Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Աշխարհի անտառածածկ տարածքը մոտավորապես 4 մլրդ հա է:
Տայգա
Ամազոնյան ջունգլի
Սոճուտ
Կեչուտ
Եղևնուտ
Սողանքային անտառ դիլիջանում
Անտառը ծառաթփային բուսականության գերակշռությամբ կենսաբանական բազմազանության ամբողջություն է: Անտառում գլխավոր դերը պատկանում է ծառերին ու թփերին, իսկ երկրորդականը՝ խոտաբույսերին, թփուտներին, մամուռներին, քարաքոսերին և այլն: Միատեսակ ծառերից, օրինակ՝ կաղնուց, կազմված անտառները կոչվում են մաքուր անտառ, տարբեր տեսակներից, օրինակ՝ կաղնուց և հաճարենուց, կազմվածները՝ խառնանտառ: Անտառի կառուցվածքը պայմանավորված է ծառերի բարձրությամբ, շարահարկայնությամբ, խորությամբ, ծառաթփային տեսակաշարով: Անտառի ծառատեսակները լինում են գլխավոր և երկրորդական: 
Գլխավոր կամ անտառկազմող ծառատեսակներն անտառային համակեցության գերիշխող, դիմացկուն, ամենախոշոր ծառերն են, որոնք առաջացնում են առաջին շարահարկը, զբաղեցնում են մեծ տարածք և ապահովում են անտառի բարձրությունն ու կայունությունը:
Երկրորդական կամ ուղեկցող ծառատեսակները ստվերասեր և խոնավասեր են, առաջացնում են երկրորդ շարահարկը, նպաստում են գլխավոր տեսակների աճմանն ու զարգացմանը, ապահովում վերին շարահարկի բավարար խտությունը, ստվերում պահում հողը՝ նվազեցնելով գոլորշիացումը: Կլիմայական տարբեր գոտիներում ձևավորվում են տարբեր տիպերի անտառներ:
Բարեխառն գոտու ասեղնատերև անտառները տարածվում են Եվրասիայի և Հյուսիսային Ամերիկայի բարեխառն լայնություններում:Բարեխառն գոտու հյուսիսային շրջաններում (տունդրայից հարավ), որտեղ օդի ջերմաստիճանը ցածր է, տարածվում են ասեղնատերև անտառները, որտեղ ծառերի ու թփերի տերևները վերաճել են ասեղների (ունի պաշտպանիչ նշանակություն) և  ծածկված են լավ զարգացած մեխանիկական հյուսվածքով. դրանք նպաստում են վեգետացիայի շրջանում խոնավության լրիվ յուրացմանը, իսկ ձմռանը ծառերը պահպանում են չորացումից: Տերևների յուրահատուկ ձևը նեղ սաղարթների հետ միասին առատ ձյան ծածկույթից սաղարթի չկոտըրվելու, ինչպես նաև Արեգակի ցածր դիրքում նրա լույսն օգտագործելու  հարմարանք է: Մութ ասեղնատերև անտառներում գերիշխում են ստվերասեր ծառատեսակները (եղևնի, սիբիրական սոճի), լուսավոր ասեղնատերև անտառներում` լուսասեր կվենին և սոճին:
Մութ ասեղնատերև անտառները սովորաբար ունեն 2–3 շարահարկ: Առաջին շարահարկը ծառային է, երկրորդը՝ խոտային, երրորդը՝ մամռային: Թփերը հանդիպում են հատուկենտ և ինքնուրույն շարահարկ չեն կազմում: Անտառի թույլ լուսավորվածության պայմաններում բազմաթիվ բույսեր կորցրել են քլորոֆիլը և անցել սապրոտրոֆ կյանքի:
Լուսավոր ասեղնատերև անտառների ծառերն ավելի նոսր են դասավորված, ստորին շարահարկերում գերիշխում են քարաքոսերը, լույսի համեմատաբար մեծ ինտենսիվությունը նպաստում է թփուտային շարահարկի զարգացմանը:
Ասեղնատերև անտառներում անողնաշարավոր կենդանիների գերակշռող մասը, որոշ կաթնասուններ, երկկենցաղներ և սողուններ խստաշունչ ձմեռների ժամանակ անցնում են պասսիվ վիճակի: Որոշ կենդանիների համար բնորոշ են սեզոնային գաղթերը (միգրացիաները): Ասեղնատերև անտառներում ամբողջ տարին կա անհրաժեշտ քանակությամբ թարմ և մատչելի կեր:
Բարեխառն գոտու խառը և լայնատերև անտառները տարածվում են Արևմտյան Եվրոպայի բարեխառն լայնություններում, Ռուսաստանի եվրոպական մասի միջին և հարավային շրջաններում, Ղրիմում, Կովկասում, Ասիայի ներքին ցամաքային շրջաններում, Հեռավոր Արևելքում, Սախալինում, Կամչատկայում, Մանջուրիայում, Արևելյան Չինաստանում, Հյուսիսային Ճապոնիայում, Հյուսիսային Ամերիկայի մերձատլանտյան նահանգներում:Այս անտառները բնորոշ են բարեխառն գոտու տաք և խոնավ կլիմայով շրջաններին: Դրանցում զարգացած է փարթամ մեզոֆիլ բուսականությունը: Լայնատերև անտառները տերևածածկ են միայն ամռանը` վեգետացիայի համար բարենպաստ ամիսներին, իսկ աշնանը ջերմաստիճանի նվազման հետևանքով տերևաթափվում են և ձմռանը մերկանում: Լայնատերև ծառատեսակներ են հաճարենին, կաղնին, շագանակենին, հացենին, լորենին, ընկուզենին և այլն: Այս անտառներում հանդիպում են նաև մանրատերև ծառեր՝ կեչի և կաղամախի:
Լայնատերև ծառերն աչքի են ընկնում լայն տերևաթիթեղիկներով, տերևներն ունեն վառ կանաչ գույն, զուրկ են մազածածկից: Ծառերի բներն ու ճյուղերը ծածկված են հաստ կեղևով, իսկ բողբոջները՝ ամուր իրար վրա նստած թեփուկներով: Այս առանձնահատկությունները ձմռանը նվազեցնում են գոլորշիացման ինտենսիվությունը: 
Ի տարբերություն ասեղնատերևավորների՝ լայնատերև անտառներն աչքի են ընկնում լավ զարգացած (2 ծառային, 2 թփուտային և մի քանի խոտային) շարահարկայնությամբ, հարուստ ենթանտառով և խոտածածկույթով:
Լայնատերև անտառների կենդանական աշխարհը հարուստ է և բազմազան:
Մերձարևադարձային չորասեր անտառները տարածվում են միջերկրածովային կլիմայով շրջաններում՝ Միջերկրական ծովի ափերին, Ղրիմի թերակղզու հարավում, Հյուսիսային Ամերիկայում՝ Կալիֆոռնիա թերակղզում, Ավստրալիայի հարավարևմտյան շրջաններում, Աֆրիկայի հարավային մասում՝ Կարպի մարզում: Ամառն այստեղ շոգ է և չոր, իսկ ձմեռը՝ տաք: Այստեղ զարգանում են կոշտատերև անտառները: Չորային պայմաններին հարմարվելու հետևանքով բույսերը ձեռք են բերել քսերոմորֆ կառուցվածք: Տերևները կոշտ են, կաշեկերպ, ունեն լավ զարգացած մեխանիկական հյուսվածքներ: Արեգակի ճառագայթների ազդեցությունը մեղմացնելու համար տերևները սովորաբար թեք են դասավորվում Արեգակի ճառագայթների նկատմամբ: Կան այնպիսի բուսատեսակներ, որոնց տերևները հետաճել են, և լուսասինթեզը կատարվում է կանաչ ցողունների միջոցով: Որոշ բույսեր ամբողջ տարվա ընթացքում շարունակում են իրենց վեգետացիան, մշտադալար են: Այս անտառները կազմված են 2, երբեմն` 1 ծառային, 1 թփուտային և խոտային շարահարկերից: Մամռաքարաքոսային շարահարկը թույլ է արտահայտված:
Մերձարևադարձային խոնավ անտառները տարածվում են գոտու առավել խոնավ շրջաններում՝ Հյուսիսային Ամերիկայում (հարավային մերձափնյա շրջաններում և Ֆլորիդայում), Ճապոնիայում, Նոր Զելանդիայում, Հիմալայների հարավային լանջերին, Այսրկովկասում: Հիմնականում կազմված են երկշաքիլավոր բույսերից, երբեմն հանդիպում են նաև ասեղնատերև ծառեր: Ծառերի տերևներն օժտված են խոշոր տերևաթիթեղներով, փայլուն են, կաշեկերպ, ձվաձև, ունեն վառ կանաչ գույն, խոշոր միջբջջային տարածություններ և զուրկ են թավոտությունից: Արեգակի ճառագայթների նկատմամբ միշտ դասավորվում են ուղղահայաց: 
Այս անտառների բարենպաստ պայմանները՝ մեղմ ձմեռները, տաք հողերը, կերային բարձր արժեք ունեցող սերմերի ու պտուղների առատությունը, նպաստել են հողում և անտառային թաղիքում բնակվող անողնաշարավորների ու վերգետնյա կյանք վարող մի շարք բուսակեր կենդանիների բազմազանությանը:
Արևադարձային փշոտ չորասեր նոսրանտառները բնորոշ են մերձհասարակածային գոտուն: Դրանք տարածվում են Աֆրիկայում, Հարավային Ամերիկայում և Ավստրալիայում. կազմված են ցածրահասակ ծառերից և թփերից, որոնք չորային ժամանակաշրջանում տերևաթափվում են: Կան նաև մշտադալար տեսակներ: Այստեղ ծառերը և թփերը նոսր են դասավորված, ունեն ծռմռված բուն: Երբեմն հանդիպում են շշաձև ծառեր, որոնք ունեն հաստ բուն, որտեղ ջուր են պաշարում: Այս անտառներին բնորոշ է փշոտ, ամուր բնափայտ ունեցող ծառերի առատությունը, որի համար դրանց հաճախ անվանում են կացնակոտրուկ (կեբրաչո):
 Չորային ժամանակաշրջանում չորասեր նոսրանտառների կենդանիների գերակշռող մեծամասնությունը չի բազմանում. անողնաշարավորներն ու երկկենցաղները քուն են մտնում իրենց թաքստոցներում, որոշ կենդանիներ կեր են պաշարում անբարենպաստ շրջանի համար, իսկ մի մասն էլ քոչում և կենտրոնանում է գոտու այն ոչ մեծ տարածքներում, որտեղ առկա են իրենց գոյության համար բարենպաստ պայմաններ:
Չորասեր նոսրանտառներն ավելի խոնավ շրջաններում փոխարինվում են արևադարձային տերևաթափ անտառներով: Չորային ժամանակաշրջանում սովորաբար տերևաթափվում են միայն վերին շարահարկի ծառերը, երկրորդ շարահարկինը մշտադալար են: Այս անտառներում գերակշռում են ցածրահասակ ծառերը: Առատ տեղումներով շրջաններում տարածվում են արևադարձային կիսամշտադալար անտառները, որտեղ վատ է արտահայտված շարահարկայնությունը. թփուտային շարահարկը հիմնականում բացակայում է: Այս անտառները տարածվում են Հարավարևելյան Ասիայում, Հնդկաստանում, Հնդկաչինում, Հարավային Ամերիկայում, Աֆրիկայում:
Խոնավ մշտադալար արևադարձային «անձրևային» անտառը բուսականության ուրույն տիպ է, որի գոյությունը կապված է առավել բարենպաստ բնակլիմայական պայմանների հետ: Դրանք տարածվում են տաք և խոնավ շրջաններում, որտեղ այս 2 գործոնները տարվա ընթացքում հավասարաչափ են բաշխվում: Այս անտառներն անընդհատ գոտի չեն կազմում, որովհետև անտառներով զբաղեցված հարթավայրերն ընդհատվում են բարձրավանդակներով և լեռներով: Խոնավ արևադարձային անտառները տարածվում են Հարավային Ամերիկայում՝ Ամազոն գետի ավազանում, Կենտրոնական Ամերիկայի արևելյան ափերին, Աֆրիկայում՝ Կոնգո գետի ավազանում և Գվինեական ծոցի մերձափնյա շրջաններում, Հարավարևելյան Ասիայում, Ֆիլիպինյան կղզիների հարավային մասերում, Շրի Լանկայիհարավարևմտյան մասում և Մալակա թերակղզում: 
Խոնավ արևադարձային անտառների ծառերը և թփերն աչքի են ընկնում իրենց յուրահատուկ տերևներով: Դրանք խոշոր են, կոշտ, կաշեկերպ և պարունակում են մեծ քանակությամբ կայծքարահող, էլիպսաձև են, տերևաթիթեղի վերին մակերեսը հարթ է և փայլուն, իսկ ստորինը երբեմն` թավոտ: Փայլուն մակերեսն ունի պաշտպանական նշանակություն. անդրադարձնում է արևի ճառագայթները և նպաստում տերևների վրայից անձրևի կաթիլների արագ արտահոսքին:
Խոնավ արևադարձային անտառները հարուստ են ծառերի բների վրա բնակվող բույսերով՝ էպիֆիտներով, և աչքի են ընկնում կենդանիների բազմազանությամբ:

Հայաստանի անտառները
ՀՀ-ում անտառները կազմում են տարածքի 12,7%-ը: Առավել անտառածածկ են ՀՀ հարավարևելյան մարզերը, որտեղ բուսականության հիմնական տիպը հաճարենու անտառներն են՝ արևելյան հաճարենու գերակշռությամբ: Ենթալպյան անտառային գոտում տարածված են հաճարենու խոնավ անտառները, որոնց ներսում և եզրերին լայնորեն տարածված են կաղնու մաքուր և խառը ծառուտները: Կաղնու մաքուր անտառները հիմնականում հարմարված են հարավային չոր լանջերի միջին և վերին գոտիներին, իսկ կաղնու խառնանտառները՝ արևմտյան և արևելյան լանջերին: Հյուսիսարևելյան մասի կաղնուտներում հիմնական անտառկազմող ծառատեսակներն են վրացական և արևելյան կաղնիները: Կաղնու առավել տիպիկ անտառները տարածված են Լոռու մարզում: ՀՀ հյուսիսային մարզերում տեղ-տեղ հանդիպում են սոճու անտառների ոչ մեծ տեղամասեր: Ամենամեծը Գյուլագարակի սոճուտներն են և Շահալիի անտառատեղամասի սոճուտը: Հարավում անտառների համեմատաբար ընդարձակ տարածություններ հանդիպում են Սյունիքի մարզում (հիմնականում՝ վրացական կաղնի, հացենի, թխկի, բոխի, կովկասյան տանձենի, խնձորենի, հանդիպում են նաև ալոճենի, հունական ընկուզենի, հոնի, մրտավարդ, արջընկույզ և այլն): Հարավի մյուս մարզերում պահպանվել են արևելյան կաղնու անտառների առանձին, փոքր կղզյակներ (Ապարանում, Բյուրականից վեր, Սևանի Արեգունի լճեզերքին, Վեդի գետի ավազանում, Վայքում): Հայկական լեռնաշխարհի այլ մասերում հատկապես անտառածածկ են Հայկական Տավրոսի, Ներքին Տավրոսի հարավային (առավել խոնավ) և Արևելապոնտական լեռների հարավային ու հարավարևելյան լանջերը (հիմնականում՝ կաղնի, խնկենի, գիհի):
Անցյալում Հայոց թագավորների հովանավորությամբ ու նախաձեռնությամբ արքունի կալվածք Այրարատ նահանգում տնկվել են արհեստական անտառներ: Մովսես Խորենացին հիշատակում է Արմավիր մայրաքաղաքի մոտ տնկված Սոսյաց անտառի մասին (մ. թ. ա. I հազարամյակի 1-ին կես): Երվանդ Դ արքան (մ. թ. ա. III դարի վերջ) Շիրակում տնկել է Ծննդոց անտառը: Խոսրով Բ թագավորի օրոք (332–338 թթ.) տնկել են Խոսրովակերտ և Տաճար մայրի անտառները, որոնք շրջափակել են պարիսպներով և բնակեցրել կենդանիներով ու թռչուններով: Հայաստանի անտառների զգալի մասը միջին դարերում ոչնչացվել է օտար նվաճողների արշավանքների հետևանքով: ՀՀ-ում անտառները գտնվում են հատուկ պահպանության տակ: 
Անտառների 
նշանակությունը
Անտառներն ունեն հողապաշտպան, դաշտապաշտպան, ջրապաշտպան, ջրակարգավորիչ, կլիմայակարգավորիչ նշանակություն: Անտառներն օդը հարստացնում են թթվածնով, բարձրացնում օդի հարաբերական խոնավությունը,  մեղմացնում կլիման, բարերար ազդեցություն թողնում շրջակա դաշտերի բերքատվության և մարդու առողջության վրա:
Ըստ նպատակային նշանակության՝ անտառները դասակարգվում են.
1. պաշտպանական (ջրային օբյեկտների ջրապահպան գոտիների, բարձր թեքության վրա գտնվող, կիսաանապատային, տափաստանային, անտառատափաստանային գոտիներում աճող, բուսաբանական այգիների, դենդրոպարկերի շրջակայքի անտառները), 
2. հատուկ (բնության հատուկ պահպանվող տարածքներում ընդգրկված, քաղաքային ու քաղաքամերձ, ռեկրեացիոն-առողջարարական, գիտական արժեք ներկայացնող, սանիտարական գոտիները պահպանող անտառներ), 
3. արտադրական (բնափայտի շարունակական արտադրությունն ապահովող անտառներ):
Վերջին հարյուրամյակում մարդու տնտեսական գործունեության հետևանքով անտառների տարածքը կրճատվել է մոտ 2 անգամ: Անտառածածկ տարածքների ընդարձակման նպատակով կատարվում են արհեստական անտառատնկումներ: 
    
    
  • Խոնավ արևադարձային անտառները երկրագնդի «թոքերն» են, որովհետև նրանք թթվածնի հիմնական մատակարարներն են: