Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Արու խլահավ 
Էգ խլահավ 
Մայրեհավ
Աքար
Այս բոլոր թռչուններն ունեն շատ ընդհանուր գծեր, սակայն արտաքուստ նման չեն միմյանց: Խլահավերը և մայրեհավերը պատկանում են հավազգիների կարգի մայրեհավերի (ցախաքլորներ) ընտանիքի տարբեր սեռերի, աքարները կազմում են թռչունների առանձին կարգ: Բնադրում են գետնին և հեռու չեն թռչում իրենց ապրելավայրից: Ձնառատ ձմռանը, ուշ երեկոներին, գիշերելու համար ծառից վայր են նետվում և խրվում ձյան մեջ: Ձմռանը դահուկներով սահելիս այս թռչուններին կարելի է տեսնել ձյունապատ հարթության վրա, երբ հանկարծ ոտքերիդ տակից դուրս է պրծնում մի ամբողջ երամ, և թևերի թափահարումից ձյունափոշին լցվում է աչքերդ: Ձագեր են հանում մայիսի վերջ-հունիսի սկզբին: Հավերի նման 3 շաբաթ թուխս են նստում: Ձվից նոր դուրս եկած ձագերը շրջում են մոր հետ, որը նրանց սովորեցնում է կեր հայթայթել, իսկ վտանգի դեպքում՝ թաքնվել խոտերի մեջ: Շատ շուտով ձագերն սկսում են ինքնուրույն սնվել ճանճերով, մրջյուններով ու հատապտուղներով: Ամռանը նրանց սիրած կերը գետնամորին է և ազնվամորին, աշնանը՝ հապալասը, մոշը, թթուհատը, լոռամրգին, խոտաբույսերի սերմերը: Ձմռանը սնվում են ծառերի բողբոջներով, սոճու, մայրու, գիհու ասեղնատերևներով, մայրու սերմերով: Ամռան տաք օրերին, զեռուններից մաքրվելու համար, սիրում են «լողանալ» ավազի մեջ: Այս բոլոր թռչունները գեր են՝ կարճ ու լայն թևերով: Քառամատ ոտքերն ուժեղ են և հարմարված են արագ վազելուն: Ունեն կարճ, հաստ, փոքր-ինչ կեռ կտուց: Վատ չեն թռչում, բայց հաճախ գերադասում են թշնամուց փրկվել վազքով:
Խլահավն ապրում է Եվրոպայի, Ասիայի ասեղնատերև խառնանտառներում: Նստակյաց թռչուն է, երբեմն չվում է: Հասուն արուի կենդանի զանգվածը 5–6 կգ է: 
Արու խլահավը շատ գեղեցիկ է: Նրա պարանոցն ու գլուխը մուգ մոխրագույն են՝ սև խալերով, քուջը սև է՝ կանաչափայլ երանգավորումով, կուրծքն ու վիզը թխաթույր են, մուգ փորիկի վրա կան սպիտակավուն պուտեր: Գարնանը աչքերից վեր աճում են կարմիր փետրահոնքեր: Կտուցը դեղնավարդագույն է: Կտուցի տակի փետուրները երկարավուն են և մորուք են հիշեցնում: 
Էգ խլահավը բաց շագանակագույն է՝ ժանգագույն ու սպիտակ խալերով: Երբ նստում է ճյուղերից ու չոր տերևներից հյուսված բնում, դառնում է աննկատ:
Գարնանը, երբ արու խլահավը երգում է, ոչինչ չի լսում (այստեղից՝ անվանումը): 
Մայրեհավը ավելի փոքր է, քան խլահավը: Հայտնի է 2 տեսակ՝ սովորական մայրեհավ՝ տարածված Եվրոպայի և Ասիայի անտառային ու անտառատափաստանային գոտիներում, և կովկասյան՝ տարածված Մեծ ու Փոքր Կովկասում: ՀՀ-ում հանդիպում է կովկասյան մայրեհավը. տարածված է հյուսիսային շրջանների անտառների և ալպիական գոտու սահմանագծին՝ կեչու պուրակներում:
Արուն ձյութի նման սև է՝ հազիվ նշմարելի կապտավուն երանգով: Աչքերից վեր կա կարմիր կատար, կտուցը սև է, թևատակերը՝ սպիտակ: Էգը շիկակարմիր է՝ խայտաբղետ, սևագորշ շերտերով:
Աքարն ընտանի աղավնուց քիչ մեծ է: Հայտնի Է 14 տեսակ: Տարածված է Հարավային Եվրոպայում, Ասիայում և Աֆրիկայում: Արարատյան դաշտում հանդիպում են սևափոր և սպիտակափոր աքարները:
Աքարը խայտաբղետ թռչուն Է: Մոխրագույն ֆոնի վրա սփռված են սև, գորշ, շիկակարմիր և սպիտակ պուտեր ու բծեր: Պոչը կարճ է՝ կլորավուն ծայրով: Գագաթին ունի շարժուն փետրափունջ: Աքարները ողջ ձմեռ ապրում են զույգերով: Իսկ գարնանը, երբ էգը թուխս է նստում, արուն եռանդագին պաշտպանում է նրա հանգիստը: