Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Անհատական համակարգչի տարրերը. 
1. մոնիտոր, 2. արտաքին հիշող սարք, 3. բարձրախոսներ, 4. ստեղնաշար, 
5. «մկնիկ»
Համակարգիչներն էլեկտրոնային համակարգեր են, որոնք ծրագրավորվում են բազմապիսի խնդիրներ լուծելու համար: Դպրոցներում, գրասենյակներում և տանը դրանցով ձևակերպում են փաստաթղթեր, ստեղծում մանրակերտներ, կատարում բարդ հաշվարկներ, պահպանում վիթխարի քանակությամբ տեղեկույթ: Միկրոհամակարգիչներն աշխատում են նաև լվացքի մեքենաներում, միկրոալիքային վառարաններում և բազմաթիվ այլ սարքերում:
Համակարգիչը կատարում է իր էլեկտրոնային հիշողության մեջ ներդրվող հրահանգները, որոնց հաջորդականությունն անվանում են ծրագիր: Համակարգիչը կարող է կատարել ցանկացած գործառույթ՝ աշխատել և՜ որպես տեքստային պրոցեսոր, և՜ որպես հանրագիտարան, և՜ որպես մաթեմատիկական հզոր հաշվիչ, նույնիսկ կարող է կառավարել ինքնաթիռը, եթե հանդերձված լինի համապատասխան ծրագրերով:

Համակարգչի ապարատային և 
ծրագրային ապահովումը
Համակարգիչը բաղկացած է ապարատային և ծրագրային ապահովման մասերից: Ապարատային ապահովումը կազմում են պրոցեսորը, մոնիտորը և ստեղնաշարը: Ծրագրային ապահովումը ծրագրերի այն ամբողջությունն է, որն օգտագործվում է համակարգչում հիմնական գործողությունները կատարելու, օրինակ՝ բառերն ու պատկերներն էկրանի վրա պատկերելու համար: Իսկ ծրագրային կիրառական ապահովումը (հավելվածը) առանձին ծրագրեր են, որոնք համակարգչին հնարավորություն են տալիս կատարելու որոշակի գործառույթներ՝ մշակել տեքստը, պահպանել տեղեկույթը, հաշվարկներ կատարել կամ խաղեր խաղալ:

Ինչպես է կառուցված 
համակարգիչը
Յուրաքանչյուր համակարգչի «սիրտը» միկրոչիփն է՝ բարդագույն էլեկտրոնային սխեմաներով սիլիցիումի փոքրիկ թիթեղը: Այն կոչվում է միկրոպրոցեսոր: Համակարգչի այս հատվածամասը կատարում է բոլոր հաշվարկները և մշակում կատարվող ծրագրի հրահանգները: Միկրոպրոցեսորն իրավացիորեն համարվում է անհատական համակարգիչների «էլեկտրոնային ուղեղը»: 
Ծրագրեր և տվյալներ պահելու համար համակարգիչն ունի նաև հիշողության միկրոսխեմաների հավաքածու: Կա հիշողության 2 տեսակ՝ գործութային (օպերատիվ) և հիմնային: Գործութային հիշողությունը համակարգչին հնարավորություն է տալիս հիշելու տվյալները և ապահովում է դրանց արագ ստացումը: Գործութային հիշողության մեջ պահվող ամեն ինչ ջնջվում է համակարգիչն անջատելուց հետո: Հիմնային հիշողության մեջ պահվում են այն անփոփոխ տվյալները, որոնք մշտապես օգտագործվում են: Այդ տվյալները չեն ջնջվում համակարգիչն անջատելուց հետո:

Լրացուցիչ (ծայրամասային) 
սարքեր
Սրանք հիմնականում ներմուծիչ և արտանցիչ սարքեր են:
Ներմուծիչ սարքերը նախատեսված են համակարգչի մեջ տվյալներ ներմուծելու համար. դրանցից ամենատարածվածը ստեղնաշարն է, ապա՝ «մկնիկը», CD–ROM-ը, տեսածրիչները (սկաներ), միկրոֆոններն ու թվային խցիկները: 
Արտանցիչ սարքերն ապահովում են տեղեկույթի ստացումը համակարգչից, որոնցից ամենակարևորներն են էկրանի վրա պատկերներ արտացոլող մոնիտորը և թղթի վրա տվյալներ տպող տպիչները: Արտանցիչ սարքեր են նաև բարձրախոսներն ու ականջակալները, որոնցով ձայնային տեղեկույթ է ստացվում:
Որոշ լրացուցիչ սարքեր կիրառվում են տվյալների միաժամանակյա ներմուծման և արտանցման համար: Դրանցից ամենատարածվածը տվյալները մագնիսական սկավառակների վրա գրանցելու և տեղեկույթը սկավառակներից կարդալու համար նախատեսված սկավառակատարն է: Մագնիսական սկավառակները լինում են ճկուն կամ դիսկետ և կոշտ կամ վինչեստր: Պնակիտները կամ ամփոփ սկավառակները՝ CD-ներ (compact disk) և DVD-ներ (digital video disk` թվային տեսասկավառակ), հիմնականում օգտագործվում են մեծ ծավալով տվյալներ պահպանելու համար:
Մոդեմը ներմուծիչ-արտանցիչ համակարգ է, որը հնարավորություն է տալիս հեռախոսային կապուղով մի համակարգչից մյուսը տվյալներ հաղորդել և նույն եղանակով տեղեկույթ ստանալ:

Ինչպես աշխատել 
համակարգչով
Համակարգիչներով աշխատելիս պետք է իմանալ՝
1. Դրանք աշխատում են միայն նախապես մուտքագրված որոշակի ծրագրերով: 
2.Ծրագիրը հաջորդական հրահանգների ամբողջություն է՝ որոշակի խնդիր լուծելու համար: 
3. Ծրագրի հրահանգները կատարվում են նշված հերթականությամբ՝ քայլ առ քայլ: 
4. Հրահանգները և միջանկյալ արդյունքները պահելու համար պահանջվում են որոշակի քանակությամբ հիշողության բջիջներ: 
5. Հիշողության բջիջներն ունեն իրենց «հասցեները»:
Դուք, անշուշտ, արդեն նկատեցիք, որ անհատական համակարգիչը ոչ թե մեկ ամբողջական սարք է, այլ բաղկացած է առանձին հատվածամասերից, ինչը հնարավորություն է տալիս որևէ մասի խափանման դեպքում համակարգիչն աշխատեցնել՝ ընդամենը խափանված հատվածամասը նորոգելով կամ նորով փոխարինելով: Իսկ առանձին հատվածամասերը միմյանց և մեքենան հոսանքի աղբյուրին կարող է միացնել ցանկացած մարդ, քանի որ հաղորդալարերի ծայրերը հանդերձված են միացման այնպիսի միաժանիներով (շտեկերներ), որոնք, իրենց բնիկներից բացի, այլ տեղ չեն մտնում:
Ներկայումս համակարգիչները լայն կիրառություն ունեն տնտեսության և գիտության տարբեր բնագավառներում:
Դրանք զգալիորեն թեթևացրել են նաև գրահրատարակչական գործը: Հրատարակչական ծրագրերով հանդերձված համակարգիչներով կարելի է գիրքն ամբողջությամբ պատրաստել տպագրության՝ տեքստը շարել, սրբագրել, մակետավորել, գրանցել մագնիսական ժապավենի վրա կամ պատրաստել տպագրական թաղանթներ: Ի միջի այլոց, այս հանրագիտարանը նույնպես պատրաստվել է համակարգչով:
Պատկերացրեք՝ բազմահատոր հանրագիտարանի կամ ամբողջ գրադարանի ունեցած նյութը փոխանցված է DVD-պնակիտների վրա, և ցանկացած պահի կարելի է հաշված վայրկյանների ընթացքում նրանից ստանալ ցանկացած հոդված կամ նրա որևէ մասը: Վաղուց այդպես են աշխատում աշխարհի բազմաթիվ գրադարաններ: Այսօր նման աշխատանք է կատարվում նաև Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում: Այնտեղ պահվող և դարերի կենսագրություն ունեցող ձեռագրերը, փչացման վտանգից փրկելու նպատակով, գրանցվում են DVD-պնակիտների վրա, որոնցից օգտվելը և՜ հեշտ է, և՜ արագ, և՜, ամենակարևորը, բնագիրը չի վնասվում: Այդ նույն եղանակով կարելի է ունենալ աշխարհի ցանկացած թանգարանի հավաքածուների տեղեկատուներ, գրադարանների գրացուցակներ՝ համապատասխան ծանոթագրություններով, սակարանում վաճառվող ապրանքների ու դրանց գների մասին տեղեկություններ և այլն:

Համակարգչային «վիրուսներ»
Հետաքրքրական է իմանալ նաև, որ համակարգիչները նույնպես «հիվանդանում են». գոյություն ունեն այսպես կոչված համակարգչային «վիրուսներ», որոնք իսկական աղետ են անհատական համակարգիչների համար: Դրանք հմտորեն կազմված չարամիտ ծրագրեր են, որոնք ընդունակ են «կառչելու» որևէ աշխատանքային ծրագրից, այդ ճանապարհով թափանցելու համակարգչի հիշողության մեջ ու խափանելու նրա աշխատանքը: «Վիրուսներով» վարակված համակարգիչների էկրանին բոլորովին անսպասելի հայտնվում են օտար տեքստեր, մեքենան հրաժարվում է հրահանգներ կատարելուց, ցուցասարքի էկրանի մի հատվածը աղավաղվում է, մի խոսքով՝ համակարգիչը «կամակոր» է դառնում: Տարօրինակն այն է, որ «վիրուսները» նույնպես բազմանում, տարածվում և փոխանցվում են՝ վարակելով դիսկետները: Իհարկե, կան դրանց դեմ պայքարի բազմաթիվ եղանակներ, որոնցից ամենաարմատականը մագնիսական սկավառակների՝ վինչեստրի կամ դիսկետի ամբողջական վերամագնիսավորումն է, այսինքն՝ եղած տեղեկության ամբողջական մաքրումը:

Համակարգիչների ստեղծման 
պատմությունից
Դեռևս 1830-ական թվականներին, էլեկտրականության հայտնագործումից շատ առաջ, անգլիացի մաթեմատիկոս Չառլզ Բեբիջը պատրաստել է մեխանիկական համակարգիչ: Միջոցներ չունենալու պատճառով հեղինակն այդ մեքենան իր ժամանակին չի կառուցել. այն ստեղծվել է միայն 1991 թ-ին և հաջողությամբ գործել:
Էլեկտրոնային առաջին համակարգիչները պատրաստել են Վոն Մոչլին և Պրեսպեր Էկհարտը Ամերիկայում 1950-ական թվականներին: Միկրոսխեմաների փոխարեն դրանցում կային հազարավոր էլեկտրոնային լամպեր, որոնք նման էին սովորական էլեկտրական լամպերի և մեծաչափ էին: Սակայն դրանց հզորությունը շատ ավելի փոքր էր ժամանակակից դյուրակիր համակարգիչների հզորությունից: 1950-ական թվականների վերջերին լամպերը փոխարինվեցին փոքրաչափ (սիսեռահատիկի մեծության) տրանզիստորներով, ինչի շնորհիվ համակարգիչների չափերն զգալիորեն փոքրացան, իսկ հզորությունը կտրուկ աճեց: 1972 թ-ին հայտնվեցին առաջին միկրոսխեմաները՝ չիփերը, իսկ 1978 թ-ին ամերիկացիներ Սթիվ Վոբսը և Սթիվ Վոզնյակը ստեղծեցին առաջին անհատական համակարգիչները: Այդ ժամանակներից ի վեր՝ միկրոպրոցեսորները դարձան անհամեմատ ավելի հզոր, իսկ համակարգիչները՝ ավելի էժան ու հասանելի: Մեր օրերում գիտնականներն աշխատում են ստեղծել նոր համակարգեր՝ նեյրոհամակարգիչներ, որոնք ունակ կլինեն ինքնակատարելագործվելու և ինքնաուսուցանվելու: 
  • Համակարգչային սխեմաների աշխատանքի հիմքում դրված է երկուական (բինար) կոդը, որը կազմված է  0 և 1 թվերից: Դա նշանակում է, որ 1 թվի երկուական կոդը կլինի «1», 2-ինը՝ «10»,   3-ինը՝ «11», 4-ինը՝ «100», և այլն: Այս կոդի միջոցով համակարգիչը մշակում և հիշողության մեջ է պահում տվյալները: Համակարգչում պահվող տվյալների ծավալը չափվում է բիթերով և բայթերով: Համակարգչի հիշողության ամենափոքր տարրը բիթն է, և նրա արժեքը կարող է 0 կամ 1 լինել: 8 բիթը 1 բայթ է, որը բավարար է երկուական կոդով 0-ից մինչև 255 ցանկացած թիվ գրելու համար:
  • 2000 թ-ի նախաշեմին հարկ եղավ լուծել այսպես կոչված «2000 թվականի հիմնախնդիրը». բանն այն էր, որ բազմաթիվ համակարգիչներում և ծրագրերում տարեթիվը նշանակվում էր վերջին 2 թվով (օրինակ՝ 1998-ը դրանցում 98 էր), ուստի, եթե տեղեկատվական համակարգերում ճշտումներ չմտցվեին, ապա համակարգիչը, ըստ ընդունված կարգի, 2000 թ. կընկալեր վերջին 2 թվով, այսինքն՝ որպես 1900 թ.: Դա կարող էր հանգեցնել ողջ աշխարհի համակարգչային ցանցերի աշխատանքային քաոսի: Այդ անհրաժեշտությամբ էլ մշակվեց համակարգչում տարեթվերի նշանակման նոր եղանակ: