Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Պետական կարգը՝ 
միապետություն
Մայրաքաղաքը՝ 
Ռաբաթ
Տարածքը՝ 
446,5 հզ. կմ2
Բնակչությունը՝
31,9 մլն
Պետական լեզուն՝ 
արաբերեն
Դրամական միավորը՝ 
դիրհամ
Մարոկկոյի մայրաքաղաք Ռաբաթը
Օազիս Մարոկկոյական Սահարայում
Մարոկկոյի Թագավորություն
Մարոկկոն պետություն է Աֆրիկայի հյուսիս-արևմուտքում: Ափերը ողողվում են Ատլանտյան օվկիանոսի և Միջերկրական ծովի ջրերով: Ջիբրալթարի նեղուցով բաժանվում է Եվրոպայից: 
Մակերևույթը լեռնային է. գերակշռում են միջին բարձրության լեռներն ու սարավանդները: Հարավ-արևմուտքից դեպի հյուսիս-արևելք ձգվում է Ատլասի լեռնային համակարգը՝ Բարձր Ատլաս (առավելագույն բարձրությունը՝ 4165 մ, Թուբկալ լեռ), Միջին Ատլաս, Անտիատլաս: Ատլանտյան ափին կան դաշտավայրեր (Գարբ, Աբդա, Սուս), հյուսիս-արևմուտքում Մարոկկոյական Մեսետայի հարթավայրերն ու սարավանդներն են, հյուսիս-արևելքում՝ խոշոր գոգավորություններով Ալժիրա-Մարոկկոյական Մեսետան (1000–1200 մ): Ատլասից հարավ տարածված սարավանդները Սահարայում վերածվում են քարքարոտ հարթավայրերի: 
Ընդերքում կան ֆոսֆորի, քարաղի, պղնձի, ցինկի, կապարի, երկաթի, նավթի, գազի հանքավայրեր:
Մարոկկոյի կլիման մերձարևադարձային է, հյուսիսում՝ միջերկրածովյան, ափամերձ գոտում ավելի մեղմ է, հարավում՝ չորային, հաճախակի են ավազային փոթորիկները: Մշտական հոսք ունեցող գետերը քիչ են. խոշորներն են Մուլույան, Սեբուն, Ումմ էր Ռբիան: Երկրի տարածքի 12 %-ն զբաղեցնում են լեռներում պահպանված անտառները: Հիմնական ծառատեսակներն են կաղնին, խցանակաղնին, մայրին, գաճաճ արմավենին, սոճին: Լայնորեն տարածված են մակվիսի և կենսածառի թփուտները: Չոր տափաստաններն ու կիսաանապատները ծածկված են ալֆա խոտով, աղուտները՝ օշանով: Կենդանական աշխարհը համեմատաբար աղքատ է: Բուսական և կենդանական աշխարհների պահպանման նպատակով ստեղծվել են արգելոցներ և ազգային պարկեր (Թուբկալ, Թազեկա և այլն):
Հնագույն ժամանակներից Մարոկկոյի տարածքում բնակվել են լիբիական կամ հին բերբերական ցեղեր: Մ.թ.ա. II հազարամյակի վերջին առափնյա շրջանում հիմնվել են փյունիկեցիների գաղութներ, որոնք այնուհետև ընկել են Կարթագենի իշխանության տակ: Հետագայում երկրի տարբեր շրջանների տիրել են Հռոմը, Բյուզանդիան, արաբները:
XV դարում սկսվել է եվրոպացիների մուտքը, և գերիշխանություն հաստատելու համար պայքարել են Պորտուգալիան, Իսպանիան, Ֆրանսիան, XX դարի սկզբին՝ նաև Մեծ Բրիտանիան ու Գերմանիան: Մարոկկոն անկախություն է ձեռք բերել երկարատև պայքարից հետո` 1956 թ-ի մարտի 2-ին:
Բնակչության 99 %-ը մարոկկացիներ են, բնակվում են նաև ֆրանսիացիներ, իսպանացիներ և այլք: 
Խոշոր քաղաքներն են Կասաբլանկան, Ռաբաթը, Ֆեսը, Մարակեշը:
Տնտեսության հիմքը գյուղատնտեսությունն ու հանքարդյունաբերությունն են: Կան տեքստիլ, քիմիական, նավթամշակման, մետաղամշակման ձեռնարկություններ: Սննդի արդյունաբերության առաջատար ճյուղը ձկան (հատկապես՝ սարդինաների), մրգի և բանջարեղենի պահածոների արտադրությունն է: Մշակում են հացահատիկային մշակաբույսեր, կարտոֆիլ, շաքարի ճակնդեղ:
Մարոկկոն հնագույն մշակույթի երկիր է: Կառույցներին բնորոշ են քանդակազարդ հարդարանքներով մինարեները, սլաքաձև-պայտաձև կամարները, մզկիթների և այլ կառույցների ջնարակված հախճապակիները, խեցե և ապակե խճազարդերը: Միջնադարում կատարելության են հասել գորգագործությունը, կաշվի դրոշմումը, բրոնզի գեղարվեստական մշակումը:
Մարոկկացիների կենցաղում մեծ տեղ ունի կրոնական երաժշտությունը: Տարածված են նաև օրորոցային, աշխատանքային երգերը, ծիսական պարերի և շքահանդեսային երաժշտությունը: