Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Սովորական լոբի
Ոլոռ
Ոսպ
Բակլա
Հատիկաընդավոր բույսերը բակլազգիների ընտանիքի մշակաբույսեր են, որոնցից ստանում են հատիկային սննդամթերք և գյուղատնտեսական կենդանիների կեր: Հատիկաընդավոր բույսեր են ոլոռը, լոբին, սոյան, բակլան, ոսպը, սիսեռը, լուպինը, կորնգանը և այլն: Դրանց արմատների վրա առաջանում են պալարիկներ, որոնց բջիջներում ապրում են օդի ազոտը յուրացնող բակտերիաներ, և բույսի մահանալուց հետո հողը հարստանում է ազոտ պարունակող նյութերով: Որոշ տեսակների (ոլոռ, լոբի, սոյա, բակլա, ոսպ, սիսեռ, գետնանուշ և այլն) սերմերը հարուստ են անփոխարինելի ամինաթթուներ պարունակող սպիտակուցներով, ածխաջրերով, ճարպերով, վիտամիններով և օգտագործվում են որպես պարեն: Այլ տեսակներ (երեքնուկ, կորնգան, առվույտ, վիկ, լուպին, տափոլոռ, բակլա, ուղտափուշ, իշառվույտ և այլն) կերաբույսեր են, կան նաև դեղաբույսեր, մեղրատու, խեժատու, ներկատու, թունավոր, տեխնիկական, գեղազարդիչ և այլ հատիկաընդավոր բույսեր:
Լոբին միամյա կամ բազմամյա բույս է: Հայտնի է ավելի քան 150 տեսակ: Վայրի վիճակում աճում է Ամերիկայում, Ասիայում, Եվրոպայում, Աֆրիկայում: ՀՀ-ում մշակվում են լոբու 2՝ սովորական և շիկակարմիր տեսակները: Պարենային բույս է, սննդի մեջ օգտագործվում են  սերմերը և կանաչ ունդերը:
Ոլոռը միամյա և բազմամյա խոտաբույս է: Լինում է 6–7 տեսակի: ՀՀ-ում հանդիպում է 2 տեսակ՝ բարձր և ցանովի: Մշակության մեջ հայտնի է դեռևս մ. թ. ա. IV դարից: Պարենային, կերային, տեխնիկական մշակաբույս է: Սննդի մեջ օգտագործվում են սերմերը (հատիկները):
Սոյան միամյա խոտաբույս է: Հայտնի է 10 տեսակ: Տարածված է մշակովի սոյան: Հայրենիքը Չինաստանն է. մշակվել է մ. թ. ա. 5000–6000 թթ-ից, ապա տարածվել է Ասիայի երկրներում, XVIII դարի վերջին  տարվել է Եվրոպա, XIX դարում՝ ԱՄՆ, XIX դարի վերջին՝ Ռուսաստան: ՀՀ-ում մշակվում է կանաչ զանգված ստանալու համար: Մշակովի սոյան պարենային, տեխնիկական և կերային բույս է:  Հատիկը և ոչ հասուն ունդերն օգտագործվում են սննդի մեջ, սոյայի ալյուրից պատրաստում են կաթ, կաթնաշոռ, հրուշակեղեն, ձեթն օգտագործվում է մարգարինի և խտացրած ճարպի արտադրությունում, զտվածը՝ սննդի մեջ: Սոյայի հատիկը հումք է մի շարք արդյունաբերական ապրանքներ՝ սոսինձ, արհեստական մանրաթել, ներկեր, օճառ, պլաստմասսա, ստանալու համար: Կանաչ զանգվածը, խոտը, խոտալյուրը և քուսպն օգտագործվում են որպես անասնակեր: 
Ոսպը միամյա խոտաբույս է: Հայտնի է մոտ 6 տեսակ՝ տարածված միջերկրածովյան երկրներում, Հնդկաստանում, Աֆղանստանում, Արգենտինայում: ՀՀ-ում հանդիպում է 3 տեսակ՝ ոսպնյականման, արևելյան և ուտելի: Հատիկն օգտագործվում է սննդի մեջ, իսկ մանրասերմը՝ որպես անասնակեր:
Սիսեռը միամյա կամ բազմամյա խոտաբույս է: Հայտնի է 30 տեսակ, ՀՀ-ում՝ վայրի վիճակում՝ 2 տեսակ՝ շատ փոքրիկ և անատոլիական: Մշակության մեջ տարածված է սովորական կամ մշակովի սիսեռը: Սիսեռը հնագույն մշակաբույս է: Դեռևս մ. թ. ա. մշակվել է Հունաստանում, Հին Հռոմում: Հայաստանում հայտնաբերվել են մ. թ. ա. VII դարից պահպանված սերմեր: Պարենային բույս է. օգտագործվում է սննդի, հրուշակեղենի, պահածոների արտադրության մեջ:
Բակլան միամյա խոտաբույս է: Մշակվում են բակլայի մոտ 150 տեսակներ և սորտեր, որոնք բաժանվում են 2 խմբի՝ կերային ու պարենային (բանջարային): Կերային բակլայի հատիկը, կանաչ զանգվածը և սիլոսն օգտագործվում են որպես անասնակեր և կանաչ պարարտանյութ: Պարենային բակլան օգտագործում են ապուրների, աղցանների մեջ, նաև պահածոյում են: Հնագույն մշակաբույս է: Մշակվում է Եվրոպայի և Աֆրիկայի միջերկրածովյան երկրներում, Ամերիկայում, Աֆղանստանում, Հնդկաստանում, Ռուսաստանում, Հայաստանում և այլուր:
  • Հատիկաընդավոր բույսերի սպիտակուցները կազմությամբ և սննդարարությամբ նման են կենդանական ծագման սպիտակուցներին: