Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Մարդը կենդանական աշխարհի բարձրագույն ներկայացուցիչն է: Մարդու էվոլյուցիայի ընդհանուր պատկերը բավականաչափ բարդ է և մինչև վերջ պարզաբանված չէ: Մարդը հասարակական էակ է՝ ընդունակ արտադրելու և օգտագործելու աշխատանքային գործիքներ, ունի բարդ կազմավորված ուղեղ, գիտակցություն և հոդաբաշխ խոսք:
Մարդ-անհատների միջև հարաբերություններով առաջացել է մարդկային հասարակությունը, որն էական ազդեցություն է թողել կենսոլորտի վրա, ստեղծել Երկրի  սեփական թաղանթը՝ մարդոլորտը:
Մարդկային հասարակության գործունեության արդյունքում են ստեղծվում պատմահասարակական հարաբերությունները, զարգանում քաղաքակրթությունն ու ստեղծվում մշակույթ:
Ենթադրում են, որ 8-5 մլն տարի առաջ կապիկներից առաջացել է մարդանման կապիկը, որից էլ 2 մլն տարի առաջ ծագել է մարդկային սեռը (Homo): Նրա առաջին ներկայացուցիչը համարվում է «հմուտ մարդը» (Homo habilis), որից էլ մոտ 1,6-1,5 մլն տարի առաջ առաջացել է «ուղիղ քայլող մարդը» (Homo erectus): Իսկ մարդու անմիջական նախորդի՝ «բանական մարդու» (Homo sapiens) առաջացման մասին վերջնական տեսակետ դեռևս գոյություն չունի:
Տեսակների ժամանակակից դասակարգմամբ՝ մարդը պատկանում է քորդավորների տիպի կաթնասունների դասի պրիմատների կարգին:
Մարդու մարմնի կառուցվածքի բնորոշ առանձնահատկություններն են ուղղաձիգ կեցվածքը, քայլվածքը և ներքին օրգանների համապատասխան դիրքը, ազատ և լավ զարգացած վերին վերջույթները, գլխուղեղի կեղևի և հաղորդակցության միջոցների բարձր զարգացածությունը, ինչպես նաև ատամների, ծնոտների և մարսողության օրգանների կառուցվածքի որոշակի յուրահատկությունները: Իսկ ամենակարևորը՝ նյարդային համակարգի բացառիկ բարձր կազմակերպվածության շնորհիվ մարդն օժտված է մտավոր և հուզական զարգացման մեծ հնարավորություններով: Ժամանակակից մարդ տեսակի սահմաններում առանձնացվում են մի քանի ռասաներ՝ եվրոպեոիդ (այս ռասայում է արմենոիդ կոչվող ճյուղը), մոնղոլոիդ, նեգրոիդ, ավստրալոիդ. առանձին-առանձին յուրաքանչյուր ռասայի միասնությունը պայմանավորված է ծագման ընդհանրությամբ, ֆիզիկական, մտավոր և հոգեկան զարգացման միատեսակ աստիճանով:
Մարդու բոլոր հյուսվածքները պայմանականորեն բաժանվում են էպիթելային (ծածկութային), շարակցական (ոսկրային, աճառային և բուն շարակցական), մկանային, նյարդային, ինչպես նաև հեղուկ (արյուն և ավիշ) հյուսվածքների: Մի քանի հյուսվածքներից, որոնցից մեկն ունենում է առաջատար գործառույթ, կազմվում են օրգանները: Միասնական գործառույթ կատարող և կառուցվածքի ու զարգացման ընդհանրություն ունեցող օրգանները միավորվում են օրգան-համակարգերում և կազմում են մարդու միասնական օրգանիզմը:

Մարդու մարմնի կառուցվածքը
Մարդու, ինչպես նաև բոլոր ողնաշարավոր կենդանիների մարմինը կառուցված է երկկողմանիորեն համաչափ (զուգաչափ), այսինքն՝ երկայնակի միջին հարթությամբ այն կարելի է բաժանել իրար նման 2 կեսի: Բայց կան նաև անհամաչափորեն տեղադրված ներքին օրգաններ (հատկապես՝ կենտ): Օրինակ՝ սրտի մեծ մասը գտնվում է կրծքավանդակի ձախ կեսում, լյարդն զբաղեցնում է որովայնի խոռոչի վերին աջ մասը, և այլն: Մարդու մարմինը կազմում են գլուխը, պարանոցը, իրանը և վերին ու ստորին վերջույթները: Մարմնի յուրաքանչյուր մասը բաժանվում է բաժինների. գլուխը՝ ուղեղային գանգի և դեմքի, պարանոցը՝ հետին ու առաջային պարանոցի, իրանը՝ մեջքի, կրծքի և որովայնի, վերին վերջույթը (ձեռքը)՝ բազկի, արմունկի, նախաբազկի և ձեռնաթաթի, ստորին վերջույթը (ոտքը)՝ ազդրի, ծնկի, սրունքի և ոտնաթաթի:
Մարմնի ձևը՝ մարմնակազմվածքը, որոշվում է այն կազմող մասերի երկարության ու լայնության հարաբերակցությամբ: Մարմնակազմվածքին հատուկ են արտահայտված սեռային և տարիքային անհատական առանձնահատկությունները: Աճման ընթացքում մարմինը (հատկապես՝ գլուխը) համեմատաբար փոքր է մնում, իսկ պարանոցն ու վերջույթները երկարում են: Տղամարդու մարմինը տարբերվում է մեծ չափերով, նեղ կոնքով և լայն ուսերով: Կնոջ մարմինն ավելի կարճ է, ուսերը նեղ են, կոնքը՝ լայն:
Մարդու մարմինը ծածկված է մաշկով, որը կատարում է պաշտպանական և արտազատական գործառույթներ:
Ոսկրային կմախքը մեխանիկական հենարան է մարդու մարմնի համար: Ոսկրերը, նրանց միացումները (հոդեր, ջլեր), մկանները կազմում են հենաշարժական ապարատը:
Ուղեղային գանգը ոսկրային զետեղարան է գլխուղեղի, լսողության ու հավասարակշռության օրգանների և մասամբ տեսողության օրգանի համար: Այն կազմված է ճակատոսկրից, 2 քունքոսկրից, ծոծրակոսկրից, սեպոսկրից և մաղոսկրից: Դիմային գանգը կազմված է զույգ վերին ծնոտային ոսկրերից, այտոսկրերից և կենտ ստորին ծնոտոսկրից: Դիմային գանգի վրա կենտրոնական դիրք է գրավում քթի խոռոչը, որի առաջային բաժինը արտաքին քիթն է: Քիչ վերև՝ աջ ու ձախ տեղադրված են ակնակապիճները: Վերին և ստորին ծնոտները մասնակցում են բերանի խոռոչի կազմավորմանը:
Ողնաշարը մարմնի հենարանն է, որը պահում է գլխի, իրանի ու վերին վերջույթի ծանրությունը (մարմնի կշռի 2/3-ը) և այն տեղափոխում է կոնքի ու ստորին վերջույթների վրա:
Կողոսկրերը (12 զույգ), միանալով կրծոսկրին (բացառությամբ ստորին 2 զույգի), գոյացնում են կրծքավանդակը, իսկ փափուկ հյուսվածքների հետ՝ կրծքի պատը, որով սահմանազատվում է կրծքի խոռոչը: Վերջինս ներքևում որովայնի խոռոչից բաժանված է ստոծանիով: Ողնաշարի գոտկային բաժինը, ստորին կողերի ու կոնքի ոսկրերի վերին ծայրերի և որովայնի լայն մկանների հետ միանալով, գոյացնում է որովայնի խոռոչը, որը ներքևում վերածվում է կոնքի խոռոչի: 
Վերին վերջույթի, որպես մասնագիտացված նուրբ շարժումներ կատարող օրգանի, ոսկրերի և հոդերի կառուցվածքը համապատասխանում է նրա գործառույթին: 
Ստորին վերջույթները հենման ու տեղափոխության օրգաններ են: