 | Կալցիտ, գիպս և քվարց պարունակող ապար |
 | Շերտավոր մարմար «Չիպոլինո» |
Երկրի ամբողջ մակերևույթը կազմված է ապարներից: Գետափի քարերը, կավիճը, որով դուք գրում եք գրատախտակին, ածուխը՝ այս բոլորն ապարներ են: Դրանք տարբերվում են իրենց ամրությամբ, գույնով, կազմով, հալման ջերմաստիճանով և այլն: Մարդու համար օգտակար ապարները հենց այդպես էլ անվանում են՝ օգտակար հանածոներ: Ինչո՞ւ հանածոներ, որովհետև դրանցից շատերը գտնվում են գետնի տակ, դրանք պետք է դուրս բերել, «հանել» գետնի տակից: Ըստ ծագման՝ ապարները լինում են նստվածքային, մագմայական (հրաբխային), փոխակերպային: Հարյուր հազարավոր ու միլիոնավոր տարիների ընթացքում օվկիանոսների ու ծովերի, լճերի հատակին կամ ցամաքում կուտակվել են գետերի բերած նստվածքների հսկայական շերտեր: Ժամանակի ընթացքում դրանք խտացել են և վերածվել անօրգանական նստվածքային ապարների՝ ավազաքարերի, խճաքարերի, կոպիճի: Ժամանակի ընթացքում ծովի հատակին կուտակվել են նաև հսկայական քանակությամբ ծովախեցգետինների և ծովախխունջների կմախքներ ու խեցիներ, որոնցից նույնպես առաջացել են նստվածքային ապարներ, օրինակ՝ կրաքար: Կավիճը հենց կրաքարն է, որը կազմված է վաղուց մահացած կենդանիների կմախքների ու խեցիների բազմաթիվ մանրագույն բեկորներից: Միլիոնավոր տարիներ առաջ հնագույն ճահիճների ու լճերի հատակն անցած և ամբողջ այդ ժամանակ հողում մնացած ծառերից է առաջացել քարածուխը: Իսկ ոսկեդեղին թափանցիկ սաթը ասեղնատերև հնագույն ծառերի քարացած խեժն է: Մագմայական ապարներն առաջանում են Երկրի հրաբխային գործունեությունից: Հրաբխից դուրս է հորդում հրահեղուկը. Երկրի մակերևույթին այն սառչում է, և առաջանում են ապարներ, օրինակ՝ բազալտը, որը շատ ամուր է: Բայց շիկացած մագման միշտ չէ, որ մակերևույթ է հասնում: Շատ դեպքերում այն սառչում է երկրի ընդերքում, և դրանից գոյանում են գաբրո կամ գրանիտ ապարները: Դրանք այն առաջնային՝ նախասկզբնական նյութերն են, որից կազմավորվել է Երկրի մակերևույթը: Վանակատը (օբսիդիան), օրինակ, բնական ապակի է, առաջանում է շատ արագ սառչող մագմայից, որը չի հասցնում բյուրեղանալ: Ֆելզիտի խոշոր բյուրեղներն առաջանում են քվարցի և դաշտային սպաթի դանդաղ սառչելու հետևանքով (նախքան ժայթքումը), իսկ մանր բյուրեղները ժայթքման ընթացքում արագ սառչելու հետևանք են: Գրանիտն ավելի դանդաղ է առաջանում: Վանակատը, ֆելզիտը և գրանիտն առաջանում են մոտավորապես նույն քիմիական բաղադրության մագմայից, տարբերությունը միայն նրանց սառչելու արագությունն է: Գրանիտի բեկորը կազմված է մի քանի միներալից՝ թափանցիկ քվարցից, փայլարից, դաշտային սպաթից և փայլարի մուգ թեփուկներից: Երկրի ընդերքում, բացի գրանիտից, գոյանում են նաև մարդուն շատ անհրաժեշտ օգտակար հանածոներ՝ տարբեր մետաղների հանքաքարեր: Մի տեսակի հանքաքարից ստանում են երկաթ, մյուսից՝ կապար, երրորդից՝ անագ: Երկրի ընդերքում տեղի ունեցող շարժընթացների և բարձր ջերմաստիճանի ազդեցության տակ մագմայական և նստվածքային ապարները փոփոխվում են, որի հետեվանքով առաջանում են փոխակերպային ապարներ: Օրինակ՝ կրաքարը վերածվում է բյուրեղային ապարի՝ մարմարի, կավը՝ բյուրեղային թերթաքարի, փխրուն ավազաքարը՝ կարծր քվարցիտի, գրանիտը՝ գնեյսի, և այլն: Նշված ապարների մեծ մասը, հատկապես մագմայական ապարները, լայնորեն տարածված են ՀՀ-ում: Դրանք կիրառվում են որպես շինանյութ (գրանիտ, մարմար, տուֆ) և զանազան արտադրությունների հումք: Պինդ ապարներից բացի, կան նաև հեղուկ (օրինակ՝ նավթը) և գազանման (օրինակ՝ բնական գազը) հանածոներ, որոնք լայն կիրառություն ունեն համաշխարհային տնտեսության և արդյունաբերության մեջ:
|