Մասրենին վարդազգիների ընտանիքի վարդ ցեղի վայրի թուփ է (մինչև 1 մ բարձրությամբ), երբեմն՝ ծառանման (մինչև 3մ բարձրությամբ): Հայտնի է մասրենու 350–400 տեսակ՝ տարածված Հյուսիսային կիսագնդում, առավելապես՝ բարեխառն և մերձարևադարձային գոտիներում: ՀՀ-ում հանդիպում է 31 տեսակ՝ առատափուշ, ալրապատ, փափուկ, Ղազարյանի և այլն: Շատ են նաև բնաշխարհիկները՝ Զանգեզուրի, Սյունիքի, Սոսնովսկու և այլն: Տարածված է ՀՀ բոլոր մարզերում: Աճում է լեռնալանջերին, անտառեզրերին, թփուտներում, բաց տարածքներում: Մասրենին ունի կանաչ, դարչնագույն կամ գորշ ընձյուղներ՝ պատված փայտանման, ամուր, սուր, կեռ փշերով: Տերևները հերթադիր են, բարդ, կենտփետրաձև, ատամնաեզր: Ծաղիկները մեկական են կամ հովանոցաձև՝ ծաղկաբույլերում հավաքված, երկսեռ, սպիտակ, վարդագույն, կարմիր, դեղին: Պտուղը բազմասերմ ընկուզիկ է, պտղաբույլը՝ մսալի, ոչ հյութալի, արտաքին մաշկը՝ կաշեկերպ, հաստ, կարմիր, վարդագույն, դեղնակարմրավուն և այլն: Պտուղը պարունակում է վիտամիններ (հատկապես՝ C), շաքարներ, թթուներ, աղաղանյութեր, հանքային տարրեր, եթերայուղեր և այլն: Բժշկության մեջ պտուղներն օգտագործում են որպես վիտամինային հումք (թուրմ, հյութեր), յուղը կիրառվում է սնուցողական խոցերի, մաշկային որոշ հիվանդությունների բուժման համար: Սննդի մեջ պտուղներն օգտագործում են թարմ և վերամշակած: Ծաղիկներից ստացվում է հատուկ յուղ, որն օգտագործվում է օծանելիքի արտադրության և բժշկության մեջ: Մասրենու թուփը գեղազարդիչ է, ունի նաև հողապաշտպան և հակաէրոզային նշանակություն: Կիսագնդաձև մասրենին հանդիպում է Երևանի շրջակայքում և Վայոց ձորի մարզում: Աճում է խիստ քարքարոտ լանջերին, կրաքարային խճաքարերի փլվածքներում: Ծաղիկները վառ դեղին են, պտուղները՝ նարնջագույն: Գրանցված Է ՀՀ Կարմիր գրքում:
|