Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Ձվի ներքին կառուցվածքը.
1.Սաղմը զարգանում է դեղնուցի մակերևույթին, որտեղ սննդանյութերի պաշար կա: 2. Դեղնուցը լողում է սպիտակուցում` հատուկ թաղանթի մեջ` որը երկու ծայրերով կապված է ձվի ընդհանուր թաղանթին: 3. Սպիտակուցը զարգացող սաղմի համար խոնավության աղբյուր է և հարվածամեղմիչ: 4.Կարծր, օդաթափանց կճեպը հուսալիորեն պաշտպանում է ձվի ընդերքի ամբողջականությունը:
Ձվածին են նաև կրիաները:
Կնոջ վերարտադրողական օրգանները.
1. ձվարաններ, 2. արգանդ, 3. հեշտոց, 4. արգանդափողեր, 5. արգանդափողի ծոպեր
Ձվաբջիջը իգական սեռական բջիջն է, որից բեղմնավորման կամ կուսածնության ճանապարհով զարգանում է նոր օրգանիզմ:
Ձվաբջիջներն առաջանում են բոլոր կենդանիների օրգանիզմներում: Կենդանիների մեծամասնության  ձուն տեսակափոխված ձվաբջիջն է, որը, որպես կանոն, պատված է պաշտպանական լորձաթաղանթով կամ պինդ թաղանթով: Ձկների ձվերը կոչվում են ձկնկիթ կամ ձուղպ, գորտերինը՝ գորտնկիթ, հավերինը` հավկիթ:
Միջատների շատ տեսակների ձվերը պատված են մեծաքանակ սննդարար նյութեր պարունակող թաղանթով, դրա համար էլ ձվից հենց նոր դուրս եկած թրթուրներն այն ուտում են: Սովորաբար միջատները ձվադրում են այն բույսերի (երբեմն` նաև կենդանիների) վրա, որոնք սնունդ են դառնում սերունդների համար:
Կաթնասուններից ձվադրում են միայն բադակտուցն ու եքիդնան:

Թռչնի ձու
Թռչնի ձուն բաղկացած է մի քանի շերտից: Արտաքինից այն պաշտպանված է կարծր, բայց օդաթափանց կրային թաղանթով (կճեպ), որի տակ գտնվում են նուրբ թափանցիկ թաղանթը և սպիտակուցը: Վերջինս մածուցիկ հեղուկ է, որը զարգացող սաղմի համար ապահովում է խոնավություն և նրան պաշտպանում հարվածներից:
Ձվի կենտրոնում տեղադրված է դեղնուցը. այն բաղկացած է սպիտակուցներից և ճարպերից, որոնք սնունդ են զարգացող սաղմի համար: Սաղմը զարգանում է միայն բեղմնավորված ձվերում, որոնց վրա թռչունը թխսակալում և պահպանում է կայուն ջերմաստիճան: Սովորաբար թխսակալման մասին հոգում են զույգ ծնողները՝ ժամանակ առ ժամանակ բնի վրա փոխարինելով միմյանց: Թխսակալման շրջանի ավարտին ձագերը ձվից դուրս են գալիս:

Թռչնի ձուն որպես սննդամթերք
Թռչնի ձուն արժեքավոր և դյուրամարս սննդամթերք է: Ձվի մեջ, սպիտակուցներից ու ճարպերից բացի, կան նաև վիտամիններ ու ֆոսֆորի, կալցիումի, յոդի, պղնձի, կոբալտի զգալի քանակներ: Ձվի բաղադրությունը կախված է թռչնի տեսակից և ցեղից, կերի բնույթից, մասամբ՝ նաև տարվա եղանակից: Օրինակ` A վիտամինի պարունակությունն ամռանը ձվի դեղնուցում ավելի բարձր է, քան ձմռանը: Դեղնուցն ավելի հարուստ է վիտամիններով և հանքային նյութերով:
Սննդի մեջ հիմնականում օգտագործվում է հավի ձուն՝ հավկիթը, որի (հատկապես` թերխաշ) սննդանյութերը գրեթե ամբողջությամբ (97%-ով) յուրացվում են: Ձուն զգալիորեն բարձրացնում է տարբեր կերակրատեսակների կենսաբանական արժեքը: Այն օգտագործվում է նաև բուժական սննդի մեջ: Ձվի մեջ պարունակվող հակակարծրախտային նյութերը, մասնավորապես՝ լեցիտինը, խոչընդոտում են անցանկալի խոլեստերինի ավելցուկային քանակի կուտակումը, նպաստում դրա ճեղքմանն ու օրգանիզմից հեռանալուն: Օգտագործվում են նաև լորի, բադի, սագի և հնդկահավի ձվերը: Սննդային թունավորումներից խուսափելու համար ձուն պետք է օգտագործել ջերմային մշակումից հետո: 100 գ հավի ձվի կալորիականությունը մոտ 160 կկալ է:

Մարդու ձվաբջիջները
Մարդու ձվաբջիջներն արտադրվում են ձվարանների (կնոջ սեռական զույգ գեղձեր) հիմնական գեղձային մասում, որտեղ կան մեծ քանակությամբ նախնական ձվարանային բշտեր կամ պատճուկներ (գրաֆյան բշտեր): Դրանցից կյանքի ընթացքում հասունանում և ձևավորվում են 300–400-ը, մնացածները (որոնց թիվը հասնում է մի քանի հազարի) ապաճում են:
Հասունացած ձվաբջիջը կնոջ օրգանիզմի ամենամեծ բջիջն է. տրամագիծը կարող է հասնել մինչև 6 մմ-ի, և անզեն աչքով տեսանելի է: Սեռական հասունացման շրջանից սկսվում է նախնական ձվարանային բշտերի հասունացումը: Հասունացած բշտի պատռվելու և ձվաբջջի դուրս գալու երևույթը կոչվում է ձվազատում, որը սեռահասուն կնոջ օրգանիզմում տեղի է ունենում պարբերաբար` 28–30 օրը մեկ: Ձվազատված բջիջը արգանդափողերով (7–10 օրվա ընթացքում) հասնում է արգանդ. երբ ձվաբջիջը չի բեղմնավորվում և չի ամրանում արգանդի պատին, արգանդի լորձաթաղանթն արյունահոսում է (դաշտան), և չբեղմնավորված ձվաբջիջներն արյան հետ հեռանում են: Բեղմնավորման դեպքում կինը հղիանում է, և սկսվում է նոր սերնդի աճը: