Այբուբեն
" and9999999999ԸՉ
"/*--9999999999ԹՊ
"/*--9999999999ԺՋ
-09999999999ԻՌ
-09999999999ԼՍ
/*--*9999999999ԽՎ
/*--*9999999999ԾՏ
099999conveԿՐ
099999s3ՀՑ
099999s3ՁՈւ
099999ԱՂՓ
099999ԲՃՔ
and 199999ԳՄՕ
and 199999ԴՅՖ
and(9999 99999ԵՆ
and(9999/99999ԶՇ
" and9999999999ԷՈ
Արագ Որոնում


S
Բնության մեջ տարածվածությամբ ծծումբը քիմիական տարրերի շարքում զբաղեցնում է 15-րդ տեղը: Երկրակեղևում նրա պարունակությունը 0,05% է (ըստ զանգվածի):
Բնության մեջ ծծումբը հանդիպում է ինչպես ազատ (բնածին ծծումբ), այնպես էլ միացությունների (սուլֆիդներ, սուլֆատներ) ձևով: Սուլֆիդային ծծումբը ներառում է ծծմբաջրածինը՝ H2S, ցինկի խաբուսիկը՝ ZnS, զինջարակը (կինովար)՝ HgS, կապարափայլը՝ PbS, պղնձափայլը՝ Cu2S, պիրիտը (ծծմբահրաքար)՝ FeS2և այլն: Սուլֆատային ծծումբը ներառում է գլաուբերյան աղը՝ Na2SO4.10H2O, գիպսը՝ CaSO4.2H2O, պղնձարջասպը՝ CuSO4.3H2O, երկաթարջասպը՝ FeSO4.7H2O, դառը աղը՝ MgSO4.7H2O: Կենսոլորտի բազմաթիվ շարժընթացների հետևանքով ծծումբը կուտակվում է հողի հումուսում, քարածխում, նավթում, ծովերում, օվկիանոսներում, ընդերքի ջրերում, լճերում:
Ծծումբը կյանքի համար կարևոր քիմիական տարր է: Այն պարունակվում է սպիտակուցներում (հատկապես՝ ձվի, մազի, եղունգի, փետուրի և այլն), որոշ վիտամիններում և հորմոններում (օրինակ` ինսուլինում):
Ծծումբը դեղին գույնի բյուրեղային նյութ է: Այն վատ է հաղորդում էլեկտրական հոսանքը և ջերմությունը:
Ծծումբն ունի մի քանի տարաձևություններ՝ շեղանկյուն, ասեղնաձև կամ մոնոկլինային և առաձգական, որոնք իրարից տարբերվում են բյուրեղական ցանցի կառուցվածքով ու մոլեկուլի կազմությամբ: Բնածին ծծումբը նրա շեղանկյուն տարաձևությունն է` կազմված 8 ատոմից (S8):
Ծծումբը ռեակցիայի մեջ է մտնում քիմիական տարրերի մեծ մասի հետ: 
Ծծմբի փոխազդեցությունը մետաղների հետ ուղեկցվում է ջերմության մեծ քանակների անջատմամբ: Թթվածնի հետ ծծումբն առաջացնում է օքսիդներ՝ ծծմբաթթվային (SO2) և ծծմբաթթվական (SO3) անհիդրիդներ: Ծծմբի միացությունը ջրածնի հետ` ծծմբաջրածինը (H2S), չափազանց թունավոր և նեխած ձվի հոտ ունեցող գազ է, որը միշտ առկա է նեխող օրգանական մնացորդներում: Ծծմբի հանքավայրերը հաճախ պարունակում են ծծմբաջրածնի զգալի քանակներ: Այն լավ վերականգնիչ է, որի շնորհիվ օգտագործվում է բազմազան քիմիական արտադրություններում:
Ծծումբը և նրա միացությունները կիրառվում են թուղթ, ռետին, էբոնիտ, լուցկի, սև վառոդ, գործվածքեղեն, դեղամիջոցներ, կոսմետիկական միջոցներ, պլաստմասսաներ, ներկանյութ, պարարտանյութ, թունաքիմիկատներ պատրաստելու համար: 
Աշխարհում ծծմբի խոշորագույն մատակարարներն են Ամերիկայի Միացյալ Նահանգները, Մեքսիկան և Իտալիան: Ծծումբ պարունակող հանքաքարեր կան նաև Հայաստանի որոշ (օրինակ` Ալավերդու և Կապանի) պղնձի հանքավայրերում: Ծծմբի արդյունահանման և արդյունաբերական ստացման ծավալները տարեցտարի աճում են ամբողջ աշխարհում:
Երբ որոշ երկրներում ծծմբի պաշարների կուտակումը գերազանցեց դրանց սպառումը, գիտնականները մշակեցին շինարարությունում լայնորեն կիրառվող նոր նյութեր՝ ջերմամեկուսիչ ծծմբական փրփրապլաստ, հատուկ բետոնե խառնուրդներ, ինչպես նաև ավտոմայրուղիների պատվածքներ, որոնցում ծծումբը մասամբ կամ լրիվ փոխարինում է պորտլանդ ցեմենտին:
Երբեմն ծծմբի դերը քիմիական արդյունաբերության մեջ համեմատում են սննդում հացի ունեցած դերի հետ և պետության արդյունաբերական հզորությունը պայմանավորում են այդ երկրում սպառվող ծծմբի քանակներով:
Ծծմբի օգտագործման պատմությունից
   Ծծումբը մարդկությանը հայտնի է հնագույն ժամանակներից: Այն հիշատակվում Է Աստվածաշնչում, Հոմերոսի պոեմներում: Ռազմական նպատակների համար ծծմբից պատրաստել են հրկիզող խառնուրդներ, օրինակ՝ «հունական կրակը»: Մոտավորապես XIII դարում Չինաստանում ծծումբը կիրառվել Է հրատեխնիկական նպատակներով: Նախկինում մարդիկ կարծում էին, թե այրվող ծծմբից առաջացած կապույտ բոցն ու սուր հոտը վանում են չարքերին: 
   Ծծումբը և նրա միացություններն օգտագործել են մաշկային հիվանդություններ (օրինակ՝ քոսը) բուժելու, ինչպես նաև այգեգործական նպատակներով: 
   Արաբ ալքիմիկոսները կարծում էին, թե բոլոր մետաղները կազմված են ծծմբի և սնդիկի խառնուրդից: Ծծումբը, որպես քիմիական տարր, առաջինը բացահայտել Է ֆրանսիացի քիմիկոս Ա. Լավուազիեն XVIII դարի վերջին: