 | Պետական կարգը՝ հանրապետություն Մայրաքաղաքը՝ Ստեփանակերտ Տարածքը՝ 5.000 կմ2, ազատագրված և վերահսկողության տակ գտնվող շրջաններով` 12,5 հզ. կմ2 Բնակչությունը՝ 146,6 հզ. Պետական լեզուն՝ հայերեն Դրամական միավորը՝ դրամ |
 | Ստեփանակերտի հյուսիսային մուտքի մերձակա բարձունքներից մեկի վրա վեր է խոյանում մի յուրակերպ հուշարձան, որը հայտնի է «Ղարաբաղցիներ» կամ «Մենք ենք, մեր սարերը» անունով: 1967 թ-ին կառուցված այս հուշարձանը (հեղինակ` Ս. Բաղդասարյան) դարձել է Արցախի համընդհանուր ճանաչում գտած խորհրդանիշը և արտահայտում է արցախցիների հաստատակամությունը, աներերությունը, անխզելի կապը հայրենի հողի հետ: |
 | ԼՂՀ նախագահի նստավայրը Ստեփանակերտում |
 | Շերամապահությունն ու թթի մշակությունը Արցախում տնտեսավարման ավանդական ձևերից են: |
 | Շուշիի Սուրբ Ամենափրկիչ (Ղազանչեցոց) եկեղեցին (XIX դար) |
 | Ստեփանակերտի համայնապատկերը |
 | Մռավի լեռնաշղթան արևմուտքից |
 | Արծաթե գոտիներ. Արծաթագործությունը Լեռնային Ղարաբաղում XIX դարում հասել է զարգացման բարձր մակարդակի: |
 | Հայ ճարտարապետության լավագույն հուշարձաններից է Գանձասարի վանքը, որը գտնվում է Մարտակերտի շրջանում: Համալիրի հիմնական կառույցը՝ տաճարը, կառուցվել է 1216-28 թթ-ին, իսկ գավիթը՝ 1266 թ-ին: |
Արցախ Լեռնային Ղարաբաղի հանրապետությունը գտնվում է Հայկական լեռնաշխարհի հյուսիսարևելյան եզրին՝ Փոքր Կովկասի հարավ-արևելքում: Ներառում է Մեծ Հայքի Արցախ նահանգը (գրեթե ամբողջությամբ) Սյունիքի նշանակալից մասը և Ուտիքի որոշ հատվածներ: Լեռնային Ղարաբաղի տարածքի մեծ մասը գրավում են լեռները. ամենաբարձր լեռնագագաթը Արիության (Գոմշասար) լեռն է (3724 մ): Գետային ցանցը խիտ է. հաշվվում է 2639 գետ ու գետակ, որոնց ընդհանուր երկարությունը 8395 կմ է: Սեփական վառելիքաէներգետիկ պաշարների բացակայության պայմաններում ջուրը միակ էներգետիկ պաշարն է երկրում: Խոշոր գետերն են Թարթառը, Խաչենը, Կարկառը, որոնք պատկանում են Կուր գետի ավազանին, նաև Հագարին, Վարանդան, Իշխանագետը և մի քանի փոքր գետեր (Արաքսի ավազան): Թարթառ գետի ռեժիմը կարգավորելու և ջրերն արդյունավետ օգտագործելու նպատակով կառուցվել են Սարսանգի ջրամբարը (ամենամեծը՝ Ղարաբաղում) և ջրաէլեկտրակայանը: Հանրապետության տարածքի գրեթե 1/3-ը գրավում են անտառները: Այստեղ աճում են կաղնի, հաճարենի, թխկի, լորենի, բազմաթիվ պտղատուներ՝ ընկուզենի, հոնի, զկեռենի և այլն: Անտառներում տարածված են վարազը, վայրի այծը, այծյամը, գորշ արջը, գայլը, սկյուռը, թռչուններից՝ արծիվը, վայրի հնդկահավը, տատրակը: Արցախում հնագույն ժամանակներից զբաղվել են գորգագործությամբ, բրուտագործությամբ, մետաղագործությամբ, գինեգործությամբ: Այստեղ բուծել են զտարյուն ղարաբաղյան ձիեր, որոնք համալրել են հայոց այրուձին, իսկ հետագայում՝ ռուսական հեծելազորը: Երկիրն աչքի էր ընկնում շերամապահությամբ. ղարաբաղյան մետաքսաթելը մեծ համբավ էր վայելում միջազգային շուկայում: Պատմական աղբյուրներում Արցախը հիշատակվում է մ. թ. ա. VIII դարից` Վանի թագավորության սեպագիր արձանագրություններում: Այն մտել է հայկական հնագույն թագավորությունների կազմի մեջ, եղել պատմական Հայաստանի անբաժան մասը: Տիգրան Բ Մեծն (մ.թ.ա. 95-55 թթ.) այստեղ կառուցել է իր մեծազոր տերության Տիգրանակերտ կոչվող չորս քաղաքներից մեկը: Այս հնավայրի պեղումներից գտնվել են Տիգրան արքայի պատկերով արծաթե դրամ, երկաթե նետեր, սրեր, կավե ամաններ: Արշակունյաց թագավորության անկումից (428 թ.) հետո Արցախում որոշ ընդմիջումներով պահպանվում էին հայկական պետականության բեկորները՝ Առանշահիկների թագավորությունը (V-VI դարեր), Խաչենի եռաճյուղ (Ներքին Խաչենում՝ Շար, Միջնարցախ և Ներքին Արցախ) իշխանությունը (X-XVI դարեր), մելիքությունները (XVII-XVIII դարեր): XVIII դարի կեսին ստեղծվել է Ղարաբաղի խանությունը Պարսկաստանի կազմում: Այդ ժամանակներից սկսած` Ղարաբաղի մելիքները գլխավորել են հայ ժողովրդի ազատագրական պայքարը պարսկական բռնակալության դեմ: 1805 թ-ին Ղարաբաղն անցել է Ռուսաստանի տիրապետության տակ, վերացվել է Ղարաբաղի խանությունը, և երկրամասը մտցվել է կայսրության վարչական միավորներից մեկի՝ Ելիզավետպոլի նահանգի կազմի մեջ (1868 թ.): Այդ վիճակը պահպանվել է մինչև 1917 թ.: XIX դարում մեծ վերելք է ապրել Լեռնային Ղարաբաղի վարչական կենտրոնը՝ Շուշի քաղաքը: Այստեղ գործում էին հայկական եկեղեցիներ, դպրոցներ, տպարաններ, լույս էին տեսնում հայկական թերթեր, տեղացի և հյուրեկ դերասանների մասնակցությամբ կազմակերպվում էին թատերական ներկայացումներ: Շուշին դարձել է հայ հոգևոր կյանքի ճանաչված կենտրոններից մեկը: Ռուսաստանի 1917 թ-ի Փետրվարյան հեղափոխությունից հետո Լեռնային Ղարաբաղում իշխանությունն անցավ Հայոց ազգային խորհրդի ձեռքը: 1918-20 թթ-ին երկրամասը պահպանում էր իր անկախությունը՝ դիմակայելով Ադրբեջանին, որն ամեն կերպ ձգտում էր գրավել այն: Այդ տարիներին Արցախի ժողովրդին լուրջ աջակցություն բերեցին նախ` զորավար Անդրանիկի, ապա` Գ. Նժդեհի զինված խմբավորումները: Այնուամենայնիվ, ադրբեջանական հրոսակներին և նրանց դաշնակից թուրք ասպատակիչներին հաջողվեց ավերել մի շարք հայկական գյուղեր, իսկ 1920 թ-ի մարտին սրի քաշել Շուշիի հայ բնակչությանը, հրդեհել քաղաքի հայկական մասը: 1920 թ-ի ապրիլի վերջին Ղարաբաղ մտան Խորհրդային Ռուսաստանի զորքեը և երկրամասում հաստատեցին խորհրդային կարգեր: 1921 թ-ի հուլիսի 5-ին ՌԿ(բ)Կ կովկասյան բյուրոն Ի. Ստալինի գործուն միջամտությամբ ընդունեց Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանին միացնելու վերաբերյալ իրավական հիմքից զուրկ որոշում, որը կանխորոշեց երկրամասի հետագա ճակատագիրը: 1923 թ-ին վարչականորեն կազմվեց Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը (ԼՂԻՄ)՝ նախապես մարզից օտարելով նրա հարավային ու արևելյան մասերը (ներկայիս Շահումյանի շրջանը և Խանլարի շրջանի մի մասը): Ադրբեջանը հասավ նաև նրան, որ Լեռնային Ղարաբաղի նորաստեղծ ինքնավար մարզը Հայաստանի հետ ընդհանուր սահման չունենա: Ռուս-թուրքական քաղաքական խարդավանքի հետևանքով Հայաստանն արդեն կորցրել էր Նախիջևանի երկրամասը, որը Թուրքիայի պահանջով 1921 թ-ի մարտին միացվեց Ադրբեջանին: Խորհրդային իշխանության տարիներին մարզի գյուղատնտեսությունը և թույլ զարգացած արդյունաբերությունն ըստ էության դարձան սոսկ հումքի մատակարարներ: Ոտնահարվեցին հայ բնակչության ազգային իրավունքները, խոչընդոտվում էր ազգային մշակույթի և կրթության զարգացումը. սկսեցին նվազել հայ բնակչության աճի տեմպերը, ստվարացավ ադրբեջանցիների թվաքանակը: Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությունը բազմիցս դիմել է Խորհրդային Միության իշխանության վերադաս մարմիններին՝ Հայաստանի հետ մարզը վերամիավորելու հարցով: Սակայն տիրող ամբողջատիրական համակարգի պայմաններում այդ պահանջը համարվեց ազգայնամոլություն և դաժանորեն ճնշվեց: 1980-ական թվականների 2-րդ կեսից Խորհրդային Միությունում հռչակված վերակառուցման և հրապարակայնության քաղաքականությունն արցախցիներին հնարավորություն ընձեռեց անդրադառնալ 1920-ական թվականների սկզբին կատարված սխալն ուղղելու խնդրին: 1988 թ-ի փետրվարին ժողովրդական պատգամավորների մարզային խորհուրդը դիմեց Ադրբեջանական և Հայկական խորհրդային հանրապետությունների Գերագույն խորհուրդներին՝ խնդրելով լուծել ԼՂԻՄ-ի՝ Ադրբեջանի կազմից դուրս գալու և Հայաստանի կազմում ընդգրկվելու հարցը: Ադրբեջանի Գերագույն խորհուրդը մերժեց արցախահայության դիմումը, և ժողովուրդն ստիպված դիմեց ազատագրական պայքարի: 1988 թ-ի փետրվարին ձևավորվեց Ղարաբաղյան շարժումը: Ի պատասխան Ղարաբաղյան շարժման՝ ադրբեջանական ազգայնամոլները կազմակերպեցին հայ բնակչության ջարդեր Սումգայիթում (1988թ-ի փետրվար), Կիրովաբադում (1990թ.), Բաքվում (1990թ-ի հունվար): Այս ջարդերից հետո շուրջ 400 հզ. հայ բռնագաղթվեց Ադրբեջանից, որոնց զգալի մասը տեղափոխվեց Հայաստան: Շուտով Ադրբեջանը շրջափակման ենթարկեց Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը: Ադրբեջանի հատուկ նշանակության զինված ջոկատները, խորհրդային բանակի հետ համատեղ, իրականացրին «Օղակ» ռազմագործողությունը, որի հետևանքով հայաթափվեցին Խանլարի շրջանի Գետաշեն, Մարտունաշեն գյուղերը, ապա՝ Շահումյանի շրջանի բազմաթիվ գյուղեր: Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությունը ստիպված էր դիմել ինքնապաշտպանական ջոկատների ստեղծմանը, և սկսվեց բացահայտ ռազմական դիմակայությունը, որն, ի վերջո, վերածվեց ազգային-ազատագրական շարժման: Բազմաթիվ երկրների տարբեր կազմակերպություններ, քաղաքական և հասարակական գործիչներ (Ա. Սախարով, Ք. Քոքս, Մ. Դուդին, Ց. Պասկալևա և ուրիշներ) հանդես եկան ի պաշտպանություն արցախահայության իրավունքների: Ղարաբաղյան հարցի վերաբերյալ հատուկ բանաձևեր ընդունեցին բազմաթիվ միջազգային կազմակերպություններ (ՄԱԿ, ԵԱՀԿ և այլն): 1991 թ-ի օգոստոսի 30-ին Ադրբեջանը հայտարարեց ԽՍՀՄ կազմից իր դուրս գալու մասին: Օգտվելով սահմանադրական իր իրավունքից` 1991 թ-ի սեպտեմբերի 2-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը (ԼՂՀ) նույնպես հռչակեց իր անկախությունը, որը հաստատվեց դեկտեմբերի 10-ին կայացած հանրաքվեով: Այդ քաղաքական լարվածության հետևանքը եղավ բացահայտ ռազմական գործողությունների ծավալումը, որոնք հսկայական վնաս պատճառեցին ԼՂՀ տնտեսությանը: 1992 թ-ի մայիսի 9-ին հաջողվեց ազատագրել Շուշին, ապա բացել ԼՂՀ-ն Հայաստանի հետ կապող Լաչինի միջանցքը: Ռուսաստանի Դաշնության նախաձեռնությամբ 1994 թ-ի մայիսի 12-ին Մոսկվայում ստորագրվեց զինադադարի վերաբերյալ համաձայնագիր: Հրադադարի հաստատումից հետո, նորաստեղծ ԼՂՀ-ն պատերազմից ավերված տնտեսության վերականգնմանը զուգահեռ ձեռնամուխ է եղել տնտեսական բարեփոխումների իրականացմանը: Տնտեսության հիմնական ճյուղերն են սննդի (օղու, գինու, կոնյակի, պահածոների) և թեթև (մետաքսե գործվածքների, գորգագործական, կոշիկի, կարի) արդյունաբերությունները: Գործում են նաև շինանյութերի, փայտամշակման և այլ ձեռնարկություններ: Արդյունահանում են գրանիտ, կրաքար, ավազ, մշակում են ծխախոտ, հացահատիկային և կերային մշակաբույսեր, թթենի, որի հիման վրա զարգացել են շերամապահությունը, օղու և դոշաբի արտադրությունը: Զարգացած են նաև պտղաբուծությունը և անասնապահությունը: Արցախի նկարագրի կարևոր մասն են բազմաթիվ պատմաճարտարապետական հուշարձանները: Հանրահայտ են Ամարասը, Գանձասարը, Դադիվանքը, Շուշիի Ղազանչեցոց եկեղեցին, բազմաթիվ այլ կառույցներ և միջնադարյան հարյուրավոր խաչքարեր, բերդեր ու կամուրջներ, որոնցից շատերը հայ ճարտարապետության գլուխգործոցներից են և լուռ վկայությունն են այն բանի, որ Ղարաբաղն անընդմեջ բնակեցված է եղել հայերով: Ղարաբաղը հայտնի է նաև իր ավանդական տարազով (հատկապես` կանացի), գորգերով, կարպետներով, խուրջիններով, արծաթե և պղնձե կերտվածքներով: 301 թ-ին, քրիստոնեությունը պետական կրոն դառնալուց հետո, Գրիգոր Լուսավորիչը հիմնադրել է Ամարասի վանքը, որի կառուցումն ավարտել է նրա թոռը՝ Գրիգորիս եպիսկոպոսը: Վանքը եղել է Աղվանից կաթողիկոսության նստավայրերից: Ամարասում է հիմնվել Արցախի առաջին հայկական դպրոցը, երբ V դարի սկզբին վանք է այցելել Մեսրոպ Մաշտոցը: Վանքը մի քանի անգամ ավերվել է (V դարում՝ պարսիկների, VII դարում՝ արաբների, XIII դարում՝ մոնղոլների, XIV դարում՝ Լենկթեմուրի հրոսակների կողմից), բայց հայերն ամեն անգամ վերականգնել են այդ համալիրը: Համալիրի հիմնական հուշարձանը Սուրբ Գրիգորիս եկեղեցին է (ամփոփված է սուրբ Գրիգորիս եպիսկոպոսի աճյունը): Վերջին տարիներին տարածքում սկսվել են հնագիտական լայնածավալ պեղումներ, հայտնաբերվել են է. Կերենի դամբարանադաշտը, լայնածավալ ուսումնասիրություններ կատարվել Ծիծեռնավանքում և Տիգրանակերտում:
|