Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Կենդանիները կազմում են բջջային օրգանիզմների կայսրության կորիզավորների վերնաթագավորության 3 (մյուս 2-ը՝ սնկերն ու բույսերն են) թագավորություններից մեկը: 
Ի տարբերություն բույսերի՝ կենդանիներն աճում են կյանքի միայն սկզբնական շրջանում, ինքնուրույն չեն կարող օրգանական նյութեր սինթեզել, օժտված են ակտիվ շարժունակությամբ ու բարձր զգայունությամբ և ունեն կառուցվածքային ու կենսաքիմիական մի շարք առանձնահատկություններ: Կենդանիները հավանաբար առաջացել են շուրջ 1–1,5 մլրդ տարի առաջ՝ ծովում: Ցամաքային կենդանիները սկիզբ են առել ծովային և քաղցրահամ ջրային ձևերից: Երկրի վրա կենդանիներն ապրում են գրեթե ամենուրեք՝ բևեռային շրջաններից մինչև շոգ, չոր անապատներն ու խոնավ մերձարևադարձային անտառները:
Կենդանիները բաժանվում են միաբջիջների և բազմաբջիջների: Միաբջիջներից են նախակենդանիները (մտրակավորներ, սպորավորներ, կնիդիոսպորիդներ, ինֆուզորիաներ): Մնացած բոլոր կենդանիները պատկանում են 2-րդ խմբին, որոնց մարմնի կազմությունը խիստ բարդացել է, բջիջները տարբերակվել են, և գոյացել են հյուսվածքներ, օրգաններ ու օրգանների համակարգեր (օրինակ՝ մարսողության, արտաթորության, բազմացման, նյարդային և այլն): Ի հայտ են եկել օրգանիզմի ներքին միջավայրն ապահովող հատուկ հարմարանքներ:
Կենդանիների մեծամասնությունը խխունջների կամ ձիերի նման բուսակեր է: Մյուսները, օրինակ՝ առյուծներն ու շնաձկները, գիշատիչներ են (սնվում են ուրիշ կենդանիներով): Երրորդները, ինչպես մարդը և որդերը, ամենակեր են: Գոյություն ունեն նաև լեշակերներ, ինչպես անգղերը և որոշ սարդեր (սնվում են սատկած կենդանիներով կամ բույսերի մահացած մասերով):

Ողնաշարավորներ և 
անողնաշարավորներ
Ողնաշարավոր կենդանիների մարմինը պահում են առանցքային կմախքը և ուրիշ ոսկրեր: Ողնաշարավորները բաժանվում են 5 հիմնական խմբերի` ձկներ, երկկենցաղներ, սողուններ, թռչուններ և կաթնասուններ: Ողնաշարավորների շարքն են դասվում գրեթե բոլոր խոշոր մարմնակազմվածք ունեցող կենդանիները: Գոյություն ունեն նաև բազմատեսակ անողնաշարավոր կենդանիներ (օրինակ՝ միջատները, կաղամարները, խխունջները, մեդուզաները), որոնք թեպետ ներքին կմախք չունեն, սակայն նրանց մարմինը պահում է ներքին կամ արտաքին կարծր ծածկույթը:
Հայտնի է ողնաշարավոր կենդանիների մոտ 50 հզ. տեսակ: Հնարավոր է, որ դա Երկրի վրա գոյություն ունեցող կենդանիների 1%-ից էլ քիչ է:

Ջերմակարգավորումը
Կենդանիները, ըստ մարմնի ջերմաստիճանի կայունության, բաժանվում են տաքարյունների և սառնարյունների: Կենդանիները (օրինակ՝ թռչունները և կաթնասունները) ունեն մարմնի կայուն ջերմաստիճան և ակտիվ են՝  անկախ շրջակա միջավայրի ջերմաստիճանից: Դրա համար այդ կենդանիները պետք է կանոնավոր սնվեն ու կարողանան օրգանիզմն ապահովել անհրաժեշտ էներգիայով: 
Կենդանիների մեծ մասը՝ ձկները, երկկենցաղները, ինչպես նաև անողնաշարավորները սառնարյուն են. նրանց մարմնի ջերմաստիճանը կախված է արտաքին պայմաններից՝ մեկ նվազում է, մեկ բարձրանում: Երբ արևը դուրս է գալիս, ու շոգ է, նրանց մարմնի ջերմաստիճանը բարձրանում է, և կենդանիները կարող են լիովին ակտիվ լինել (դրանով է բացատրվում, օրինակ, օձերի ակտիվությունն ամռանը), իսկ գիշերը կամ ձմռանը նրանց մարմնի ջերմաստիճանը կտրուկ իջնում է, և շարժունակությունը նվազում է: Այդպիսի կենսակերպի առավելությունն այն է, որ կերի մեծ քանակություն չի պահանջվում:

Բազմացումը
Կենդանիների մեծամասնությունն ունի 2 սեռ, և զուգավորումից հետո ծնում են սերունդներ: Սակայն որոշ տեսակների (օրինակ՝ լվիճների, ջրալվերի) մեծամասնությունն էգեր են, որոնք կարող են բազմանալ առանց արուների: Գոյություն ունեն նաև կենդանիների ոչ մեծ թվով տեսակներ (օրինակ՝ խաղողի խխունջը), որոնց 1 անհատը կարող է արտադրել և՜ իգական, և՜ արական սեռական բջիջներ: Մյուսները (օրինակ՝ ոստրեները և որոշ ձկներ) կյանքի որոշակի փուլերում և ապրելավայրի փոփոխությունների դեպքում կարող են սեռափոխվել: Եվ, վերջապես, ծովային ակտինիայի նման կենդանիները կարող են բազմանալ պարզ կիսման ճանապարհով՝ մի քանի մասերի բաժանվելով: Կենդանիների որոշ տեսակներ արտադրում են հսկայական թվով սերունդներ, որոնց մեծ մասը ոչնչանում է՝ չհասնելով սեռական հասունացման: Նրանք, որոնց կյանքի տևողությունը երկար է և որոնք խնամք են տանում սերունդների նկատմամբ, սակավ պտղաբեր են: Սովորաբար էգն է կրում սերնդի աճման ու զարգացման հոգսը: Սակայն կան տեսակներ, որոնց էգերն ու արուները հոգում են հավասարապես, իսկ որոշ տեսակների էլ արուներն  են իրենց վրա վերցնում ձագերի խնամքը:
Չափազանց մեծ է կենդանիների դերը մարդու կյանքում: Հնագույն ժամանակներից ի վեր որոշ կենդանիներ օգտագործվել են որպես սննդի աղբյուր: Կան նաև մակաբույծ տեսակներ, տարբեր հիվանդություններ տարածողներ, գյուղատնտեսական վնասատուներ, սննդամթերքը փչացնողներ և այլն: Կենդանիների նկատմամբ անհաշվենկատ սպառողական վերաբերմունքը հանգեցրել է այն բանին, որ վայրի կենդանիների շատ տեսակներ իսպառ վերացել են: Եղածը պահպանելու նպատակով վերջին շրջանում ստեղծվել են արգելոցներ, արգելավայրեր, ազգային պարկեր, և հետեվողականորեն վերահսկվում է դրանց գործունեությունը:
Ռեկորդակիր կենդանիներ
  • Ամենախոշոր կենդանին կապույտ կետն է. նրա երկարությունը 33 մ է, զանգվածը՝ մոտ 120 տ:
  • Ամենաբարձր կենդանին ընձուղտն է. բարձրությունը 5,8 մ է: 
  • Ամենախոշոր ցամաքային կենդանին աֆրիկական փիղն է, նրա մնդավի բարձրությունը 3,2 մ է, զանգվածը՝ 8 տ:
  •  Ամենաարագավազ ցամաքային կենդանին վագրակատուն է. այն կարող է զարգացնել մինչև 100 կմ/ժ արագություն:
  • Ամենափոքր կաթնասունը սրընչակների ընտանիքի թզուկ սպիտակատամն է. մարմնի երկարությունը 3–7 սմ է, զանգվածը՝ մոտ 2 գ:ՀՀ-ում հանդիպում է ողնաշարավորների մոտ 460 տեսակ. այդ թվում` ձկներ՝ 39, երկկենցաղներ՝ 6, սողուններ՝ 53, թռչուններ՝ 349, կաթնասուններ՝ 83: Անողնաշարավորներից ՀՀ-ում հանդիպում են նախակենդանիներ (15 հզ.), որդեր (մոտ 580), հոդվածոտանիներ (9 հզ., որից 8 հզ-ը՝ միջատներ), փափկամարմիններ (155):