Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Կռզիները ծաղկում են վառ, տարագույն, գեղեցիկ ծաղիկներով, որոնք ապրում են մի քանի ժամից մինչև 14 օր:
Կռզիները (կակտուսներ) խմբված են երկշաքիլ բազմամյա բույսերի ընտանիքում: Հայտնի է կռզիների մի քանի հարյուր տեսակ: Հայրենիքը Հյուսիսային և Կենտրոնական Ամերիկան է: Աճում են արևադարձային և մերձարևադարձային անապատներում, լեռնային հովիտներում, տափաստաններում, ծովափերին: Կռզիների որոշ բուսակյաց (էպիֆիտ) տեսակներ տարածված են խոնավ արևադարձային անտառներում (ծառերի բներում և ճյուղերի վրա):
Ցողունն արտաքինից գնդաձև է, գլանաձև, ձվաձև, երբեմն՝ հատվածավոր: Կան 1 սմ բարձրությամբ ու մի քանի գրամ զանգվածով «մատնաչափիկներ» և 25 մ բարձրությամբ և տոննաներ կշռող հսկաներ: Տերևները (բացառությամբ 2 տեսակի) վերափոխվել են փշերի, մազիկների ու խոզանների, որոնք խիտ ծածկում են ցողունները: Վերջիններն ունեն խիստ զարգացած ջրատար պարենքիմ (խոշոր տեսակները կարող են պարունակել մինչև 200 լ ջուր): Բջիջներում պարունակվող լորձային նյութերը դժվարացնում են ջրի գոլորշիացումը: Ամենաշոգ եղանակին անգամ կռզիներն իրենց ցողուններում խոնավություն են պահում և մնում հյութալի: Փշերը կռզիներին պաշտպանում են խոշոր կենդանիներից: Անապատներում կռզիները հաճախ են ճանապարհորդներին փրկում սովից ու ծարավից:
Ծաղիկները հիմնականում խոշոր են, մեկական, երբեմն՝ գագաթնային հուրանում խմբված: Պսակաթերթերը շատ են, վառ կարմիր, մանուշակագույն, դեղին, սպիտակ, նարնջագույն, կանաչ: «Գիշերային թագուհի» կոչվող կռզու ծաղկաթերթիկի երկարությունը հասնում է մինչև 14 սմ-ի: Ծաղկում են երեկոյան կամ գիշերը, փոշոտվում միջատների, թռչունների միջոցով: Պտուղը բազմասերմ է, մսոտ, հատապտղանման, երբեմն՝ չոր: 
Հնդկացիները կռզին համարել են սուրբ բույս: Նրանք որոշ տեսակների պտուղներն ու երիտասարդ ցողուններն օգտագործում են որպես սնունդ, որոշ տեսակներ՝ որպես անասնակեր (փշերը մաքրելուց հետո): Մեծ կռզիների փայտանյութից կառուցում են կացարաններ, պատրաստում կահույք, զանազան
իրեր: Կիրառում են նաև որպես կանաչ ցանկապատ: Որպես գեղազարդիչ բույսեր՝ պահվում են ջերմատներում և սենյակներում: Կռզիների աճումը, ծաղկումը և պտղաբերումը տևում է 6–7 ամիս, այնուհետև բույսն անցնում է հանգստի շրջան: Ուստի ձմռանը պետք է պահել 5–6, 8–12օC պայմաններում և քիչ ջրել, ամռանը՝ լուսավոր, տաք, մաքուր օդով ապահովված տեղում և առատ ջրել:
Բազմացվում են սերմերով, կտրոններով, երբեմն՝ պատվաստմամբ (մայիս-օգոստոսին):
  • Ամենամեծ կռզին՝ սագուարոն (կամ հսկա կռզի), աճում է ԱՄՆ-ի հարավ-արևմուտքում և Մեքսիկայում: Բարձրությունը մինչև 20 մ է, հաստությունը՝ 60 սմ, զանգվածը՝ մինչև 12 տ, կարող է ապրել մինչև 200 տարի:
  • Կռզին օթևան է տարբեր կենդանիների համար. թիթեռները, թիթեռնիկները, կոլիբրիները նստում են նրա վառ գունավորված ծաղիկների վրա: Իսկ ցողունի վրայի անցքերն ու փոսերը կացարան են անապատային կրծողների և մանր թռչունների համար: