Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Թռչնագրիպի հարուցիչ H5N1 վիրուսը
Պրիոնները վիրուսային հիվանդությունների հարուցիչներ են, որոնք գրոհում են մարդու և կենդանիների նյարդային բջիջների վրա: Այս նկարում ցույց են տրված կովերի կատաղությամբ հիվանդ կենդանու գլխուղեղում գտնվող պրիոնի մանրադիտակային թելիկները (նարնջագույնը):
Հիվանդությունն օրգանիզմի բնականոն կենսագործունեության խանգարումն է, որը սովորաբար հանգեցնում է աշխատունակության ժամանակավոր նվազման կամ մշտական  կորստի: Երբ մարդը հիվանդանում է, նրա օրգանիզմում տեղի են ունենում որոշակի փոփոխություններ: Մարդը կարող է հիվանդ ծնվել, տառապել դժբախտ պատահարից ստացած վնասվածքներից, վարակվել վարակիչ հիվանդություններով, որոնք կարող են լինել շատ լուրջ (օրինակ` ՁԻԱՀ-ը) կամ համեմատաբար թեթև (օրինակ` սովորական մրսածությունը): Առանձին հիվանդություններ կարող են լինել շատ վտանգավոր (օրինակ` շաքարախտը), սակայն ճիշտ և ժամանակին բուժվելու դեպքում դրանք լուրջ խանգարումների չեն հանգեցնում:

Վարակիչ հիվանդություններ
Շատ հիվանդություններ ունեն վարակիչ բնույթ. հարուցվում են մանրէների կողմից և հիվանդ մարդուց փոխանցվում են առողջին՝ անմիջական շփման կամ օդակաթիլային ճանապարհով: Այդպիսի հարուցիչներ են բակտերիաները, վիրուսները, մանրադիտակային սնկիկները: Բակտերիաներից առաջացած հիվանդություններից են սննդային թունավորումները, տուբերկուլոզը, պրկախտը (փայտացում), կապույտ հազը և այլն: Բակտերիաները նաև կենդանիների և բույսերի հիվանդությունների (օրինակ՝ պտղատու ծառերի քաղցկեղի) հարուցիչներ են: Բակտերիաներին կարելի է վնասազերծել հականեխիչ նյութերով և հակաբիոտիկներով: Մարդկանց այդպիսի վարակիչ հիվանդություններից պահպանում են վակցինացումով, այսինքն՝ օրգանիզմ են ներարկում վարակիչ հիվանդություն հարուցող թուլացրած մանրէներ, ինչից հետո տվյալ հիվանդության հանդեպ օրգանիզմում մշակվում է իմունիտետ (անընկալություն): 
Վիրուսները կարող են առաջացնել մարդկանց մի քանի լուրջ հիվանդություններ: Դրանցից են ՁԻԱՀ-ը, կատաղությունը, կարմրուկը, բնական ծաղիկը, գրիպը և ամենասովորական ցրտառական հիվանդությունները: Այս խմբի հարուցիչներով կարող են ախտահարվել նաև կենդանիներն ու բույսերը: Բնության մեջ անընդհատ ի հայտ են գալիս վիրուսների նոր տարատեսակներ (օրինակ՝ մարդու իմունային անբավարարության վիրուսը՝ ՄԻԱՎ-ը): Հակաբիոտիկները վիրուսների վրա չեն ազդում, սակայն գոյություն ունեն առանձին հակավիրուսային պատրաստուկներ:
Պրիոնները բակտերիաներից ու վիրուսներից անհամեմատ մեծ են և կազմված են միայն սպիտակուցներից: Գիտնականները ենթադրում են, որ հենց դրանք են կովերի կատաղության հարուցիչները, որոնք կարող են մարդուն փոխանցվել հիվանդ կենդանու միսն օգտագործելուց:
Սնկիկները մաշկի, մազերի, եղունգների տարածված հիվանդության (տրիխոֆիտիա) հարուցիչներ են: Սնկիկներն առաջացնում են նաև խոշոր եղջերավոր կենդանիների սմբակների փտում, նաև բույսերի տարբեր հիվանդություններ: Սնկիկային վարակները բուժում են սնկասպան նյութեր պարունակող հատուկ փոշիներով ու քսուքներով:

Համաճարակներ
Երբեմն հիվանդությունն ախտահարում է նույն բնակավայրում ապրող մեծ թվով մարդկանց: Նման երևույթն անվանում են համաճարակ: Որոշ վարակիչ հիվանդությունների (տիֆ, խոլերա) զանգվածային բռնկումներն սկիզբ են առնում մանրէներով վարակված ջուրն ու սնունդն օգտագործելուց, իսկ գրիպի, կարմրուկի համաճարակները՝ օդակաթիլային ճանապարհով, ինչպես նաև հիվանդի հետ անմիջական շփման ժամանակ վիրուսների տարածման հետևանքով: Համաճարակի տարածումը կարելի է կանխել` սննդամթերքը վերամշակելով  և թափոնները դեն նետելիս սանիտարահիգիենային կանոնները պահպանելով: Համաճարակներից կարելի է խուսափել՝ որոշ հիվանդությունների հանդեպ զանգվածային պատվաստումներ կատարելով: Հիվանդությունների տարածումը կանխելու եղանակներից է նաև կարանտինը: Առանձին հիվանդություններ ունեն երկարատև գաղտնի շրջան, որի ընթացքում վարակված մարդու օրգանիզմում հիվանդության ախտանշանները դեռևս դրսևորված չեն, սակայն նա կարող է վարակի աղբյուր լինել մյուս մարդկանց համար: Կարանտինի կիրառման և վարակվածների մեկուսացման միջոցով կարելի է կանխել հիվանդության տարածումը: 

Ժառանգական հիվանդություններ 
և զարգացման արատներ
Ժառանգական են այն հիվանդությունները, որոնք ծնողներից փոխանցվում են սերունդներին: Այդպիսի հիվանդություններից է հեմոֆիլիան, որի դեպքում արյունը դժվար է մակարդվում: Գոյություն ունեն հատուկ դեղանյութեր, որոնք մեղմում են այդ հիվանդությամբ տառապող երեխաների վիճակը:
Երբեմն երեխաների որոշ օրգաններ չեն գործում արդեն նորածնության շրջանում: Օրինակ՝ եթե սրտի փականներից մեկը բացակայում է, կամ սրտի միջնապատի վրա լինում են անցքեր, ապա արյան բնականոն հոսքը խանգարվում է: Այդպիսի արատները բուժում են միայն վիրաբուժական միջամտությամբ: 

Մտավոր խանգարումներ 
Դրանք այնպիսի հիվանդություններ են, որոնց ժամանակ հիվանդները որոշակի պայմաններում չեն կարողանում ղեկավարել իրենց գործողությունները, հաշիվ տալ կատարածի մասին. նրանք ղեկավարվում են հիվանդագին ապրումներով, չեն կարող գնահատել իրենց իրական վիճակը: Այս խմբի հիվանդությունների ծանր ձևերն անվանում են պսիխոզներ, թեթև ընթացողները՝ նևրոզներ: Դրանցով տառապող մարդիկ իրենց անսովոր են պահում. ոմանք «տեսնում են» գոյություն չունեցող երևույթներ ու առարկաներ կամ «լսում են» տարբեր ձայներ: Այդպիսի հիվանդները կարող են վտանգավոր լինել շրջապատի, իրենք իրենց համար կամ դառնալ անօգնական, տուժել դժբախտ պատահարներից:
Որոշ հիվանդներ իրենց դժբախտ են զգում: Նման դեպքերում ասում են, որ այդ մարդիկ տառապում են ընկճվածությամբ (դեպրեսիա): Դրա պատճառ կարող են դառնալ գերհոգնածությունը, գերհույզը, հարազատի մահը և այլն:
Հոգեկան հիվանդների խնամքի դժվարությունները պայմանավորված են մի դեպքում` հիվանդների մեկուսացածությամբ, ինքնամփոփությամբ, մյուս դեպքում՝ գրգռվածությամբ, անհանգստությամբ: Նրանց հարկավոր է պահել հիվանդանոցում այնքան ժամանակ, մինչև կարողանան հաղթահարել հիվանդությունը: 

Ինչո՞վ է պայմանավորված 
առողջական վիճակը
Ավելի հեշտ է հիվանդության առաջացումը կանխելը, քան հետագայում այն բուժելը: Հիվանդությանը դիմակայելու կարևոր նախապայման է լիարժեք (վիտամիններով և հանքային աղերով հարուստ) սնունդը: Արյունաստեղծման համար շատ կարևոր են C վիտամինը և երկաթը, որոնց պարունակությունը շատ է մրգերի ու բանջարեղենի մեջ: Հանքային կալցիումը պարունակվում է կաթի ու պանրի մեջ: Այն ամրացնում է ոսկրերն ու ատամները: Չափից ավելի ճարպոտ սնունդ օգտագործելուց կարող են առաջանալ սրտային հիվանդություններ, աղի սնունդը հանգեցնում է արյան ճնշման բարձրացման, քաղցրի չարաշահումից փչանում են ատամները: Մաքրասիրությունը, ֆիզիկական վարժությունների կանոնավոր կատարումը, մարմնի զանգվածի ավելցուկից ազատվելը, ծխախոտից, ալկոհոլից, թմրանյութերից հրաժարվելը նպաստում են առողջության պահպանմանը: Հիվանդանալու դեպքում անհապաղ բժշկին դիմելը և նրա նշանակումները ճշգրիտ կատարելը անհրաժեշտ նախապայմաններ են յուրաքանչյուր մարդու առողջության և ակտիվ կյանքի համար:
Աշխարհի բոլոր երկրներում մշտապես անցկացվում են հետազոտություններ՝ մարդու տարբեր հիվանդությունների կանխարգելման և բուժման նոր եղանակների մշակման ուղղությամբ:
  • Անցյալում բոլոր վարակիչ հիվանդություններն անվանել են ժանտախտ: XIV դարում Եվրոպայում ժանտախտից, որը կոչվել է նաև «սև մահ», մահացել է 25 մլն մարդ: Այն հարուցվել է լվերով վարակված առնետների միջոցով փոխանցվող բակտերիաներով: