Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Կաղնի. 1. ծաղկած ճյուղը (ա. իգական ծաղիկները, բ. արական ծաղիկները), 2. գարնանային շիվը, 3. կաղիններ՝ պտղակալներով, 4. ծլած կաղինը, 5. տերևը
Կաղնին հաճարազգիների ընտանիքի մշտադալար կամ տերևաթափ ծառերի, հազվադեպ՝ թփերի առանձին ցեղ է: Հյուսիսային կիսագնդի բարեխառն, արևադարձային և մերձարևադարձային գոտիներում աճում է կաղնու 500 (այլ տվյալներով՝ 600) տեսակ: ՀՀ-ում (Լոռու, Կոտայքի, Տավուշի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Սյունիքի և այլ մարզերում) տարածված է կաղնու 6 տեսակ՝ արևելյան կամ խոշորառէջ, արաքսյան, վրացական, ծակոտիավոր և այլն: Միատուն ծառ է, բարձրությունը՝ 40–50 մ: Առաջին 80 տարում կաղնին աճում է դեպի վեր` հասնելով մինչև 50 մ բարձրության, իսկ հետո ողջ կյանքի ընթացքում շարունակում է աճել լայնքով (հաստությամբ):
Տերևները հերթադիր են՝ կոշտ, կաշենման, բլթակավոր կամ ամբողջական, ատամնաեզր, կարճ կոթուններով, թավոտ կամ մերկ: Ծաղիկները մանր են, միասեռ: Պտուղը միասերմ կաղին է` հաճախ ամփոփված բաժականման փայտե պտղակալում: 
Կաղնին ապրում է 500–600 (երբեմն՝ մինչև 1000 և ավելի) տարի:
Կաղնին լուսասեր է, որոշ տեսակներ երաշտակայուն են, ցրտադիմացկուն, հողի նկատմամբ` քիչ պահանջկոտ:
Կաղնին առաջացնում է մաքուր և խառնանտառներ (հաճարենու, հացենու, բոխու հետ): Կաղնու անտառներն ունեն հողապաշտպան, ջրհավաք և ջրակարգավորիչ նշանակություն:
Բնափայտն ամուր է, դիմացկուն, նախշավոր, կիրառվում է նավաշինության, կահույքի և մանրատախտակի արտադրության, ատաղձագործության, տակառների պատրաստման և այլ բնագավառներում, խցանակաղնու կեղևից պատրաստում են խցան:
Կաղնու բնափայտը և կեղևը պարունակում են աղաղանյութեր,  C վիտամին, օսլա և այլն: Բժշկության մեջ կեղևի պատրաստուկներն օգտագործվում են որպես կապող և հականեխիչ միջոց: Շագանակատերև կաղնին գեղազարդիչ նպատակներով աճեցվում է այգիներում և պուրակներում: Երևանի շրջակայքի անտառաշերտերում կան կաղնու ներմուծված տեսակներ:
Արաքսյան և ծակոտիկավոր կաղնիները գրանցված են ՀՀ Կարմիր գրքում:
Կաղնին հայոց մեջ ընկալվել է  նաև որպես սրբազան ծառ, երկարակեցության, ուժի և հզորության խորհրդանիշ: