Լուսանը կատվազգիների ընտանիքի գիշատիչ կաթնասուն կենդանի է: Տարածված է Եվրոպայում, Հյուսիսային, Միջին և մասամբ Առաջավոր Ասիայում, Հյուսիսային Ամերիկայում: ՀՀ-ում հանդիպում է Արարատի, Տավուշի, Լոռու, Կոտայքի, Սյունիքի, Գեղարքունիքի մարզերում: Բնակվում է անտառներում, անտառամերձ ժայռերում: Երբեմն լուսանին անվանում են վայրի կատու, թեև լուսանի և կատվի միջև շատ մեծ տարբերություններ կան. լուսանն անհամեմատ խոշոր է. մարմնի երկարությունը 82–109 (երբեմն՝ 150) սմ է, կենդանի զանգվածը՝ 8–17 (երբեմն՝ մինչև 32) կգ: Մարմինը կարճ է, ոտքերը երկար են և ուղիղ, թաթերը՝ լայն, կատվի մարմինը ձգված է, երկարուկ, ոտքերը կարճ են: Լուսանն ականջների ծայրերին ունի վեր ցցված վրձնաձև մազափունջ, իսկ այտերին՝ թավ այտամորուս: Լուսանի պոչը կարճ է (20–31 սմ) և ասես հատած լինի, գրեթե բոլոր կատուների պոչերը երկար են: Մատները միացած են մի ընդհանուր թաղանթով: Լուսանի մորթին հարդածխագույնից մինչև կարմրադեղնավուն է՝ միատարր կամ բծավոր: Լուսանի շարժումները հաստատուն են, նա ոտքերը դնում է ուղիղ՝ շան նման, թաղանթավոր թաթերի շնորհիվ կարող է վազել նույնիսկ փուխր ձյան վրայով: Այնուհանդերձ` լուսանը կատվազգի է. նա ևս հրաշալի ծառ է մագլցում, տեսնում է մթության մեջ: Ինչպես ընտանի կատուն, նա էլ հիանալի լսողություն և թույլ հոտառություն ունի: Լուսանը կարող է գաղտագողի մոտենալ որսին կամ ժամերով համբերությամբ դարանակալել: Նրա ավարն են դառնում մայրեհավերը, աքարներն ու եղնիկները: Որսում է նաև նապաստակներ, մկներ և այլ կրծողներ: Ընտանի կենդանիների վրա գրեթե չի հարձակվում: Ակտիվ է մթնշաղին և գիշերը: Լուսանն ունենում է 2–3 ձագ, որոնք նման են փիսիկների, բայց 2-3 շաբաթականում, երբ նրանք դեռևս կաթնակեր են, արդեն սկսում են ճպուռներ ու թռչնակներ որսալ: 2 ամսականում նրանք մոր հետ լքում են որջը, որը լուսանները սովորաբար սարքում են անփութորեն` ծառերի արմատների, թփերի տակ կամ փչակներում, և թափառական կյանք են սկսում: Լուսանն ապրում է 25 տարի: Արդյունագործական նշանակությունը մեծ չէ. օգտագործվում է միայն մորթին: Լիբիական վայրի կատուն (պահպանվել է Աֆրիկայում) ընտանեցվել է մ.թ.ա. IV–III հազարամյակներում Եգիպտոսում, որտեղ համարվել է սուրբ կենդանի: Ավելի ուշ այն տարվել է ուրիշ երկրներ:
|