Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Պետական կարգը՝ 
հանրապետություն
Մայրաքաղաքը՝ 
Մեխիկո
Տարածքը՝ 
1.958,2 հզ. կմ2
Բնակչությունը՝ 
108,3 մլն
Պետական լեզուն՝ 
իսպաներեն
Դրամական միավորը՝  
պեսո
Անկախության հուշարձանը Մեքսիկայի մայրաքաղաք Մեխիկոյում
Պոպոկատեպետլ հրաբուխը (5452 մ)
Մեքսիկական բարձրավանդակը կռզիների հայրենիքն է: 
Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
Մեքսիկան պետություն է Հյուսիսային Ամերիկայի հարավում: 
Գեղեցիկ ու բազմազան է նրա բնությունը՝ ձյունաճերմակ գագաթներով գործող (Օրիսաբա` 5700 մ, Պոպոկատեպետլ` 5452 մ) և հանգած հրաբուխներ, ժայռոտ լեռնաշղթաներ, արևախանձ անապատներ, որտեղ աճում են միայն դիմացկուն կռզիներն ու ագավան: Լեռնալանջերն ու առափնյա ցածրավայրերը ծածկված են մշտադալար արևադարձային անտառներով ու սավաննաներով: Աճում են բարձրակարգ բույսերի 12 հզ. տեսակ, որի 2/3-ը բնաշխարհիկներ են: Լեռնային անտառներում կան սև արջ, ջրարջ, կատվառյուծ, կարմիր լուսան, արևադարձային անտառներում՝ կապիկներ, գետակինճ, ամերիկյան հովազ, սավաններում՝ եղջերու, մրջնակեր: Ստեղծվել են մի շարք ազգային պատկեր:
Մեքսիկայի նորագույն պատմությունն սկսվում է XVI դարից, երբ նրա տարածք են ներխուժել իսպանացիները և նվաճել երկիրը: 1821 թ-ին, երկարատև պատերազմից հետո, Մեքսիկան հռչակվել է անկախ պետություն, իսկ 1911–40 թթ-ի քաղաքացիական պատերազմից հետո՝ հանրապետություն:
Մեքսիկայի հիմնական բնակիչները մեքսիկացիներն են, որոնք ձևավորվել են իսպանացիների, բնիկ հնդկացիների, մասամբ` նաև նեգրերի միախառնման հետևանքով: Պաշտոնական լեզուն իսպաներենն է, սակայն բնիկ ժողովուրդները՝ ացտեկները, մայաները, հուաստեկները և այլք, խոսում են մայրենի լեզուներով և պահպանում իրենց մշակութային առանձնահատկությունները:
Խոշոր քաղաքներն են Մեխիկոն, Գվադալահարան, Մոնտերեյը, Պուեբլան:
Հին շրջանում (մինչև XVI դար) Մեքսիկայի տարածքում զարգացած են եղել հնդկացիների (տոտոնակներ, տոլտեկներ, ացտեկներ, մայաներ)  գեղարվեստական մշակույթները: Զբաղվել են խեցեգործությամբ և փայտե իրերի, մանր քանդակների պատրաստմամբ:
Սակայն իսպանացիների կողմից Մեքսիկայի նվաճումը կործանարար ազդեցություն ունեցավ հնդկացիների ինքնատիպ մշակույթի վրա: Այդուհանդերձ, բնիկների գեղարվեստական ավանդույթները որոշակիորեն ներգործեցին գաղութային շրջանում ձևավորված արվեստի վրա, և երկու մշակույթների համատեղումը կանխորոշեց Մեքսիկայի հետագա ազգային արվեստի ավանդույթները:
Ներկայումս Մեքսիկան Լատինական Ամերիկայի առավել զարգացած երկրներից է. արդյունահանում են արծաթ, ոսկի, նավթ, գունավոր և հազվագյուտ մետաղներ: Մշակում են ցորեն, բրինձ, շաքարեղեգ, սրճենի, եգիպտացորեն (հայրենիքը Մեքսիկան է):
Մայրաքաղաք Մեխիկոն աշխարհի խոշորագույն քաղաքներից է, որտեղ զուգակցվում է հին դարերի ու ժամանակակից ճարտարապետությունը:
Հանրահայտ են գեղանկարիչներ Դիեգո Ռիվերան, Խոսե Օրոսկոն, Դավիդ Սիկեյրոսը, Ֆրիդա Կալոն, գրողներ Կառլոս Ֆուենտեսը, Օկտավիո Պասը և ուրիշներ:

Հայերը Մեքսիկայում
Մեքսիկայի հայ գաղութը կազմավորվել է 1920-ական թվականներից հետո: Հայերը կենտրոնացած են հիմնականում Մեխիկոյում, մասամբ էլ՝ Պուեբլա քաղաքում: Ներկայումս նրանց թիվը մոտ 400 է, սակայն համայնքը դեռևս կազմավորված չէ. չունի հավաքատեղի կամ ազգային որևէ կազմակերպություն:
Մեքսիկայի նշանավոր հայերից են գործարարներ Ս. Պալունյանը և Շ. Քրդիկյանը, ճարտարագետ Ջ. Նշանյանը, ֆիզիկոս Շ. Հաճյանը, աստղագետ դոկտոր Պ. Փիշմիշը և այլք: Մեխիկոյում է ապրել ու ստեղծագործել բանաստեղծ և թատերագիր Մկրտիչ Հաճյանը, Մեքսիկայի կառավարության կազմում աշխատել է հայազգի Խոսե Սարուխանը (Սարուխանյան):