 | 1451թ., Ջենովա 1506թ., Վալյադոլիդ, Իսպանիա
Իտալացի ճանապարհորդ Ք. Կոլումբոսի հայտնագործություններն ունեն համաշխարհային նշանակություն: Նա է հայտնագործել Ամերիկա մայրցամաքը, և սկսվել է Աշխարահագրական մեծ հայտնագործությունների դարաշրջանը:
|
Իտալացի ծովագնաց Քրիստափոր Կոլումբոսը, XV դարի վերջին Հնդկաստան և Չինաստան տանող ծովային ուղի գտնելու նպատակով, հիմնվելով արդեն հաստատված Երկրի գնդաձևության գաղափարի վրա, վճռեց նավարկել ոչ թե դեպի արևելք` Աֆրիկայի շուրջը, այլ դեպի Արևմուտք` կտրելով Ատալնտյան օվկիանոսը: Ճամփորդությունից առաջ Կոլումբոսի և կառավարության միջև կնքվել է մի պայմանագիր, ըստ որի` նա ժառանգական իրավունքներով նշանակվում էր օվկիանոսում հայտնագործված բոլոր կղզիների ու ծովերի ծովակալ, փոխարքա և գեներալ նահանգապետ: Կոլումբոսն առաջին ճանապարհորդության (1492–93 թթ.) դուրս եկավ երեք եռակայմ առագաստանավերով («Սանտա Մարիա», «Նինյա», «Պինտա»): Կոլումբոսի առաջին հայտնագործությունն ամբողջովին ջրիմուռներով ծածկված Սարգասյան ծովն էր, այնուհետև` մի փոքր կղզի, որն անվանեց Սան Սալվադոր (Սուրբ Փրկիչ): Դրան հաջորդեցին Կարիբյան ծովի կղզիները, այդ թվում` Կուբան, որն անվանեց Սիպանգոն կամ Ճապոնիա (այստեղ նրանք առաջին անգամ տեսան եգիպտացորեն, կարտոֆիլ, ծխախոտ, որոնք Եվրոպայում չէին աճում), հայտնագործեց Հայիթին (որն անվանեց Էսպանյոլա՝ Փոքր Իսպանիա) և էլի շատ կղզիներ: Եվ որովհետև, Կոլումբոսը կարծում էր, թե ինքը Արևմտյան Հնդկաստան (Վեստ Ինդիա) է հասել, այդ կղզիների բնիկներին անվանեց հնդկացիներ: Կոլումբոսի համար անհասկանալի էր, սակայն, թե ինչու իր հայտնագործած «Հնդկաստանում» չկան սևամորթներ և հսկայական հարստություններ, ինչպես պատմում էին: Երկրորդ (1495–96 թթ.), երրորդ (1498–1500 թթ.) և չորրորդ (1502–04 թթ.) նավարկությունների ժամանակ Կոլումբոսը հայտնագործեց բազմաթիվ կղզիներ, երրորդ նավարկության ժամանակ` 1498թ-ի օգոստոսին, նաև` ցամաքամաս, որն այնքան համառորեն որոնում էին: Փաստորեն եվրոպացիներն առաջին անգամ ոտք դրեցին Հարավային Ամերիկա մայրցամաք: Կոլումբոսի հայտնագործած այդ աշխարհամասում իսպանացիներն սկսեցին հողեր զավթել և հիմնել իրենց բնակավայրերը: Ու թեև Ամերիկան անվանակոչվեց իտալացի ծովագնաց Ամերիգո Վեսպուչիի անունով, սակայն այսօր Կոլումբոսն է ճանաչված որպես Ամերիկայի առաջին հայտնագործողը: 1992 թ-ին նշվել է Կոլումբոսի հռչակավոր նավարկության 500-ամյակը:
|