Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Կապույտ կետն  աշխարհի ամենամեծ կենդանին է. երկարությունը 33 մ է, կենդանի զանգվածը՝ 120 տ:
Կաշալոտ
Դելֆին
Կետերը և դելֆինները պատկանում են ջրային կաթնասունների կետանմանների կարգին: Մարմնի շրջահոսուն ձևով, հարթ մաշկով և ջրային միջավայրում լավ հարմարվելու ունակությամբ կետանմանները նման են ձկներին, սակայն նրանք ծնում են ձագեր և նրանց սնում կաթով:

Կետեր
Գոյություն ունի կետանմանների 84 տեսակ՝ միավորված 2 ենթակարգում. ատամնավոր կետեր՝ 5 ընտանիքով (գետային դելֆիններ, դելֆիններ, միաժանի կետեր, կաշալոտներ, կտցադնչավոր կետեր), և բեղավոր (անատամ) կետեր՝ 3 ընտանիքով (հարթ կետեր, գորշ կետեր, զոլավոր կետեր):
Կետերը բնակվում են բոլոր օվկիանոսներում, գետային դելֆինները՝ խոշոր գետերում: Կետերի մարմինը մերկ է, իլիկանման և աննկատելիորեն վերածվում է պոչի, որը վերջանում է հորիզոնական երկթիակ լողակով: Առջևի վերջույթները վերափոխվել են կրծքային լողակների, հետիններն անհետացել են: Մազածածկը, քրտնա-, ճարպագեղձերը և արտաքին ականջը հետզարգացած են: Ենթամաշկային ճարպաշերտը շատ հաստ է, որը փոքրացնում է մարմնի տեսակարար կշիռը և նվազեցնում ջերմային կորուստը: Քթային շնչառական անցքերը տեղադրված են քունքերի վրա. նրանք ունեն փականներ, որոնք բացվում են միայն արտաշընչման-ներշնչման պահին (տևում է 0,3–0,7վ): Ուժգին արտաշնչած օդն առաջացնում է ջրի շատրվան:
Որոշ կետեր (օրինակ՝ կաշալոտները) սնունդ հայթայթելիս կարող են սուզվել մինչև 1000 մ և ջրի տակ մնալ 15–60 ր: Լավ զարգացած են լսողությունը, համի, շոշափելիքի և մաշկային զգացողությունները: Շոշափելիքի օրգան են ծառայում գլխի վրայի զգայուն երկար մազիկները (վիբրիսներ): Տեսողությունը թույլ է: Ատամնավոր կետերն ունեն մինչև 240 ատամ, որոնցով նրանք հավաքում են ձկներին ու կաղամարներին և պահում բերանում: Բեղավոր կետերի քիմքի վրա կան եղջրային գոյացություններ («բեղեր»), որոնցով պլանկտոնը զատում են ջրից: Բոլոր բեղավոր կետերը հսկաներ են, որոնցից ամենախոշորը (աշխարհի ամենամեծ կենդանին) կապույտ կետն է (երկարությունը 33 մ է, կենդանի զանգվածը՝ 150 տ):
Կետերի մի քանի տեսակներ միմյանց հետ հաղորդակցվում են ձայների օգնությամբ, որը կոչվում է «կետերի երգ»: Խոչընդոտների կամ կուտակված կերի տեղի մասին նրանք կարող են իմանալ անդրադարձող ձայնի օգնությամբ: Կետերը ծնում են 1 խոշոր ձագ: Ապրում են հոտերով կամ ընտանիքով: Կյանքի տևողությունը 30–50 տարի է:
Կետերը հյուսիսային ժողովուրդների համար եղել են մսի և ճարպի աղբյուր: Չափավոր որսն այդ կենդանիներին էական վնաս չի պատճառել, սակայն խոշորածավալ կետորսությունը կետերի շատ տեսակների հասցրել է անհետացման եզրին. նրանք այժմ պաշտպանության տակ են առնված:
Կետորսությունը կարգավորում է Միջազգային կետորսության հանձնաժողովը, որն ստեղծվել է 1946 թ-ին:

Դելֆիններ
Հայտնի է դելֆինների 40 տեսակ: Դելֆինների մարմնի երկարությունը 1–3 (երբեմն՝ մինչև 10) մ է: Ունեն կտցանման երկար դունչ, 70-ից ավելի ատամ, մեծ մասը՝ նաև մեջքային լողակ: Դելֆինների գունավորումը տարբեր է: Սովորաբար նրանք ապրում են վտառներով՝ յուրաքանչյուրում 15–40 կենդանի: Լողում են ժամում մինչև 50 կմ արագությամբ: Չնայած ջրում ապրելուն՝ օդ են շնչում: Սնվում են ձկներով, գլխոտանի փափկամարմիներով, երբեմն՝ խեցգետնակերպներով: Ունենում են 1 ձագ, որին 4–6 ամիս կերակրում են կաթով: Խոշոր դելֆիններն ապրում են 50, մանրերը՝ 30 տարի: Կան նստակյաց և գաղթող տեսակներ:
Երբ դելֆիններից մեկն օգնություն է կանչում, ընկերները սրընթաց լողալով մոտենում են, բռնում նրան 2 կողմից և պահում ջրի վրա, որպեսզի նա կարողանա շնչել: Նույն կերպ նրանք օգնում են նաև խեղդվող մարդուն:
Դելֆիններն իրենց ձայնատեղորոշիչ հատկության և նուրբ լսողության շնորհիվ շատ լավ կողմնորոշվում են ջրում (նույնիսկ` շատ պղտոր) և մթության մեջ: Ձայնաազդանշանային օրգանը տեղավորված է քթանցքում: Ուղեղի մեծ չափերի շնորհիվ դելֆինները կարող են վերամշակել բազմաթիվ ձայնային և այլ տեղեկություններ:
Դելֆինները միմյանց հետ հաղորդակցվում են սուլոցի և չպպոցների նմանվող ձայներով: Նրանք կարող են նմանակել նաև մարդկային խոսքը:
Դելֆիններին փորձում են վարժեցնել ձկնորսության, կապի և ստորջրյա այլ աշխատանքներ կատարելուն, ինչպես նաև նրանց մարմնին ամրացրած տվիչների (չափիչ, ազդանշանային, կարգավորիչ կամ կառավարող հարմարանքների տարր) օգնությամբ օվկիանոսի տարբեր խորություններում հոսանքների, ռադիոակտիվության, ջերմաստիճանի, աղայնության մասին տվյալներ ստանալու համար: Ուսումնասիրվում են նաև դելֆիններին ականների, խորտակված նավերի, սուզանավերի հայտնաբերման համար օգտագործելու հնարավորությունները:
Դելֆինների որոշ տեսակներ ունեն արդյունագործական նշանակություն. օգտագործվում է նրանց միսը և ճարպը:
  • Վաղուց ի վեր դելֆինների ընկերասիրության մասին զարմանահրաշ պատմություններ են պատմում: Ըստ հունական մի լեգենդի՝ դելֆինն ամեն օր ծովածոցով մի տղայի էր  տանում դպրոց ու հետ բերում: Ստացվել է այնպես, որ տղան հիվանդացել ու մահացել է: Իր փոքրիկ բարեկամին երկար սպասելով` կարոտից մեռել է նաև դելֆինը: 
  • Հույն պատմիչը վկայում է, որ դելֆինները ձկնորսներին օգնում էին ձկները քշելու ուռկանների մեջ  և իբրև պարգև ստանում էին գինու մեջ թրջած հացի կտորներ: 
  • Նոր Զելանդիայում` Ծովակալության ծոցում, մի դելֆին 30 տարի շարունակ ուղեկցում էր նավերը, և նրա պաշտպանության համար հատուկ օրենք էր ընդունվել:
  • Կետերը, ինչպես բոլոր կաթնասունները, տաքարյուն են: Մարմնի ջերմության կորստից նրանց պաշտպանում է հաստ ճարպաշերտը: