Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում



Պինգվիններն Անտարկտիդայի մշտական բնակիչներն են:
Ամերիկյան գիտահետազոտական 
Ամունդսեն-Սկոտ» կայանը Անտարկտիդայում 
Անտարկտիդայի շուրջը բազմաթիվ այսբերգներ են լողում:
Տարածքը՝  13.975 հզ. կմ2
Ափագիծը՝ 30 հզ. կմ
Միջին բարձրությունը՝ 2040 մ
Ամենաբարձր կետը` Վիլսոն լեռնագագաթ՝ 5140 մ
Սառցածածկույթի միջին հաստությունը՝ 1720 մ
Սառցածածկույթի ծավալը՝ 24000 հզ. կմ

Անտարկտիդան մեր մոլորակի` մեծությամբ հինգերորդ մայրցամաքն է: Գտնվում է Երկրագնդի ծայր հարավում և ամբողջովին սառցապատ է: Ողողվում է Ատլանտյան, Հնդկական և Խաղաղ օվկիանոսների ջրերով, որոնք մշտապես ծածկված են լողացող սառցալեռներով (այսբերգներով): Անտարկտիդան և նրա շուրջը գտնվող օվկիանոսային հատվածները միասին, մինչև Հարավային բևեռային շրջանը, կոչվում են Անտարկտիկա (հունարեն «անտի»՝ հակառակ, և Արկտիկա բառերից):
Անտարկտիդան մյուս մայրցամաքներից շատ ավելի ուշ է հայտնաբերվել: Մինչև XIX դարի սկիզբը Եվրոպայի ծովագնացները Երկրի հարավային բևեռամերձ շրջանները հետազոտելու բազմաթիվ անհաջող փորձեր էին կատարել:
Հարավային բևեռային շրջան առաջինը 1772 թ-ին մուտք է գործել անգլիացի ծովագնաց Ջ. Կուկը: 1820 թ-ին ռուս ծովագնացներ Ֆ. Բելլինսգաուզենը և Մ. Լազարևն առաջին անգամ մոտեցան Անտարկտիդայի ափերին. հարավային նոր մայրցամաքը հայտնագործված էր: Դրանից 80 տարի անց, 1899 թ-ին, այստեղ ափ իջավ 10 մարդուց բաղկացած խումբ՝ նորվեգացի Կ. Բորխգրևինկի գլխավորությամբ: Նրանք առաջինն էին, որ համարձակվեցին ձմեռել անծանոթ մայրցամաքում և ապացուցեցին, որ Անտարկտիդայում հնարավոր է ապրել:
Մեկը մյուսի հետևից կազմակերպվեցին նոր արշավախմբեր՝ անգլիական, գերմանական, շվեդական, ֆրանսիական, նորվեգական: 1911 թ-ի դեկտեմբերի 15-ին` Ռ. Ամունդսենը, իսկ 1912 թ-ի հունվարի 18-ին Ռ. Սկոտը հասան Հարավային բևեռ: Այժմ այնտեղ գործում են Ամերիկայի Միացյալ Նահանգների «Ամունդսեն-Սկոտ» մշտական գիտական կայանը, Ռուսաստանի «Մոլոդյոժնայա» կայանը, Դեյվիսի ծովի ափին՝ «Միռնի» ավանը և այլն:
Երկրի վրա մարդու հայտնվելուց դեռևս միլիոնավոր տարիներ առաջ Անտարկտիդայում տաք էր, աճում էին արևադարձային անտառներ, բնակվում էին ահռելի չափերի կենդանիներ: Գիտնականները գտնում են, որ եղել է ժամանակ, երբ Անտարկտիդան Ավստրալիայի, Աֆրիկայի, Հարավային Ամերիկայի և Ասիայի մի մասի հետ միասին կազմել է մի հսկա աշխարհամաս՝ Գոնդվանան:
50–60 մլն տարի առաջ այն մասնատվել է, և Անտարկտիդան անջատվել է Ավստրալիայից: Գոյացած նեղուցն են հորդել և գոտևորել այսպես կոչված «արևմտյան քամիների» հոսանքի սառը ջրերը: Մոտ 30 մլն տարի առաջ ցրտեցման հետևանքով սկսեցին ձևավորվել սառցադաշտեր: Սառը հոսանքը դարձավ մի հզոր պատնեշ, որը թույլ չի տալիս, որ ջերմություն թափանցի մայրցամաք և քայքայի առաջացած սառցավահանը: Սառցե շերտի միջին հաստությունը 1720 մ է, առավելագույնը՝ 4500 մ: Եթե Անտարկտիդայի ամբողջ սառույցը հավասար շերտով փռենք երկրագնդի մակերեսին, ապա սառցե շերտի հաստությունը կկազմի 40 մ: Դա շատ կարևոր է, քանի որ, եթե ողջ սառույցը հալվի և վերածվի ջրի, ապա Համաշխարհային օվկիանոսի մակարդակը կբարձրանա 60 մ-ով, և շատ երկրների ծովափնյա շրջաններ կհայտնվեն ջրի տակ: Բացի դրանից, եթե վերանա ցրտի այդ հսկայական աղբյուրը, ապա մեր մոլորակի միջին ջերմաստիճանը կբարձրանա մոտավորապես 80-ով, և բնության մեջ կկատարվեն անդառնալի փոփոխություններ:
Սառցե շերտի տակ հայտնաբերվել են լեռնաշղթաներ, որոնց բարձրությունը 3000–4000 մ է: Անտարկտիկական Անդերի Վիլսոն լեռնագագաթը (5140 մ) Անտարկտիդայի ամենաբարձր կետն է: 
Անտարկտիդայի ընդերքը հարուստ է օգտակար հանածոներով՝ երկաթի հանքաքար, ոսկի, ալմաստ, գունավոր մետաղներ, քարածուխ:
Անտարկտիդան ամենացուրտ մայրցամաքն է: Այն երկարատև ամռան ընթացքում ստանում է մեծ քանակությամբ ջերմություն, սակայն սառցածածկույթն անդրադարձնում է այդ ջերմության 90 %-ը, և մակերևույթը չի տաքանում: Նվազագույն ջերմաստիճանը (-88,3օC) գրանցվել է «Վոստոկ» գիտահետազոտական կայանում, որը համարվում է երկրագնդի ցրտի բևեռը: Կան շրջաններ, որտեղ տարվա ընթացքում 340 օր շարունակ ձնաբքեր են լինում: Անտարկտիդայի առափնյա շրջաններում կան սառցածածկույթից ազատ տարածքներ՝ անտարկտիկական օազիսներ (տարածքի 0,2–0,3 %-ը), որտեղ աճում են մամուռներ, քարաքոսեր: Ջրերը հարուստ են ծովային կաթնասուններով՝ մի քանի տեսակի փոկեր, ծովալուսաններ, կետեր, այդ թվում` երկրագնդի ամենախոշոր կենդանին՝ կապույտ կետը: Շատ են թռչունները՝ պինգվիններ, ճայեր, մրրկահավեր, ծովագռավներ: Անտարկտիդան ոչ մի պետության չի պատկանում և չունի մշտական բնակչություն, գիտահետազոտական կայաններում աշխատում են տարբեր երկրների գիտնականներ, որոնք ուսումնասիրում են մայրցամաքի դեռևս չբացահայտված գաղտնիքները: 
1959 թ-ին ԱՄՆ-ը, ԽՍՀՄ-ը և 10 այլ պետություններ կնքել են համաձայնագիր, ըստ որի՝ մայրցամաքը կարող է օգտագործվել միայն խաղաղ նպատակներով, իսկ 1991 թ-ին կնքված նոր համաձայնագրով` 50 տարով արգելվում է  այնտեղ օգտակար հանածոների արդյունահանումը:
   
  Անտարկտիդայի հաստ սառցե շերտի տակ թաղված են բազմաթիվ լեռնաշղթաներ, որոնց բարձրությունը հասնում է 3000–4000 մ-ի: Միայն ամենաբարձր գագաթներն են դուրս ցցված մայրցամաքի սառցե մակերևույթից: