Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Ժամանակակից ավտոճանապարհ
Արագընթաց ավտոճանապարհային հանգույց
Ոլորաններով լեռնային ավտոճանապարհ 
Հայաստանում
Ճանապարհները ցամաքային հաղորդակցության ուղիներ են՝ մարդկանց, փոխադրամիջոցների ու բեռների տեղափոխման համար: Ճանապարհները բաժանվում են ավտոմայրուղիների, ավտոճանապարհների և խճուղիների:
Ավտոմայրուղիները յուրաքանչյուր կողմում երթևեկության մի քանի գոտիներով և կենտրոնում բաժանարար շերտով արագընթաց ճանապարհներ են, որտեղ չկան կտրուկ շրջադարձեր, շեշտակի վերելքներ, խաչմերուկներ և շրջանցիկ ճանապարհներ: Բազմաթիվ երկրներում խոշոր քաղաքներն իրար են կապվում ավտոմայրուղիներով, որոնք ճարտարագիտական կառույցների համալիրներ են և ապահովում են նաև մեծ արագությամբ բեռնափոխադրումներ:
Ավտոճանապարհները երկկողմ աշխույժ երթևեկությամբ լայն ճանապարհներ են: Նրանք ունեն և՜ խաչմերուկներ, և՜ շրջանցիկ ճանապարհներ:
Խոշոր քաղաքները, որպես կանոն, ունեն նաև օղակաձև ավտոճանապարհներ, որոնցով ավտոմեքենաները շրջանցում են քաղաքի կենտրոնը՝ չծանրաբեռնելով այն:
Գյուղական վայրերում գյուղերն իրար են կապվում նեղ ճանապարհներով, որոնք հաճախ հարմարեցված են տեղանքի ռելիեֆին և կարող են լինել խճուղային կամ հողաշեն:

Ճանապարհաշինություն
Ճանապարհի շինարարությունն սկսելուց առաջ ճարտարագետներն ընտրում են նրա ուղեգծի լավագույն տարբերակը, հաշվի առնում շրջակա միջավայրին, կենդանական ու բուսական աշխարհին հասցվելիք վնասները և հաշվարկում շինարարական ծախսերը: Երբեմն շինարարներն ստիպված են լինում հաղթահարել բնական արգելքներ՝ գետեր, լեռներ, բլուրներ: 
Ճանապարհի ուղեգիծն ընտրելուց հետո հատուկ հողափոր մեքենաները՝ կեռաշերեփները, հանում են բնահողի վերին շերտը և տեղափոխում: Այնուհետև հզոր բուլդոզերները հավաքում և հարթում են քանդված հողը: Երբեմն հարկ է լինում կառուցել նաև ճանապարհային կամուրջներ ու թունելներ: Խիճ փռելով ճանապարհի հիմքի վրա՝ շինարարներն ամրացնում են հիմքը, որպեսզի այն դիմանա տրանսպորտի՝ նախատեսվող ծանրաբեռնվածությանը: Ապա ճանապարհի հիմքը խճապատում են և ամրացնում ցեմենտով կամ բիտումով, երբեմն փռում են նաև որոշակի հաստության բետոնի շերտ: Եվ, վերջապես, ասֆալտապատում են, որից հետո ճանապարհի վրա կատարում են անհրաժեշտ գծանշումներ, տեղակայում են լուսավորության սարքեր, ճանապարհային նշաններ, և այն պատրաստ է շահագործման:

Ճանապարհաշինության 
պատմությունից
Եվրասիայում հաղորդակցության կանոնավոր ճանապարհացանց ստեղծվել է դեռևս մ.թ.ա. V հազարամյակում: Առաջին սալարկված ճանապարհները կառուցվել են մոտ մ. թ. ա. 2200 թ-ին Միջագետքում (ներկայիս Իրաքի տարածքում): Ճանապարհացանցն առավել որոշակի է դարձել մ.թ.ա. I հազարամյակում և հիմք է ծառայել հնագույն այնպիսի ճանապարհների ձևավորմանը, ինչպիսիք էին Հայկական լեռնաշխարհով անցնող Արքայական ճանապարհը, Մետաքսի ճանապարհը, Արաբական խալիֆության ճանապարհը, Անգլիայից մինչև միջերկրածովյան երկրներ ձգվող Անագի ճանապարհը, Միջին Եվրոպան հատող Սաթի ճանապարհը: Այդ ժամանակներում հայտնի էին նաև Միջին Ասիայից Մերձավոր Արևելք ձգվող Լաջվարդի ճանապարհը, Հայաստանից՝ Կողբի աղահանքերից, Սև ծովի հարավարևելյան ափերը (Փոթի) ձգվող Աղի ճանապարհը և այլն:
Քարով սալարկած, ամուր և ուղիղ ճանապարհներն առաջինը կառուցվել են Հին Հռոմում: 
Ամերիկյան մայրցամաքում ճանապարհաշինությունը զարգացել է մ.թ.ա. I հազարամյակի սկզբին, երբ ինկերի տերությունում կառուցվել են առաջին սալարկված և ժայռափոր ճանապարհները:
Հնագույն ժամանակներից սկսած` ճանապարհների մեծ մասը ցեխաշաղախով խճապատվում էր, գետաքարերով երեսպատվում կամ սալարկվում, ճահճոտ վայրերում՝ փայտամածվում:
XIX դարի սկզբից արհեստական խճով պատվող ճանապարհածածկույթի կիրառումը մեծ չափով նպաստեց ճանապարհային շինարարության վերելքին: 1920-ական թվականներին խճածածկն սկսեցին պատել ասֆալտով կամ բիտումով, որոնց շնորհիվ ավտոճանապարհներն ավելի հարմար դարձան ավտոմեքենաների ռետինե անվադողերի համար: 
Ճանապարհաշինությունն այսօր կատարվում է բարդ մեքենայացված տեխնոլոգիայով, օգտագործվում են պատրաստի կառուցատարրեր, կառուցվում են բարձրակարգ ավտոմայրուղիներ, որոնցով մեքենաները սլանում են շատ բարձր արագություններով: Լավ ճանապարհները երկրի առաջնակարգ հարստություններից են:
   Հռոմեական կայսրության ճանապարհացանցը բաղկացած էր 372 խոշոր մայրուղիներից, որոնցից    29-ը հատվում էին Հռոմում: Դրանից էլ առաջացել է «Բոլոր ճանապարհները տանում են Հռոմ» թևավոր խոսքը: