Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Պետական կարգը՝ 
հանրապետություն
Մայրաքաղաքը՝
Ռիգա
Տարածքը՝  
64,6 հզ. կմ2
Բնակչությունը՝
2,3 մլն
Պետական լեզուն՝
լատիշերեն
Դրամական միավորը՝
լատ
Լատվիայի մայրաքաղաք Ռիգան  գտնվում է համանուն ծոցի ափին, Դաուգավայի գետաբերանում: Քաղաքի hին մասը հիշեցնում է թանգարան. պահպանվել են միջնադարյան նեղլիկ փողոցները, սրածայր տանիքներով տներն ու աշտարակավոր հին տաճարները:
Ռիգայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցին
Լատվիայի Հանրապետություն
Լատվիան գտնվում է Արևելաեվրոպական հարթավայրում, արևմուտքից ողողվում է Բալթիկ ծովի և նրա մաս կազմող Ռիգայի ծոցի ջրերով: Հարթ ալիքավոր դաշտավայրերը (Մերձծովյան, Միջինլատվիական, Հյուսիսլատվիական) հերթագայվում են բլրավոր բարձրություններով (Վիձեմյան, Կուրզեմի, Լատգալի): Ամենուր կարելի է տեսնել հնագույն սառցադաշտերի հետքեր՝ գլաքարեր, քարակարկառային բլրակներ, ծովային մանրաքարեր և ավազի նստվածքներ: Ցածրավայրերում շատ են ճահիճները:
Ընդերքում կա շինանյութերի առատ հումք՝ դոլոմիտ, կրաքար, կավ, մանրախիճ, ավազ, ինչպես նաև տորֆ, սաթ: Բալթիկ ծովի հարևանությունն իր կնիքն է դրել երկրամասի կլիմայի վրա: Կլիման բարեխառն անցումային է՝ ծովայինից ցամաքայինի: 
Լատվիայի ամենամեծ գետը Դաուգավան է (Արևմտյան Դվինայի ստորին հոսանքը), որին ժողովուրդը կոչել է մայր գետ և իր երգերում գովերգել նրա գեղեցկությունը: Նավարկելի մեծ գետեր են նաև Վենտան, Լիելուպեն, իսկ ամենագեղեցիկը Գաուայան է, որի բարձր անտառապատ ափերին է գտնվում «Վիձեմյան Շվեյցարիան»: Լճերը, որոնցից առավել խոշոր են Լուբանասը, Ռեզնասը, Լինպայասը, զբաղեցնում են երկրի տարածքի մոտ 2 %-ը: Լատվիան հարուստ է անտառներով (տարածքի մոտ 1/3–ը): 
Հարուստ է նաև կենդանական աշխարհը. անտառներում կան որմզդեղն, ազնիվ եղջերու, այծյամ, վարազ, աղվես, ճագար, սկյուռ, կուղբ և այլն: Թռչուններից տարածված են մայրեհավը, աքլորը, աքարը, խլահավը, գետափերին, լճերում՝ բադերն ու սագերը: Ծովն ու քաղցրահամ ջրերը հարուստ են ձկներով:
Դարեր շարունակ բալթյան այս երկրի տարածքում խաչաձևվել են գերմանական ավատատերերի, սկանդինավյան նվաճողների, ռուսական իշխանների ու լեհական թագավորների շահերը: XVIII դարում, երկարատև Հյուսիսային պատերազմներից հետո, լատվիական հողերը աստիճանաբար մտել են Ռուսական կայսրության կազմի մեջ: Չնայած գրեթե 200-ամյա ցարական տիրապետությանը` XX դարի սկզբներին Լատվիան արդեն արդյունաբերապես զարգացած երկրամաս էր:
1918 թ-ի փետրվարին, Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ, երկիրը նվաճեցին գերմանական զորքերը: Բայց արդեն նույն թվականի նոյեմբերին, երբ Գերմանիան պարտություն կրեց պատերազմում, Լատվիան հռչակեց իր անկախությունը: Դա որոշ ընդհատումներով շարունակվեց մինչև 1940թ-ի ամառը, երբ սկսված Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Լատվիան գրավվեց  և ընդգրկվեց ԽՍՀՄ կազմի մեջ:
Լատվիան Խորհրդային Միության մերձբալթյան հանրապետություններից առաջինն էր, որ 1991 թ-ի մարտի 3–ին համաժողովրդական հանրաքվեի միջոցով հռչակվեց անկախ ինքնիշխան պետություն: 
Լատվիայի հիմնական բնակիչները լատիշներն են, թվաքանակով երկրորդը ռուսներն են: Բնակվում են նաև բելառուսներ, լեհեր, ուկրաինացիներ, լիտվացիներ, հրեաներ, հայեր և այլք:
Լատվիան բարձր զարգացած արդյունաբերության ու գյուղատնտեսության երկիր է: Զարգացած են արդյունաբերության էլեկտրոնային, ռադիոտեխնիկական, սարքաշինական ճյուղերը, տրանսպորտային մեքենաշինությունը: Գործարաններն արտադրում են էլեկտրագնացքների վագոններ, տրամվայներ, ավտոմատ հեռախոսակայաններ, հեռախոսներ, բարդ ու ճշգրիտ այլ սարքեր և մեքենաներ: Հանրահայտ են Ռիգայում արտադրված հեռուստացույցները, ռադիոընդունիչներն ու տրանզիստորները, «ՌԱՖ» միկրոավտոբուսները: Մայրաքաղաք Ռիգայում, ինչպես նաև Դաուգավպիլս, Վալմիերա, Օլայնե քաղաքներում, որոնք քիմիական արդյունաբերության կենտրոններ են, արտադրվում են սինթետիկ մանրաթել, ապակեթել, կապրոն, քիմիական ռեակտիվներ, կենսաքիմիական դեղանյութեր, բարձրորակ լաքեր ու ներկեր, կենցաղային քիմիայի տարբեր առարկաներ: Արտադրանքի ծավալով ու որակով աչքի են ընկնում թեթև (բրդե ու վուշե գործվածքներ, տրիկոտաժ, կոշիկ) և սննդի (խտացրած կաթը, պանիրը, կարագը, խոզապուխտը, ձկան պահածոները մեծ պահանջարկ ունեն) արդյունաբերությունները:
Լատիշ ժողովրդի կյանքը հնուց ի վեր կապված է ծովի հետ: Այսօր էլ երկիրն ունի հզոր ձկնորսական նավատորմ, որը ձուկ է որսում ոչ միայն Բալթիկ ծովում, այլև Հյուսիսային ծովի և Ատլանտյան օվկիանոսի ջրերում:
Գյուղատնտեսության առաջատար ճյուղը անասնաբուծությունն է: 

Հայերը Լատվիայում
Հայ-լատվիական հարաբերությունները սկզբնավորվել են դեռևս XIX դարի վերջին: Լատիշերեն են թարգմանվել Րաֆֆու և Վրթանես Փափազյանի մի քանի պատմվածքներ: Լատիշ մեծ բանաստեղծ Յան Ռայնիսը թարգմանություններ է կատարել հայ պոեզիայից, հոդվածներ  գրել Հայաստանի պատմության, նաև Մեծ եղեռնի մասին: Ռիգայի բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորել են հայ ուսանողներ: Ավելի ուշ 2 երկրների միջև զարգացել են տնտեսական ու մշակութային հարաբերություններ: Լատվիայում կռվող ԽՍՀՄ բանակների հրամանատարը Խորհրդային Միության մարշալ Հովհաննես Բաղրամյանն էր:Ներկայումս Լատվիայում բնակվում է 3 հզ. հայ. նրանք հաստատված են հիմնականում Ռիգայում, նաև Լիեպայա, Յուրմալա, Ելգավա, Վենտսպիլս, Դաուգավպիլս քաղաքներում: Մեծ մասամբ մտավորականներ են, կան գործարարներ, պետական ծառայողներ, նկարիչներ, երաժիշտներ և այլք:
1988 թ-ին հիմնադրվել է հայ ազգային մշակութային կազմակերպությունը՝ Լատվիա-հայկական ընկերությունը, որի նպատակն է համախմբել տեղի հայերին, պահպանել ազգային ավանդույթները, ներկայացնել հայ մշակույթը Լատվիայում: 1993 թ-ին հիմնադրվել է Հայաստանյայց առաքելական եկեղեցու Ռիգայի համայնքը, 1997 թ-ին սկսվել և 2002 թ-ին ավարտվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու շինարարությունը: 1989 թ-ից Ռիգայում գործում Է հայկական կիրակնօրյա դպրոց: