Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Հանքային կոչվում են այն նյութերը, որոնք արդյունահանվում են հանքերից և կազմում են անօրգանական աշխարհը: Պայմանականորեն այդպես են անվանվում նաև կենդանի օրգանիզմների բջիջներում պարունակվող անօրգանական միացությունները: Դրանք են ջուրը և տարբեր աղեր, որոնք ջրում լուծվելիս տրոհվում են իոնների: Հանքային նյութերը սննդի կենսականորեն անհրաժեշտ բաղադրիչներն են:
Ջուրն օրգանիզմի կարևորագույն բաղադրիչն է: Օրգանիզմում այն առաջանում է օրգանական նյութերի օքսիդացման արդյունքում և մասնակցում է կենսագործունեության համար կարևոր շատ քիմիական ռեակցիաների: Հասուն մարդու օրգանիզմի 60-65 %-ը կազմում է ջուրը: 
Կալցիումի աղերն արյան, բջջային և հյուսվածքային հեղուկների բաղադրիչներն են, մտնում են բջջի կորիզի կազմության մեջ: Կալցիումի միացությունները մեծացնում են օրգանիզմի պաշտպանական ուժերը: Կալցիումի 99 %-ը գտնվում է ոսկրերում: Կալցիումով առավել հարուստ են կաթը, կաթնաշոռը, պանիրը, ձվի դեղնուցը, կաղամբը, մաղադանոսը և այլն: Կալցիումի աղերն օգտագործում են նաև որպես դեղանյութեր:
Ֆոսֆորը մտնում է օրգանիզմի բոլոր հյուսվածքների, հատկապես` մկանների ու գլխուղեղի կազմության մեջ, մասնակցում է նյարդային համակարգի, սրտամկանի և այլ օրգանների նյութափոխանակությանը: Ֆոսֆորով հարուստ են կաթն ու կաթնամթերքը, միսը, ձուկը, ձուն և այլն: 
Մագնեզիումը հիմնականում պարունակվում է ոսկրային հյուսվածքում, իսկ արյան պլազմայում, էրիթրոցիտներում և փափուկ հյուսվածքներում՝ իոնների ձևով: Մագնեզիումով հարուստ են լոբին, հնդկացորենը, ոլոռը: 
Կալիումը մասնակցում է ներբջջային փոխանակությանը: Կալիումի իոնների սակավության դեպքում շատ ֆերմենտներ չեն կարող իրականացնել իրենց գործառույթները: Կալիումը կարևոր նշանակություն ունի օրգանիզմի ներքին միջավայրի հաստատունությունն ապահովելու և նյարդային ազդակները մկաններին հաղորդելու համար: Կալիում պարունակում են լոբին, ոլոռը, ավելուկը, կարտոֆիլը, ձկնեղենը, ձավարեղենը և այլն: 
Նատրիումն ունի կարևոր ֆիզիոլոգիական նշանակություն: Պարունակվում է օրգանիզմի բոլոր հյուսվածքներում ու հեղուկներում: Սննդամթերքում նատրիումը պարունակվում է չնչին քանակությամբ, և օրգանիզմն այն հիմնականում ստանում է կերակրի աղի ձևով: Հասուն մարդն օրական օգտագործում է մինչև 15 գ կերակրի աղ, նույնքան էլ արտազատվում է օրգանիզմից՝ մեզի և քրտինքի հետ:
Քլորն օրգանիզմն ստանում է հիմնականում կերակրի աղի ձևով: Քլորը կուտակվում է մաշկի մեջ, ավելցուկային ընդունման դեպքում պահվում է օրգանիզմում: Սննդամթերքների մեջ պարունակվում է չնչին քանակությամբ: 
Բրոմը մարդու և կենդանիների տարբեր հյուսվածքների բաղադրիչ մասն է: Օրգանիզմը բրոմ ստանում է հիմնականում բուսական ծագման մթերքների, ոչ մեծ քանակով՝ կերակրի աղի հետ: Բրոմի աղերը բժշկության մեջ կիրառվում են որպես դեղանյութեր:
Ֆտորը ոչ մեծ քանակով պարունակվում է մարդու բոլոր հյուսվածքներում, առավելապես` ոսկրերում և ատամներում: Օրգանիզմը ֆտոր ստանում է հիմնականում խմելու ջրի հետ (1 լ-ում պարունակվում է 0,5–1,5 մգ): Եթե խմելու ջրում և սննդամթերքում ֆտորի պարունակությունը ցածր է, առաջանում է ատամների ոսկրափուտ:
Յոդը պարունակվում է մարդու օրգանիզմի բոլոր հյուսվածքներում, հիմնականում՝ վահանագեղձում: Սննդամթերքում յոդի անբավարարությունն առաջացնում է վահանագեղձի ֆունկցիայի խանգարում և խպիպ, որոնց կանխարգելման նպատակով խմելու ջրին ու կերակրի աղին ավելացվում է յոդ:
Երկաթը մտնում է արյան հեմոգլոբինի, միոգլոբինի, ցիտոքրոմների բաղադրության մեջ: Երկաթի մոտ 70 %-ը գտնվում է հեմոգլոբինում: Երկաթը մասնակցում է օրգանիզմի արյունաստեղծման ֆունկցիային, ուստի նրա անբավարարությունը կարող է հանգեցնել սակավարյունության: Երկաթով առավել հարուստ են լյարդը (հատկապես՝ խոզի), ուղեղը, մաղադանոսը, ձվի դեղնուցը, մրգերը (դեղձ, խնձոր), բանջարեղենը (սպանախ և այլն) և այլ մթերքներ: 
Պղինձն օրգանիզմում գտնվում է որոշ օքսիդիչ ֆերմենտների բաղադրության մեջ: Մասնակցում է արյունաստեղծման, հեմոգլոբինի և ցիտոքրոմների սինթեզին: Պղինձը կարևոր է աճման կենսընթացների համար: Մարդու օրական պահանջը 2–5 մգ է: Պղնձով առավել հարուստ են տավարի, խոզի և որոշ ձկների լյարդը, շամպինյոն սունկը և այլն:
Կոբալտը B12 վիտամինի բաղադրիչ մասն է: Սննդի մեջ կոբալտի ավելցուկն առաջացնում է կմախքի ոսկրացման խանգարումներ՝ ռախիտ և այլ ոսկրային հիվանդություններ:
Ստրոնցիումը մտնում է մարդու ոսկրերի կազմության մեջ:
Մանգանը մտնում է որոշ ֆերմենտների կազմության մեջ և խթանում է դրանց ակտիվությունը: 
Ցինկը պարունակվում է որոշ ֆերմենտներում և ակտիվացնում է դրանց գործառույթները: 
Ցեզիումը չնչին քանակությամբ պարունակվում է կենդանի հյուսվածքներում: Ցեզիումի ֆիզիոլոգիական և կենսաբանական նշանակությունը վերջնականապես պարզված չէ: