 | Աշխարհի ամենաերկար ճոպանաաշտարակային կամուրջը՝ 856 մ, Սենա գետի կամուրջն է Նորմանդիայում: |
 | Սան Ֆրանցիսկոյի «Ոսկե դարպասներ» կամուրջը աշխարհի ամենահայտնի կախովի կամուրջն է, երկարությունը՝ 1280 մ: |
 | Դավթաշենի կամուրջը Երևանում` Հրազդան գետի վրա |
 | Սանահինի հայտնի կամուրջը կառուցվել է XII դարի վերջին: |
Կիրճերի, գետերի և ջրամբարների վրայով գցված կամուրջներով անցնում են ավտոմոբիլային, երկաթուղային և հետիոտնի ճանապարհներ: Դրանք մեծ մասամբ հիմնական են՝ մշտական, սակայն կան նաև հավաքովի և բացովի կամուրջներ: Կամուրջ կառուցելուց առաջ ճարտարագետները հաշվարկում են նրա կառուցվածքն այնպես, որ այն դիմանա և՜ իր կշռին, և՜ նախատեսված ծանրաբեռնվածությանը: Գոյություն ունեն կամուրջների մի քանի տեսակներ: Հեծանային կամուրջներն ունեն երկու ծայրերում հենվող կոշտ, կրող հեծաններ: Այդ տեսակի կամուրջներն ամենահինն են. կառուցելիս օգտագործվում էին ափից ափ գցված ծառաբներ կամ քարասալեր: Ժամանակակից հեծանային կամուրջները հաճախ կառուցում են սնամեջ բետոնե կամ մետաղե հեծաններով: Հավաքովի կամուրջները քարե կամ փայտե հենարանների վրա հենված, երկու կամ ավելի սալերից կամ չորսու-հեծաններից կազմված հեծանային կամուրջներ են: Վանդակավոր ֆերմաներով հեծանային կամուրջների շինարարությունում հեծանների փոխարեն օգտագործում են մետաղե կոշտ հիմնակմախք: Բարձակավոր կամուրջները հեծանայինի նման ունեն երկար, կոշտ հենամեջային թռիչքներ: Սակայն դրանց թռիչքների հենարանները տեղադրված են կենտրոնում և ոչ թե կցվանքներում: Կամարակապ կամուրջների հիմնական ծանրաբեռնվածությունը կրում է երկու կողմերում գետնին հենվող կամարը: Կախովի կամուրջները ամենահարմարն են շատ մեծ հեռավորություններ միացնելու համար: Այս կամուրջներում ավտոճանապարհի կամ երկաթուղու համար նախատեսված հենամեջային թռիչքները պահվում են աշտարակաձև հենարանների միջև ձգված պողպատե ճոպաններով:Հին կախովի կամուրջներում պողպատաճոպանի փոխարեն օգտագործում էին շղթաներ և նույնիսկ պարաններ: Ճոպանաաշտարակային կամուրջներն ունեն աշտարակներին ամրացված պողպատե ճոպաններ, որոնք կրում են ողջ կամրջի ծանրաբեռնվածությունը և այն փոխանցում են աշտարակներին:
Կամրջաշինության պատմությունից Կամարակապ կամուրջներ կառուցվել են դեռևս մ.թ.ա. IV դարում Միջագետքում, այնուհետև` Եգիպտոսում, Հունաստանում, Հռոմում և Հայաստանում: Հին Հռոմում քարաշեն կամուրջները կառուցում էին հրաբխային մոխրի և կրի ջրային շաղախով: XVIII դարի վերջին երևան եկան ամբողջամետաղ (թուջե) կամուրջները, որոնցից առաջինը կառուցվել է 1779 թ-ին Կոլուբրուկդեյլում (Անգլիա): 1820 թ-ին շոտլանդացի ճարտարագետ Թոմաս Թելֆորդի կառուցած կռածո շղթաներով Սենայի կախովի կամուրջն առանց նորոգման ծառայեց ավելի քան 100 տարի: Այնուհետև թուջե կամարակապ կամուրջները տարածում գտան նաև այլ երկրներում: 1880-ական թվականներից կամուրջներն սկսեցին կառուցել պողպատից, որը երկաթից ավելի ամուր էր: XX դարի սկզբից տարածում գտան երկաթբետոնե, այնուհետև հավաքովի երկաթբետոնե կամուրջները: Հայաստանի հնագույն կամուրջները չեն պահպանվել, բայց որոշ կամուրջներ հիշատակվում են. օրինակ՝ մայրաքաղաք Արտաշատի (մ.թ.ա. II դար) Տափերական կոչված կամուրջը Արաքս գետի վրա, մյուսը՝ Մեծամոր գետի վրա և այլն: Հայաստանի ներկայիս տարածքում կանգուն կամ կիսավեր պահպանվել են մոտ 40 միջնադարյան, ուշ միջնադարյան կամուրջներ կամ դրանց հետքերը: Միջնադարյան Հայաստանում կամուրջները կառուցվել են բազալտից, տուֆից, կրաքարից, ավազաքարից, իսկ կապակցող նյութը եղել է կրաշաղախը: Կամրջաշինությունը լայն թափ է ստացել X–XIII դարերում` Անիի թագավորության ժամանակաշրջանում, որոշ չափով նաև հետագայում՝ XVI–XVII դարերում: Երևանում Հրազդան գետի վրա կառուցվել են «Հաղթանակ» (1945թ-ին), Հրազդանի Մեծ (1956թ-ին) և Դավթաշենի (1996թ-ին) կամուրջները, Հրազդանի կամուրջ-ջրանցույցը (1949թ-ին), Կոտայքի մարզում՝ Նուռնուսի կամուրջը (1985թ-ին):
|