Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Վանա լիճը
Բայկալ լիճը
Հյուսիսային Ամերիկայում գտնվող Մեծ Աղի լիճը անկենդանության պատճառով կոչում են նաև ամերիկյան «Մեռյալ ծով»:
Տաբածղուրի լիճը Ջավախքի բարձրավանդակում
Լճերը, ի տարբերություն ծովերի, օվկիանոսի հետ կապված չեն: Գետերից տարբերվում են նրանով, որ նրանցում ջուրը չի հոսում: Երկրագնդի վրա լճերն զբաղեցնում են մոտ 2,7 մլն կմ2 մակերես (ցամաքի 1,8%-ը): Առավել տարածված են բարեխառն գոտու հյուսիսային, ինչպես նաև մերձբևեռային երկրներում (օրինակ՝ Իսլանդիայում, Ֆինլանդիայում, Կանադայում, Լիտվայում): Ամենաշատ լճերը Կարելիայում են՝ շուրջ 64 հզ.:
Այն խորությունները, որտեղ գտնվում են լճերը, կոչվում են լճային գոգավորություններ, որոնք բազմազան են և առաջանում են տարբեր պատճառներով: Երկրի ներքին ուժերի ազդեցությամբ, օրինակ, երկրակեղևի ցածրացած տեղամասերում գոյանում են տեկտոնական լճեր: Դրանք, որպես կանոն, շատ խորն են և ունեն զառիթափ լանջերով ափեր. օրինակ՝ Բայկալը, Տանգանիկան և այլն:
Լեռնային գետերի հովիտներում հանդիպում են խոր պատվարային լճեր: Երկրաշարժից առաջացած դարափուլը փակում է գետի ճանապարհը՝ ստեղծելով բնական ամբարտակ: Պամիրում 1911 թ-ին երկրաշարժից առաջացած դարափուլը փակել է Մուրղաբ գետի հունը, և առաջացել է Սարեզի լիճը: Հայկական լեռնաշխարհում նման ծագում ունեն Ակնա և Փարվանա լճերը:
Լինում են նաև ստորգետնյա լճեր, որոնք գոյանում են ստորգետնյա գետերի ճանապարհին հանդիպող քարանձավներում:
Սառցադաշտերը, հովիտներով շարժվելով, առաջացնում են գոգավորություններ, որոնք հետո լցվում են հալոցքային ջրերով՝ առաջացնելով լճեր (Սկանդինավյան թերակղզու, Կանադայի լճերը): Լճեր առաջանում են նաև հանգած հրաբուխների խառնարաններում, օրինակ՝ Աժդահակ և Արմաղան լճերը Գեղամա լեռնավահանում:
Բլրավետ հարթավայրերում լճերը գտնվում են բլուրների միջև ընկած իջվածքներում: Հարթավայրային գետերի հովիտներում հաճախ կարելի է տեսնել ոչ մեծ հնահուն լճեր: Դրանք իրենց ուղղությունը փոխած գետերի նախկին հուների տեղամասեր են: Ոչ մեծ և ոչ խոր լճային գոգավորությունները հաճախ լցվում են գետային նստվածքներով և արագորեն բուսակալում. լճի տեղում առաջանում է ճահիճ:
Լճերը, ինչպես գետերը, սնվում են անձրևային, հալոցքային, ստորերկրյա ջրերով:
Այն լճերը, որոնցից գետեր են արտահոսում, կոչվում են հոսուն. օրինակ՝ Սևանա լիճը (ընդունում է 29 գետ, արտահոսում է միայն Հրազդանը), Բայկալը (ընդունում է 336 գետ, արտահոսում է միայն Անգարան):
Եթե լճից գետ սկիզբ չի առնում, կոչվում է անհոսք, օրինակ՝ Կասպից, Արալյան, Վանա, Կապուտան և այլն: Լիճ մտնող ջուրն իր հետ բերում է լուծված նյութեր: Հոսուն լճերից դրանք հեռացնում են գետերը, ուստի այդ լճերը շատ աղի լինել չեն կարող (Սևան, Բայկալ, Հյուսիսային Ամերիկայի Մեծ լճերը): Մեծ աղիություն ունեն այն լճերը, որոնք անհոսք են, և ջրի ելքը միայն գոլորշիացումն է (Վանա, Բալխաշ, Մեծ Աղի):
Անապատներում ու չոր տափաստաններում սփռված բազմաթիվ անհոսք լճերում կուտակված ջուրն ի վերջո գոլորշիանում է, իսկ հատակին մնում է աղը: Որոշ լճերի ջուրն այնքան աղի է, որ բույսեր ու կենդանիներ այնտեղ չեն կարողանում ապրել: Այդ պատճառով Մերձավոր Արևելքում գտնվող այդպիսի աղի լճերից մեկն անվանել են Մեռյալ ծով: Այստեղ հնարավոր չէ ո՜չ լողալ, ո՜չ սուզվել, նույնիսկ կարելի է պառկել ջրի մակերեսին:
Երկրագնդի ամենամեծ լիճը Կասպից ծովն է: Անցյալում այն միացած էր օվկիանոսի հետ, այսինքն՝ իսկական ծով էր: Իր հսկայական չափերի և ջրի մեջ լուծված աղերի բաղադրության պատճառով այն հիմա էլ ծով են անվանում:
Երկրագնդի ամենախոր լիճը Սիբիրում գտնվող Բայկալն է, որի միջին խորությունը 730 մ է, առավելագույնը՝ 1620 մ: Բայկալում կուտակված է աշխարհի մակերևութային անուշահամ ջրերի ողջ պաշարի 1/5-ը:
Լճերի են նման նաև մարդու ստեղծած արհեստական ջրավազանները, ինչպես, ասենք, Կարապի կամ Երևանյան լճերը: Դրանցից են նաև գետակների ամբարտակման հետևանքով առաջացած փոքր լճերն ու ջրառատ գետերի վրա կառուցված ջրէկների բարձր ամբարտակների առջև գոյացած վիթխարի ջրամբարները:
Մեծ է լճերի տնտեսական նշանակությունը: Դրանք առաջին հերթին ջրի աղբյուր են քաղաքներին ու բնակավայրերին խմելու ջուր մատակարարելու և ոռոգման համար: Խոշոր լճերն օգտագործվում են նաև տրանսպորտային, ձկնորսական նպատակներով: Շատ լճերից արդյունահանվում է աղ:
Մեծ լճերը զգալի ազդեցություն են գործում շրջապատի կլիմայի վրա: Լճափերը զբոսաշրջության և հանգստի կարևոր գոտիներ են:
   
  • Հոսուն լճերից ամենամեծը Վերին լիճն է Հյուսիսային Ամերիկայում:
  • Անհոսք լճերից ամենամեծը Կասպից ծովն է:
  • Ամենաբարձրադիր խոշոր լիճը Տիտիկական է Հարավային Ամերիկայում՝ ծովի մակերևույթից 3812մ բարձրության վրա:
  • Ամենացածրադիր լիճը Մեռյալ ծովն է, որը ծովի մակերևույթից ցածր է 405 մ-ով:
  • Ալյասկա թերակղզու հյուսիսում գտնվող Նավուկ լճի ջուրը բաժանված է երկու շերտի (վերինը քաղցրահամ է, ներքևինը՝ դառնաղի), որոնք իրար չեն խառնվում, և յուրաքանչյուր շերտ ունի իրեն բնորոշ կենդանական աշխարհը:
  • Բալխաշ լիճը Ուզուն-Արալ նեղուցով բաժանվում է 2 մասի. այն մասը, որի մեջ թափվում է Իլի գետը, քաղցրահամ է, իսկ մյուս մասը՝ աղի:
   
    
  • Ալժիրի Սիդի-Բել-Աբաս փոքր քաղաքի մոտ կա մի լիճ, որի ջուրն իսկական թանաք է: Լիճը զուրկ է կենդանական աշխարհից: