 | Պետական կարգը՝ միապետություն Մայրաքաղաքը՝ Տոկիո Տարածքը՝ 377,7 հզ. կմ2 Բնակչությունը՝ 128,2 մլն Պետական լեզուն՝ ճապոներեն Դրամական միավորը՝ իեն |
 | Ճապոնացիների սրբազան Ֆուձիյաման |
 | Կիոտո հին կայսերական քաղաքը Ճապոնիայի հնագույն մայրաքաղաքներից է: Այստեղ պահպանվել են միջնադարյան բազմաթիվ պալատներ և տաճարներ, որոնցից է նաև Հեյանը: |
 | Ճապոնուհիները հպարտությամբ են կրում ազգային տարազը՝ կիմոնոն: |
 | Ավտոմեքենաներ և այլ փոխադրամիջոցներ արտադրող ճապոնական «Հոնդա» մակնիշը հայտնի է ամբողջ աշխարհում: |
 | Ճապոնական հեռուստացույցները նույնպես մեծ համարում ունեն: |
Ճապոնիան պետության է Ասիայի խաղաղօվկիանոսյան ափերից դեպի արևելք ընկած կղզեխմբի վրա՝ աշխարհի այն կողմում, որտեղից ծագում է արևը: Հնուց ի վեր ճապոնացիներն իրենց երկիրն անվանում են Նիպպոն (կամ Նիհոն), որը կազմված է 2 հիերոգլիֆային (գաղափարագիր) նշաններից՝ «արև» և «հիմք» (այստեղից՝ Ճապոնիայի «Ծագող արևի երկիր» այլաբանական անվանումը): Ճապոնական դրոշի կարմիր արևային շրջանակը և պետական զինանշանի կլոր ոսկեծաղիկը՝ քրիզանթեմը, նույնպես խորհրդանշում են ծագող արևը: Ճապոնական կղզիների աղեղը տարածվում է հյուսիսից հարավ՝ ավելի քան 3,5 հզ. կմ երկարությամբ, զբաղեցնում է 4 խոշոր (Հոկայդո, Հոնսյու, Սիկոկու, Կյուսյու) և գրեթե 4 հզ. մանր կղզիներ: Ճապոնական կղզիների ողջ տարածքի գրեթե 3/4-ը զբաղեցնում են խիտ անտառներով ծածկված բարձրաբերձ երիտասարդ լեռները, որտեղ դեռ շարունակվում է լեռնակազմությունը: Ամենաբարձրը Ֆուձիյամա (3776 մ) գործող հրաբուխն է, որը ճապոնացիների սրբազան լեռն է: Ի դեպ՝ Ֆուձիյաման արտաքին գծագրությամբ շատ նման է Մասիսին: Յուրաքանչյուր ճապոնացի իր պարտքն է համարում տանն ունենալ Ֆուձիի նկարը: Ճապոնիայում այսօր էլ շատ են գործող հրաբուխները և հաճախակի են ուժեղ ու նույնիսկ կործանարար երկրաշարժերը: Առանձնապես մեծ ավերածություններ և մարդկային զոհեր են պատճառել 1903, 1923, 1994 թթ-ի երկրաշարժերը: Ոչ մեծ դաշտավայրերը գտնվում են ափամերձ շրջաններում: Ամենաընդարձակը Կոնտոյի դաշտավայրն է, որտեղ գտնվում է երկրի մայրաքաղաք Տոկիոն: Ընդերքում կան օգտակար հանածոներ, սակայն դրանց պաշարները մեծ չեն: Երկիրը համեմատաբար հարուստ է քարածխով, պղնձով, կան տիտանի, մանգանի, երկաթի, ուրանի, ծծմբի պաշարներ: Ճապոնական կղզիների մեծ ձգվածությունն անդրադառնում է կլիմայի վրա: Այն գերազանցապես մուսսոնային է, հաճախակի են արևադարձային փոթորիկները՝ թայֆունները, որոնք զգալի վնաս են պատճառում տնտեսությանը: Գետերը հորդառատ են, հարուստ` սահանքներով ու ջրվեժներով: Խոշոր գետերն են Սինանոն, Տոնեն, Քիսոն, Իսիկարին, լճերից՝ Բիվան: Երկրի տարածքի 2/3-ը անտառածածկ է: Աճում են եղևնի, սոճի, նվենի, դափնի, ճապոնական նոճի: Անտառների պահպանումը, բնական և արհեստական զբոսայգիների (նաև քարակերտ այգիների) ստեղծումը, լանդշաֆտների բարելավումը ճապոնացիների կենցաղի անբաժանելի մասն են: Երկրի տարածքի 13 %-ը հայտարարված է արգելոցային տարածք (Բանդայ Ասահի, Նիկո, Տիբու Սանգակու, Կիրիսմա): Մեծ ժողովրդականություն է վայելում Հոնսյու կղզու Նիկո ազգային պարկը, որտեղ գտնվում է սրբազան Ֆուձիյաման: Կա նույնիսկ այսպիսի ասացվածք. «Ով չի եղել Նիկոյում, նա չի կարող խոսել գեղեցիկի մասին»: Ճապոնիան Ասիայի միակ երկիրն է, որը միջնադարում չի ենթարկվել ավերիչ ներխուժումների, իսկ հետագայում էլ խուսափել է գաղութային կախվածությունից: Ճապոնիայի տարածքում մ.թ.ա. 7500 թ-ից ձևավորվել են նոր քարեդարյան ձյոմոն, ավելի ուշ՝ էյայոի մշակույթները: Մ. թ. III դարում կազմավորվել է Յամատո ցեղային միությունը, որի հիման վրա էլ ձևավորվել է ճապոնական պետականությունը: Այն արդեն 710 թ-ին ուներ իր մշտական մայրաքաղաքը՝ Նարան: 1192 թ-ից Ճապոնիան ղեկավարում էին սյոգունները (զինվորական առաջնորդներ), որոնց աջակցում էին ազնվական կալվածատերերը` իրենց ռազմիկներով` սամուրայներով: XVI դարում Ճապոնիայում երևացին եվրոպացիները, որոնք, առևտրին զուգահեռ, տարածում էին քրիստոնեություն: Սամուրայները, ի դեմս օտարերկրացիների տեսնելով լուրջ սպառնալիք, 1637 թ-ից արգելեցին նրանց մուտքը Ճապոնիա, և երկիրը մեկուսացավ արտաքին աշխարհից: 1854 թ-ին զենքի գործադրման սպառնալիքով ԱՄՆ-ը հասավ նրան, որ որոշ նավահանգիստներ բացվեցին օտարերկրացիների համար: 1868 թ-ին տապալվեց սյոգունների կառավարությունը, և իշխանության գլուխ անցավ Մուցուհիտո կայսրը: 1894–95 թթ-ին Ճապոնիան պատերազմ մղեց Չինաստանի, 1904–05 թթ-ին՝ Ռուսաստանի դեմ: 1910 թ-ին Ճապոնիան բռնակցեց Կորեան՝ այն հայտարարելով իր գաղութը, իսկ Երկրորդ համաշխարհային պատերազմն սկսվելուց հետո հարձակվեց ԱՄՆ-ին և Մեծ Բրիտանիային պատկանող խաղաղօվկիանոսյան ռազմական հենակետերի վրա: Երբ խորհրդային զորքերը ջախջախեցին Կվանտունյան բանակը, իսկ ԱՄՆ-ը 1945 թ-ին ատոմային ռումբեր նետեց Հիրոսիմա (օգոստոսի 6-ին) և Նագասակի (օգոստոսի 9-ին) քաղաքների վրա, Ճապոնիան 1945 թ-ի սեպտեմբերի 2-ին ստորագրեց անվերապահ կապիտուլյացիայի ակտը: Բնակչության 99 %-ը ճապոնացիներ են. նրանք հազվադեպ են հեռանում իրենց հայրենիքից, այդ պատճառով էլ արտասահմանում ապրում է ճապոնացիների ընդամենը 1%-ը: Ճապոնացիները դավանում են միաժամանակ 2 կրոններ՝ սինթոիզմ և բուդդայականություն: Սինթոիզմին («սինթո»՝ աստվածային ճանապարհ) են հետևում հիմնական կրոնակենցաղային ծեսերի, բուդդայականությանը՝ հոգեհանգստի, թաղման ծիսակատարությունների ժամանակ: Խոշոր քաղաքներում տասնյակ կիլոմետրերով ձգվում են ծովից նվաճված հողերի վրա կառուցված նավամատույցների, պահեստների, գործարանների ու ֆաբրիկաների շարքերը: Տոկիոն մայրաքաղաք է դարձել 1869 թ-ին և ստացել իր ներկայիս անվանումը, որը նշանակում է արևելյան մայրաքաղաք: Այն աշխարհի ամենագերբնակեցված քաղաքներից է և աչքի է ընկնում ծայրահեղ քաոսային կառույցներով: Քաղաքին բնորոշ են երկնաքերները, ստորգետնյա բազմահարկ կառույցները և շենքերից բարձր, կամրջաձև ավտոմոբիլային ճեպընթաց մայրուղիները: Բազմամիլիոն բնակչություն ունեն Տոկիո, Յոկոհամա, Օսակա, Նագոյա, Սապպորո, Կոբե, Կիոտո, Ֆուկուոկա, Կավասակի, Սայտամա և այլ քաղաքներ: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ճապոնական արդյունաբերությունը, շնորհիվ ամերիկյան և արևմտաեվրոպական կապիտալ ներդրումների, բուռն վերելք ապրեց: Այսօր Ճապոնիան աշխարհի երկրորդ խոշոր արդյունաբերական տերությունն է ԱՄՆ-ից հետո, իսկ որոշ ճյուղերում նույնիսկ առաջ է անցել նրանից: Մեծ համբավ ունեն ճապոնական նավերը, հատկապես` գերհզոր լցանավերը (սուպերտանկերներ), էլեկտրոնիկան, ավտոմեքենաները, արհեստական գործվածքներն ու մետաքսը, ճենապակե իրերը, խաղալիքները: Զարգացած է էլեկտրոնային և ռադիոտեխնիկական մեքենաշինությունը: Ճապոնիային է պատկանում տեսաձայնագրիչների ու տեսախցիկների, հեռուստացույցների համաշխարհային արտադրության մեծ մասը, էլեկտրոնային հաշվիչ մեքենաների 1/10-ը: Ավտոմեքենաշինությունը կենտրոնացած է «Տոյոտա Ձիդոսյա», «Նիսան Ձիդոսյա», «Միցուբիսի», «Հոնդա» մենատիրությունների ձեռքերում: Ճապոնական դաշտերի գլխավոր մշակաբույսը բրինձն է, որը լիովին բավարարում է երկրին: Ճապոնիայում մշակում են ցորեն, գարի, սոյա, շաքար և այլ սննդամթերքներ, որոնց զգալի մասն արտահանվում է: Ճապոնիան հին ու զարգացած մշակույթի երկիր է. ուշագրավ են հին և ժամանակակից վարպետների արվեստը, բնապատկերային գեղանկարչությունը, ճենապակու արվեստը, ճարտարապետությունը, թատրոնը, տիկնիկային թատրոնը: Հայտնի է հատկապես Կաբուկի թատրոնը, որն սկիզբ է առել թափառաշրջիկ երգիչների ու պարողների կատարումներից և մինչև օրս էլ ժողովրդական է: Ճապոնացիները հայտնի են ծաղկեփնջեր կազմելու (իկեբանա) և գաճաճ ծառեր մշակելու (բոնսայ) յուրահատուկ արվեստով: Համաշխարհային ճանաչում են գտել ճապոնական ձյուդո, կարատե, սումո մարզաձևերը: Ճապոնիան հայտնի է իր հրաշալի ճարտարապետական ու պատմական հուշարձաններով՝ Բուդդայի հսկայական արձաններով ու տաճարներով, մեհյաններով, գեղատեսիլ լանդշաֆտային զբոսայգիներով և թագավորական դղյակներով ու պալատներով: Ճապոնական հուշարձանների մեջ առանձնահատուկ տեղ ունի Հիրոսիմայի՝ ատոմային ռմբակոծության զոհերի հուշահամալիրը, որն ամեն տարի օգոստոսի 6-ին իր զանգերի տխուր ղողանջով ամբողջ աշխարհին հիշեցնում է 1945 թ-ի այդ մեծ ողբերգության մասին: Ճապոնացիների տնային կենցաղը շատ բանով տարբերվում է եվրոպականից: Օրինակ՝ ճապոնական տներում կահույք գրեթե չկա: Հատակին փռված են բրնձի ծղոտից գործված խսիրներ (տատամի): Տուն մտնելիս կոշիկները հանում են ու թողնում դռան շեմին, իսկ ներսում խսիրների վրա քայլում են գուլպաներով: Ճաշում են հատակին նստած, հատակին էլ անկողին են գցում ու քնում: Թեպետ ճապոնական քաղաքներում շատ են եվրոպական խոհանոց ունեցող ճաշարաններն ու ռեստորանները, ճապոնացիները հիմնականում սնվում են իրենց ավանդական կերակրով՝ անալի եփած բրնձով, որն ուտում են թասիկներից` ձողիկներով: Օգտագործում են նաև աղ դրած բանջարեղեն ու ձկնեղեն, ծովամթերք: Ի դեպ՝ ձկան որսով (տարեկան մոտ 10 մլն տ) Ճապոնիան աշխարհում զբաղեցնում է առաջին տեղերից մեկը: Հանրահայտ են գրողներ Կավաբատա Յասունարին, Կոբո Աբեն, Նոմա Հիրոսին, կինոռեժիսոր Կուրոսավա Ակիրան, կոմպոզիտոր Ջո Հիսիասին, գեղանկարիչ-դիզայներ Եսիտակա Ամանոն, ճարտարապետ Կիսե Կուրոկավան, գրաֆիկ Հիրոսիկի Անդոն, ֆիզիկոսներ Կոսիբա Մասատակին, Յուկավա Հիդեկին, արդյունաբերողներ Հոնդա Սոչիրոն, Մորիտա Ակիոն, Մորի Մինորին և ուրիշներ:
Հայերը Ճապոնիայում Հայերը (հիմնականում` հնդկահայերը) Ճապոնիա են եկել XIX դարի 2-րդ կեսից: Այստեղ գործել են «Աղաբեկ և ընկերություն», «Աբգար և ընկերություն» առևտրական հաստատությունները: Վերջինս գործել է Անահիտ Աբգարյանի և նրա որդու ղեկավարությամբ: Անահիտ Աղաբեկյան-Աբգարյանը (հայտնի է նաև որպես Դայանա Աղաբեկ-Աբգար) 1920 թ-ին նշանակվել է Հայաստանի հյուպատոս Ճապոնիայում: Նա Հայ դատի մասին հոդվածներով պարբերաբար հանդես է եկել Ճապոնիայի անգլիալեզու մամուլում, օգնել հայ գաղթականներին: Ներկայումս Ճապոնիայում բնակվում է 50–60 հայ (հիմնականում՝ Տոկիոյում): Գործում է հայագիտական կենտրոն, տարեկան 7–8 անգամ լույս է տեսնում «Արարատ» թերթիկը` հայերի և Հայաստանով հետաքրքրվող ճապոնացիների համար: - Չափազանց բարդ ու հետաքրքրական է ճապոնական գիրը: Նրա հիմքում ընկած են VI-VIII դարերում չինացիներից փոխառված և ճապոներենի առանձնահատկություններին հարմարեցված հիերոգլիֆները: Թերթ կարդալու համար, օրինակ, անհրաժեշտ է իմանալ մոտ 2 հզ. նշան, իսկ դրանց ընդհանուր թիվը 10 հզ-ից ավելի է: Իհարկե, դժվար է դրանք բոլորը հիշելը, և ճապոնացիները գրքերում այս կամ այն նշանին հանդիպելիս հաճախ դիմում են բառարանի օգնությանը: Միաժամանակ Ճապոնիայում գոյություն ունի վանկակազմիչ այբուբեն: Տեքստերի բառերի մեծ մասի արմատները գրվում են հիերոգլիֆներով, իսկ քերականական վերջավորությունները՝ վանկակազմիչ այբուբենով: Տեքստերը կարդացվում են վերևից ներքև և աջից ձախ: Եվ չնայած նշված բարդություններին՝ Ճապոնիան համատարած գրագիտության երկիր է: 6 տարեկանից երեխաները հաճախում են դպրոց, իսկ 10-ամյա կրթությունը պարտադիր է: Բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսումը վճարովի է, բայց կան նաև անվճար պետական համալսարաններ, որտեղ ընդունվելու համար պետք է հաղթահարել մրցակցային մեծ դժվարություններ:
|