Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Հայտնի ֆիզիկոս Ստեֆըն Հոքինգը [նրա գրչին է պատկանում նաև գիտահանրամատչելի «Ժամանակի համառոտ պատմությունը» (հայերեն հրտ.՝ 2001 թ.) գիրքը] մարմնի մկանների ախտահարման հետևանքով գամված է հաշմանդամի սայլակին և մարդկանց հետ հաղորդակցվելու համար ստիպված է օգտվել համակարգչայնացված ձայնային համադրիչից: Ֆիզիկական ոչ լիարժեքությունը, սակայն, չխանգարեց մեծ գիտնականի ներքին հնարավորությունների լիարժեք դրսևորմանը: 
Հաշմանդամների  ֆիզիկական անլիարժեքությունը չեզոքացնելու համար արվում է առավելագույնը, կազմակերպվում են նույնիսկ զանազան մրցումներ, Պարաօլիմպիական խաղեր և այլն:
Հաշմանդամությունն աշխատունակության մասնակի կամ լրիվ կորուստն է՝ մարդու մարմնի առանձին մասերի բնականոն գործունեության խաթարման հետևանքով: Հաշմանդամության պատճառներ կարող են դառնալ ծանր հիվանդությունները՝ սրտամկանի ինֆարկտ, գլխուղեղի արյունազեղում, ողնուղեղի վնասվածքներ, հոդերի ու ողնաշարի ձևախախտումներ, հենաշարժական ապարատի բնածին կամ ձեռքբերովի խախտումներ, տեսողության, խոսքի և լսողության օրգանների թերություններ, կենտրոնական նյարդային համակարգի ծանր ախտահարումներ, հոգեկան, երկարատև ու հաճախակի կրկնվող հիվանդություններ, սրտի ու ներքին օրգանների ծանր վիրահատություններ և այլն:Երեխաների անլիարժեքության պատճառների մեջ առանձնահատուկ տեղ են զբաղեցնում գլխուղեղային լուծանքը և Դաունի հիվանդությունը: 
Գլխուղեղային լուծանքը բնորոշվում է մկանների շարժումների կայուն խանգարումներով, հիվանդի ձեռքը կամ ոտքը վատ է զարգանում (առողջի համեմատ): Ուստի բուժման համակարգում մեծ տեղ է տրվում մերսմանը, բուժական ֆիզկուլտուրային: Անհրաժեշտություն է առաջանում կրելու հատուկ օրթոպեդիական սարքեր (ձեռքերի և ոտքերի համար), սեղմիրան (պարանոցի և իրանի համար): Դաունի համախտանիշը մոր ձվաբջջի ձևավորման ժամանակ քրոմոսոմների բաժանման խանգարումների հետևանք է: Հիվանդությանը բնորոշ է հիվանդի յուրահատուկ արտաքին տեսքը՝ գանգի ոչ ճիշտ ձևը, աչքերի շեղ կտրվածքը, փոքր ականջախեցիները, իրանի և վերջույթների անհամամասնությունը, կարճ մատները, կարճ ու ծռված ճկույթը, մկանների ցածր լարվածությունը, մտավոր թերզարգացումը և այլն:
Հիվանդների առողջությունն ու աշխատունակությունը վերականգնելու և հաշմանդամներին ակտիվ կյանքի վերադարձնելու նպատակով կիրառվում է միջոցառումների բազմաբնույթ համակարգ, ինչի շնորհիվ հիվանդ երեխաները ձեռք են բերում ինքնասպասարկման որոշակի հմտություն և ստանում դպրոցական կրթություն: Շատ կարևոր են սեփական լիարժեքության հանդեպ երեխային հոգեբանական վստահություն ներշնչելը և ուսումնաաշխատանքային ճիշտ կողմնորոշումը: Դրանում չափազանց մեծ է ծնողների դերը: 
Շատ երկրներում (ՀՀ-ում նույնպես) կան ոչ լիարժեք երեխաների դպրոցներ, որտեղ հատուկ օգնություն է ցուցաբերվում հաշմանդամ երեխաներին: 
Ժամանակակից շենքերի կառուցման ժամանակ նախատեսվում են նաև հաշմանդամի սայլակի տեղաշարժումը հեշտացնող հարմարանքներ: Ավտոբուսներն ու ավտոմեքենաները նույնպես հարմարեցվում են նրանց տեղափոխման համար: 
Ֆիզիկական անլիարժեքությունը, սակայն, չի խանգարում, որ շատ հաշմանդամներ մարզվեն ու մասնակցեն սպորտային մրցումների: Նրանց համար կազմակերպվում են Պարաօլիմպիական խաղեր: Գործում են նաև հատուկ արհեստանոցներ, որտեղ նրանք ձեռք են բերում աշխատանքային հմտություններ: