Այբուբեն
and 9999/99999Հ
and 9999999999Ձ
and(9999999999Ղ
and(99999Ճ
" and99999conveՄ
" and99999s3Յ
"/*--99999s3Ն
"/*--99999s3Շ
-099999ԱՈ
-099999ԲՈու
-099999ԳՉ
/*--*99999ԴՊ
/*--*99999ԵՋ
099999ԶՌ
099999ԷՍ
099999ԸՎ
099999ԹՏ
099999ԺՐ
099999ԻՑ
099999ԼՓ
199999ԽՔ
199999ԾՕ
9999 99999ԿՖ
Արագ Որոնում


Պետական կարգը՝
հանրապետություն
Մայրաքաղաքը՝ 
Նյու Դելի
Տարածքը՝ 
3.287,3 հզ. կմ2
Բնակչությունը՝ 
1.129,5 մլն
Պետական լեզուները՝
հինդի, անգլերեն
Դրամական միավորը՝
հնդկական ռուփի
Հնդկուհին ազգային տարազով` սարիով
Լոտոս տաճարը Նյու Դելիում
Հնդկաստանում ազգային տոնակատարությունների մշտական մասնակիցն են նաև զարդարված փղերը:
Գանգեսը Հնդկաստանի սրբազան գետն է:
Մադրասի Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին
Հնդկաստանի Հանրապետություն
Հնդկաստանը պետություն է Հարավային Ասիայում՝ Հնդկական օվկիանոսի ավազանում: Զբաղեցնում է Հնդստան թերակղզին, Անդամանյան ու Նիքոբարյան (Բենգալյան ծոցում) և Լաքադիվյան (Արաբական ծովում) կղզիները: Երկրի տարածքի շուրջ 75%-ը հարթավայրեր ու սարահարթեր են: Հնդստան թերակղզու կենտրոնում Դեկանի սարահարթն է, որից հյուսիս Ինդոս-Գանգեսյան դաշտավայրն է: Հյուսիսում վեր են խոյանում երկրագնդի ամենաբարձր լեռնային համակարգերը՝ Հիմալայներն ու Կարակորումը: Կան քարածխի, նավթի, երկաթի, մանգանի, փայլարի, քրոմի, ցիրկոնիումի պաշարներ: 
Հնդկաստանի մեծ մասում կլիման մերձհասարակածային մուսսոնային է: Առանձնացվում են կլիմայական 3 սեզոն՝ շոգ և խոնավ (մուսսոնների գերակշռությամբ), համեմատաբար զով և չորային, խիստ շոգ և չորային: Ամռանը (խոնավ սեզոն) թափվում է տարեկան տեղումների 80%-ը: Այստեղ է գտնվում երկրագնդի ամենախոնավ շրջանը. Չերապունջի բնակավայրի շրջակայքում տարեկան տեղումները հասնում են 12.000 մմ-ի:
Գետային ցանցը խիտ է: Խոշոր գետերն են Գանգեսը, Բրահմապուտրան, Ինդոսը, որոնց ջրերն օգտագործվում են ոռոգման նպատակով:
Հարուստ ու բազմազան է բուսական աշխարհը. միմյանց հաջորդում են մշտադալար ջունգլիները, սավաննաները, տերևաթափ անտառները, արևադարձային և մերձարևադարձային խառնանտառներն ու մարգագետինները:
Հարուստ է նաև կենդանական աշխարհը. կան կապիկներ, եղջերուներ, այծքաղներ, հնդկական փղեր, ռնգեղջյուրներ, վագրեր, հովազներ, հիմալայան արջեր, թռչուններ ու սողուններ: Հնդկաստանում ստեղծվել է շուրջ 50 արգելոց և ազգային պարկ (Շիվպուրի, Բանդիպուր, Տարոբա և այլն):
Հնդկաստանի տարածքը բնակեցված է եղել դեռևս քարի դարում: Մ. թ. ա. III հազարամյակի 2-րդ կեսին և II հազարամյակի 1-ին կեսին Ինդոսի հովտում գոյություն է ունեցել հնագույն հասարակություն, որի կենտրոններից էր Խարապպա քաղաքատեղին: Այն հայտնի էր հզոր կառույցներով, արվեստի հոյակապ նմուշներով և ուներ սեփական պատկերային գիրը:
Մ. թ. ա. II հազարամյակի 2-րդ կեսին հյուսիս-արևմուտքից Հնդկաստան թափանցեցին արիական ցեղերը, որոնց շնորհիվ ձևավորվեց սանսկրիտը (հին հնդկերենը), և ծագեցին համաշխարհային կրոններից երկուսը՝ հինդուիզմն ու բուդդայականությունը:
Մ. թ. ա. III դարում, Մաուրյաների դինաստիայի օրոք, ստեղծվեց միասնական Հնդկական պետությունը, որի կենտրոնը դարձավ Մագադհա պետությունը: Այն առավել հզորացավ Աշոկա արքայի օրոք:
Պատմիչների վկայությամբ` Աշոկան ծավալել է լայն շինարարական աշխատանքներ: Երկրի բոլոր փայտե պալատների փոխարեն կառուցվել են քարե պալատներ, փորվել ջրանցքներ: I դարում Հնդկաստանը բաժանված էր բազմաթիվ մեծ ու փոքր պետությունների: IV դարի սկզբին Չանդրա Գուպտա I-ը, նվաճելով հարևան երկրները, Գանգեսի հովտում ստեղծեց Գուպտաների խոշոր պետությունը: Այս ժամանակաշրջանը համարվում է Հնդկաստանի ոսկեդարը և աչքի է ընկնում իր մշակույթով, առաջին հերթին՝ ճարտարապետությամբ: 
VIII դարում Հնդկաստան ներխուժեցին արաբները, և երկրում տարածվեց իսլամը: XIII դարում Հյուսիսային Հնդկաստանը բազմիցս ենթարկվել է մոնղոլ նվաճողների հարձակմանը: 1398 թ-ին Դելի ներխուժեց Լենկթեմուրը, իսկ 1526 թ-ին՝ նրա թոռ Բաբուրը, որը, Հյուսիսային Հնդկաստանի և Աֆղանստանի գրաված տարածքները միավորելով, ստեղծեց Մեծ Մողոլների կայսրությունը, որն առավելագույն ծաղկման հասավ Բաբուրի թոռ Աքբարի օրոք (1556–1605 թթ.): Այս ժամանակաշրջանում Եվրոպայից Հնդկաստան եկան առաջին քրիստոնյաները: 
Հնդկաստանը եվրոպացիներին պատկերանում էր իբրև հրաշքների ու անհամար հարստությունների երկիր: Ուստի, չնայած բազմաթիվ դժվարություններին ու խոչընդոտներին, եվրոպացի ճանապարհորդներն ու առևտրականները ձգտում էին ամեն կերպ հասնել Հնդկաստան: XVIII դարում անգլիացիները նվաճեցին երկիրը և դարձրին իրենց գաղութը: Անգլիացիների տիրապետությունը տևեց շուրջ 200 տարի: Սակայն, ի վերջո, 1947 թ-ին հնդիկները ծանր պայքարում անկախություն նվաճեցին:
Հնդկաստանն աշխարհի ամենաբազմազգ և բազմալեզու երկիրն է, իսկ բնակչության թվով զիջում է միայն իր հյուսիսային հարևան Չինաստանին: Հնդկաստանում ապրում են 85 լեզվով ու բարբառով խոսող մի քանի հարյուր ազգ, ժողովուրդ ու ցեղախումբ: Պետությունը կազմված է 22 նահանգից. յուրաքանչյուր նահանգում իբրև պաշտոնական լեզու ընդունված է տեղական լեզուն (օրինակ` բենգալերենը, մարաթի լեզուն, թամիլերենը և այլն): Կենտրոնական շրջաններում խոսում են հինդի լեզվով, որն ամենատարածվածն է երկրում և ընդունված է իբրև պետական լեզու: Երկրորդ պետական լեզուն անգլերենն է: 
Խոշոր քաղաքներն են Նյու Դելին, Կալկաթան, Մադրասը, Բոմբեյը:
Հնդկաստանը հակադրությունների երկիր է. արդյունաբերության արտադրության ծավալով առաջատար տեղ է գրավում աշխարհում, սակայն մեկ շնչին ընկնող ազգային եկամտի ցուցանիշով 102-րդն է: Նորագույն տեխնիկայով հագեցած գործարանների կողքին կան փոքր արտադրամասեր, որտեղ դեռևս օգտագործվում է ձեռքի աշխատանքը:
Երկրի տնտեսության ավանդական ճյուղերին զուգընթաց զարգանում են նաև մեքենաշինությունը, մետաղաձուլությունը, էներգետիկան, քիմիական, տեքստիլ (աշխարհում հայտնի են Քաշմիրի բրդե շալերը), կաշվի-կոշիկի, սննդի արդյունաբերությունը:
Երկրի տարածքի 50 %-ը մշակվում է, ոռոգման դեպքում հնարավոր է տարեկան ստանալ 2–3 բերք: Հացահատիկային մշակաբույսերը կազմում են ցանքատարածությունների 70 %-ը: Մշակում են բրինձ (տալիս է համաշխարհային բերքի 30 %-ը), թեյ, ծխախոտ, եգիպտացորեն, ջուտ, շաքարեղեգ, բամբակենի, համեմունքներ: Հնդկաստանն աշխարհի առաջատար երկիրն է մանգոյի, երկրորդը՝ ադամաթզի արտադրությամբ:
Հին հնդկական քաղաքներում պահպանվել են հզոր ամրոցներ, գեղեցիկ պալատներ ու տաճարներ: Ողջ աշխարհին հայտնի են Աջանտայի ժայռափոր տաճարների հրաշալի որմնանկարներն ու քանդակները: 
Փառահեղ է Ջամին (Մարգարտյա) մզկիթը Նյու Դելիում: Այն ապշեցնում է ոչ միայն ճարտարապետական ձևերով, այլև վիթխարի չափերով. հարակից կառույցներով կարող է տեղավորել մինչև 100 հզ. մարդ:
Հնդիկները երկրպագում են բազմաթիվ աստվածների՝ Բրահմա, Շիվա, Վիշնու և Կրիշնա, աստվածացնում լեռներ, գետեր (Գանգես), բույսեր (լոտոս), կենդանիներ (կապիկ, փիղ, օձ, հատկապես՝ կով): 
Հնդկաստանը շախմատի և յոգայի ուսմունքի հայրենիքն է: Այն աշխարհին հայտնի է իր առանձնահատուկ փիլիսոփայական ու կրոնական դպրոցներով, ազգային յուրահատուկ պարով, երգարվեստով ու կինոյով: Հնդիկներն են մշակել թվերի 10-ական  համակարգն ու ներմուծել «0»-ն: Հանրահայտ են աստղագետ Վարահամիհիրան, գրողներ Կալիդասը, Ռաբինդրանաթ Թագորը, Ռեդյարդ Քիփլինգը, պետական գործիչներ Մահաթմա Գանդին, Ջավահառլալ Ներուն, Ինդիրա Գանդին, հոգևոր առաջնորդ Դալայ Լամա XIV-ը, կինոռեժիսոր, կինոդերասան Ռաջ Կապուրը, շախմատիստ Վիշվանաթան Անանդը և շատ ուրիշներ:

Հայերը Հնդկաստանում
Հայ-հնդկական առնչություններ եղել են դեռևս մեր թվականությունից շատ առաջ: Սակայն առաջին հայ համայնքները Հնդկաստանում ձևավորվել են XVI դարում, ապա ստվարացել XVII– XVIII դարերում (շուրջ 25 հզ. հայ): Առանձնապես շատ հայեր էին ապրում Կալկաթա, Ագրա, Մադրաս, Բոմբեյ քաղաքներում: Նրանք արհեստավորներ, մտավորականներ, պետական պաշտոնյաներ էին: Երկար ժամանակ երկրում ազդեցիկ դիրք ունեին հայազգի խոշոր վաճառականները. նրանց միջոցով էր կատարվում առևտուրը Հնդկաստանի և Ռուսաստանի, Իրանի, Թուրքիայի, Վենետիկի միջև: Հայազգի շատ զորականներ են աչքի ընկել անգլիական գաղութարարների դեմ հնդիկ ժողովրդի մղած ազատագրական պայքարում: XVIII դարի վերջին – XIX դարի սկզբին հայկական դպրոցներ կային հնդկահայ գրեթե բոլոր համայնքներում: Առավել նշանավորն ու երկարակյացը, որ գործում է ցայսօր, Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանն է: Մադրասում և Կալկաթայում գործում էին հայկական տպարաններ: 1794 թ-ին Մադրասում լույս է տեսել հայերեն առաջին պարբերականը՝ «Ազդարար» ամսագիրը (վերահրատարակվում է 2008-ից): Հայ իրականության մեջ սահմանադրության առաջին նախագիծը՝ «Որոգայթ փառացը», հրատարակվել է Մադրասում 1788–89 թթ-ին (տիտղոսաթերթի վրա՝ 1773 թ.): Հայերն այստեղ ստեղծել են քաղաքական, մշակութային, բարեգործական, մարզական միություններ ու կազմակերպություններ, որոնց հիմնական նպատակը  հայերին ու Հայաստանին սատար կանգնելն էր, ազգային ինքնագիտակցության զարգացմանը  նպաստելը,  հնդկահայ համայնքի ազգային իրավունքները պահպանելը: XX դարի սկզբից հնդկահայ գաղթավայրն սկսեց նոսրանալ: Այժմ Հնդկաստանում բնակվում է մոտ 200 հայ՝ հիմնականում Կալկաթայում: Գործում են Կալկաթայի Սուրբ Նազարեթ և Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցիները:
  • Արևելքի ճարտարապետության գլուխգործոց է շահ Ջահանի հրամանով կառուցված Թաջ Մահալ (հայերեն՝ Թագի պալատ) մզկիթ-դամբարանն Ագրայում՝ ի հիշատակ իր հանգուցյալ կնոջ: Կառույցն ունի 5 գմբեթ, բարձրությունը 74 մ է: Սպիտակ մարմարով երեսպատված պատերը դրվագված են գունագեղ քարերով, իսկ գեղեցկությունը լրացնում է կանոնավոր հատակագծով կից պարտեզը: 2007 թ-ից համարվում է աշխարհի նոր 7 հրաշալիքներից:

   Պատկերը տես Ասիա հոդվածում: