Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Լողաձևեր. ա. ազատ ոճ կամ կրոլ, բ. թիկնալող կամ կրոլ մեջքի վրա, գ. բրաս, դ. դելֆին:
Աքվալանգը սուզորդին տևականորեն ապահովում է թթվածնով:
Թռչունների մոտ 80 տեսակ սնունդ հայթայթելու համար սուզվում է ջրի տակ: Այս լուսանկարում պատկերված երկնագույն ալկիոնը մեծ արագությամբ նետվում է ջրի մեջ և ձկներ ու միջատներ որսում:
Լողը մարմինը կոփելու և համարձակություն զարգացնելու լավագույն միջոցներից է: Լողալ պետք է սովորել դեռևս վաղ հասակում: Գիտնականների ուսումնասիրությունները վկայում են, որ տակավին մի քանի ամսական երեխան արդեն կարող է իրեն պահել ջրի երեսին: Տարիքի հետ մարդն ավելի ու ավելի դժվարությամբ է հաղթահարում ջրի նկատմամբ վախը և սովորում մնալ ջրի վրա: Տարբերում են մարզական, բուժական, կենցաղային և խաղային լողի տեսակներ:
Մարզալողը միավորում է տարբեր մրցատարածությունների, կիրառական, ստորջրյա և գեղարվեստական լողերը:
Մարզական լողն ընդգրկում է 100–1500 մ տարածությունների մրցումները` կրոլ, բրաս, թիկնալող և դելֆին լողաձևերով:
Ազատ ոճով կամ կրոլով լողալիս մարզիկը պառկում է ջրի վրա և առաջ է շարժվում ձեռքերի ու ոտքերի շարժումներով: Սա ամենաարագընթաց մարզաոճն է: Բրաս լողաոճով լողալիս մարզիկն առաջ է շարժվում հիմնականում ոտքերի շարժումներով, որոնք նման են գորտի հետևի թաթերի շարժումներին: Թիկնալող կամ կրոլ մեջքի վրա լողաոճի ժամանակ մեջքով ջրի վրա պառկած մարզիկը հերթականությամբ գլխից առաջ է նետում ձեռքերը և դրանցով թիավարում: Դելֆին լողաոճն օգտագործվում է միայն մրցումներում: Այս ոճով լողալիս մարզիկը ջրի վրայով միաժամանակ առաջ է նետում 2 ձեռքերը և ոտքերով հարվածում է ջրին՝ վեր ու վար, իսկ իրանով կատարում է ալիքաձև շարժումներ:
Լողը ֆիզիկական վարժությունների լավագույն տեսակն է` հատկապես ծեր և թուլակազմ մարդկանց համար, որովհետև լողալիս մարմինը մասնակիորեն հենվում է ջրին: Ընդ որում՝ այդ ժամանակ վերջույթները կրում են նվազագույն ծանրաբեռնվածություն, իսկ մկաններն ու հոդերը, ինչպես հարկն է, մարզվում են, բարելավվում է մարդու սրտի և թոքերի աշխատանքը: 
Խոշոր մրցաշարերում լողորդի առավելագույն արագությունը 50 մ լողատարածքում 8 կմ/ժ է:
Կիրառական լողը ներառում է տարբեր երկարության և խորության սուզումներ, խեղդվողներին փրկելը, ջրային արգելքների հաղթահարումը: Գեղարվեստական կամ միաժամանակյա լողի դեպքում երաժշտության ուղեկցությամբ միայնակ, զույգերով կամ խմբով լողորդուհիները կատարում են ակրոբատիկ ջրային վարժություններ: 
Խաղային լողն ընդգրկում է տարբեր շարժուն խաղեր և զվարճություններ ջրում: 
Մարդը ջրի տակ կարող է գտնվել այնքան ժամանակ, որքան կարող է պահել շնչառությունը, այսինքն՝ մոտ 3 րոպե: Ստորջրյա շնչառական սարքը՝ աքվալանգը, սուզորդի օրգանիզմին մատակարարում է թթվածին և անհամեմատ մեծացնում է ջրի տակ նրա մնալու ժամանակը: Աքվալանգը 1940-ական թվականներին ստեղծել է ստորջրյա աշխարհի հետազոտող ֆրանսիացի Ժակ Իվ Կուստոն:
1896 թ-ից լողն ընդգրկված է օլիմպիական խաղերի ծրագրում: Անցկացվում են նաև Եվրոպայի և աշխարհի առաջնություններ: Համաշխարհային հռչակ վայելող լողորդներն են Մ. Սպիթցը, Ռ. Դեմոնթը, Ու. Մատեսը, Վ. Բուռեն, Գ. Պրոզումենշչիկովան և ուրիշներ: Հայ լողորդներից հայտնի են Փ. Փիլոյանը, Հ. Ջիլավյանը, իսկ ջրային մյուս մարզաձևերի ներկայացուցիչներից՝ ստորջրյա լողորդ Շ. Կարապետյանը (սահմանել է բազմաթիվ համաշխարհային ռեկորդներ), ջրացատկորդներ Ս. Քոչարյանը, Դ. Համբարձումյանը (Եվրոպայի բազմակի չեմպիոն, օլիմպիական խաղերի մրցանակակիր), ջրացատկորդուհի Ս. Էմիրզյանը (օլիմպիական խաղերի մրցանակակիր) և շատ ուրիշներ:

Ինչպես են լողում կենդանիները
Լողը և ջրասուզումները կենդանիների տեղաշարժման եղանակներ են: Գրեթե բոլոր կենդանիները, այդ թվում նաև ոզնին, կովն ու նույնիսկ խլուրդը կարողանում են լողալ: Սնունդ հայթայթելու կամ թշնամիներից թաքնվելու և փրկվելու համար բազմաթիվ կենդանիներ սուզվում են ջրում:
Լողալիս կենդանին շարժվում է առաջ՝ ջրից հետ հրվելով, և չի սուզվում, որովհետև նա նաև ջրից դուրս է մղվում` այն դեպի ներքև հրելով: Ջրում մեծ արագությամբ առաջ շարժվելու համար կենդանու մարմինը պետք է լինի շրջահոսելի, օրինակ՝ գլանաձև, որպեսզի լողալիս ջրի դիմադրությունը մեծ չլինի:
Ջրային կենդանիները հաճախ ունենում են վերջույթները ծածկող թաղանթներ, որոնք մեծացնում են ջրի հետ նրա հպման մակերեսը, իսկ լողալիս՝ հրման ուժը: Թաղանթավոր թաթեր ունեն ջրային թռչունները (բադեր, ճայեր) և կաթնասունները (ջրասամույր, կուղբ): Կրիաների ու ծովացուլերի վերջույթները վերափոխվել են լողաթևերի, իսկ դելֆինների և կետերի հզոր լողաթևերը գտնվում են պոչի վրա: Ձկները նույնպես լողում են լողաթևերով՝ լողակներով: Մանր ծովախեցգետինների և ծովային բազմաթիվ միջատների ոտքերի վրա աճում են կոշտ մազափնջեր, որոնք կատարում են լողաթևերի կամ լողաթաղանթների դեր: Որոշ ծովային կենդանիներ, օրինակ՝ մեդուզան և կաղամարը, շարժվում են ռեակտիվության սկզբունքով. նրանք ջուր են հավաքում մարմնի խոռոչի մեջ, ապա ուժով դուրս են մղում այն և հետհրման ուժով շարժվում են առաջ:
Բազմաթիվ ջրլող թռչուններ և ջրային կենդանիներ իրենց սնունդը հայթայթում են ջրում` մեծ խորություններ սուզվելով: Խռիկավոր կենդանիների համար դա հեշտ է, որովհետև սուզվելիս նրանք շնչում են ջրում լուծված թթվածնով: Իսկ մթնոլորտային օդի թթվածնով շնչող կաթնասունները չունեն արյան մեջ ազոտի վտանգավոր ներթափանցումը կանխարգելող միջոցներ. սուզվելուց առաջ նրանք խորը շունչ են քաշում և թթվածնով հագեցնում ջրի տակ աշխատող մկանները, միաժամանակ, այդ դեպքում նվազում է նաև թոքերում օդի պարունակությունը, և որպես հետևանք` կենդանու լողունակությունը, ու նա հեշտությամբ սուզվում է ջրի տակ: Այս բոլոր կենդանիները կարող են երկար ժամանակ պահել շնչառությունը: Դուրս գալով ջրի երես՝ նրանք սկսում են հաճախակի ու խորը շնչել և վերականգնում են արյան մեջ ու հյուսվածքներում թթվածնի պարունակությունը:
Ամենախորը սուզվող կաթնասունները կաշալոտներն են, որոնք սովորաբար սուզվում են մինչև 360 մ: Դրանց որոշ մասը կարող է հատել 1 կմ-ի նշագիծը: Կաշալոտները ջրում սուզված կարող են մնալ 20–60 րոպե: