Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Տնային մուկ
Պարսկական ավազամուկ
Մոխրագույն համստերիկ
Առնետ
Սովորական դաշտամուկ
Լեմինգ
Ծովախոզուկ
Ծովախոզուկ
Սովորական սկյուռ
Հնդկական մացառախոզ
Կրծողների մեծ խմբին են պատկանում մկները, սկյուռները, ավազամկները, համստերները, ծովախոզուկները, առնետները, կուղբերը, մացառախոզերը և այլն:
Կաթնասունների բոլոր հայտնի տեսակների մոտավորապես կեսը կրծողներ են: Նրանք ապրում են գրեթե ամենուրեք՝ արևադարձային անտառներից մինչև շոգ անապատներն ու ցուրտ տունդրաները: Նրանցով սնվում են կենդանիների այլ տեսակներ, ուստի գոյատևելու համար այս կրծողներին հարկ է լինում վերարտադրել բազմաքանակ սերունդ:
Կրծողների յուրաքանչյուր ծնոտ կրում է սուր սայրի նման ընդամենը 2 դուրանման կտրիչ: Բերանի խոռոչում կան աղորիքներ, որոնք անհրաժեշտ են սնունդը մանրացնելու համար: Կրծողների մեծամասնությունը սնվում է բուսական կերով, թեև որոշ տեսակներ ուտում են նաև միջատներ կամ այլ մանր կենդանիներ:

Մկներ և առնետներ
Մկները լայնորեն տարածված են ամբողջ աշխարհում: Այս խմբի կրծողների մեծամասնությունը քիչ է առնչվում մարդկանց հետ: Միայն 1 տեսակ (տնային մուկը) դարձել է մարդու ուղեկիցը և զգալի վնաս է պատճառում նրան: 
Առնետների ամենատարածված տեսակներն են սև ու մոխրագույն (պասյուկ) առնետները:
Սև առնետի դունչը սուր է, ականջները՝ մեծ ու կլոր: Փորում են բներ, բնակվում այգիներում, տանիքներում: Սնվում են սերմերով, միջատներով, խխունջներով: ՀՀ-ում տարածված է Տավուշի, Կոտայքի մարզերում:
Մոխրագույն առնետն ապրում է այգիներում, ջրավազանների ափերին, ներքնահարկերում: ՀՀ-ում առավել տարածված է Շիրակի, Արարատի, Արագածոտնի մարզերում:
Առնետները վնասակար են. փչացնում են սննդամթերքը, տարածում մարդու և ընտանի կենդանիների վարակիչ հիվանդություններ: Ժանտախտի, որից միջնադարում մահացել է Եվրոպայի բնակչության 1/3-ը, հարուցիչները տարածվել են սև առնետի վրա մակաբուծվող լվերի միջոցով:
Սև առնետները հեշտությամբ ընտելանում են և դառնում տան կենդանի: Նրանք մաքրասեր են և շատ ավելի խաղաղասեր, քան մյուս կրծողները (օրինակ՝ համստերիկները կամ ավազամկները), որոնց սովորաբար պահում են կենդանի անկյուններում:

Դաշտամկներ և լեմինգներ
Երբեմն դաշտամկներին շփոթում են մկների հետ: Սակայն նրանց հեշտությամբ կարելի է զանազանել. դաշտամկների ոտքերն ու պոչը կարճ են, դունչն ավելի կլոր է, ականջներն ու աչքերը մանր են, քան մկներինը: Հիմնականում ապրում են դաշտերում ու մարգագետիններում, որոշ տեսակներ տարածված են անտառներում կամ անապատներում: Նրանք հազվադեպ են ապրում 1 տարուց ավելի, սակայն կարող են տարեկան մի քանի սերունդ տալ: Երիտասարդ գազանիկներից շատերը դառնում են աղվեսների, բվերի և այլ գիշատիչների որս: ՀՀ-ում տարածված են թփուտային, հասարակական, ձնային, սովորական և այլ դաշտամկներ:
Լեմինգները դաշտամկների մոտ ազգակիցներն են: Նրանք ապրում են բներում կամ ժայռաճեղքերում: Տարածված են Եվրոպայի հյուսիսային շրջանների, Ասիայի և Հյուսիսային Ամերիկայի տունդրաներում: Մոտավորապես 4 տարին մեկ լեմինգների թվաքանակը կտրուկ ավելանում է, և այդ ժամանակ նրանցից շատերը հեռանում են` կերով հարուստ նոր վայրեր փնտրելու: Փորձելով կտրել-անցնել գետեր և նույնիսկ ծովեր՝ նրանց որոշ մասը ոչնչանում է: Անցյալում մարդիկ, տեսնելով, թե ինչպես են լեմինգները ջուրը նետվում, սխալմամբ կարծել են, թե գազանիկները փորձում են վերջ տալ իրենց կյանքին:

Ավազամկներ, համստերներ և
 ծովախոզուկներ
Բնական պայմաններում ավազամկների գրեթե բոլոր տեսակները բնակվում են անապատներին սահմանակից շրջաններում (հիմնականում` Աֆրիկայում և Միջին Ասիայում): Ցերեկվա շոգից պաշտպանվում են խոր բներում, կեր հայթայթելու են ելնում գիշերը: Գոյություն ունեն ավազամկների շատ տեսակներ, որոնք տարբերվում են չափերով, վերջույթների երկարությամբ և մարմնի համամասնություններով: Հաճախ ավազամկներին պահում են կենդանի անկյուններում: ՀՀ-ում հանդիպում են պարսկական, Վինոգրադովի, Դալի և փոքրասիական ավազամկները:
Համստերները մյուս կրծողներից տարբերվում են կարճ վերջույթներով ու պոչով, ինչպես նաև ենթամաշկային ճարպային պաշարով, դրա համար էլ նրանց մարմինը գեր տեսք ունի: 
Տարածված են Եվրոպայում և Արևմտյան Ասիայում: Բնակվում են դաշտերում՝ գետնափոր բներում: Բոլոր համստերներն ունեն հետայտային պարկեր, որոնք ծառայում են կերը դաշտից բույն հասցնելու համար: Ավելի հաճախ տանը պահում են ոսկեգույն կամ սիրիական համստերիկ: ՀՀ-ում տարածված են փոքրասիական համստերը և մոխրագույն համստերիկը:
Ծովախոզուկները մանր, անպոչ կրծողներ են: Անվանումն ստացել են, երբ XVI դարում նրանց Հարավային Ամերիկայից ծովով բերել են Եվրոպա: Գազանիկները մարդկանց հիշեցնում էին նուրբ խոզուկների:

Սկյուռներ
Սկյուռներն ապրում են աշխարհի բոլոր մասերում. ակտիվ են ցերեկը, կերի պաշարը պահեստավորում  են, որպես կանոն, հողի մեջ: 
Սկյուռները (կամ ծառասկյուռները), որոնց ներկայացուցիչներն են գորշ և սովորական (կամ շեկ) սկյուռները, հրաշալի հարմարվել են ծառերի վրա բնակվելուն: Ունեն սուր ճանկեր, որոնցով կառչում են ճյուղերին, և երկար թավամազ պոչ, որն օգնում է տեղաշարժվելիս հավասարակշռությունը պահպանելուն: Սավառնասկյուռների առջևի և հետին վերջույթների արանքում կան թռիչքաթաղանթներ (մաշկածալքեր), որոնց օգնությամբ գազանիկները թռչում են մի ծառից մյուսը: Այս խմբին են պատկանում նաև գետնասկյուռները: 
ՀՀ-ում հանդիպում են պարսկական սկյուռը և փոքրասիական գետնասկյուռը: 

Մացառախոզեր (վայրենակերպներ)
Մացառախոզերը խոշոր կրծողներ են. նրանց մարմնի մեծ մասը պատված է սուր ասեղներով կամ փշերով, որոնք կենդանուն պաշտպանում են թշնամիներից: Այս խումբը կազմված է 2 ենթաընտանիքից. ամերիկյան վայրենակերպներ և իսկական վայրենակերպներ: Առաջինները տարածված են Ամերիկա մայրցամաքում, բնակվում են ծառերի վրա: Նրանց փշերը կարճ են, պոչը՝ ճկուն ու կառչուն: Իսկական մացառախոզերը բնակվում են տաք շրջաններում՝ Եվրոպայից մինչև Ինդոնեզիա: Տեսակների մեծամասնությունը բնակվում է գետնի վրա: Ունեն երկար, սև-սպիտակ ասեղներ (փշեր): 
ՀՀ-ում հայտնի է հնդկական մացառախոզը` Վայքի, Գորիսի, Կապանի և Մեղրու տարածաշրջաններում, Լեռնային Ղարաբաղում, վերջին տասնամյակներում` նաև Սևանի ավազանում՝ Արեգունու լանջերին: 
Գրանցված է ՀՀ Կարմիր գրքում: