 | Ալպերը Եվրոպայի ամենաբարձր լեռնային համակարգն է: |
 | Հյուսիսային Հայկական Տավրոսի Սուրբ Լույսի լեռները |
 | Անդերն աշխարհի ամենաերկար լեռնային համակարգն է. այն 9 հզ. կմ երկարությամբ ձգվում է Պանամայի պարանոցից մինչև Հրո Երկիր կղզիներ: |
 | Կիլիմանջարոն Աֆրիկայի ամենաբարձր լեռնագագաթն է (5895 մ): |
Լեռները հարակից հարթավայրերի նկատմամբ Երկրի մակերևույթի բարձրադիր տեղամասերն են՝ բարձրությունների զգալի տատանումներով: Լեռները սովորաբար ունենում են լավ արտահայտված գագաթներ, լանջեր, ստորոտներ: Բլուրները նույնպես լեռներ են, բայց նրանց հարաբերական բարձրությունները մեծ չեն: Երկրի վրա լեռներն առաջացել են միլիոնավոր տարիներ առաջ, բայց այսօր էլ շարունակվում են լեռնակազմավորման շարժընթացները՝ տեղի են ունենում երկրաշարժեր, ժայթքում են հրաբուխներ և այլն: Բնության մեջ հազվադեպ են հանդիպում առանձին, մեկուսի լեռներ: Բացառություն են կազմում հրաբուխները, օրինակ` Մասիսը, Ֆուձիյաման: Ավելի հաճախ լեռները խումբ են կազմում և, միանալով իրար, առաջացնում են լեռնաշղթաներ, որոնց ամենաբարձր մասը կատարն է կամ գագաթը: Սրածայր գագաթները կոչվում են պիկեր: Կատարի վրայի իջվածքները, որոնք ամենահարմարն են լեռնաշղթայով անցնելու համար, կոչվում են լեռնանցքներ: Դրանցով են անցնում լեռնային երկրների ճանապարհների մեծ մասը: Լեռները հաճախ զբաղեցնում են մեծ տարածքներ՝ ձգվելով հարյուրավոր ու հազարավոր կիլոմետրեր: Ցամաքի ամենաերկարաձիգ լեռները՝ Անդերը, գտնվում են Հարավային Ամերիկայի արևմուտքում և հյուսիսից հարավ ձգվում 9 հզ. կմ երկարությամբ: Առավելագույն բարձրությունը 6960 մ է (Ակոնկագուա լեռ): Լեռները միմյանցից տարբերվում են ըստ բարձրության, կառուցվածքի և հասակի: Երկրագնդի ամենաբարձր և հզոր լեռնային համակարգը Հիմալայներն է (թարգմանաբար նշանակում է «երկրի տանիք») Ասիայում: Երկարությունը 2400 կմ է, լայնությունը՝ 180–350 կմ, տարածությունը՝ մոտ 650 հզ. կմ2: Այդ լեռների ձյունով և սառցեդաշտերով ծածկված 11 գագաթներ ունեն ավելի քան 8000 մ բարձրություն, և դրանց մեջ է Երկրի ամենաբարձր գագաթը՝ Էվերեստը (Ջոմոլունգման), որի բարձրությունը 8848 մ է: 1953 թ-ին լեռնագնացներ շերպ Ն. Տենցինգն ու նորզելանդացի Է. Հիլարին կարողացան բարձրանալ Էվերեստի գագաթը: Եվրոպայի ամենաբարձր լեռնային համակարգը Ալպերն է, որը Միջերկրական ծովից 1200 կմ երկարությամբ աղեղնաձև ձգվում է մինչև Միջինդանուբյան դաշտավայր: Առավելագույն բարձրությունը 4807 մ է (Մոնբլան լեռ): Հայկական լեռնաշխարհի ամենաբարձր լեռը Մեծ Մասիսն է (5165 մ), իսկ ՀՀ ամենաբարձր լեռը՝ Արագածը (4090 մ): Երկրագնդի ամենաբարձր մեկուսի լեռնազանգվածը Մաունա Լոա հրաբուխն է Խաղաղ օվկիանոսի Հավայի կղզում, որի բարձրությունը, օվկիանոսի հատակից հաշված, 9350 մ է, մակերևույթից՝ 4170 մ: Ըստ կառուցվածքի՝ տարբերում են ծալքավոր, ծալքաբեկորային և հրաբխային լեռներ: Ծալքավոր են այն լեռները, որոնց ապարաշերտերը ճկվել են, առաջացրել ծալքեր, օրինակ՝ Կովկասյան, Հիմալայան, Պոնտական, Տավրոսի լեռները և այլն: Ծալքաբեկորային լեռների կառուցվածքում կան և՜ ծալքեր, և՜ ապարաշերտերի բարձրացումից ու իջեցումից առաջացած բեկորներ, ինչպես, օրինակ, Զանգեզուրի, Փամբակի լեռները և այլն: Հրաբխային լեռներն էլ առաջանում են հրաբխի ժայթքման ժամանակ դուրս մղված լավայի կուտակումից: Ըստ տարիքի՝ լինում են երիտասարդ և հին լեռներ: Երիտասարդ լեռները սովորաբար ունեն մեծ բարձրություն, կատարները սրածայր են, լանջերը՝ զառիթափ. օրինակ՝ Հիմալայները, Ալպերը, Կովկասը: Հին լեռները ցածր են, չունեն սրածայր գագաթներ, լանջերը քայքայված ու հարթված են. օրինակ՝ Ուրալյան, Սկանդինավյան, Ապալաչյան լեռները: Լեռնային երկրները սովորաբար հարուստ են ամենաբազմազան օգտակար հանածոներով, որոնք հիմք են ծառայում տնտեսության զարգացման համար: Լեռներում ընդարձակ տարածություններ են գրավում ալպյան մարգագետինները, որտեղ զարգանում է արոտային անասնապահությունը: Միևնույն ժամանակ, մակերևույթի խիստ բազմազանությունը, ծովի մակարդակից ունեցած բարձրությունը, լանջերի թեքությունը և դիրքադրությունը, դաժան կլիման երկրագործության զարգացման համար մեծ բարդություններ են առաջացնում: Բարձրլեռնային երկրներում տարածված վտանգավոր երևույթներից են սողանքները, ձնահյուսերը: Լեռնային երկրներում կլիման բազմազան է: Ըստ բարձրության` նվազում է օդի ջերմաստիճանը (յուրաքանչյուր 1 կմ բարձրության վրա` 5–6օC-ով), ավելանում տեղումների քանակը, ամպամածությունը և այլն: Այս ամենի հետևանքով լեռներում, ըստ բարձրության, փոխվում են կլիմայական պայմանները՝ առաջացնելով վերընթաց գոտիականություն: Երկար ժամանակ բնակվելով բարձր լեռներում՝ մարդիկ աստիճանաբար հարմարվում են պայմաններին: Օրինակ՝ Անդյան լեռներում հնդկացիները մեծ բարձրությունների վրա ոչ միայն զբաղվել են գյուղատընտեսությամբ, այլև հիմնել են մի շարք քաղաքներ, այդ թվում` Բոլիվիայի մայրաքաղաք Լա Պասը, որն աշխարհի ամենաբարձրադիր (3700 մ) մայրաքաղաքն է: Բնության գեղատեսիլ համայնապատկերը, առողջարար կլիման, մաքուր օդը, զով ամառը, քաղցրահամ և հանքային աղբյուրները, երկարատև ձնածածկույթը լեռնային շրջանները դարձնում են առողջարանային, հանգստի և սպորտի առաջնակարգ վայրեր: Վերջին տասնամյակների հայտնագործություններից են օվկիանոսների գրեթե կենտրոնով ձգվող լեռնաշղթաները, որոնք առաջացնում են ավելի քան 70 հզ. կմ երկարությամբ միասնական շղթա: Դրանց լեռնաշղթաների հարաբերական բարձրությունը 2–3 հզ. կմ է, լայնությունը՝ մինչև 2 հզ. կմ: Բարձրության առանցքի երկարությամբ անցնում է խորը (մինչև 3 կմ) բեկվածք-կիրճ: Լեռնաշղթաների կիրճի կողմի լանջերը զառիթափ են, իսկ օվկիանոսի հունի ուղղությամբ՝ մեղմաթեք. կան գործող և հանգած հրաբուխներ: Ստորջրյա լեռնաշղթաներից են Հյուսիսատլանտյան (Ատլանտյան օվկիանոսում), Լոմոնոսովի, Մենդելեևի (Հյուսիսային սառուցյալ օվկիանոսում), Հավայան (Խաղաղ օվկիանոսում), Կենտրոնական (Հնդկական օվկիանոսում) լեռնաշղթաները և այլն: Այնտեղ, որտեղ ստորջրյա լեռնաշղթաների գագաթները դուրս են գալիս մակերևույթ, առաջանում են կղզիներ (օրինակ՝ Իռլանդիա, Ազորյան, Համբարձման և այլն):
|