 | Պետական կարգը՝ միապետություն Մայրաքաղաքը՝ Լոնդոն Տարածքը՝ 244 հզ. կմ2 Բնակչությունը՝ 59,8 մլն Պետական լեզուն՝ անգլերեն Դրամական միավորը՝ ֆունտ ստեռլինգ |
 | Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնը |
 | Շոտլանդիայի մայրաքաղաք Էդինբուրգը |
 | Շոտլանդացի գյուղացին ազգային տարազով` կիլտով |
 | Լոնդոնի Սուրբ Սարգիս հայկական եկեղեցին |
 | ՀՀ դեսպանատունը Լոնդոնում |
Այս հնագույն եվրոպական երկիրն անվանում են նաև Անգլիա՝ պատմաաշխարհագրական այն մեծ շրջանի անունով, որը Շոտլանդիայի, Ուելսի ու Հյուսիսային Իռլանդիայի (Օլսթեր) հետ միասին կազմում է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունը: Այն աշխարհի հզոր ու բարձր զարգացած երկրներից է, Եվրոպայի ամենամեծ կղզային պետությունը: Նրան են պատկանում բազմաթիվ ափամերձ կղզիներ՝ Մեն, Անգլսի, Ուայթ, և 4 կղզեխմբեր՝ Հեբրիդյան, Օրկնեյան, Շոտլանդական ու Նորմանդական: Հյուսիսից հարավ՝ Դանքանսբի Հեդ հրվանդանից մինչև Լանդս Էնդ (Երկրի վերջ) հրվանդանն ուղիղ գծով 1000 կմ է: Մեծ Բրիտանիան Եվրոպայից բաժանվում է Լա Մանշ և Պա դե Կալե նեղուցներով, որոնց ամենանեղ մասը 30 կմ է: Մեծ Բրիտանիա կղզու հյուսիսային և արևմտյան մասերում կան ոչ բարձր լեռներ, կենտրոնում և հարավ-արևելքում՝ դաշտավայրեր: Երկրի ընդերքը հարուստ է ածխի, նավթի, բնական գազի, երկաթի պաշարներով: Կլիմայի վրա մեծ ազդեցություն ունի Հյուսիսատլանտյան տաք հոսանքը, որի շնորհիվ ձմեռը մեղմ է, հաճախակի են քամիները և մառախուղը: Գետերը կարճ են, բայց՝ ջրառատ, նավարկելի, միմյանց միացած են ջրանցքներով: Կան բազմաթիվ մանր լճեր, այդ թվում՝ հանրահայտ Լոխ Նեսը: Բրիտանական կղզիների ափերը կտրտված են ծովածոցերով, որտեղ կա առնվազն 300 նավահանգիստ: Շոտլանդիան գտնվում է երկրի հյուսիսում և միջին բարձրության լեռների, լճերի ու գեղատեսիլ հովիտների երկիր է: Շոտլանդացիները երգ ու երաժշտություն սիրող ժողովուրդ են: Տոնախմբություններին այստեղ ամենուր հնչում է պարկապզուկի նվագը: Ամեն տարի ամռանը Էդինբուրգ քաղաքում կազմակերպվում են երգ-երաժշտության, թատրոնի ու կինոյի միջազգային փառատոներ, իսկ հունվարի 25-ը՝ բանաստեղծ Ռոբերտ Բյոռնսի ծննդյան օրը, ամբողջ Շոտլանդիան նշում է որպես ազգային տոն: Ինքնատիպ է շոտլանդացիների ազգային տարազը, հատկապես` տղամարդկանց կարճ, վանդակավոր կիսաշրջազգեստը՝ կիլտը: Շոտլանդիայի գլխավոր քաղաքում՝ Էդինբուրգում, ինչպես և Գլազգոյում համատարած են գործարանները, ֆաբրիկաները, նավաշինարաններն ու հանքահորերը: Քլայդ գետի վրա կառուցվում են խոշոր նավեր, որոնք շոտլանդական մեքենաներն ու այլ ապրանքներ փոխադրում են աշխարհի տարբեր երկրներ: Ուելսը գտնվում է Մեծ Բրիտանիա կղզու հարավ-արևմուտքում: Այստեղ արդյունահանում են ածուխ, գործում են պողպատաձուլական հսկա գործարաններ: Ուելսի գլխավոր քաղաքը Կարդիֆն է: Սակայն Մեծ Բրիտանիայի ամենամեծ և խիտ բնակեցված մասն Անգլիան է (Ալբիոնը), որի հնագույն քաղաքներ Բիրմինգհեմի, Մանչեստրի, Լիվերպուլի գործարաններն ու ֆաբրիկաներն արտադրում են ավտոմեքենաներ ու ավիաշարժիչներ, հեռուստացույցներ ու էլեկտրոնիկա, կարի մեքենաներ ու գեղեցիկ մանկական խաղալիքներ: Իռլանդիա կղզու հյուսիս-արևելքում է գտնվում Մեծ Բրիտանիայի չորրորդ մասը՝ Հյուսիսային Իռլանդիան կամ Օլսթերը: Որպես Մեծ Բրիտանիայի գաղութ՝ այն համեմատաբար թույլ զարգացած շրջան է: Շատ են վարելահողերը, արոտավայրերը, բանջարանոցներն ու պտղատու այգիները: Գլխավոր քաղաքը Բելֆաստն է, որտեղ կան նավաշինական գործարաններ, մանածագործական ֆաբրիկաներ: 1960-ական թվականների վերջից բուռն շարժում է ծավալվել տեղի կաթոլիկ փոքրամասնության քաղաքացիական իրավունքների համար, ինչը շարունակվում է ցայսօր: XV դարի վերջին կենտրոնացված անգլիական պետության ստեղծումը և 1642–49 թթ-ի բուրժուական հեղափոխությունը պայմաններ ստեղծեցին Մեծ Բրիտանիայում, եվրոպական մյուս երկրների համեմատ, կապիտալիզմի ավելի վաղ զարգացման համար: Դա հնարավորություն տվեց տիրապետության հասնել ծովերի վրա և նվաճել բազմաթիվ հարուստ գաղութներ: Բրիտանական կայսրության (1949 թ-ից՝ Ազգերի բրիտանական համագործակցություն, ավելի ուշ՝ Բրիտանական համագործակցություն) տարածքներն այնքան ընդարձակվեցին, որ այդ ժամանակներում հաճախ ասում էին, թե «Բրիտանական կայսրությունում արևը երբեք մայր չի մտնում»: Սակայն Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո սկսվեց այդ վիթխարի գաղութային կայսրության քայքայումը, և այժմ Մեծ Բրիտանիայի վերահսկողության տակ մնացել են մեկ տասնյակից էլ պակաս գաղութային ու կախյալ տարածքներ: Ժամանակակից Մեծ Բրիտանիան Բրիտանական համագործակցության առանցքային երկիրն է, որի մեջ մտնում են 49 անկախ պետություններ՝ հիմնականում նրա նախկին գաղութներն ու կիսագաղութները: Մեծ Բրիտանիան սահմանադրական միապետություն է՝ իր թագավորով (կամ թագուհիով), որի մասին ասում են՝ նա թագավորում է, բայց չի իշխում: Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնը Եվրոպայի հնագույն քաղաքներից է, որտեղ շուրջ 100 տարի առաջ կառուցված տները դժվարությամբ են իրենց տեղը զիջում բազմահարկ շենքերին: Բրիտանացիները գերադասում են ապրել առանձնատներում: Լոնդոնի կենտրոնը ժամանակին Սիթի թաղամասն էր, որը վաղ միջնադարում անգլո-նորմանական թագավորանիստն էր: Այնուհետև թագավորներն իրենց նստավայրը փոխադրեցին Վեստմինստեր, իսկ Սիթին դարձավ դրամատնային և բորսայական միջազգային կենտրոն: Քաղաքում գործում են ավելի քան 30 թանգարաններ՝ Ազգային ծովային, Բրիտանական, Բնապահպանական և այլն, բազմաթիվ պատկերասրահներ՝ Ազգայինը, Թեյթը, Ուոլեսի հավաքածուն, գործում է Թագավորական աշխարհագրական ընկերությունը, քաղաքի արվարձանում է աշխարհահռչակ Գրինվիչի աստղադիտարանը և այլն: Լոնդոնում է թագավորանիստ Բուքինգհեմի պալատը, Թաուերի ամրոցը և պատմական այլ հուշարձաններ: Ուայթհոլ փողոցում են տեղավորված կառավարական հիմնարկությունները: Դաունինգ Սթրիթում է վարչապետի նստավայրը, իսկ Թեմզայի ափին՝ անգլիական խորհրդարանի շենքը՝ Վեստմինստերյան պալատը՝ իր նշանավոր «Բիգ Բեն» (Մեծ Բեն) ժամացույցով: Մեծ Բրիտանայում պահպանվել են պատմական հարուստ անցյալ ունեցող բազմաթիվ քաղաքներ ու բնակավայրեր: Այդպիսիներից են համալսարանական կենտրոններ Օքսֆորդն ու Քեմբրիջը, Վիլյամ Շեքսպիրի ծննդավայրը՝ Սթրադֆորդ օն Էյվոնը, Դիքենսի անվան հետ կապված լոնդոնամերձ Ռոչեսթրը, հանրահայտ մեգալիթյան կառույց Սթոունհենջը և այլն: Մեծ Բրիտանիայի ժողովուրդն աշխարհին տվել է շատ նշանավոր մարդիկ՝ դասական մեխանիկայի «հայր» Իսահակ Նյուտոն, էլեկտրականության և մագնիսականության շատ երևույթների գյուտարար Մայքլ Ֆարադեյ, ճառագայթաակտիվության և ատոմի կառուցվածքի մասին ուսմունքի հիմնադիր Էռնեստ Ռեզերֆորդ, օրգանական աշխարհի էվոլյուցիոն տեսության հեղինակ Չառլզ Դարվին և ուրիշներ: Մեծ է Անգլիայի մասնակցությունն աշխարհագրական հայտնագործություններում (Վ. Բաֆին, Ֆ. Դրեյկ, Հ. Հուդզոն, Ջ. Կուկ, Ռ. Սկոտ) և Երկրի մասին գիտությունների զարգացման գործում (Ջ. Ռոս, Դ. Լիվինգսթոն): Անգլիացի գիտնականները նշանակալի ներդրում ունեն նաև ժամանակակից գիտության տարբեր ճյուղերում: Շատերը Նոբելյան մրցանակակիր են: Հանրահայտ են գրողներ Վիլյամ Շեքսպիրը, Ջորջ Բայրոնը, Վալտեր Սկոտը, Չառլզ Դիքենսը, Բեռնարդ Շոուն, պետական-քաղաքական գործիչներ Ուինսթոն Չերչիլը, Մարգրետ Թետչերը և ուրիշներ: Կրտսեր ընթերցողներին հայտնի են Ռեդյարդ Քիփլինգի «Ջունգլիների գրքերը», Դանիել Դեֆոյի «Ռոբինզոն Կրուզոյի կյանքը և զարմանալի արկածները», Հերբերտ Ուելսի «Անտեսանելի մարդը» և այլ ստեղծագործություններ:
Հայերը Մեծ Բրիտանիայում Մեծ Բրիտանիայում հայկական համայնքներ ստեղծվել են XIX դարի 30-ական թվականներին Լոնդոնում, Մանչեստրում և Լիվերպուլում: Առաջին հայերն այստեղ Կոստանդնուպոլսից և Հնդկաստանից ժամանած վաճառականներն էին: Արդեն 1870 թ-ին Մանչեստրում կառուցվել է հայկական եկեղեցի (Սուրբ Երրորդություն): Մեծ Բրիտանիայի հայ գաղութն ստվարացել է Առաջին համաշխարհային պատերազմից հետո, երբ այնտեղ հաստատվել են Թուրքիայից, Իրանից և Կովկասից գաղթած բազմաթիվ հայեր: XX դարի 60–70-ական թվականներին հայերի հոսքը Մեծ Բրիտանիա ավելացավ հատկապես Կիպրոսից, Լիբանանից, Սիրիայից և Եգիպտոսից: Ներկայումս հայերի թիվը շուրջ 16 հզ. է, նրանք հիմնականում բանվորներ, ծառայողներ, արհեստավորներ, մանր առևտրականներ են: Կան նաև մեծահարուստներ ու խոշոր արդյունաբերողներ, մտավորականներ: Լոնդոնում գործում է Հայ տունը, որը կազմակերպում է մշակութային միջոցառումներ: Այնտեղ է գտնվում նաև 1992 թ-ին բացված ՀՀ-ի դեսպանատունը: Համայնքում գործում է հայ առաքելական 3 եկեղեցի: Հայաստանյայց առաքելական եկեղեցու Անգլիայի թեմի առաջնորդանիստը Լոնդոնի Սուրբ Սարգիս եկեղեցին է: Մայրաքաղաքում և Մանչեստրում հայ մանուկների համար բացվել են նաև շաբաթօրյա և կիրակնօրյա դպրոցներ: 1998 թ-ից լույս է տեսնում «Նոր սերունդի ձայն» պարբերականը: Գործում են նաև Անգլո-հայկական, Հայկական առաջադիմական, Լոնդոնի հայ երիտասարդաց միությունները, ՀԲԸՄ և ՀՕՄ-ի Լոնդոնյան մասնաճյուղերը և այլ կազմակերպություններ:
|