերեն պարբերականը՝ «Շավիղը», 1894թ-ին Թեհրանում հիմնադրել և առաջին խմբագիրն է եղել հայտնի թարգմանիչ Հովհաննես խան Մասեհյանը: Մինչև օրս հրատարակվել են ավելի քան 80 անուն հայերեն պարբերականներ: Ներկայումս լույս են տեսնում «Ալիք», «Լույս», «Արաքս», «Ապագա», «Պայման» պարբերականները, գործում է «Նայիրի» հրատարակչությունը: Թեհրանի և Սպահանի համալսարաններում կան հայագիտական ամբիոններ: Իրանահայերը որոշակի ավանդ են ներդրել ոչ միայն հայ ազգային, այլև իրանական մշակույթի տարբեր ոլորտների՝ գրականության, թատրոնի, կինոարվեստի, պարարվեստի, կերպարվեստի, ճարտարապետության զարգացման գործում: 1920-ական թվականներին Ե. Ավետիսյանը Թավրիզում ստեղծել է Իրանի բալետի առաջին ստուդիան, որը 1945 թ-ին փոխադրվել է Թեհրան, վերածվել պարարվեստի դպրոցի: Իրանում կինոգործի սկզբնավորողները եղել են հայ արվեստագետները: 1912 թ-ին Արտաշիր խանը (Պատմագրյան) Թեհրանում բացել է Իրանի առաջին կինոթատրոնը: Առաջին գեղարվեստական ֆիլմը նկարահանել է Ավանես (Հովհաննես) Օհանյանը («Աբին և Ռաբին», 1930 թ.): | Հայ առաքելական եկեղեցու Թեհրանի թեմի առաջնորդարանի շենքը |
|